020.0868.190310
i
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 մարտի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16.02.2010թ. դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունն (այսուհետ` արձանագրություն) ստորագրվել է 1995թ. սեպտեմբերի 29-ին` Մոնրեալում:
Արձանագրության նպատակն է նախատեսել դրույթ այն մասին, որ 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կնքված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի բնագիրը լինի նաև արաբերենով:
Ըստ արձանագրության` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի 94-րդ հոդվածի ա) կետի դրույթներին համապատասխան` արձանագրության վավերացմամբ ընդունել կոնվենցիայում առաջարկված հետևյալ փոփոխությունը`
կոնվենցիայի առկա տեքստի եզրափակիչ պարբերությունը փոխարինել հետևյալով`
«Կատարված Չիկագոյում, 1944 թվականի դեկտեմբեր ամսվա յոթերորդ օրը, անգլերենով: Սույն Կոնվենցիայի անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարապես նույնական են: Այդ տեքստերն ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արխիվներ, իսկ դրանց հաստատված պատճեններն այդ կառավարության կողմից փոխանցվում են այն պետությունների կառավարություններ, որոնք կստորագրեն սույն Կոնվենցիան կամ կմիանան դրան: Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Վաշինգտոն քաղաքում:»,
- արձանագրության վավերագիրն ի պահ հանձնել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
19 մարտի 2010 թվականի
ՍԴՈ-868