040.1195.191015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1195-Ն
i
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1899-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման և շրջանառության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1899-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1195-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը, փաթեթավորմանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները (այսուհետ` պահանջներ):
2. Սույն պահանջները տարածվում են այն կազմակերպությունների վրա (այսուհետ` կազմակերպություն), որոնք արտադրում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ կամ իրականացնում են դրանց տարանջատումն ու փաթեթավորումը:
3. Սույն պահանջները նպատակ ունեն ապահովելու պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման ու շրջանառության անվտանգությունը:
4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունն իրականացվում է դրանց թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայության ու պետական գրանցման դեպքում:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների մեխանիկական և ավտոմատ, աշխատատար ու վտանգավոր աշխատանքներով իրականացվող արտադրության ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:
6. Օգտագործվող սարքավորումներն ապահովում են վտանգավոր նյութերի մեկուսացումը շրջակա միջավայրից, դյուրին մաքրումը և տեխնիկական սպասարկումը:
7. Հեղուկների հետ աշխատող սարքավորումները չպետք է ունենան արտահոսք, ցողում և պետք է ունենան կոլեկտոր, որը հավաքում է այդ հեղուկը:
8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ աշխատանքն իրականացվում է` օգտագործելով անհատական պաշտպանության միջոցներ, որոնք նշված են կոնկրետ պատրաստուկի տեխնիկական փաստաթղթերում:
i
9. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող կազմակերպությունների աշխատատեղերում պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների ու նորմերի պահանջները:
10. Մինչև մթնոլորտային արտանետումները մաքրող և կեղտաջրերը հավաքող ու մաքրող (վնասազերծող) համակարգերի շահագործումը` չի թույլատրվում արտադրամասի, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը:
III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11. Կառուցվող կամ վերակառուցվող կազմակերպության արտադրական և օժանդակ կառույցները տեղակայվում են` հաշվի առնելով քամու ուղղությունը:
12. Կազմակերպության տարածքում նախատեսվում են տարաների պահպանման, թափոնների պահեստավորման վայրեր` ամուր անջրաթափանց ծածկույթով և սարքավորումներով, որոնք կբացառեն շրջակա միջավայրի ախտոտումը թափոնների պահպանման ժամանակ:
13. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) դասակարգման` «I a» և «I b» դասերի թունունակության ագրոքիմիկատների, պեստիցիդների և դրանց տարաների պահպանումը բաց երկնքի տակ, առանց պահեստավորման համար նախատեսված տարածքների, չի թույլատրվում:
14. Կազմակերպությունում թույլատրվում է II և III դասերի թունունակության (ըստ ԱՀԿ-ի) պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը համապատասխան փաթեթավորմամբ, հատուկ կահավորված հարթակների կամ ծածկերի տակ, որոնք կբացառեն շրջակա միջավայրի հնարավոր ախտոտումը:
15. Կազմակերպության տարածքում և սանիտարապաշտպանիչ գոտիների սահմաններում, բնակչության կենսապայմանների վրա արտադրության անբարենպաստ ազդեցությունը կանխելու և բացառելու նպատակով կազմակերպության կողմից պետք է իրականացվի մշտական հսկողություն մթնոլորտային օդի վիճակի և հոսքաջրերի մաքրման արդյունավետության նկատմամբ:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Կազմակերպություններն ապահովվում են օդափոխության, ջրամատակարարման, կոյուղաջրահեռացման համակարգերով, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:
17. Արտադրության և տեխնիկական նպատակներով ջրամատակարարման համակարգերը մոնտաժվում են առանձին և ունեն տարբեր գունային երանգներով խողովակներ:
18. Արտադրատարածքում պետք է կատարվեն արտադրական տարածքներից, տարաների լվացման վայրերից, պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղափոխման համար նախատեսված սարքավորումներից ու տրանսպորտից հոսող ջրերի հեռացում և վնասազերծում:
19. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող կազմակերպությանը չի թույլատրվում չմաքրած հոսող ջրերը լցնել բնակության վայրի կոյուղու համակարգ կամ ջրամբար:
20. Բոլոր ջրհավաք ուղղությունները հավաքվում են հատուկ կոլեկտորներում, որոնց մուտքը դրենաժային համակարգ չի թույլատրվում:
21. Վարակազերծման խառնուրդների օգտագործման տարածքների խոնավ մաքրման և սարքավորումների լվացման համար տեղադրվում են անջրաթափանց էլեկտրասարքավորումներ, պատերը և հատակը պատվում են արտադրության գործընթացում օգտագործվող նյութերի նկատմամբ կայուն ծածկույթով: Օգտագործվում են այնպիսի երեսապատման նյութեր, որոնք բացառում են վնասակար և վտանգավոր նյութերի ներծծումը:
22. Արտադրական տարածքների հատակները պետք է լինեն ամուր, առանց ճեղքերի և անհավասարությունների, որոնք կբացառեն պատահական թափված նյութի կուտակումը և հարմար կլինեն մաքրման համար:
23. Կազմակերպության տարածքներում, որտեղ հնարավոր է բարձր սահունություն, հատակները կառուցվում են ոչ սահուն մակերեսով սալիկներից, իսկ այնտեղ, որտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ ջուր` կառուցվում են թեքահարթակներ դեպի ջրահեռացման համակարգեր:
24. Այն վայրերում, որտեղ պահվում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, հատակը պետք է լինի բետոնե, երեսապատված թթվադիմացկուն ու խոնավադիմացկուն սալիկներով:
25. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ու տեղափոխման համար նախատեսված տարաները համապատասխանորեն պիտակավորվում և մակնշվում են, որպեսզի հնարավոր լինի հեշտ որոշել բաղադրությունը և զգուշացնել հնարավոր վնասի մասին:
26. Թունավոր նյութերի վերամշակման և փաթեթավորման վայրերում դրվում են կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակներ: Տեսանելի վայրերում տեղադրվում են ցուցանակներ, որոնցում կա տեղեկատվություն պաշտպանական հագուստի և վթարային հեռախոսահամարների մասին:
27. Կազմակերպության տարածքները, որտեղ կատարվում են վտանգավոր նյութերով աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել մաշկի կոնտակտային ախտահարում, աչքի լորձաթաղանթի ախտահարում` կահավորվում են վթարային ցնցուղով, որը հնարավորություն է տալիս լվանալու վնասված մասը:
28. Կազմակերպության աշխատանքային տարածքի հատակի վրա տեղադրվում են հարթ տարաներ, որոնց մեջ լցվում են հիմնային լուծույթներ, և կան խոզանակներ` արտադրության տարածքից դուրս գալուց առաջ կոշիկները մշակելու համար:
V. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
29. Տեխնոլոգիական գործընթացների կազմակերպումը և արտադրության սարքավորումների ընտրությունը կատարվում են տվյալ կազմակերպության կողմից:
30. Արտադրության հզորությունն ավելացնելու նպատակով տեխնոլոգիաների փոփոխության դեպքում պետք է իրականացվեն սարքավորումների հերմետիկության ապահովման, օդափոխության համակարգի արդյունավետության բարձրացման, թափոնների մաքրման և այլ միջոցառումներ:
31. Ըստ ԱՀԿ-ի դասակարգման` I a և I b դասերի թունունակության նյութերի արտադրությունն իրականացվում է փակ ցիկլով` հերմետիկ սարքավորումների կիրառմամբ:
32. Պեստիցիդների արտադրության ժամանակ չի թույլատրվում ձեռքով կատարել մանրացում, մաղում, կշռում, փաթեթավորում:
33. Թունավոր նյութերի թափոններով լցված տարաները տեղակայվում են կազմակերպության սահմաններից ու բնակության վայրերից դուրս: Եթե դա հնարավոր չէ, ապա անձնակազմի մուտքը թունավոր նյութերի թափոններով լցված տարաների տեղակայման վայրեր առավելագույնս սահմանափակվում է, և նախատեսվում են աշխատողների անվտանգության միջոցներ` հնարավոր վտանգավոր գործողություններից ու վթարային իրավիճակից պաշտպանելու համար` ներառյալ անձնակազմի ապահովումն անհատական պաշտպանության միջոցներով:
34. Այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում են փոշենման պեստիցիդներ, և առկա են վակուումային համակարգով մշտական աշխատող սարքավորումներ, պետք է ապահովվեն տարածքը (այդ թվում` բարձր դիրքում գտնվող մակերեսները) մաքրող սարքավորումներով, որոնք կապահովեն թունավոր նյութերի դուրսբերումն աշխատավայրից:
35. Թափոնները և կողմնակի նյութերը կուտակվում են կազմակերպության տարածքում` այդ նպատակով նախատեսված բետոնե բունկերներում: Գործիքները, նյութերը և անհատական պաշտպանության միջոցները պահվում են առանձին սենյակներում:
VI. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
36. Պեստիցիդների և ագրոքիմիկատների սպառողական փաթեթավորման յուրաքանչյուր միավոր պետք է ուղեկցվի պիտակով, որում նշվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը:
VII. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
37. Վնասված տարայի նյութերն անմիջապես տեղափոխվում են նոր տարաների մեջ, իսկ ազատված տարաներն անմիջապես վնասազերծվում են և ոչնչացվում անվտանգ եղանակներով: Այդ գործընթացով զբաղվող անձնակազմը պետք է ապահովված լինի անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներով:
38. Պեստիցիդները և ագրոքիմիկատները չպետք է թողնել առանց փաթեթավորման և ցրված վիճակում:
39. Պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման համար կազմակերպությունը պետք է ապահովված լինի վնասազերծող (դեզակտիվացնող) միջոցների բավարար քանակությամբ` քլորակիր, կալցիումացված սոդա և այդ նպատակի համար նախատեսված նյութեր:
40. Պեստիցիդները և ագրոքիմիկատները պահպանվում են այդ նպատակի համար նախատեսված շինություններում ու զետեղարաններում:
41. Նշված պահեստային շինությունները չի թույլատրվում օգտագործել սննդամթերքի, ֆուրաժի, զանազան տնտեսական և կենցաղային նշանակության իրերի պահպանման նպատակով, ինչպես նաև` պեստիցիդներն ու ագրոքիմիկատները պահել այդ նպատակի համար չնախատեսված շինություններում:
42. Վթարային իրավիճակներում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում պետք է ապահովվի անձնակազմի ազատ տեղաշարժը:
43. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նյութերի հատկությունները և ուժեղ օքսիդիչների, հրդեհային ու պայթունավտանգ նյութերի հետ դրանց մեկուսի պահպանման անհրաժեշտությունը:
44. Հեղուկ պեստիցիդներով ու ագրոքիմիկատներով լցված տարաները պահեստավորվում են խցանները դեպի վեր դիրքով: Չի թույլատրվում տարայի բացման համար կիրառել այնպիսի գործիքներ և միջոցներ, որոնք կարող են կայծ առաջացնել:
45. Հեղուկ պրեպարատների և (կամ) լուծիչների զետեղարանները պետք է տեղադրել անջրաթափանց շինություններում կամ պատով շրջափակված հատուկ վայրում, որը վթարի դեպքում ընդունակ է պահելու դուրս հոսող ապրանքի ամբողջ ծավալը:
46. Պրեպարատների դարակների բարձրությունը պետք է ընտրվի այնպես, որպեսզի ներքևի փաթեթները չվնասվեն վերևինների կողմից:
47. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում պետք է տեղադրվի տեղեկատվություն` նշված միջոցների պահպանման առանձնահատկությունների, անվտանգության, այդ թվում` վթարային իրավիճակում իրականացվող միջոցառումների մասին:
VIII. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
48. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ փոխադրող տրանսպորտային միջոցի ոչ նպատակային օգտագործումը չի թույլատրվում:
49. Պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ այլ բեռների համատեղ փոխադրումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցում կողմնակի անձանց ներկայությունը չի թույլատրվում:
50. Տրանսպորտային միջոցը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփով, կրակմարիչով և հավաքող սարքավորմամբ:
51. Աշխատանքների ավարտից հետո տրանսպորտային միջոցը պետք է ենթարկվի վնասազերծման և թաց մաքրման:
IX. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՈՒ ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
52. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված պեստիցիդները և ագրոքիմիկատները:
53. Պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում` գնորդներին (սպառողներին) տեսանելի տեղում փակցվում է սույն հավելվածի 52-րդ կետում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը:
54. Արտադրողի և մասնագիտացված կազմակերպության, այդ թվում` վաճառողի կողմից խանութներում պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքը կատարվում է միայն կշռափաթեթավորված:
55. Վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սպառողին է տրամադրում պեստիցիդի և ագրոքիմիկատի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
56. Վաճառողն ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքի, խանութում տեղավորելու և պահելու անվտանգության պարտադիր պահանջները:
57. Կշռափաթեթավորված պեստիցիդները և ագրոքիմիկատները վաճառելիս` դրանք պետք է ունենան պիտակներ, որոնք պարունակում են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ: