040.0095.110213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2013 թվականի N 95-Ա
«ԼՈՒՍՄԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Լուսմատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 44, պետական գրանցման համարը` 264.140.00388):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Լուսմատ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ`
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ