Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹ ...

 

 

020.1325.291116

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 12-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 նոյեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Մ. Լալայանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի, նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Մարիամ Լալայանի` 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 22.12.2010 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 30.12.2010 թվականին և ուժի մեջ է մտել 01.01.2011 թվականից: Վիճարկվող դրույթն օրենքում տեղ է գտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 19.03.2012 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 12.04.2012 թվականին և ուժի մեջ է մտել 05.05.2012 թվականին:

Օրենքի վիճարկվող դրույթը սահմանում է, որ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է... «12) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2003 թվականին դիմողի նկատմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Կենսաթոշակը դիմողն ստացել է մինչև 2004 թվականի մարտ ամիսը, որից հետո դիմում է ներկայացրել, որպեսզի կենսաթոշակը փոխանցվի ՀՀ կենտրոնական բանկում առկա իր բանկային հաշվին:

Ըստ դիմողի` համոզված լինելով, որ իր կենսաթոշակը կուտակվում է, տարիների ընթացքում չի փորձել ստուգել: 2013 թվականին դիմողին հայտնի է դարձել, որ 2012 թվականի հունիսի 1-ից կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարեցվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:

2013 թվականի դեկտեմբերի 19-ին դիմողը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնին պարտավորեցնել վերականգնել կենսաթոշակ ստանալու իր իրավունքը և վճարել անցած տարիների չվճարված կենսաթոշակը:

2014 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցը մերժել (վարչական գործ թիվ ՎԴ6/0666/05/13):

ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ մի մասով թողնվել է առանց քննության, իսկ մյուս մասով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 83-րդ հոդվածին, քանի որ իրեն զրկում է իր սեփականությունից:

Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2006թ. թիվ 3-1260 (ՎԴ) որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, Բեյլերն ընդդեմ Իտալիայի գործերով վճիռները` դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կենսաթոշակի նշանակման պահից իրեն տրամադրման ենթակա գումարները հանդիսացել են իր սեփականությունը, որ ինքն ունեցել է այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներն իր բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ դիմումով ինքն ընդամենը որոշել է գույքի տիրապետման եղանակը, և ինքը չի կատարել սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն:

Դիմողը նաև նշում է, որ կենսաթոշակի դադարեցման համար օրենքի վիճարկվող դրույթով նման ժամկետի սահմանումը չունի որևէ հիմնավորում, և արդյունքում տուժում է խոցելի խավի ապրուստի և գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ապահովության իրավունքը և սեփականության իրավունքը:

4. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ` պատասխանողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կենսաթոշակն իր բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ դիմողի կողմից ենթադրյալ դիմում ներկայացնելու պահին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի իմաստով դիմողը չուներ վճարվելիք դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունք, քանզի կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու և կենսաթոշակի ստացման շարունակականության ապահովման համար օրենսդիրը սահմանել է որոշակի խումբ իրավաչափ պարտականություններ, ինչպիսիք են անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը, կենսաթոշակն անկանխիկ ստանալու դեպքում` տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալը:

Ըստ պատասխանողի` կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը չի հանգեցնում կենսաթոշակի իրավունքի կորստի:

5. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ անդրադառնալ օրենքում օգտագործվող «կենսաթոշակի իրավունքը» և «կենսաթոշակ ստանալու իրավունքը» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը:

i

Օրենքի` «Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը» վերտառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), և նրան նշանակվել է կենսաթոշակ (այսուհետ` կենսաթոշակառու)»:

i

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ»:

Վերը նշված իրավական նորմերից հետևում է, որ.

ա) կենսաթոշակի իրավունքը, որպես սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի դրսևորման ձև, ելակետային է, այն նախապայման է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար,

բ) կենսաթոշակի իրավունքն ունի ծագման իր նախադրյալներն ու օրինական հիմքերը,

գ) կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի իրացման երաշխիքն է` օրենքով սահմանված իրավապայմանների առկայության պարագայում:

Տարբեր են կենսաթոշակի իրավունքի և կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալները. եթե, կոնկրետ դեպքում, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքի ծագման նախադրյալներն են որոշակի տարիքը լրանալը և որոշակի աշխատանքային ստաժի առկայությունը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալներն են կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը:

i

Օրենսդիրն օրենքով ամրագրել է այն պայմանները, որոնք անձի համար նախադրյալ են սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացման համար: Նախ` օրենքի 35-րդ հոդվածը որոշակի պարտականություն է ամրագրում, մասնավորապես 6-րդ մասը սահմանում է` «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին»: Իսկ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է «սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում»:

i

Ընդ որում, օրենքի 36 և 41-րդ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է միայն կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, այլ ոչ թե կենսաթոշակի իրավունքի դադարեցման հնարավորություն: Դրանից բխում է նաև խնդրո առարկա օրենքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու վերաբերյալ դրույթների նախատեսումը /օրենքի 41-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ և 4-րդ մասեր/: Ընդ որում, օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից հետևում է, որ, նախ` պետք է վերականգնվի կենսաթոշակ ստանալու իրավունքը, հետո միայն վերսկսվի կենսաթոշակ վճարելը:

i

6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի միջև ներքին տրամաբանական կապի առավել հստակեցման անհրաժեշտություն գոյություն ունի: Ակնհայտ է, որ «կենսաթոշակ ստանալու իրավունքը» բխում է «կենսաթոշակի իրավունքից»: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը: Նույն հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես, նախատեսում է, որ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում: Իսկ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` կենսաթոշակ չվճարելն է դառնում կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմք: Օրենքի 41-րդ հոդվածում հետևողական ու տարբերակված մոտեցում չի դրսևորվում «դադարում» և «դադարեցում» եզրույթների նկատմամբ: Եթե «դադարումը» ենթադրում է իրավունքի ուժով առաջացող իրավական հետևանք, ապա «դադարեցումը» որոշակի իրավական գործընթացի հետևանք է, պետաիշխանական լիազորությամբ օժտված մարմնի կամաարտահայտման հետևանք: Նման պարագայում կարող է առաջանալ նաև ընդհուպ դատական կարգով անձի իրավունքների պաշտպանության խնդիր: Բացի դրանից, նույն հոդվածի 1-ին մասի իրավապայմաններից հետևում է, որ, բացառությամբ 12-րդ կետի, մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը բխում են կենսաթոշակի իրավունքի դադարման հանգամանքից:

Միաժամանակ, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասից հետևում է, որ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնման պարագայում: Սակայն համակարգային կապն առկա չէ նույն հոդվածի 4-րդ մասի /կենսաթոշակ վճարելը վերսկսելու/ և 1-ին մասի 12-րդ կետի հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման իրավակարգավորումների միջև: Եթե տվյալ դրույթի առնչությամբ օրենսդիրը նկատի է ունեցել, որ կենսաթոշակի իրավունքը դադարում է, և որպես հետևանք` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, երբ անձը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակը չի ստացել, ապա այդպես էլ պետք է հստակ շարադրվեր տվյալ դրույթը: Հակառակ պարագայում հարցեր են առաջանում, թե, մասնավորապես, ինչու՞ չի վճարվել, ի՞նչ հնարավորություն է ունեցել անձը պաշտպանելու իր իրավունքները, ի՞նչ կարգով և ո՞վ պետք է դադարեցնի կենսաթոշակ վճարելը և այլն:

i

7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»: Չնայած օրենսդրական կանոնակարգման տվյալ սահմանադրական պահանջն անմիջականորեն վերաբերում է հիմնական իրավունքներին և ազատություններին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ գլխում ամրագրված երաշխիքները նույնպես պետք է բավարարեն արդյունավետության սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ այդ պահանջը հետևողականորեն չի իրացվել: Աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելը կարող է ունենալ տարբեր պատճառներ և ինքնին չի կարող ենթադրել, որ առկա է կենսաթոշակի իրավունքի դադարման հանգամանքը: Բացի դրանից, խախտվում է նաև պատճառահետևանքային կապը: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` ... կենսաթոշակ չվճարելու դեպքում», իսկ նույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է` ... կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում»: Նման իրավակարգավորումը հանգեցնում է նրան, որ անձն ունենում է միայն մեկ հնարավորություն` վերականգնել կենսաթոշակի իրավունքը /ինչն իրականում նա չէր կորցրել/ և կրկին ձեռք բերել կենսաթոշակ ստանալու նոր իրավունք:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը` առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին: Նման իրավակարգավորման պարագայում անձը զրկվում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև իր սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 60, 61, 78, 79 և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը համակարգային առումով փոխկապակցված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 36-րդ, 41-րդ և մի շարք այլ հոդվածների դրույթների հետ, և հաշվի առնելով սույն որոշման հրապարակման պահին տվյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությամբ պայմանավորված հնարավոր հետևանքները, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի մասով սույն որոշման ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հոկտեմբերի 1-ը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանն իրենց իրավասությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել համակարգային ամբողջականության մեջ վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը երաշխավորելու ուղղությամբ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 նոյեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1325

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.11.2016
N ՍԴՈ-1325
Որոշում