010.0110.070716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 234-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը հանդիսանում է նաև գրավի պայմանագիր կնքելու օֆերտա (գրավի պայմանագիր կնքելու առաջարկ):».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) և բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը (անվանատերը):»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 236-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:».
2) 2-րդ մասից հանել առաջին նախադասությունը.
3) 3-րդ մասը «օրենքով» բառից հետ լրացնել «կամ նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն մինչև գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը պարտավոր է նախորդ գրավառուին ծանուցել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին` այդ մասին տեղեկանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցումն ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի`
1) չձեռնարկելու որևէ գործողություն գրավի առարկայի հետ կապված կամ
2) սկսելու գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլևս իրավասու չէ սկսելու բռնագանձման գործընթաց կամ
3) գնելու գրավի առարկա գույքը կամ
4) նոր գրավառուից գնելու գրավով ապահովված պարտավորությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25 գլխով սահմանված կարգով, և դադարեցնելու բռնագանձման գործընթացը կամ
5) առաջարկելու նոր գրավառուին ամբողջությամբ կատարել իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտապանի պարտավորությունը կամ
6) համաձայնություն տալու նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:
Նախորդ գրավառուն պարտավոր է սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման մասին որոշում կայացնելու մասին տեղեկացնել նոր գրավառուին սույն հոդվածով նախատեսված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուի կայացրած որոշմամբ:
Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, մի քանի նախորդ գրավառուների առկայության դեպքում նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելուց առաջ սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցել իրեն նախորդող բոլոր նախորդ գրավառուներին և առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուների կայացրած որոշմամբ` ըստ նախորդ գրավառուների հաջորդականության:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 243.1-ին հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 243.1. ԳՐԱՎ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԳՐԱՎԱՏՈՒԻ` ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի` երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (սույն հոդվածում այսուհետ` Սահմանափակում) չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար իրականացնելու սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում` բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով:
2. Այն դեպքում, երբ գրավառուն, օգտվելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, բռնագանձում է տարածում գրավի առարկայի վրա և իրացնում գրավի առարկան, ապա գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր Սահմանափակումները գրավի առարկայի իրացման ժամանակ դադարում են օրենքի ուժով, և նոր սեփականատիրոջը գույքն անցնում է առանց Սահմանափակումների: Սահմանափակումներն օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) են գրավառուի պահանջները բավարարելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մնացած դրամական միջոցների վրա:
Գրավառուն գրավի առարկայի իրացման ժամանակ դիմում է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնին օրենքի ուժով դադարած Սահմանափակումները գրանցումից (հաշվառումից) հանելու համար: Գրավառուի դիմումը հիմք է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնի համար Սահմանափակումը գրանցումից (հաշվառումից) հանելու համար:
3. Սույն հոդվածի համաձայն` գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը սույն օրենսգրքի 251 հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո փոխանցվում է գրավատուի բանկային հաշվին: Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ, կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել և վարել բանկային հաշիվ և այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Այդ մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին և Սահմանափակում կիրառած մարմնին: Ընդ որում, տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով, մուտքագրել չի թույլատրվում, և այդ հաշիվը ենթակա է փակման սույն մասով նախատեսված գումարը ելքագրվելուց հետո:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) է մինչև գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 366 հոդվածի դրույթները` սույն հոդվածի պահանջներին համապատասխան:
6. Եթե գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ապա նոր գրավառուն իրավասու է, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան` բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դա նախատեսված է օրենքով.»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 249-րդ հոդվածում`
i
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան` բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասում`
ա. առաջին պարբերության «գրավատուին» բառը բոլոր տեղերում փոխարինել «գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են)» բառերով, իսկ «գրավատուն» բառը` «գրավատուն (պարտապանը)» բառերով,
բ. առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում` պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:»,
գ. երկրորդ և երրորդ պարբերությունների «պարտապանին» բառը փոխարինել «գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում` նաև գրանցում իրականացնող մարմնին» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 251-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Գրավառուի կողմից սույն գլխով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որևէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ մասում «Արժեթղթով» բառը փոխարինել «Փաստաթղթային արժեթղթով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) և բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը (անվանատերը):»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 263-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել փաստաթղթի փոխանակմամբ:».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում` առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում` առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած` արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից:»:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 5-րդ բաժնի վերնագիրը «ԺԱՄԿԵՏՆԵՐ:» բառից հետո լրացնել «ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ:» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին գլխով.
i
«ԳԼՈՒԽ 20.1 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 330.1. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
1. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում` նաև այլոց համար:
2. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք և արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:
3. Պայմանագրով, կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:
4. Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում` օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
5. Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումն ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում:
6. Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարվելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարվելու մասին:
7. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաև պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:
8. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:»:
ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
7 հուլիսի 2016 թվականի
ՀՕ-110-Ն