Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ Դ ...

 

 

020.1028.310512

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 265-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մայիսի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչներ Լ. Զուրաբյանի (25.05.2012թ. դատական նիստին) և Վ. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Տ. Մուկուչյանի, Ա. Սմբատյանի և Ն. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» N 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի` 2012 թվականի մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2012 թվականի մայիսի 19-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, կայացրել է գործը քննության ընդունելու և գործով որպես պատասխանող կողմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներգրավելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գործով զեկուցողներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանը և Ա. Պետրոսյանը:

Լսելով սույն գործով զեկուցողների հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով նրանց կողմից ներկայացված փաստարկները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել են թվով 1982 ընտրական տեղամասեր:

Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով հանրապետության տարածքում կազմավորվել է 41 ընտրատարածք: Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակներում ընտրությունների ողջ գործընթացը կազմակերպել և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հավատարմագրվել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել 9 միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների 647 դիտորդներ, ինչպես նաև 54 տեղական կազմակերպությունների 31451 դիտորդներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների միջազգային դիտարկում` նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ): Ընտրությունների վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել նաև Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովը, դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպությունները:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր` 2012 թվականի մայիսի 13-ի N 264-Ա որոշմամբ, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, կազմել է արձանագրություն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2012 թվականի մայիսի 6-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ: Համաձայն հիշյալ արձանագրության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով քվեաթերթիկում ընդգրկված ութ կուսակցություններին և մեկ կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 454.673, «Ժառանգություն» կուսակցություն` 86.998, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինք` 106.903, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 85.550, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5.577, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15.899, Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 664.440, Միավորված Հայեր կուսակցություն` 2.945, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 83.123: Քվեատուփերում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը կազմել է 1.559.052, իսկ անճշտությունների գումարային չափը` 3.355:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, 2012 թվականի մայիսի 13-ին ընդունված` «2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ» N 264-Ա որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր` 2012 թվականի մայիսի 13-ի N 265-Ա որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` 28 պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` 7 պատգամավոր, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրական ցուցակից` 5 պատգամավոր:

4. Դիմող կողմը վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի N 265-Ա որոշումը` գտնում է, որ անհրաժեշտ է այն անվավեր ճանաչել, պնդելով, որ «2012 թվականի մայիսի 6-ի Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստման, նախընտրական քարոզչության ողջ ընթացքում և քվեարկության օրվա դրությամբ խախտվել է ընտրությունների անցկացման հավասարության սկզբունքը` համաձայն Սահմանադրության 4 հոդվածի»: Որպես դրա փաստարկ է ներկայացվում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասությունների իրականացման հետ համատեղ նախընտրական քարոզչությանը մասնակցությունը: Դիմողը գտնում է, որ «Հանրապետության Նախագահն ունի լայն իշխանական լիազորություններ, որոնց բերումով նա ուղղակիորեն վերահսկում է պետական իշխանության համակարգի մի զգալի մասը: Այս ամենի բերումով, որևէ քաղաքական ուժի օգտին նրա կողմից կատարված կոչերը, առավել ևս իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում, հանգեցնում է պետական իշխանության հնարավորությունների և այլ ռեսուրսների կիրառման հօգուտ այդ` քարոզվող ուժի` հակառակ Սահմանադրության 4 հոդվածով նախատեսված ազատ ընտրությունների բովանդակությունը կազմող սկզբունքների»:

Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ վարչապետի և պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք այլ անձանց մասնակցությունն ընտրական գործընթացներին: Անդրադառնում է ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների չապահովմանը:

Դիմողն անարդյունավետ է համարում ընտրական գործընթացի վերահսկման և ընտրական տեղամասերում քվեարկության, ինչպես նաև ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բողոքարկման գործող համակարգը և գտնում է, որ այն չի հանդիսանում ընտրական իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց:

Դիմողը հավաստի չի համարում ընտրական ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, ինչը, ըստ դիմողի, պայմանավորված է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ:

Դիմողը որպես փաստարկ է դիտարկում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից 2012թ. մայիսի 7-ին հրապարակված «Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ» հայտարարության մեջ դիմողի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում վկայակոչված իրավունքներին վերաբերելի տեղեկություններն ու փաստերը:

Գործի դատաքննության փուլում դիմող կողմի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանը գրավոր ձևով սահմանադրական դատարանին խնդրեց «...անտեսել դիմումի 2.3 կետն ամբողջությամբ»: Միաժամանակ, դիմողի ներկայացուցիչ Լ. Զուրաբյանը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ սահմանադրական դատարանում բացատրություններ ներկայացնելիս «... ես թյուրիմացաբար, հենվելով անցյալ ընտրությունների հետ կապված իմ ընկալման վրա, ասել եմ, որ երբ շուռ են տվել քվեատուփերը, պարզվել է, որ Հանրապետականի օգտին քվեարկված հայտնվել են հիմնականում քվեատուփի վերևի մասում: Իրականում, Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, հաշվարկի ժամանակ քվեատուփերը չեն շուռ տալիս: Մեր վստահված անձանց դիտարկումների և զեկույցների հիման վրա ներկայացված պնդման էությունն այն է, որ գոյություն է ունեցել հստակ կոռելյացիա. առավոտյան ժամերին քվեարկած քվեաթերթիկները ճնշող մեծամասնությամբ եղել են Հանրապետականի օգտին»:

Դիմողը հավաստի չի համարում նաև որոշ բնակավայրերում բնակչության թվի և ընտրողների թվի հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա տարբեր ժամերին մի շարք տեղամասերում քվեարկությանը մասնակցածների պաշտոնական տվյալները:

5. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ` գտնում է, որ 2012թ. մայիսի 13-ի N 265-Ա որոշումը կայացնելիս բացառապես ղեկավարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Վկայակոչելով նաև 2012թ. մայիսի 13-ի N 263-Ա որոշման մեջ արտահայտած դիրքորոշումները, գտնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարար հիմքեր չի ունեցել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրությունները կայացել են, արդյունքները վավեր են և հստակ ու որոշակի են մանդատների բաշխումը թեկնածուների միջև:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց` ընտրական գործընթացին մասնակցելու հարցը երաշխավորվել է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան, դիմողն այս հարցը ժամանակին օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել, իսկ օրենքի նորմերի սահմանադրականության հարցի բարձրացումը դուրս է սույն վեճի առարկայի շրջանակներից:

Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտումը մասնակի ու տեխնիկական բնույթ է կրել և վիճակը շտկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի օպերատիվ միջամտության արդյունքում:

Ինչ վերաբերում է վերահսկման և բողոքարկման համակարգի անարդյունավետության առնչությամբ դիմողի պնդումներին, պատասխանող կողմը գտնում է, որ նման հարցադրումը չափազանցված է, ավելին` տվյալ գործընթացին մասնակից իրավասուբյեկտներին լիարժեք հնարավորություն է տրվել իրենց իրավասությունների իրացման համար: Իսկ թե նրանք ինչ արդյունավետությամբ են այն իրացրել` ակնհայտ է դառնում ներկայացված դիմում-բողոքների ու հատուկ կարծիքների թվի և որակի ուսումնասիրությունից: Ըստ պատասխանողի բերած փաստարկների` ՀՀ-ում կազմավորված 1982 ընտրական տեղամասերում համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացվել միայն 11 ընտրական տեղամասերում, կամ որ նույնն է` ընդհանուր ընտրական տեղամասերի 0.55 տոկոսում, և դրանցից միայն 4-ն է իրականացվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց դիմումով: Առկա չէ որևէ բողոք, այդ թվում` դիմումին կից ներկայացված նյութերում, որ որևէ իրավասու անձի արգելվել է ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին, թույլ չի տրվել քվեարկության ընթացքում նշումներ կամ գրառումներ կատարել, ինչպես նաև առկա չէ սահմանված կարգով ներկայացված համամասնական ընտրակարգով վերահաշվարկ կատարելու վերաբերյալ որևէ մերժված կամ չընդունված դիմում, ինչը նշանակում է, որ ընտրողների ստորագրած ցուցակին ծանոթանալու և դրանից քաղվածքներ կատարելու իրավունքը լրիվ ծավալով չի իրացվել հենց դիմումատուի կողմից: Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների 13.810 բազմակուսակցական անդամներից հատուկ կարծիք է ներկայացրել միայն 17-ը, ինչը կազմում է նրանց ընդհանուր թվի 0.12 տոկոսը:

Ընտրողների և քվեարկությանը մասնակցածների թվի վերաբերյալ դիմողի դիտարկումները պատասխանողը գնահատում է որպես առանց փաստարկի դատողություններ և գտնում է, որ դիմողը կարող էր ընտրացուցակների հարցն օրենքով սահմանված կարգով վիճարկել քվեարկությանը նախորդող փուլում, ինչը չի արվել:

Դիմողի ներկայացրած թվական տվյալների վերաբերյալ պատասխանողը գտնում է, որ դրանք ապացուցողական որևէ հիմք չունեն, հասարակական կազմակերպության համացանցից վերցված ոչ հավաստի տվյալներ են, իսկ այդ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ դիմող կողմի ներկայացուցիչները ժամանակին ու օրենքով սահմանված կարգով որևէ դիմում-բողոք չեն ներկայացրել: Ինչ վերաբերում է մի քանի բնակավայրերում բնակչության թվի և ընտրողների թվի տարբերությանը, ապա դա առկա է այն ընտրական տեղամասերում, որտեղ համապետական ընտրությանը մասնակցել են նաև զինծառայողներ: Պատասխանողն ընդգծում է նաև, որ դիմողը չի ներկայացրել որևէ փաստ, որ տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը չհամապատասխանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված արդյունքների աղյուսակավորմանը:

Պատասխանող կողմը գտնում է, որ ընդհանրապես ակնհայտ անհիմն դիմում է ներկայացվել սահմանադրական դատարան և գործի վարույթը ենթակա էր կարճման:

6. ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին տարիների փոփոխությունները Հայաստանում կարևոր անդրադարձ ունեցան ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում, ինչը, սակայն, դեռևս պատշաճ ձևով չի ընկալվել ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտների կողմից: Այդ փոփոխությունները, որոնց վրա սահմանադրական դատարանը բազմիցս ուշադրություն է հրավիրել, առաջին հերթին վերաբերում են 2005թ. սահմանադրական բարեփոխումներին, երբ վերանայվեց ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3-րդ կետը, համաձայն որի` սահմանադրական դատարանը լուծում էր Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը: Գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով նախկինի փոխարեն ամրագրվեց նոր դրույթ, համաձայն որի` սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով լուծում է Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը:

Ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցում կարևոր իրավազորություն վերապահվեց 2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական դատարանին: Ընդ որում, 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվեց, որ թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մասին գործերն ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով: Նույն կարգով են քննվում նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Նկատի ունենալով ընտրական իրավունքի դատական պաշտպանության դատավարական առանձնահատկություններն ու այդպիսի գործերով ընդդատության հանգամանքը, ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներ նախատեսում են, որ առանձին ընտրական վեճեր քննվում և լուծվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացման և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»: Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները /ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ/:

Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է` «Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»: Իսկ նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»:

Ընդ որում, ՀՀ ընտրական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը դատարանի վճռի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում, եթե խախտվել են սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի կամ սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի դրույթները»: Իսկ օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, մասնավորապես, սահմանում է, որ` «Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան»: Ի դեպ, նույն հոդվածի համաձայն` թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը:

Ակնհայտ է, որ այստեղ հստակեցված է ոչ միայն դատական իրավազորության շրջանակը, այլև շեշտված է, թե դատավարական ինչ ընթացակարգով ու ժամկետներում այդ հարցերը կարող են քննվել և լուծում ստանալ:

Վերոնշյալից հետևում է, որ ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության համար անհրաժեշտ է.

ա) նկատի ունենալ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` յուրաքանչյուր մարմին իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով,

բ) հստակ պատկերացնել դատական յուրաքանչյուր ատյանի իրավազորության շրջանակները,

գ) օրենքով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներն` այն դատարանում, որն ունի համապատասխան իրավազորություն,

դ) հաշվի առնել, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների նկատմամբ վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված կոնկրետ իրավասություն,

ե) ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը չեն կարող դիտարկվել որպես իրավական նորմի սահմանադրականության վեճեր, քանի որ վերջիններիս լուծման համար սահմանադրաիրավական այլ պահանջներ ու ընթացակարգեր են նախատեսված:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոթվարկյալ գործոններով է նաև մեծապես պայմանավորված ընտրական իրավունքի սահմանադրաիրավական պաշտպանության արդյունավետության երաշխավորումը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնք նախապես քննության պետք է առնվեն և իրավական լուծում ստանան ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում, ինչպես նշվեց, վերջնական են և վերանայման ենթակա չեն:

i

Հաշվի առնելով նշված հանգամանքները և նկատի ունենալով ՍԴՈ-433, ՍԴՈ-703 և ՍԴՈ-736 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ընտրական գործընթացներում թեկնածուների գրանցման և այն վեճերին, որոնց լուծումն օրենքով սահմանված կարգով վերապահված է ՀՀ վարչական դատարանին, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա չեն կարող հանդիսանալ, իսկ որպես ապացուցողական հիմք ընդունվում են վարչական դատարանի վերջնական ակտերը: Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի առանձին դրույթների սահմանադրականությանն առնչվող հարցերը սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ միայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտների` օրենքով սահմանված կարգով ներկայացրած դիմումների ու համապատասխան դատավարական ընթացակարգերի հիման վրա:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:

Հաշվի առնելով օրենսդրական այս դրույթը և ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պարզում է` արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ իրավական անհրաժեշտ հստակությամբ առկա են եղել ու հաշվի առնվել.

ա) քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

բ) վարչական դատարանի իրավասության շրջանակներում ընտրական գործընթացներին առնչվող վճիռները,

գ) ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,

դ) տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ե) քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները:

Այսպիսով, սահմանադրական դատարանի խնդիրն է գնահատել, թե իրավական նշանակություն ունեցող վերոթվարկյալ հանգամանքները հաշվի առնելու արդյունքում որքանո՞վ է իրավաչափ ընտրության արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը:

Գործի քննության արդյունքները և առկա նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ.

նախ` ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2012 թվականի մայիսի 6-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվել է օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր ընտրական տեղամասերի արձանագրությունները եղել են հասու ու մատչելի ընտրողներին ու ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտներին, դրանք սահմանված ժամկետներում տեղադրվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Երկրորդ` ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների ամփոփման պահին, համաձայն գործում առկա նյութերի, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ չքննված գործ ՀՀ վարչական դատարանի վարույթում առկա չի եղել: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ» 2012 թվականի մայիսի 13-ի թիվ 264-Ա որոշումը կայացնելիս հաշվի են առնվել ընտրական գործընթացին առնչվող` ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունված բոլոր ակտերը:

Երրորդ` գործի նյութերը վկայում են, որ 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել 531 դիմում-բողոք, որից 478-ը, կամ 90,02 տոկոսը` մեկ անձի կողմից: Բոլոր դիմում-բողոքները քննության են առնվել ՀՀ ընտրական օրենսգրքի 45, 46 և 47-րդ հոդվածների հիման վրա և արդյունքները հաշվի են առնվել ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից` համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ բոլոր դիմումները բավարարվել են: Դրանցից մեկական դիմում ներկայացվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի ու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, մեկական` «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի ու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի և չորս դիմում` «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց կողմից:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքը «2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին» 11.05.2012թ. դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տվյալ դիմումի քննության արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012թ. մայիսի 13-ին ընդունել է թիվ 263-Ա որոշումը:

Չորրորդ` 1982 ընտրական տեղամասերից միայն 205-ի գրանցամատյաններում են կատարվել ընտրախախտումների վերաբերյալ առանձին գրառումներ (ինչը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր թվի մոտ 11 տոկոսը): Դրանց առնչությամբ առկա են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները:

Հինգերորդ` քվեարկության արդյունքների` օրենքով նախատեսված կարգով իրականացված վերահաշվարկների արդյունքում կայացրած որոշումները հաշվի են առնվել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2012թ. մայիսի 6-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելիս:

8. Գործի նյութերի և կողմերի ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկների ուսումնասիրությունը վկայում է.

ա) 1982 ընտրական տեղամասերից ընդհանուր առմամբ 6 դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների գործընթացը վերահսկող իրավասուբյեկտների կողմից քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչը կազմում է տեղամասերի ընդհանուր թվի 0.5 տոկոսը: Իսկ համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ներկայացվել, ինչպես նշվեց, միայն 11 ընտրական տեղամասերում, որը կազմում է ընդհանուր թվի 0.55 տոկոսը: Դա այն դեպքում, երբ միայն համամասնական ընտրակարգով ընտրական գործընթացը վերահսկել են ութ կուսակցությունների և կուսակցությունների մեկ դաշինքի 19.493 վստահված անձինք, որից 9.760-ը ներկայացրել են ընտրական գործընթացի վերահսկման միասնական շտաբում ընդգրկված կուսակցությունները` դիմողի մասնակցությամբ: Փաստն այն է, որ վերջիններից միայն 0.1 տոկոսն է օգտվել քվեարկության արդյունքները բողոքարկելու և ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու օրենքով ընձեռված հնարավորություններից:

Նման վիճակի առնչությամբ դիմողի հիմնական փաստարկն այն է, որ չեն օգտվել այդ իրավունքից, քանի որ համակարգը համարել են ոչ արդյունավետ: Սահմանադրական դատարանը նման փաստարկը հիմնավոր չի համարում տվյալ գործընթացին մասնակցողի համար և արձանագրում է, որ առանձին տեղամասերում, այնուամենայնիվ, եղել են նման դիմումներ: Ընդ որում, քվեարկության արդյունքների բողոքարկման արդյունքում վերահաշվարկի ժամանակ ընտրողների ստորագրած ցուցակների վերաբերյալ դրանց ծանոթանալու և քաղվածքներ կատարելու իրավասություն ունեցող իրավասուբյեկտների կողմից որևէ անճշտություն չի արձանագրվել: Այս հարցի վերաբերյալ առկա է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 05.05.2012թ. ՍԴՈ-1027 որոշումը, որում բերված իրավական դիրքորոշումների` համակարգային ամբողջականության մեջ հաշվի առնելը հնարավորություն կտար դիմողին ժամանակին ու ճիշտ օգտագործել օրենքով նախատեսված հնարավորություններն ընտրական ցուցակների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Գործի նյութերը վկայում են նաև, որ ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու առնչությամբ դիմողի իրավունքների այնպիսի խախտում չի արձանագրվել, ինչը սահմանված կարգով բողոքարկված ու ապացուցողական նշանակություն ձեռք բերած լիներ,

բ) թվով 1982 ընտրական տեղամասերից 1964-ի վերաբերյալ վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ դիմում-բողոք չի ստացվել, ինչը կազմում է ընդհանուր թվի 99.1 տոկոսը: Միաժամանակ, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր թվով 1007 թեկնածուների կողմից նույնպես որևէ դիմում չի ներկայացվել քվեարկության արդյունքների վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հենց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի քննարկմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել էր պաշտոնական պարզաբանում, որ թեկնածուն կարող է ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դիմող կողմն առաջին հերթին շեշտադրում է հավասար ընտրական իրավունքի խախտման հանգամանքը` նկատի ունենալով Հանրապետության Նախագահի, վարչապետի և քաղաքական պաշտոններ զբաղեցնող այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, ինչպես նաև գործադիր իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր պաշտոնյաների մասնակցությունն ընտրություններին` թեկնածուի կարգավիճակով:

Անհրաժեշտ է նախ արձանագրել, որ հավասար ընտրական իրավունքը վերաբերում է ինչպես քվեարկության հավասար իրավունքին, ընտրատարածքների ու տեղամասերի ճիշտ կազմավորմանը, այնպես էլ հնարավորությունների հավասարությանը: Բնականաբար, հնարավորությունների հավասարությունը հավասար ընտրական իրավունքի կարևոր բաղադրատարրերից է: Վերջինս իր հերթին ներառում է, մասնավորապես, այնպիսի պայմաններ, ինչպիսիք են լրատվամիջոցների կողմից լուսաբանումը, ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերի տրամադրումը, ընտրարշավի անկաշկանդ իրականացումը, խոսքի և արտահայտվելու ազատության երաշխավորումը, ընտրարշավի ֆինանսավորման թափանցիկությունը և այլն: Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ և բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի բացատրական զեկույցի 19-րդ կետում հնարավորությունների հավասարության առումով նշվում է. «Հիմնական գաղափարն այն է, որ հիմնական քաղաքական ուժերը պետք է կարողանան հնչեցնել իրենց կարծիքը երկրի կարևոր լրատվամիջոցներով, և որ բոլոր քաղաքական ուժերին պետք է թույլատրվի հանրահավաքներ կազմակերպել, ներառյալ հասարակական հավաքատեղերում, գրականություն տարածել և օգտագործել իրենց ցուցապաստառներ փակցնելու իրավունքը»: ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ այս պահանջի կատարումը բոլոր դիտորդական առաքելությունների կողմից հիմնականում դրական է գնահատվել:

Ընտրարշավին պետական իշխանության չեզոքության ապահովմանն է նաև ուղղված ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածով քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները: Նույն նպատակին են ծառայում նաև օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսվող սահմանափակումները: Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները խախտելու վերաբերյալ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, այդ թվում` դիմող կուսակցությունների դաշինքի կողմից որևէ դիմում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի ներկայացվել և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա չի դարձել:

Պետական տարբեր պաշտոնյաների, մասնավորապես ՀՀ Նախագահի` նախընտրական քարոզչությանը մասնակցելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգիրքն այլ սահմանափակումներ չի նախատեսել, և կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր և առաջնորդվել է օրենքի պահանջներով:

Սահմանադրական դատարանը գտնում է` առկա ընտրական համակարգի պայմաններում խնդիրը պետք է լուծվի ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողների` նախընտրական քարոզչությանը մասնակցությունն արգելելու ճանապարհով, այլ ընտրական օրենսգրքի 18 և 22-րդ հոդվածների պահանջների խստագույնս կատարումը երաշխավորելու միջոցով:

Հավասար հնարավորությունների ընձեռման առումով հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքի իրացումն այս կերպ է երաշխավորվում ՀՀ ընտրական օրենսգրքով, ինչն արձանագրվել է նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի` Հայաստանի ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ կարծիքում /17 հոկտեմբերի 2011թ. CDL-AD (2011)032/: Օրենսդրի խնդիրն է հիշյալ սահմանափակումների շրջանակի սահմանումը կամ համակարգային այլ լուծումներ առաջադրելը: Տվյալ հարցը, սակայն, չի կարող դիտվել որպես ընտրությունների արդյունքների վերաբերյալ կայացված որոշմանը վերաբերելի վեճ: Դիմողի հարցադրումներն ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ` գլխավորապես փաստարկվում են Հայաստանում գործող ընտրական համակարգի իրավակարգավորման մոտեցումներով, ինչն օրենսդիր մարմնի իրավասության խնդիր է: Ինչ վերաբերում է դրանց սահմանադրականությանը, ապա ՀՀ Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը նախատեսել են նման հարցերի քննության բոլորովին այլ դատավարական ընթացակարգեր և դիմող սուբյեկտների համապատասխան շրջանակ:

Դիմողը նաև բարձրացնում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բողոքարկման գործընթացի իրավակարգավորման անարդյունավետության խնդիրը: Օրենքի նորմերի «ողջամտության» կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմողի փաստարկները վերոնշյալ պատճառներով չեն կարող դիտվել որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճ: Այսուամենայնիվ, ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս բողոքների և դիմումների ներկայացման անբավարար մեխանիզմները ճանաչել է որպես առանցքային գործոն, ինչը խաթարում է քաղաքացիների վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ: Նաև հաշվի առնելով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածը վերանայվեց` նախատեսելով քվեարկության արդյունքների անվավերության վերաբերյալ որոշումների, գործողությունների և անգործության դեմ յուրաքանչյուր բողոքի հետ կապված կոնկրետ ընթացակարգ: Միաժամանակ, օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է այն սուբյեկտներին, ովքեր իրավասու են պահանջելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչում: Հաշվի առնելով նաև դիմողի փաստարկները` սահմանադրական դատարանը գտնում է, որ այս ցանկը կարող է ընդլայնվել` ներառելով նաև համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Բացի դրանից, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն ունեն քվեարկության արդյունքների բողոքարկման ժամկետների սահմանման, ինչպես նաև հարգելի պատճառով բաց թողնված ժամկետների վերականգնման իրավակարգավորման հարցերը:

Գործի նյութերը վկայում են նաև, որ դիմողն օրենքով սահմանված ժամկետում ու կարգով այնպիսի քայլեր չի ձեռնարկել ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 33, 46, 48, 58, 59, 62-67-րդ և մի շարք այլ հոդվածներով նախատեսված վերահսկողական հնարավորությունների իրացման, քվեարկության արդյունքների բողոքարկման ու ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու ուղղությամբ, որոնց արդյունքում այդ իրավունքները հնարավոր չի եղել իրացնել: Սահմանադրական դատարանը գտավ, որ դիմողի խնդրանքը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցած բոլոր ընտրողների տվյալները` պայմանավորված չէ ընտրական գործընթացում դիմողին ներկայացնող իրավասուբյեկտների իրավունքների ոտնահարման հիմնավոր փաստարկմամբ:

9. Դիմողի հարցադրումների գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացի համակարգային բարեփոխումներին: Այս առնչությամբ վկայակոչվում է նաև սահմանադրական դատարանի 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ-703 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: Հաշվի առնելով ընտրական օրենսգրքի նախկին իրավակարգավորումները` ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, շեշտադրել էր, որ ընտրական իրավունքի պաշտպանությունը, հատկապես սահմանադրական արդարադատության շրջանակներում, չի ենթադրում ձևական մոտեցում` թե որքանով են խախտվել մարդկանց ակտիվ կամ պասիվ ընտրական իրավունքները: Հարցն ունի ընդգրկման ավելի լայն շրջանակ և վերաբերում է ընտրությունների հանրային գործառույթին` թե ինչ կերպ և ինչպիսի վստահությամբ է ձևավորվում ներկայացուցչական կառավարման համակարգը, ինչպես են ներդաշնակվում կառավարմանը մասնակցելու ազատությունը և ներկայացուցչական մարմիններ կազմավորելու պարտականությունը, ինչպիսին է անհատների հասարակական վարքագիծն այս գործընթացում: ՈՒստի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է, այլ ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների: Համաձայն ՍԴՈ-703 որոշման` դրանից և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից է բխում նաև ՀՀ նախկին ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի` «Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար»:

Սահմանադրական դատարանը նաև գտել էր, որ պետությունը պարտավոր է այնպիսի երաշխիքներ ապահովել, որպեսզի.

ա) ընտրական օրենսդրությունը զերծ լինի ընտրական իրավունքի արդյունավետ իրացումը խոչընդոտող թերություններից,

բ) քաղաքական ընթացիկ գործունեությունը հստակ տարանջատվի նախընտրական քարոզչությունից,

գ) բացառվի քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղումը,

դ) ընտրական գործընթացի բոլոր փուլերում կանխվի քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև նախընտրական քարոզչության ու բարեգործության հստակ սահմանազատմանը և 2011 թվականին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի, մասնավորապես` 18 և 22-րդ հոդվածներով ամրագրված պահանջների հստակ կատարման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովմանը: Այս հարցում բացթողումներն ընտրախախտումների հիմնական պատճառն են դառնում:

Սահմանադրական դատարանի հիշյալ իրավական դիրքորոշումներն զգալի չափով հաշվի առնվեցին ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքում: Նոր ընտրական օրենսգրքի նախագծի միջազգային փորձագիտական գնահատականները, ինչպես նաև 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում միջազգային դիտորդական առաքելությունների մոտեցումները վկայում են, որ ընտրական գործընթացի իրավակարգավորման առաջընթացն ակնհայտ է: Սակայն սահմանադրական դատարանը գտնում է, որ առանցքային խնդիր է շարունակում մնալ ընտրական գործընթացում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման կանխումը, ինչպես նաև քաղաքական ու բարեգործական գործունեության միատեղման բացառումը: Սահմանադրական դատարանը բազմիցս շեշտել է, որ այս խնդրի լուծումն օրգանապես շաղկապված է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի պահանջների հստակ երաշխավորման հետ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումները` համակարգային առումով ներդաշնակված նաև օրենսդրական այլ լուծումների հետ, նշված հիմնախնդիրը լիարժեք չեն հաղթահարել:

10. Դիմող կողմը, ինչպես նշվեց, ոչ հավաստի է համարում ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Դիմողի վերլուծական բնույթի դատողությունների հիմքում դրվում է այն վարկածը, որ ընտրական ցուցակներում պետք է ընդգրկված լինեին միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները` վկայակոչելով նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության` տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք»: Այս իրավունքն օրենքով կարող է բացառվել միայն «...դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող» քաղաքացիների համար:

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք»: Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասն իր հերթին սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները»:

Երկրորդ` սահմանադրաիրավական ներկա կարգավորումները չեն նախատեսում ընտրողների այնպիսի ցուցակների կազմում, որոնցում չեն ներառվի ընտրական իրավունք ունեցող, հաշվառումից դուրս չեկած և հանրապետությունից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Միաժամանակ, նկատի ունենալով, որ տևական ժամանակով Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը, մի կողմից, մշտական բնակության վայրում հաշվառումից դուրս չի գալիս, մյուս կողմից` այլ երկրներում հյուպատոսական հաշվառման չի կանգնում, ինչը փաստվել է նաև նախկինում սահմանադրական դատարանի պահանջով ներկայացված նյութերով, թերևս, ցուցակների հետ կապված խնդրի լուծումը կամ պետք է փնտրել ընտրական համակարգի փոփոխության, կամ էլ բնակչության պետական ռեգիստրի վարման կարգի բարեփոխման շրջանակներում: Երկու դեպքում էլ լուծումը դուրս է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից և վերաբերում է ՀՀ ընտրական օրենսգրքի, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի նորմերի համակարգային ու փոխհամաձայնեցված կանոնակարգմանը: Ընդ որում, ընտրական ցուցակներին առնչվող բոլոր խնդիրներն իրենց լուծումը պետք է ստանան մինչև քվեարկությունը: Այդ նպատակով է ընտրողների ռեգիստրը համարվում մշտապես վարվող փաստաթուղթ, որը կազմվում է ըստ մարզերի ու համայնքների և մատչելի է բոլորին:

11. Դիմողը, որպես իր դիրքորոշումները հիմնավորող լրացուցիչ փաստարկներ, վկայակոչում է նաև միջազգային դիտորդական առաքելությունների դիտարկումները: Չնայած դիտորդական առաքելությունների դիտարկումները դատավարական առումով ապացուցողական նշանակություն չունեն և ներկայացվել են որպես ամփոփ վերլուծական եզրահանգումներ, այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը դրանք կարևոր է համարում թե' սույն գործի քննության և թե' Հայաստանում ընտրական գործընթացների հետագա բարելավման տեսանկյունից:

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ 2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների միջազգային դիտարկման նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարության մեջ արտահայտված ընդհանուր գնահատականները և առանձին հարցերի վերաբերյալ կոնկրետ դիտողություններն ու մտահոգություններն անհրաժեշտ ուշադրության են արժանի:

Ընտրությունների օրը 349 կարճաժամկետ դիտորդներ են տեղակայվել, այդ թվում` 60 անդամ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունից, 25 անդամ ԵԽԽՎ պատվիրակությունից, 10 անդամ ԵԽ պատվիրակությունից: Ընդհանուր առմամբ դիտորդներ են եղել ԵԱՀԿ 42 անդամ երկրներից: Ընտրությունները դիտարկվել են ընդհանուր 1982 ընտրական տեղամասերից ավելի քան 1000-ում: Ձայների հաշվարկումը դիտարկվել է բոլոր ընտրատարածքներից 102 ընտրական տեղամասերում: Արդյունքների ամփոփումը դիտարկվել է բոլոր 41 ԸԸՀ-ներում:

Միջազգային դիտորդների կողմից, մասնավորապես, արձանագրվել է, որ`

- Հայաստանի Հանրապետությունում 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունները հատկանշվել են մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ,

- ընտրություններն անցկացվել են իրավական բարեփոխված դաշտի ներքո, ընտրական գործընթացները կազմակերպվել են պրոֆեսիոնալ և պատշաճ կարգով, հավաքների, խոսքի և տեղաշարժվելու ազատությունները հիմնականում հարգվել են, և թեկնածուները, հիմնականում, հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել,

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից մշտադիտարկված լրատվամիջոցներն իրականացրել են հիմնական քաղաքական մասնակիցների լայնածավալ լուսաբանում` հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց ձայնն ընտրողներին հասանելի դարձնել,

- նախընտրական քարոզչությունն ակտիվ էր, մրցակցային և ընդհանուր առմամբ խաղաղ,

- մինչ ընտրության օրը ընտրողների ցուցակները հասանելի են եղել հասարակության կողմից ստուգման համար, իսկ իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել դրանց որակը և ճշտությունը վերանայելու և բարելավելու համար,

- քվեարկության գիշերը միջազգային դիտորդների կողմից դիտարկված 41 ԸԸՀ-ներից 33-ում արդյունքների ամփոփման գործընթացը դրական է գնահատվել, միաժամանակ գրեթե բոլոր ԸԸՀ-ներում գործընթացը եղել է թափանցիկ,

- ԿԸՀ-ն հավատարմագրել է դիտորդներ միջազգային կազմակերպություններից և 54 տեղական ՀԿ-ներից, և հավատարմագրման գործընթացն ընդհանուր առմամբ ամբողջական է եղել:

Նշվածով հանդերձ, մատնանշվել են ընտրական գործընթացներում տեղ գտած կոնկրետ բացեր ու թերություններ, որոնք, մասնավորապես, խմբավորված ձևով վերաբերում են հետևյալներին.

ա) ընտրական օրենսգրքի քարոզչությանն առնչվող դրույթները երբեմն խախտվել են, մեծամասամբ` տեղական իշխանությունների և որոշ կուսակցությունների կողմից: Սա ներառում է դասերի ժամանակ քարոզչական միջոցառումներին ուսուցիչների ներգրավվածությունը, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների կողմից մարդկանց և համայնքներին նվերներ տալը և քարոզչական նյութեր փակցնելը դպրոցների ու համայնքային նշանակության շենքերին: Տեղ են գտել որոշ փաստեր վարչական ռեսուրսների չարաշահման առումով, ինչը չի նպաստել մասնակիցների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը,

բ) այն եղանակը, որով ընտրական հանձնաժողովները և դատարանները քննարկել են ընտրություններին առնչվող բողոքները, հաճախ շահագրգիռ անձանց թողել են առանց իրենց բողոքների արդյունավետ քննության` հակասելով ԵԱՀԿ 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 5.10 պարբերությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածին: Ընտրական հանձնաժողովները, այդ թվում` կենտրոնական, և դատարանները հիմնականում որդեգրել են խիստ ձևական մոտեցում բողոքներն ուսումնասիրելիս: Բողոք բերելու և առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկելու սահմանափակ իրավունքը գումարվում են ընտրական բողոքների արդյունավետ լուծման բացակայությանը, չնայած նրան, որ ըստ դիտորդական առաքելությունների գնահատականի` դիմումների և բողոքների իրավական բովանդակությունը բավականին խրթին է,

գ) քվեարկության օրվանից առաջ ԿԸՀ-ն ստացել է մոտ 494 դիմում: Դրանց գերակշռող մասը (461) ներկայացվել է միևնույն անձի կողմից, որոնք հիմնականում վերաբերել են որպես թեկնածուներ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քարոզչություն իրականացնելուն և լրատվության անհամաչափ լուսաբանմանը: ԿԸՀ-ն մերժել է այս բողոքների քննությունը` հիմնավորելով, որ անհատ անձինք նման բողոքներ բերելու իրավունք չունեն: Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն ուսումնասիրել է այս դիմումներում ներկայացված որոշ փաստեր և խախտումներ չի հայտնաբերել: Գրեթե բոլոր մյուս դիմումների քննությունը ԿԸՀ-ի կողմից մերժվել է ձևական հիմքերով:

Քվեարկության օրվանից առաջ 30 բողոք է ներկայացվել ԸԸՀ-ներին, որոնք հիմնականում առնչվել են քարոզչության կանոնների խախտումներին, ներառյալ` ձայների գնում, քարոզչություն դպրոցներում և պաստառների վերաբերյալ կանոնների խախտում: Գործերի մեծ մասը պատշաճ կերպով չի քննարկվել,

դ) միջազգային դիտորդներն արձանագրել են նաև մի շարք խախտումներ քվեարկության և ձայների հաշվարկման գործընթացներում:

Նշված բնույթի խախտումների օրինակներ են արձանագրել նաև տեղական դիտորդական առաքելությունները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ խախտումները, որքան էլ որ մասնակի բնույթ ունենան կամ վիճահարույց լինեն, ստվերում են ընտրական գործընթացը և պետք է անհրաժեշտ ուշադրության առարկա հանդիսանան ու ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քննարկման առարկա դառնան:

12. Ընտրական գործընթացի տարբեր մասնակիցների, ինչպես նաև դիտորդների ու հանրային վերահսկողության առանձին սուբյեկտների արձագանքները վկայում են, որ ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններում բարելավված ընտրական օրենսգրքի, կազմակերպական պատշաճ մակարդակի, նախընտրական թափանցիկ ու ակտիվ քարոզչության հետ մեկտեղ, առավել մտահոգիչ խնդիրը շարունակում է մնալ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս հարցում իրավական խնդիրների հետ միաժամանակ էական նշանակություն ունեն քաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-հոգեբանական, արժեբանական և բազմաթիվ այլ բնույթի գործոններ: Իրավական առումով առաջին պլան են մղվում դարձյալ ՀՀ ընտրական օրենսգրքի առանձին լուծումներ: Մասնավորապես, օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման և այն առնվազն 12 ժամ պահպանվելու դրույթը վստահության լրացուցիչ երաշխիք ապահովելու փոխարեն զգալի անվստահություն սերմանեց: Չնայած քայլեր ձեռնարկվեցին վիճակը շտկելու համար, այսուհանդերձ, տվյալ իրավադրույթը վերանայման կամ իրավական առավել հստակ երաշխավորման անհրաժեշտություն ունի:

Նկատի ունենալով, որ անվստահության պատճառ են դառնում նաև ընտրացուցակները, սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ընտրական գործընթացին մասնակից այն իրավասուբյեկտների շրջանակն ու նրանց հնարավորությունները, ովքեր իրավասու կլինեն ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին ու ինքնուրույն քաղվածքներ կատարել` քվեարկության արդյունքների բողոքարկման գործընթացի շրջանակներում: Ընդհանրապես օրենսդրական հետագա բարեփոխումների առանցքը պետք է դառնա բողոքարկման համակարգի գործունակության հետագա բարձրացումը, և այս առումով ուշադրության են արժանի նաև դիմողի դիտարկումները:

Սույն որոշման 6-րդ կետում նշվեց, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանությունն ունի որոշակի առանձնահատկություններ Հայաստանի Հանրապետությունում: Այս հարցում վարչական դատարանի դերի բարձրացումը ենթադրում է նաև արդարադատության անհրաժեշտ որակի ապահովում: Միջազգային դիտորդական առաքելությունների դիտարկումները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումները վկայում են, որ այս ոլորտում նույնպես օրենսդրական երաշխիքների ամրապնդման անհրաժեշտություն է առաջանում: Հատկապես կարևորվում են վարչական դատարանում նման վեճերի քննության դատավարական ընթացակարգերի լուրջ բարեփոխման և Հայաստանի Հանրապետությունում բնակության մասին ներկայացվող տեղեկանքների հետ կապված վեճերի սահմանված ժամկետներում ըստ էության լուծման խնդիրները:

13. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ հանրային մտահոգության առարկան շարունակում է մնալ ընտրական, քաղաքական ու իրավական մշակույթի ցածր մակարդակը, որի բարձրացումը թե' պետության և թե' քաղաքական ուժերի խնդիրն է:

Ընտրական ողջ գործընթացի և սահմանադրական դատարան մուտքագրված դիմում-բողոքների վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական միջավայրի մեծագույն բացերից մեկը շարունակում է մնալ իրավական միջոցներով ընտրական գործընթացի քաղաքական վերահսկման ցածր մակարդակը: Նոր ընտրական օրենսգրքի ընձեռած հնարավորությունները, ինչպես նշվեց, լիարժեք չիրացվեցին թեկնածուների, նրանց վստահված անձանց ու ընտրական հանձնաժողովների համապատասխան անդամների կողմից:

Վերլուծությունները և սահմանադրական դատարան կողմերի ներկայացրած նյութերը վկայում են, որ մի քանի անհատներ ու հասարակական կազմակերպություններ շատ ավելի ակտիվ ու արդյունավետ քայլեր են ձեռնարկել ընտրական իրավունքների պաշտպանության ուղղությամբ, քան դրան կոչված հազարավոր վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովների անդամներ: Սահմանադրական դատարանը դրական է համարում հատկապես քաղաքացիական հասարակության դերակատարության մեծացումն ընտրական գործընթացի վերահսկման նկատմամբ և գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը հանրային վերահսկման իրավական հիմքերի ամրապնդման ուղղությամբ նոր լուծումներ պետք է նախատեսի:

Լուրջ խնդիրներից մեկն էլ նախընտրական ծրագրերին օրենքով ներկայացվող պահանջների ամրագրման անհրաժեշտությունն է: ՀՀ ընտրական օրենսգրքում այդ ծրագրերի մասին հիշատակվում է միայն 6-րդ հոդվածի 4-րդ մասում` նախատեսելով, որ «Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը»: Օրենսգրքի` նախընտրական քարոզչությանը նվիրված 5-րդ գլուխը հիմնականում լուծում է տեխնիկակազմակերպչական բնույթի խնդիրներ: Որևէ ձևով չի հստակեցվում, թե նախընտրական քարոզչության բուն բովանդակությունը ներկայացնող նախընտրական ծրագրերն ինչ են իրենցից ներկայացնում և իրավական ինչ պահանջներ պետք է բավարարեն: Գործի քննությունը վկայում է նաև, որ տվյալ նորմը ձևական բնույթ է կրել ու որևէ կուսակցության կողմից նման ծրագիր չի ներկայացվել ու տեղակայվել համացանցում:

i

Այս խնդիրն առավել կարևորվում է սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ Ազգային ժողովի դերի մեծացման, ինչպես նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում: Վերջին հաշվով, ընտրողը մանդատը վստահում է ոչ թե անձի, այլ կուսակցությանը, ինչն իր հերթին ինքնուրույն քննարկման հարց է: Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. հունիսի 30-ի ՍԴՈ-810 որոշման մեջ, մասնավորապես, արձանագրել է, որ «Կուսակցությունների մասին ցանկացած դասական սահմանում ելնում է այն ակնհայտ ճշմարտությունից, որ տվյալ միավորման գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է, քաղաքական իշխանության մաս կազմելը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ու այն իրականացնելը: Անառարկելի է, որ չի կարող լինել ժողովրդավարական պետական համակարգ` առանց անհրաժեշտ քաղաքական կառուցակարգերի: Չի կարող լինել նաև հասարակական կայունություն` առանց կարողունակ քաղաքական ուժերի կողմից երկրի այսօրվա ու վաղվա համար ժողովրդավարական եղանակներով քաղաքական պատասխանատվություն ստանձնելու: Կուսակցությունն իր հանրային առաքելությունը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ ոչ միայն ծրագրային ցանկություն, այլև անհրաժեշտ ու բավարար կարողունակություն ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար, և դա տեսանելի ու գնահատելի է ընտրողի կողմից: Համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունները կոչված են ոչ միայն ձևավորելու կայուն ու գործունակ օրենսդիր իշխանություն, այլև վճռորոշ դեր ունենալու երկրի քաղաքական կառուցակարգի կայացման ու ամրապնդման գործում:

Միջազգային պրակտիկան վկայում է, որ ընտրական օրենսդրությամբ նախատեսված, այսպես կոչված, «մաքուր» համամասնական ընտրակարգն այնպիսին է, որ ընտրողը ձայնը տալիս է որևէ քաղաքական ուժի` նրա քաղաքական կողմնորոշումների ու հանրությանը ներկայացրած ծրագրային մոտեցումների հիման վրա»:

Իրավական կարգավորումից դուրս թողնելով նախընտրական ծրագրերին ներկայացվող պահանջները` ստեղծվում է մի վիճակ, երբ քաղաքական ուժերի բացարձակ հայեցողությանն են թողնվում ընտրողներին ներկայացվող խոստումների ծավալն ու բնույթը: Գործնականում առանձին քաղաքական ուժերի ծրագրային դրույթները շեղվում են ակնկալվող պետաիշխանական գործառույթների բնույթից: Ավելին, ուռճացված և ոչ համարժեք խոստումները բովանդակելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներ` կպահանջեն համարժեք իրավական գնահատական:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ համապատասխան ավանդույթների բացակայության պայմաններում ընտրական գործընթացի մասնակիցների ծրագրային մոտեցումների նկատմամբ իրավական կոնկրետ պահանջի առաջադրումը և այն օրենսդրորեն ամրագրելը ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման կարևոր գրավականներից մեկը կարող է հանդիսանալ:

14. Համադրելով դիմող և պատասխանող կողմերի ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները, գնահատելով գործում առկա նյութերը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ, ՀՀ ընտրական համակարգի հետագա զարգացման խնդիրներով հանդերձ, 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրության տակ եղած օրենքով նախատեսված հիմքերը` իրենց ամբողջության մեջ, օբյեկտիվ իրավական նախադրյալ են հանդիսացել 2012 թվականի մայիսի 13-ի N 265-Ա որոշումն ընդունելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 102-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի N 265-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 մայիսի 2012 թվականի

ՍԴՈ-1028

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.05.2012
N ՍԴՈ-1028
Որոշում