(ուժը կորցրել է 14.04.95 թիվ ՆՀ-431 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների արագացման, արտաքին տնտեսական գործունեության և արտասահմանյան կապիտալ ներդրումների խթանման նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ տեղաբաշխված բոլոր ձեռնարկություններին, անկախ սեփականության ձևից, թույլատրել զբաղվելու արտաքին տնտեսական գործունեությամբ` առանց հատուկ գրանցման:
2. Արտաքին տնտեսական գործունեության ասպարեզում վերացնել բոլոր արգելքներն ու սահմանափակումները` կապված միջնորդային գործունեության և բարտերային գործառնությունների հետ, բացառությամբ լիցենզավորման և քվոտավորման ենթակա արտադրանքներից ու ծառայություններից:
3. Սահմանել, որ անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ արտահանվող և այդ պետություններից ներմուծվող ապրանքները /աշխատանքները, ծառայությունները/ պարտադիր կարգով հայտարարագրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համապատասխան մարմիններում:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը 10-օրյա ժամկետում հայտարարագրման տվյալները հաղորդում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում վերացնել բոլոր տեսակի ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ ներմուծման և արտահանման գոյություն ունեցող հարկերը, ինչպես նաև պարտադիր արտարժութային հատկացումները: Արտարժույթի նկատմամբ ռուբլու կուրսը հանրապետության տարածքում որոշում է Հայաստանի Հանրապետության բանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
5. 1992 թվականի հունվարի 5-ից սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ տեղաբաշխված ձեռնարկությունների արտարժութային եկամուտների ուղղակի հարկում` հանրապետական արտարժութային ֆոնդ ստեղծելու նպատակով, որը պետք է օգտագործվի պետական պարտքը սպասարկելու, ներմուծման կենտրոնացված գնումների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող այլ նպատակների համար` ապահովելով նշված գործառնությունների հրապարակայնությունը:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից անկախ պետությունների համագործակցության սահմաններից դուրս կապիտալ ներդրումները, ներառյալ արժեթղթերի գնումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ ներկայացնել անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետությունների հետ արտահանման - ներմուծման, ներառյալ բարտերային գործառնությունների, հարկման կարգի և մաքսային սակագների չափերի մասին:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1992 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ արտահանման և ներմուծման քվոտավորման և արտոնագրման կարգը` 1992 թվականի համար էականորեն կրճատելով քվոտավորվող և արտոնագրվող ապրանքների /աշխատանքների, ծառայությունների/ ցանկը:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մինչև 1992 թվականի հունվարի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ձեռնարկությունների արտարժութային եկամուտների հարկման մասին որոշման նախագիծ:
10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում սույն հրամանագրից բխող փոփոխություններ կատարելու մասին:
11. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
4 հունվարի 1992 թ.
ՆՀ-59