040.0733.190612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2012 թվականի N 733-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Ատոմսերվիս» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր, ՀԱԷԿ-ի տարածք) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) ընկերության ակտիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի նոյեմբերի 22-ին գնահատված արժեքը` 32 236,5 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 500 հազ. դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 110 817 հազ. դրամ, այդ թվում`
1) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 25 227 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 11 093 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների կարճաժամկետ հատուցումների գծով` 71 359 հազ. դրամ.
4) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 30 հազ. դրամ.
5) ստացված ընթացիկ կանխավճարներ` 3 097 հազ. դրամ.
6) այլ ընթացիկ պարտավորություններ` 11 հազ. դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2010 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման հետ կապված` 228 600 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ