020.0996.181011
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 հոկտեմբերի 2011թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող Ա. Խառատյանի, դիմողի ներկայացուցիչներ Ա. Ղազարյանի և Ա. Զեյնալյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արմեն Խառատյանի դիմումի հիման վրա` «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Խառատյանի` 20.07.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հուլիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի օգոստոսի 5-ին:
Օրենքի` «Դատական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը» վերտառությամբ 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է. «Դատական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է ... սույն օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում` դատական դեպարտամենտի ղեկավարը` տվյալ դատավորի ներկայացմամբ»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմող Ա. Խառատյանը 29.01.2010թ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով` հիմնված դիմողի վերապատրաստման գնահատման արդյունքում քննական հանձնաժողովի կողմից տրված` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու վերաբերյալ եզրակացության վրա, ազատվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնից` առանց համապատասխան դատավորի ներկայացման: Դիմողը 01.03.2010 թ. հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Վարչական դատարանն իր` 21.05.2010թ. վճռով բավարարել է Ա.Խառատյանի հայցը:
Հայցը բավարարելիս դատարանն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի մեկնաբանման արդյունքում եկել է այն համոզման, որ «դատավորին կցվող դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու իրավունքը վերապահված է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, սակայն այդ իրավունքը չի կարող դիտվել որպես հայեցողական, քանի որ դրա իրականացման համար ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը կաշկանդված է համապատասխան դատավորի ներկայացմամբ»:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 04.03.2011թ. որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը և Ա. Խառատյանի հայցը մերժել:
Մերժելով հայցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավորին կցված դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից համապատասխան դատավորի ներկայացմամբ ազատելու կարգի սահմանումը հանդիսանում է որպես դատավորի գործունեության երաշխիք, միաժամանակ հանգել է այն եզրակացությանը, որ դատական ծառայողի որևէ իրավունք չի խախտվել, քանի որ դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակումը կամ պաշտոնից ազատումը դատավորի ներկայացմամբ կատարելու կարգի պահպանումն էական նշանակություն կարող է ունենալ միայն դատավորի համար` նրա գործունեության երաշխիքների տեսանկյունից, մինչդեռ իրեն կցված դատական ծառայողին առանց իր ներկայացման պաշտոնից ազատելու հանգամանքը դատավորի կողմից չի վիճարկվել, վերապատրաստման արդյունքների գնահատման քննական հանձնաժողովի եզրակացությունը դատական ծառայողի կողմից չի վիճարկվել:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալին. «... հակառակ մեկնաբանման պայմաններում, այն է` բոլոր դեպքերում դատական ծառայողին պաշտոնից ազատումը միայն դատավորի ներկայացումից կախվածության մեջ դնելը, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ օրինակ` դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող, կամ դատական կարգով անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչված ..., կամ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտված ... դատական ծառայողի պաշտոնից ազատման հարցը կախվածության մեջ կդրվի զուտ ընթացակարգային պահանջներից, այն է` դատավորի կողմից ազատման ներկայացումից, որն իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից խոչընդոտներ կհարուցի դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար օրենքով նախատեսված պահանջների պահպանման հարցում»:
3. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում գտնում է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, քանի որ չի բավարարում «օրենքի որակին» ներկայացվող պահանջները, հստակ չէ, ձևակերպված է ոչ որոշակի: Նրա կարծիքով` «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով դատական իշխանությունում պետական ծառայության տարրեր ամրագրելով` օրենսդիրը միաժամանակ պետք է այդ իրավակարգավորումներով չխախտեր դատավորի անկախության երաշխիքները, քանի որ դատական համակարգն իշխանության ինքնուրույն ճյուղ է: «Ելնելով այս հիմնարար մոտեցումից` օրենսդիրը պետք է տարանջատեր «դատավորին կցված» և «դատավորին չկցված» հասկացությունները և առաջինի հասկացության տակ ընկնող պետական ծառայողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու հարցերում թույլատրեր դատավորի միջամտությունը, որը պետք է նպատակ հետապնդեր ապահովել, որպեսզի դատավորն իր սեփական հայեցողությամբ իր ռեսուրսները կարգավորելու որոշ ազատություն ունենա»:
Դիմողը նաև պնդում է, որ վիճարկվող նորմը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 94-րդ և 97-րդ հոդվածներին` հետևյալ հիմնավորմամբ. վիճարկվող նորմը հնարավորություն չի տալիս օգտվել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, ինչպես նաև խախտում է դատավորի անկախության (տվյալ դեպքում` ներքին անկախության) սահմանադրական սկզբունքը:
4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող նորմի իրավական անորոշության հետ, պատասխանողը գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված է բավարար հստակությամբ, քանի որ դատական ծառայության պաշտոնից ազատման հիմքերի առկայության դեպքում օրենքը պարտավորեցնում է դատավորին «ներկայացնել դատական ծառայողին պաշտոնից ազատման պահանջ»:
Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում օրենքի վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 18, 19, 94 և 97-րդ հոդվածների միջև հնարավոր հակասության հետ, պատասխանողը, մատնանշելով իրավակիրառ պրակտիկայի կողմից խնդրո առարկա դրույթի վերաբերյալ տրված մեկնաբանությանն անդրադառնալու` ՀՀ Ազգային ժողովի իրավասության բացակայությունը, գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը որևէ կերպ անձին չի զրկում իր իրավունքները և ազատությունները դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքներից: Որպես ապացույց` պատասխանողը մատնանշում է ՀՀ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանների կողմից դիմողի բողոքները վարույթ ընդունելու հանգամանքը:
Օրենքի վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 94 և 97-րդ հոդվածների միջև հնարավոր հակասության վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ պատասխանողը գտնում է, որ «դատավորին կցված դատական ծառայողների սահմանազատումը դատական այլ ծառայողներից և դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակելու կամ ազատելու` օրենքով սահմանված ընթացակարգի իմպերատիվ բնույթը, այն է` դատավորի ներկայացմամբ, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատավորների անկախության սկզբունքին»:
5. Սահմանադրական դատարանը, քննության առնելով կողմերի դիրքորոշումները, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից ելնելով` պարզելով գործի բոլոր հանգամանքները, գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթն ընթացակարգային բնույթի դրույթ է և կոչված է, մի կողմից, կանոնակարգելու դատական ծառայության պաշտոնում նշանակման կարգը, մյուս կողմից` լրացուցիչ երաշխիք ստեղծել դատավորի անկախ ու արդյունավետ գործունեության համար: Դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակումը և պաշտոնից ազատումը` տվյալ դատավորի ներկայացմամբ, դրույթը միանշանակ է, ունի իմպերատիվ բնույթ, չի բովանդակում օրենքի բաց կամ անորոշություն, հստակ սահմանում է իրավակարգավորման պայման: Վերջինս հանգում է նրան, որ այդ նշանակումը և ազատումը պետք է տեղի ունենան տվյալ դատավորի ներկայացմամբ: Ինչ վերաբերում է դատական հայեցողությանը, ապա այն ունի իր սահմանները և չի կարող փոխել իրավանորմի բնույթը կամ քննարկման առարկա դարձնել դրա նպատակահարմարության խնդիրը: Դատական հայեցողությունն ընտրություն կատարելու իրավասություն է` այնպիսի հնարավոր տարբերակների միջև, որոնք բոլորն էլ օրինական են: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջներից ելնելով` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»: Հստակ սահմանված է նաև, որ իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոխի դրա իմաստը:
Նկատի ունենալով, որ վեճի առարկա նորմի իմաստը հստակ է ու միանշանակ, այն ենթադրում է, որ դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակումը և պաշտոնից ազատումը պետք է տեղի ունենա տվյալ դատավորի ներկայացմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ` նպաստելու դատավորի անկախությանը և գործունեության արդյունավետությանը, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ նորմի իրավական բովանդակության և հստակության առումով առկա չէ սահմանադրաիրավական բնույթի վեճ: Ընդ որում, այդ դրույթը խելամտության կանխավարկածով կիրառելու դեպքում Սահմանադրությամբ ամրագրված որևէ իրավունքի ոտնահարման պատճառ չի կարող դառնալ:
6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել. օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը դատավորի վճռորոշ մասնակցության սկզբունքը տարածել է նաև դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակման ընդհանուր կարգի վրա: Մասնավորապես, օրենսդիրն օրենքի 12 և 13-րդ հոդվածներում նախատեսում է համապատասխանաբար այն անձանց, ովքեր ունեն դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք, և այն անձանց, ովքեր չունեն նման իրավունք: Այդ պահանջներն ընդհանուր են բոլոր դատական ծառայողների համար: Սակայն բովանդակային առումով դրանք նույնական չեն, քանի որ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջները կարող են տարբեր լինել: Միայն նշված պահանջները բավարարելուց հետո անձը կարող է օրենքով սահմանված կարգով նշանակվել դատական ծառայության թափուր պաշտոնում: Այդ կարգն ամրագրված է օրենքի 15-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` «Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի»: Վերը նշված` ընդհանուր կարգից բացառություն կազմող կարգն ամրագրված է օրենքի նույն հոդվածի 3-րդ մասում և վերաբերում է բացառապես դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակմանը: Նշված նորմի համաձայն` «Դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ, առանց մրցույթի: Դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակվող անձը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին»: Վերջինիս հետ մեկտեղ, օրենսդիրն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրել է դատավորի ևս մեկ հայեցողական լիազորություն, համաձայն որի` դատավորի առաջարկությամբ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել օրենքով նախատեսված մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը նշանակվում է թափուր պաշտոնում` օրենքով նախատեսված կարգով:
Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը հանդիսանում է դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնից ազատելու կարգ սահմանող իմպերատիվ նորմ` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմի դիսպոզիցիան դատավորի համար նախատեսում է նաև պարտականություն` դատավորին կցված դատական ծառայողին պաշտոնից ազատելու համապատասխան հիմքի առկայության դեպքում տվյալ դատական ծառայողին ներկայացնել ազատման: Այլ խնդիր է` դատավորի կողմից նշված պարտականության կատարումից տարաբնույթ պատճառներով հնարավոր հրաժարվելու հանգամանքը: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հարցի առավել մանրամասն իրավակարգավորման նպատակահարմարության խնդիրը կարող է քննության առարկա դառնալ օրենսդիր մարմնի իրավազորության շրջանակներում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում օրենքի վիճարկվող նորմի ենթադրյալ իրավական անորոշության վերաբերյալ պնդումը և արձանագրում է, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված է բավարար հստակությամբ` իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, ինչը պետք է հաշվի առնվի իրավակիրառական պրակտիկայում: Իսկ ներկայացվող վեճը ոչ թե տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանն առնչվող սահմանադրականության խնդիր է բովանդակում, այլ վերաբերում է կոնկրետ գործով դատական հայեցողության իրավաչափության գնահատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, նկատի ունենալով, որ նման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ` նպաստելու դատավորի անկախությանը և գործունեության արդյունավետությանը, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
18 հոկտեմբերի 2011 թվականի
ՍԴՈ-996