Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱ ԷՎՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱ ԷՎՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱ ...

 

 

020.1062.181212

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱ ԷՎՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 412-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ս. Հովհաննիսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ն. Էվոյանի` 27.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի` սույն գործով զեկուցողի 03.12.2012թ. թիվ ՍԴԱ-13 գրությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահից պահանջվել է տասնօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարանին տրամադրել մեկ տարվա կտրվածքով բոլոր դատական ակտերի` դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկման ժամկետների մասին ամփոփ տեղեկատվություն:

Սահմանադրական դատարանում 13.12.2012թ. մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի 12.12.2012թ. թիվ ԴԴ-8-Ե-18019/12 գրությունը, որով հայտնվել է հետևյալը. «Նկատի ունենալով, որ 2012թ.-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացվել է 1046 գործն ըստ էության լուծող դատական ակտ, 10-օրյա ժամկետում Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ:

Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդ. 2.-րդ մասով սահմանված 3 օրվա ժամկետը ողջամիտ չէ և այդ ժամկետի պահպանումը հաճախակի դժվարություններ է առաջացնում»:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի 12.12.2012թ. թիվ ԴԴ-8-Ե-18019/12 գրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական ակտերի բողոքարկման ժամկետները» վերտառությամբ 412-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոք կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի կապակցությամբ 19.08.2011 թվականին Սպիտակի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ 16.11.2011 թվականին որոշում է կայացվել դիմողին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել: 24.03.2012 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և դիմողին մեղավոր ճանաչելով` դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 04.06.2012 թվականի որոշմամբ մերժվել է դիմողի վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Նշված որոշումը դիմողն ստացել է 15.06.2012 թվականին, իսկ փոստում մուտք է եղել 14.06.2012 թվականին:

Վճռաբեկ բողոքը բերվել է 14.07.2012 թվականին (որոշումն ատանալուց 29 օր հետո): 20.08.2012 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դիմողի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին` այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը ժամկետանց է, և բաց է թողնվել վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետը:

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի` «... գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում» դրույթի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 6-րդ հոդվածի 2-րդ մասին, 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերին և 20-րդ հոդվածի 3-րդ մասին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը և դրա հետ փոխկապակցված` նույն հոդվածի 2-րդ մասը միմյանց հետ համադրության մեջ առաջացնում են կրկնակի հակասություն, ինչով էլ հանգեցնում են իրավական անորոշության: Ըստ դիմողի` նշված հակասությունները հանգում են հետևյալին` «Առաջին հակասությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, որոնցից մեկը սահմանում է վճռաբեկ բողոք բերելու համար դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետ, իսկ մյուսը` անձի վիճակը բարելավող հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար որևիցե ժամանակային սահմանափակում չի նախատեսում: Երկրորդ հակասությունը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասում առկա երկու դրույթներին, երբ գործն ըստ էության լուծող վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դատական ակտի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել դատական ակտի ստացման օրվանից 15-օրյա ժամկետում»: Դիմողը գտնում է, որ այս երկու հակասություններն ստեղծել են իրավական անորոշություն, որը հակասում է իրավական որոշակիության միջազգային սկզբունքին և ՀՀ Սահմանադրության` վերը թվարկված հոդվածներին:

Վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելու վերաբերյալ դրույթի հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նաև այն հանգամանքով, որ դատական ակտը հասցեատիրոջն է առաքվում փոստով, ինչը տևում է երկար ժամանակ, և արհեստականորեն կրճատվում է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը:

i

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին: Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմը հղում է կատարում «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտահայտված այն եզրահանգմանը, համաձայն որի` որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա: Որպես իր դիրքորոշման հիմնավորում` պատասխանող կողմը հղում է կատարում նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշման մեջ ամրագրված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: Ըստ այդմ, պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածը, ինչպես նաև 402-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել են երաշխիքներ, որոնք ապահովում են անձի` դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այս կապակցությամբ թեև դատական ակտն ուղարկելը ժամանակի առումով համարժեք չէ դատական ակտը հանձնելուն, այնուամենայնիվ, մեկամսյա ժամկետը բավարար է հիմնավոր բողոք բերելու համար:

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված` օրենսգրքի ներքին հակասությունների խնդրին` պատասխանողը նշում է, որ օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է բողոքարկման ընդհանուր կանոն, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը հանդես է գալիս որպես ընդհանուր կանոնից բացառություն և համարվում դատական ակտի վերանայման բացառիկ եղանակ:

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված` գործն ըստ էության լուծող դատական ակտերի համեմատ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի համար բողոքարկման կրճատ ժամկետներ սահմանված լինելու հիմնախնդրին` պատասխանողը նշում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի համեմատ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի համար բողոքարկման կրճատ ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում արագացնել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ վեճերի լուծումը, որն ուղղված է քրեական դատավարության սահուն ընթացքի ապահովմանը: Այդ հանգամանքով է պայմանավորված գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկը դատական ակտն ստանալու պահից:

5. Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները` սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում օրենսգրքի վիճարկվող դրույթները դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների համատեքստում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է բողոքարկման ընդհանուր ժամկետները և վերաբերում է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերին, մինչդեռ 2-րդ մասը վերաբերում է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին և նախատեսում է բացառություն բողոքարկման ընդհանուր կանոններից, ներառյալ ժամկետները` ամրագրելով բողոքարկման հատուկ ժամկետներ միայն 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի համար: Վերջին հաշվով, օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը գտնվում են ընդհանուր և հատուկ կանոններ փոխհարաբերակցության մեջ:

Ինչ վերաբերում է ժամկետների մեկնարկման պահերի միջև տարբերություններին, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակարգավորման ոլորտում ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է հակասության: Իրավակարգավորման ոլորտում տարբերակված մոտեցումները կարող են հանգեցնել հակասության միայն այն դեպքում, երբ տարբերակված մոտեցումը ցուցաբերվում է նույն օբյեկտի, նույն հանգամանքների նկատմամբ` անկախ նրանից, թե համապատասխան իրավակարգավորումները սահմանված են նույն, թե տարբեր իրավական ակտերում: Քննարկվող իրավիճակում տարբերակված մոտեցում է ցուցաբերված տարբեր օբյեկտների շուրջ ծագող հարաբերություններ կարգավորող դրույթների նկատմամբ. մի դեպքում իրավակարգավորումը վերաբերում է գործն ըստ էության լուծող, մյուս դեպքում` գործն ըստ էության չլուծող, միջանկյալ դատական ակտերին: Իսկ նման տարբերակված մոտեցումն էլ ինքնին պայմանավորված է իրենց իսկ` անձանց շահերով, քանզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բողոքարկման ժամկետն օրենսդրի կողմից որոշվում է` հաշվի առնելով նաև դատական ակտի բնույթը. ակնհայտ է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտին ծանոթանալու և վճռաբեկ բողոք պատրաստելու համար անձին անհրաժեշտ է ավելի երկար ժամանակահատված, քան գործն ըստ էության չլուծող, միջանկյալ դատական ակտի պարագայում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի փաստարկները` կապված օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 412-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների միջև ենթադրյալ ներքին հակասությունների հետ:

Այլ խնդիր է, թե Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների համատեքստում որքանով է երաշխավորված օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետներից օգտվելու իրավական հնարավորությունը` հաշվի առնելով դատական ակտի հրապարակման և դատական ակտը հասցեատիրոջը փաստացիորեն հանձնելու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված` դատական ակտը վիճարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում սույն գործի քննության շրջանակներում վկայակոչել իր` 16.10.2012թ. ՍԴՈ-1052 որոշումը, որով սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել նմանատիպ իրավահարաբերություններ կարգավորող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին: Մասնավորապես, սահմանադրական դատարանի` վերը նշված որոշմամբ որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածն այնքանով, որքանով 402-րդ հոդվածի «ուղարկվում է» եզրույթը «երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավական դիրքորոշման ուժով դատական ակտի բողոքարկման ժամկետը նույնիսկ հրապարակման պահից հաշվարկելու դեպքում օրենսգրքի 402-րդ հոդվածը` ՀՀ սահմանադրական դատարանի 16 հոկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1052 որոշման մեջ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ, երաշխավորում է անձի բողոքարկման իրավունքի արդյունավետությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը դիմողի փաստարկները` կապված օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների միջև ենթադրյալ ներքին հակասության հետ, հիմնավոր չի համարում նաև վերը նշված հիմնավորմամբ:

i

6. Անդրադառնալով դիմողի բարձրացրած երկրորդ հիմնահարցին` կապված վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելու վերաբերյալ դրույթի հետ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հիմնահարցը քննության առարկա է դարձել իր` 16 հոկտեմբերի 2012 թվականի ՍԴՈ-1052 գործով: Նշված և սույն գործով քննության առարկաների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ սույն գործով դիմողի կողմից բարձրացված` վերը նշված հարցադրումը վերաբերում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկմանը, իսկ ՍԴՈ-1052 որոշումը վերաբերում էր գործն ըստ էության չլուծող, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման կարգին: Այսուամենայնիվ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես կիրառելի են սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված համապատասխան իրավական դիրքորոշումները:

Հարկ համարելով անդրադառնալ ՍԴՈ-1052 որոշման միայն եզրափակիչ մասում ամրագրված իրավական դիրքորոշումներին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր` վերը նշված որոշման եզրափակիչ մասում ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վիճարկվող` հրապարակվելու պահից, դրույթը` «այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին...»:

Նույն որոշման եզրափակիչ մասում սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` տվյալ գործով վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված 402-րդ հոդվածը, որպես տվյալ գործով վիճարկվող դրույթի կիրառման ընթացքում անձի իրավունքների ապահովման երաշխիք, ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` «այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին»:

ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 դեկտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1062

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.12.2012
N ՍԴՈ-1062
Որոշում