Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ...

 

 

020.1314.111016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 հոկտեմբերի 2016 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Վ. Ավետիսյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարուժան Ավետիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Վարուժան Ավետիսյանի` 2016 թվականի հունիսի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 205-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Սույն գործով վիճարկվող հոդվածում փոփոխություն և (կամ) լրացում չի կատարվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողը 2016 թվականի փետրվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով մասնակիորեն` 2016 թվականի փետրվարի 26-ին կայանալիք հավաքի նկատմամբ կիրառված ժամանակի սահմանափակման և հավաքի ընթացքում վրան օգտագործելը մերժելու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2016 թվականի փետրվարի 3-ին ընդունած որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 2016 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ դիմողի հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել դատաքննության, որը կայացել է 2016 թվականի փետրվարի 18-ին:

ՀՀ վարչական դատարանը, քննության առնելով դիմողի կողմից հատուկ վարույթի կարգով ներկայացված հայցադիմումը, 2016 թվականի փետրվարի 19-ին հրապարակված վճռով մերժել է ներկայացված հայցը և, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով, վճռի եզրափակիչ մասում արձանագրել, որ «սույն վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 06.04.2016 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև` 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները, մերժել է դիմողի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը:

 

3. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմող կողմը բերում է հետևյալ հիմնավորումները.

ՀՀ վարչական դատարանի կողմից դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված` դատական պաշտպանության իրավունքին այնքանով, որքանով զրկում է դատավարության կողմերին իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու իրավունքից:

Ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանափակել է դատավարության մասնակից հանդիսացող դիմողի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը` հնարավորություն չտալով իրացնել դատարանի` գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը բողոքարկելու իր սահմանադրական իրավունքը: Նշելով, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխի դրույթների շրջանակներում հատուկ վարույթի կարգով քննության է առնում անձանց սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի` հավաքների ազատության իրավունքի իրացման արգելքի կամ սահմանափակման իրավաչափությունը, դիմողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը ոչ միայն զրկում է անձին դատարանի ոչ արդարացի դատական ակտը բողոքարկելու իրավունքից, այլև` ստորադաս դատարանի հնարավոր ոչ արդարացի դատական ակտով իր խախտված կամ սահմանափակված իրավունքի վերականգնման հնարավորությունից:

Վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթները` դիմողը գտնում է նաև, որ ընդհանուր կանոնի համաձայն` ՀՀ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են վերանայման վերաքննության կարգով, ինչը բխում է անձի` դատական պաշտպանության իրավունքից, և այս առումով բացառություն են կազմում միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերը, մինչդեռ դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունն է:

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորելու նպատակով վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներ:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին` հետևյալ պատճառաբանությամբ:

Ըստ պատասխանողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է ընդհանուր դատավարական կարգ բոլոր գործերի համար, իսկ առանձին գործերով հատուկ վարույթի տեսակներ` վերջինիս բնորոշ առանձնահատկություններով: Այն, որ վիճարկվող նորմով որպես բացառություն սահմանվել է, որ հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման, դեռևս չի նշանակում, որ խնդրո առարկա կարգավորումը հակասում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններին:

Ինչ վերաբերում է առանձին գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության բացառմանը, պատասխանողը` հղում կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, նշում է, որ Եվրոպական դատարանն ըստ էության հնարավոր և գործնական է համարում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը դատական մեկ ատյանի միջոցով` առանց վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխի դրույթներով հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության բացառումը, ըստ պատասխանողի, պայմանավորված է վերոնշյալ կատեգորիայի գործերին բնորոշ առանձնահատկություններով, ինչպիսին հանդիսանում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ժամկետային սահմանափակումը, որի պայմաններում, ըստ պատասխանողի, գործնականորեն անհնարին է եռաստիճան դատական համակարգի բոլոր դատական ատյաններում գործի քննությունը, հետևաբար` նաև դրանով է պայմանավորված, որ օրենսդիրը քննարկվող գործերով հատուկ վարույթի շրջանակներում սահմանել է ընդհանուրի համեմատ առավել կարճ ժամկետներ:

 

5. Հաշվի առնելով դիմումում բերված փաստարկներն ու հիմնավորումները` ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունն անհրաժեշտ է համարում գնահատել`

- ելնելով հավաքների ազատության` որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի (ազատության) ու դրա դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստից, ինչպես նաև մարդու և քաղաքացու սահմանադրական հիմնական իրավունքների ու ազատությունների իրացման ընդհանուր սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, ինչպես նաև ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն իրագործելու անհրաժեշտությունից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի խմբագրությամբ) 44-րդ հոդվածով, որի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով: Այդ իրավունքը (ազատությունը) կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ դրույթների իրավական բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ.

- հավաքների ազատությունը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունք է,

- այդ իրավունքի իրացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով,

- հավաքների ազատությունը բացարձակ իրավունք չէ և Սահմանադրությամբ նախանշված դեպքերում կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Հավաքների ազատությունն իրականացնելու և պաշտպանելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-72-Ն, 22.04.2011 թ.): Հիշյալ օրենքում հավաքների ազատության իրավունքի իրացման կարգը, պայմանները, սահմանափակման հիմքերը և այդ իրավունքի իրացման շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունների (ակտերի) իրավաչափության և դրա հետ կապված վեճերի լուծման կարգը սահմանող նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ.

- հանրային հավաքը (բացի շտապ և ինքնաբուխ հավաքներից) անցկացվում է սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին) կամ նրա լիազորած անձին (այսուհետ` լիազոր մարմին) նախապես իրազեկելու պայմանով (9 և 10-րդ հոդվածներ),

- իրազեկման հետ կապված լիազոր մարմնի կազմակերպած լսումներին հավաքի կազմակերպչին լիարժեք հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր տեսակետը (17-րդ հոդվածի 4-րդ մաս),

- եթե առկա են հանրային հավաքը սահմանափակելու կամ արգելելու` օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինն այդ մասին կայացնում է որոշում (5, 18, 19 և 20-րդ հոդվածներ),

- լիազոր մարմինն օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով (4-րդ հոդված),

- լիազոր մարմնի` հանրային հավաքը սահմանափակելու կամ արգելելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (23-րդ հոդված):

Այսպիսով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վիճելի իրավակարգավորման հետ կապված վերոհիշյալ նորմատիվ դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 39, 42, 44, 75, 77, 78, 79 և 80-րդ հոդվածներում ամրագրված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների իրացման ընդհանուր սկզբունքներին, քանի որ.

- երաշխավորում են Սահմանադրությամբ և օրենքով չարգելված` մարդու ազատ գործելու, ինչպես նաև կարծիքի արտահայտման ազատության իրավունքի իրացումը,

- համահունչ են հավաքների ազատության իրավունքի իրացման սահմանադրաիրավական շրջանակներին (սահմանափակումներին), մասնավորապես` երաշխավորում են հավաքների ազատության իրավունքի չարաշահումն արգելելու սահմանադրական պահանջի իրացումը,

- բխում են մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգային և ընթացակարգային ընդհանուր սկզբունքներից,

- կոչված են ապահովելու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցի` սահմանված նպատակի միջև համաչափության սկզբունքը և հավաքների ազատության իրավունքի էության անխախտելիությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը վերոշարադրյալ եզրահանգումները հատկապես կարևորում է հավաքների ազատության իրավունքի իրացման մինչդատական իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման համատեքստում այդ իրավունքի դատական պաշտպանության առանձնահատկությունների իրավագնահատման տեսանկյունից: Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ հավաքների ազատության իրավունքի դատական պաշտպանությանը նախորդող իրավակարգավորումները (իրազեկում, լսումներ և անհրաժեշտության դեպքում` լիազոր մարմնի որոշման կայացում) անհրաժեշտ իրավական նախադրյալներ են պարունակում հավաքների ազատության իրավունքի իրացման սահմանադրաիրավական կարգավորման ընդհանուր սկզբունքների երաշխավորման առումով:

 

6. Անդրադառնալով հավաքների ազատության իրավունքի դատական պաշտպանության արդյունավետության (լիազոր մարմնի որոշումների` դատական կարգով բողոքարկելիության) վերաբերյալ դիմումում բերված փաստարկներին ու հիմնավորումներին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս ելնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնահատուկ (հատուկ վարույթի շրջանակներում) կանոններից, մասնավորապես բացահայտելով.

- հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը հատուկ վարույթի շրջանակներում քննելու դատավարական անհրաժեշտությունը,

- այդ գործերով վարչական դատարանի կոլեգիալ կազմի` ՀՀ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներում ամրագրված ինչպես արդարադատական, այնպես էլ իրավունքի իրացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգի ու ընթացակարգի սահմանադրաիրավական չափանիշներին համապատասխանելիությունը,

- հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների կամ գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերով վարչական դատարանի կայացրած ակտի անբողոքարկելիության սահմանադրաիրավական հիմնավորվածությունը և այդպիսի գործերով արդար, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորումը,

- հիշյալ գործերով արդարադատության` միջազգային իրավական չափանիշներին ու եվրոպական պետությունների օրենսդրական կարգավորումների պրակտիկային համապատասխանելիությունը:

Հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարույթը վարչական դատարանում իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխում նախատեսված նորմատիվ կանոններով, որոնք, իրավակարգավորման առանձնահատկություններից ելնելով, ամփոփված են օրենսգրքի` «Հատուկ վարույթներ» վերտառությունը կրող 5-րդ բաժնում: Օրենսգրքի ընդհանուր և հատուկ իրավակարգավորումներ նախատեսող նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված ընթացակարգերն օբյեկտիվորեն առանձնահատուկ են ըստ`

- դատական վերահսկողության օբյեկտների (նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ընտրական իրավունքի պաշտպանության, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման, անձնական տվյալների պաշտպանության, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու, նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործեր),

- դատարանի կազմի (առաջին ատյանի կոլեգիալ և միանձնյա կազմով),

- գործ հարուցելու և վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման (դիմող անձանց կազմի) առանձնահատկության,

- հայց ներկայացնելու ժամկետների (կրճատ ժամկետների) և կարգի,

- հայցադիմումը վարույթ ընդունելու և մերժելու ընթացակարգի,

- գործի վարույթը կասեցնելու և կարճելու ընթացակարգի,

- դատաքննության կազմակերպման, փաստական հանգամանքների ապացուցման,

- գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու և այդ ակտերից բխող իրավական հետևանքների և բողոքարկելիության (բողոքարկելի կամ բողոքարկման ոչ ենթակա) առանձնահատկության:

Այսպիսով, վարչական դատավարության հատուկ վարույթի շրջանակներում, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից (այդ թվում` հավաքի անցկացման վերաբերյալ գործերով), օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել` հիմք ընդունելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով վարչական դատարանի առջև դրված կոնկրետ խնդիրները և այն լուծելու իրավական արդյունավետ միջոցի ընտրության առաջնահերթությունները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հատուկ վարույթի շրջանակներում վարչաարդարադատական ընդհանուր կանոններից տարբեր` առանձնահատուկ իրավակարգավորումներ նախատեսելը, այդ թվում` հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների կամ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված (61-րդ հոդվածի 1-ին մաս, 75-րդ հոդված)` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կազմակերպական և ընթացակարգային ընդհանուր սկզբունքների իրացումը, միտված է արագ, արդյունավետ արդարադատության իրականացմանը, հանրային իրավական նշանակության հրատապ հարցերի լուծմանն ու անձանց Սահմանադրությամբ ու օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես, հավաքի անցկացման գործերով օրենսդիրը վարչական դատարանին առաջադրել է արագ (դատաքննության սեղմ ժամկետներում), մինչև իրազեկմամբ նախատեսվող միջոցառման իրականացումը կոլեգիալ կազմով իրականացնել գործի հանգամանքների ամբողջական, բազմակողմ և արդյունավետ այնպիսի քննություն իրականացնելու սահմանադրաիրավական խնդիր, որի արդյունքում գործով ըստ էության կայացված ակտն իրավաբանական ուժի տեսանկյունից լինի անշրջելի: Որպես հիշյալ խնդրի արդյունավետ իրականացման երաշխիք օրենսդիրը դիտարկել է վարչական դատարանի կոլեգիալ կազմը (երեք դատավորի կազմով) ՀՀ վարչ. դատ. օր. 203-րդ հոդված), դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների սահմանափակ կազմը (հավաքի կազմակերպիչ, համապատասխան տարածքի սեփականատեր կամ վարձակալ) ՀՀ վարչ. դատ. օր. 202-րդ հոդված), դատարան դիմելու և դատաքննության` ընդհանուր կանոնակարգումից տարբեր առավել սեղմ ժամկետները (ՀՀ վարչ. դատ. օր. 204-րդ հոդված):

 

7. Անդրադառնալով վիճելի իրավակարգավորման շրջանակներում վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող ակտի բողոքարկելիության խնդրին` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150, 151, 152, 161, 163 և 205-րդ հոդվածների դրույթների համատեքստում: Հիշյալ հոդվածներում ամրագրված նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ.

- վարչական դատարանի ակտն ըստ օրենսգրքի ընդհանուր կանոնակարգման ենթակա է բեկանման (բողոքարկման), եթե առկա է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում,

- նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ.

- նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման,

- դատական ակտը դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ` այնպիսի դատավորի կողմից, որը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտն ստորագրված և կնքված չէ.

4) դատական ակտն ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

9) առկա են սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը.

- դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Այսպիսով, չնայած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերը դուրս են սույն գործով վեճի առարկայի շրջանակներից, այնուհանդերձ, ըստ իրավակարգավորման նպատակի և եղանակի կոչված են երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացումը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, հատուկ վարույթի իրավակարգավորման առանձնահատկությունների շրջանակներում հավաքի անցկացման մասին լիազոր մարմնի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատավարական համապատասխան երաշխիքներ նախատեսելով` օրենսդիրն ապահովել է նյութական իրավունքի նորմերի արդյունավետ իրացումը: Մինչդեռ դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ դատական ակտ կայացնելու հավանականությունը բացառելու համար (օրենսգրքի 152-րդ հոդվածում թվարկված կամ համանման ակնհայտ որոշ այլ դեպքերում) օրենսդիրը գործով ըստ էության ակտի բողոքարկման հնարավորություն նախատեսելով լրացուցիչ երաշխիքներ կապահովեր հավաքների անցկացման ազատության իրավունքի դատական պաշտպանության նկատմամբ հանրային առավել բարձր վստահություն ապահովելու և ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների իրացման առավել ամբողջական նախադրյալներ նախատեսելու ուղղությամբ: Նման դիրքորոշումը բխում է նաև օրենսգրքի վերոթվարկյալ հոդվածներում ամրագրված դրույթների իրավական բովանդակությունից, համաձայն որի` գործն ըստ էության լուծող վարչադատական ակտերի բողոքարկելիության կարգ սահմանելիս օրենսդիրն առավել իմպերատիվ է` ընթացակարգային իրավունքի նորմերի հնարավոր խախտումներով դատական սխալը վերահսկողության կարգով ուղղելու անհրաժեշտության հարցում (օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերություն): Սակայն նման իրավակարգավորումը հայեցակարգային նոր մոտեցում է պահանջում և լուծելի է միայն օրենսդրական հետագա համակարգային բարեփոխումների շրջանակներում:

 

8. Անդրադառնալով հավաքների ազատության դատական պաշտպանության իրավունքի միջազգային իրավական չափանիշներին ու եվրոպական պետությունների օրենսդրական կարգավորումների պրակտիկային` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ կարևորել ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ Rec (2004) 20 հանձնարարականում արտահայտված կողմնորոշիչ այն սկզբունքը, համաձայն որի` «Վարչական ակտի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատարանի ակտը, առնվազն կարևոր գործերով, պետք է ենթակա լինի բողոքարկման ավելի բարձր ատյան, եթե գործն ուղղակիորեն չի ուղարկվում ավելի բարձր ատյան ներպետական օրենսդրության համաձայն»:

Իսկ վերոհիշյալ հանձնարարականի բացատրական հուշագրում, մասնավորապես, նշված է, որ. «...ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները և բողոքարկման մարմնի իրավազորությունը, որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին: Վարչական վարույթում վերադաս դատական ատյանի ներգրավումն էական նշանակություն ունի վարչական նախադեպային իրավունքի հետևողականությունն ապահովելու հարցում»:

Խաղաղ հավաքների ազատության և դրա արդյունավետ իրացման ու դատական պաշտպանության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի 83-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 4 հունիսի 2010թ.) ընդունված ուղեցույցի համաձայն` «...արդյունավետ միջոցի իրավունքը ներառում է հավաքների արգելման կամ սահմանափակումների էության վիճարկման իրավունքը: Վարչական վերահսկողության սկզբնական հնարավորությունը կարող է ինչպես նվազեցնել դատարանների բեռը, այնպես էլ օժանդակել հանրության և պետական մարմինների միջև ավելի կառուցողական հարաբերությունների ձևավորմանը: Այնուամենայնիվ, եթե այդպիսի վերահսկողությունը չի բավարարում դիմումատուին, ապա պետք է առկա լինի անկախ դատարանում բողոքարկման մեխանիզմ: Բողոքարկումը պետք է տեղի ունենա արագ և ժամանակին, որպեսզի հանրային մարմինների որոշման նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացվի առանց դիմումատուի իրավունքներին վնաս պատճառելու: Հետևաբար, վերջնական որոշումը կամ դատական կարգադրությունը պետք է կայացվի մինչև հավաքի` ծանուցման մեջ նշված ամսաթիվը»:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ԵԱՀԿ որոշ անդամ պետություններում խաղաղ հավաքների ազատության մոնիտորինգի վերաբերյալ զեկույցում (մայիս 2013 թ.-հուլիս 2014 թ.) հավաքների ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանության շրջանակներում կարևորված է հատկապես այն, որ` «...կարգավորման գործընթացը պետք է նախատեսի կարգավորող մարմնի որոշման բողոքարկման կամ անկախ դատարանում այդ որոշումն այլ կերպ վիճարկելու հնարավորություն: Բողոքները և վիճարկման այլ հայցերը պետք է քննվեն արագ և ժամանակին` հնարավորություն տալով այդպիսի մարմինների որոշումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնել առանց դիմումատուի իրավունքներին վնաս հասցնելու»:

Եվրոպական պետությունների օրենսդրական կարգավորումների պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության իրավունքի դատական պաշտպանությունն իրացվում է տարբեր ընթացակարգերով` պայմանավորված նաև արդարադատության իրականացման համակարգային առանձնահատկություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան վկայում է, որ, ելնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների` իր կողմից բազմիցս արված մեկնաբանություններից, արդարադատության իրականացման ընդհանուր կանոնների շրջանակներում դատարանը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, սակայն, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքներից (ինչպես, օրինակ` (Platakou v. Greece) 2001թ. հունվարի 11-ի գործով (38-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության (2005 թ. փոփոխություններով) 1-ին, 3, 14, 18, 19-րդ և այլ հոդվածներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով (մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-873, ՍԴՈ-936, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1127): Հիշյալ որոշումներով անդրադառնալով նաև դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական ապահովման, այդ թվում` վարչական արդարադատության բնագավառում, անհրաժեշտությանը` խնդիրը դիտարկելով ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու և ապահովելու տեսանկյունից, Սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը` ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում` մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը» (ՍԴՈ-719),

բ) «... սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (ՍԴՈ-936),

գ) «... դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից» (ՍԴՈ-936),

դ) «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (ՍԴՈ-1037):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումները նույնպես վերաբերում են բողոքարկման ինստիտուտի գործողության ընդհանուր կանոններին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք օրենսդրի կողմից պետք է հաշվի առնվեն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող որոշման հնարավոր բողոքարկման ընթացակարգերի ամրագրման շրջանակներում` հաշվի առնելով սույն որոշման 7-րդ կետում Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 հոկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1314

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.10.2016
N ՍԴՈ-1314
Որոշում