040.0493.150513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2013 թվականի N 493-Ա
«ԱՐՈՒՃԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ ու 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արուճի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` գ. Արուճ, պետական գրանցման համարը` 56.140.00244):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արուճի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ`
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ