Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 73 ՀՈԴՎԱԾ ...

 

 

020.0723.150108

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 73 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հունվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` սահմանադրական դատարանում 02.10.2007թ. մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի և պատասխանող կողմի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. մարտի 31-ին և ուժի մեջ է մտել 2003թ. ապրիլի 10-ից:

Օրենքի 73 հոդվածը, որը շարադրված է «Անցումային դրույթներ» 14-րդ գլխում, սահմանում է. «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով»:

2. Դիմող կողմը վիճարկում է օրենքի 73 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին` այն հիմնավորմամբ, որ այդ դրույթը, վատթարացնելով քաղաքացիների իրավական վիճակը, կիրառվում է հետադարձ ուժով: Մինչդեռ, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին, ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, չի կարող հետադարձ ուժ տրվել:

Դիմողը փաստում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի համաձայն մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ նույն օրենքի 48 հոդվածով սահմանված կարգի: Նշված 48 հոդվածը, սակայն, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն: Մինչդեռ, նախկինում գործող «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի համաձայն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում էր մեկուկես անգամ:

Դիմողը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասը` նույն օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ փոխադարձ կապի մեջ, մինչև օրենքի ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակումից հետո աշխատանքային գործունեությունը շարունակած անձանց կենսաթոշակային իրավունքները գնահատելիս կամ բացառում է նշված հիմքով աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկումը, կամ թույլ չի տալիս ապահովագրական ստաժում հաշվարկել կենսաթոշակի նշանակումից հետո իրականացված աշխատանքային գործունեության այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել են սոցիալական ապահովագրության վճարները: Դրանով օրենքը վատթարացնում է քաղաքացիների վիճակը և վերացնում նախկինում գործող օրենսդրությամբ ձեռք բերված նրանց իրավունքները, ուստի պատկանում է այն նորմերի թվին, որոնց չի կարող հետադարձ ուժ տրվել:

3. Ըստ պատասխանող կողմի` դիմողի փաստարկները հիմնավոր են, վիճարկվող նորմով հետադարձ ուժ է տրվել քաղաքացիների իրավական վիճակը վատթարացնող դրույթի, վերացվել է նախկինում գործող ՀՀ օրենսդրությամբ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատելու համար քաղաքացիներին տրվող արտոնությունը` կապված այդպիսի պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելու առանձնահատկությունների հետ:

Պատասխանող կողմն ակնհայտ համարելով վիճարկվող նորմի հակասությունը ՀՀ Սահմանադրությանը` գտնում է նաև, որ օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատած անձանց համար ապահովագրական ստաժի հաշվարկման խնդիրը չի լուծվում: Այս առումով, թերևս, անհրաժեշտություն կառաջանա խնդիրը լրացուցիչ կարգավորել օրենսդրական մակարդակում:

4. ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասն ամրագրում է անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը: Վերջինս հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի` անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նաև ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով:

5. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածը սահմանում է մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման կարգը: Օրենսդիրն այդ կարգը սահմանելիս տարբերակել է կենսաթոշակը վերահաշվարկելու հետևյալ երկու իրավիճակները.

- երբ կենսաթոշակի վերահաշվարկը կատարվում է արդեն իսկ գործում առկա փաստաթղթերի հիման վրա,

- երբ ներկայացվում են ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Առաջին դեպքում, նախկինում նշանակված կենսաթոշակը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված նոր կարգով վերահաշվարկելիս հիմք է ընդունվում նախկինում գործող «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 06.12.1995թ., ուժը կորցրել է 10.04.2003թ.) հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժը: Այդ օրենքի 30 հոդվածի համաձայն, որը սահմանում էր աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկման կարգը, առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաշվարկվում էր մեկ և կես անգամ: Հաշվի առնելով, որ, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 1-ին մասի, նախկինում նշանակված կենսաթոշակը նշված օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելիս հիմք է ընդունվում արդեն իսկ հաշվարկված ստաժը, ապա վերահաշվարկելիս պահպանվում է աշխատանքային ստաժի այն արտոնյալ հաշվարկման կարգը, որը գործել է «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի հիման վրա:

Մինչդեռ, երկրորդ դեպքում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի համաձայն` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելիս նախկինում նշանակված կենսաթոշակն այդ օրենքով սահմանված նոր կարգով վերահաշվարկելիս այդ օրենքի հիման վրա է հաշվարկվում և՛ ստաժի այն հատվածը, որն արդեն հիմնավորված է գործում առկա փաստաթղթերով, և՛ լրացուցիչ փաստաթղթերով ներկայացված ստաժը: Իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 2-րդ մասի համաձայն` մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ այդ օրենքի 48 հոդվածով սահմանված կարգի: Վերջինս էլ, իր հերթին, առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանքը չի դիտում որպես ստաժի հաշվարկման առանձնահատկություն: ՈՒստի կենսաթոշակը նշված դրույթների հիման վրա վերահաշվարկելիս չի պահպանվում առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում աշխատանքի ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժի արտոնյալ հաշվարկման կարգը:

Օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման կարգավորման արդյունքում վերահաշվարկ կատարելիս մեծ մասամբ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ վերահաշվարկված գումարն ավելի նվազ լինի, քան նախկինում նշանակվածը, օրենքի 73 հոդվածի 3-րդ մասով նախատեսել է, որ եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Սակայն այս դրույթը լիովին չի լուծում քաղաքացու համար վերահաշվարկի արդյունքում ստեղծվող բացասական հետևանքները վերացնելու խնդիրը: Նման կարգավորման արդյունքում, թեև ապահովվում է նախկինում հաշվարկված կենսաթոշակի չափը, այնուամենայնիվ, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատանք կատարած անձի` լրացուցիչ փաստաթղթերով հիմնավորվող ստաժն ընդհանրապես անտեսվի և լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումն իմաստ չունենա, քանի որ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման դեպքում նոր կարգով վերահաշվարկելիս կենսաթոշակի նախկինում հաշվարկված չափը կարող է նվազել:

6. Մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով: Սակայն նույն օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի ուժով այդ արտոնյալ կարգը վերացվել է` անտեսելով նաև նշված պայմաններում աշխատած անձանց ակնկալիքն առ այն, որ իրենց կենսաթոշակը հաշվարկվելու է արտոնյալ կարգով: Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը` իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածը, ի թիվս այլ սկզբունքների, որպես պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունք ամրագրում է նաև սոցիալական համերաշխության և սոցիալական արդարության ապահովումը: Սոցիալական արդարության սկզբունքը պահանջում է, որ որոշակի առավելություններ ու արտոնություններ տրամադրվեն վնասակար և ծանր պայմաններում աշխատող անձանց:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի 73 հոդվածով նախատեսված կարգավորման արդյունքում կարող է առաջանալ նաև օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման հետ կապված խնդիր: Սահմանելով վերահաշվարկման կարգը` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու և չներկայացնելու պարագայում, օրենքի վիճարկվող նորմը տարբերակված մոտեցում է ցուցաբերում նույն ժամանակահատվածում նույն պայմաններում ձեռք բերված աշխատանքային ստաժի հաշվարկման կարգի նկատմամբ: Օրենքի 73 հոդվածի 2-րդ մասի կիրառման արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ միևնույն ժամանակահատվածում միևնույն պայմաններում աշխատած անձանց համար սահմանվեն կենսաթոշակի տարբեր չափեր: Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է, եթե առկա չէ օբյեկտիվ և պատճառաբանված արդարացում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ տարբերակված մոտեցման հիմքում ընկած այնպիսի ձևական հանգամանքը, ինչպիսին, ի հիմնավորումն աշխատանքային ստաժի, լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հանգամանքն է, չի կարող դիտվել որպես օբյեկտիվ, իրավաչափ և ողջամիտ արդարացում:

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում` արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը: Մինչդեռ, օրենքի վիճարկվող նորմն առնչվել է բազմաթիվ մարդկանց իրավունքներին: Միաժամանակ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացրած տեղեկանքի համաձայն` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակների վերահաշվարկման արդյունքում ապահովագրական ստաժը պակասել է 14.826 տարով (ամսական 3.4 մլն դրամով):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի հիման վրա սույն որոշումը տարածել նաև դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հունվարի 2008 թվականի

ՍԴՈ-723

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.01.2008
N ՍԴՈ-723
Որոշում