040.0760.160715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2015 թվականի N 760-Ն
i
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 18-ի
N 760-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) տալու հետ կապված հարաբերությունները:
2. Արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
3. Հանձնաժողովը ստեղծվելուց հետո տասնօրյա ժամկետում առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հրատարակելով ու զանգվածային լրատվության այլ միջոցներով տուժած անձանց իրազեկում է հանձնաժողովի ստեղծման և տուժած անձանց դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ:
4. Արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները ներգրավելիս կազմվում է հանձնման-ընդունման ակտ (Ձև), որը ստորագրվում է գույքը կամ այլ միջոցը հանձնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Գույքի և այլ միջոցների սեփականատիրոջ բացակայության կամ վերջինիս կողմից հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական մարմինը կամ պաշտոնատար անձը այդ մասին կազմում է համապատասխան արձանագրություն: Այն դեպքում, երբ արտակարգ դրությունից բխող հանգամանքների ուժով անհնարին է հանձնման-ընդունման ակտ կամ արձանագրություն կազմելը, ապա դրանք կազմվում են նման հնարավորություն առաջանալու պահին, բայց ոչ ուշ, քան արտակարգ դրության դադարեցումից հետո մեկշաբաթյա ժամկետում: Կազմված արձանագրությունները պահվում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական մարմնում, դրանց օրինակն ուղարկվում է սեփականատիրոջ հաշվառման հասցեով կամ հրապարակվում է այնպիսի միջոցով, որով ապահովվում է հրապարակային ծանուցումը: Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի ստեղծումից հետո կազմված արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում փոխանցվում են հանձնաժողովին:
5. Փոխհատուցում տալու նպատակով հանձնաժողովն իր ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում ընդունում է համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տվյալ գույքի կամ այլ միջոցների նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերը, շարժական գույքի դեպքում` դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը` դրանց առկայության դեպքում (իրավաբանական անձի դեպքում` նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարի վերաբերյալ տեղեկատվություն), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների ներգրավման հանձնման-ընդունման ակտը (դրա առկայության դեպքում): Փոխհատուցում տալու նպատակով հանձնաժողովն ուսումնասիրում է նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական մարմնի կողմից կազմված և նրան փոխանցված արձանագրությունները:
6. Եթե դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում առկա են ոչ էական թերություններ (սխալներ, վրիպակներ և այլ նման բացթողումներ) կամ եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չի ներկայացվել հանձնաժողովին, ապա դիմումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանձնաժողովը դիմողին տեղյակ է պահում այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո երեք օրվա ընթացքում շտկելու առկա թերությունները և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը:
7. Հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերում նշված փաստերը տեղում ուսումնասիրվում են:
8. Հանձնաժողովը դիմումը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում փոխհատուցում տալու կամ մերժելու վերաբերյալ համապատասխան հիմնավորմամբ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը` նկատի ունենալով գույքի և այլ միջոցների օգտագործման համարժեքությունը:
9. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե չի ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով սահմանված որևէ փաստաթուղթ կամ ներկայացված փաստաթղթերում առկա փաստերը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տեղում ուսումնասիրելու արդյունքում պարզվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործումը չի բխել արտակարգ դրությունից:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 8-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն երկամսյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում` սահմանելով փոխհատուցման տրամադրումը բավարարված կամ մերժված ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, նյութական փոխհատուցման ձևերը, գումարի չափը և դրանց տրամադրման ժամանակացույցը:
Ձև
ԱԿՏ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
-ը`
----------------------------------------------------------------------
(արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պատասխանատու պետական
մարմինը)
ի դեմս -ի,
-----------------------------------------------------------------------
(պաշտոնը, անունը, ազգանունը)
մի կողմից (այսուհետ` ընդունող), և -ը`
-----------------------------------------------------------------------
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի
անվանումը)
ի դեմս -ի,
-----------------------------------------------------------------------
(պաշտոնը, անունը, ազգանունը)
մյուս կողմից (այսուհետ` հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի պահանջներին համապատասխան հանձնողը հանձնեց, իսկ ընդունողն
ընդունեց հետևյալը գույքը և(կամ) այլ միջոցները.
._____________________________________________________________________.
|NN |Գույքի և(կամ) այլ |Գույքի և (կամ) այլ |Գույքի և (կամ) այլ |
|ը/կ|միջոցի անվանումը |միջոցի վիճակը |միջոցի քանակը |
|___|_____________________|_____________________|_____________________|
|1. | | | |
|___|_____________________|_____________________|_____________________|
|2. | | | |
._____________________________________________________________________.
Հանձնեց Ընդունեց
__________________________________ ________________________________
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, (պատասխանատու պետական մարմինը)
__________________________________ ________________________________
հայրանունը, բնակության վայրը,
անձնագրի սերիան,
__________________________________ ________________________________
երբ և ում կողմից է տրվել,
իրավաբանական անձի
__________________________________ ________________________________
անվանումը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________ ________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
__________________________________ ________________________________
(ստորագրությունը)
__________________________________ Կ.Տ.
(ստորագրությունը)
Կ.Տ.
__________________________20____թ. ________________________20____թ.