Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1242.011215

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԳՐՈԴՆՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՎ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 դեկտեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Ալավերդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված` «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2015 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի սեպտեմբերի 8-ին` Գրոդնոյում:

Համաձայնագրով սահմանվում է «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով ապրանքների դրոշմավորման ներդրմանն ուղղված փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելիս հսկիչ (նույնացման) նշաններով այն ապրանքների դրոշմավորման ներդրման կարգը, որոնց վերաբերյալ կայացվել է հսկիչ նշաններով դրոշմավորման մասին որոշում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (Ցանկ):

Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված այն ապրանքները, որոնք ներմուծվում են (ներմուծվել են) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, և (կամ) որոնք արտադրված են անդամ պետությունների տարածքում` բացառությամբ Համաձայնագրով նախատեսված դեպքերի: Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների դրոշմավորումը հսկիչ նշաններով` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած արգելվում է Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, փոխադրումը և վաճառքն անդամ պետությունների տարածքներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից` առանց հսկիչ նշանների կամ սահմանված կարգի խախտումներով դրանց վրա զետեղված հսկիչ նշաններով` բացառությամբ Համաձայնագրով նախատեսված դեպքերի:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) անդամ պետությունների` վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ միասին ապահովել Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը.

բ) Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ նախատեսել պատասխանատվություն Համաձայնագրով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

գ) Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել իր իրավասու (լիազորված) մարմնի մասին.

դ) Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը`

- որոշել հսկիչ նշանների իրացման և հաշվառման կարգը,

- ապահովել ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան,

- ձևավորել այն կազմակերպությունների գրանցամատյանները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը,

- սահմանել այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը ներքին սպառման համար դրանց բացթողումից հետո, ինչպես նաև վերաներմուծումից հետո և (կամ) սահմանել այդ պահեստային շինությունների ցանկը:

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթներին և ուղղված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ապրանքների օրինական շրջանառությունն ապահովելուն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ստորագրված` «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 դեկտեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1242

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.12.2015
N ՍԴՈ-1242
Որոշում