Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐ ...

 

 

020.0720.111207

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419 ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 դեկտեմբերի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` քաղ. Է. Կարապետյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ա. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Էմմա Կարապետյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Է. Կարապետյանի` 29.08.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 419 հոդվածը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածը վերնագրված է «Բողոքը քննող դատարանի որոշումները», որը 2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ սահմանում է.

«Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որևէ մեկին»:

2. Դիմողը դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.03.2007թ., ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 14.05.2007թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 13.07.2007թ. որոշումները:

Վերոհիշյալ դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր 26.03.2007թ. որոշմամբ մերժել է քաղ. Է. Կարապետյանի` ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը, իսկ որոշման եզրափակիչ մասում ամրագրել է, որ տվյալ որոշումը ենթակա չէ բողոքարկման: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով քաղ. Է. Կարապետյանի վերաքննիչ բողոքը, իր 14.05.2007թ. որոշմամբ բավարարել է այն և բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.03.2007թ. որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, իր 13.07.2007թ. որոշմամբ անհիմն համարելով բողոքատուի այն փաստարկը, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 278 հոդվածով նախատեսված` հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները չեն կարող բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայցևայնպես, հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, կիրառելով ՀՀ քր. դատ. օր.-ի 419 հոդվածի 6-րդ կետը` բեկանել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 14.05.2007թ. որոշումը և օրինական ուժ է տվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր գործով կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը` իրեն զրկել է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի հիմքերով իր խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից, խախտել է Սահմանադրության 19 հոդվածով նախատեսված իր սահմանադրական իրավունքը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթն անհրաժեշտ է ճանաչել ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

3. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով երաշխավորված` յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը ենթադրում է յուրաքանչյուր գործով դատարանի կողմից համապատասխան դատավարական փաստաթղթում իր դիրքորոշման արտահայտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումների տեսակների սահմանումը պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով, ներհամակարգային գործառութային տարանջատման սկզբունքի վրա հիմնված դատական համակարգում վճռաբեկ դատարանի դերով և նշանակությամբ, իր կարգավիճակից բխող լիազորությունների առանձնահատկությամբ:

Ըստ պատասխանող կողմի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետում և ՀՀ դատական օրենսգրքի 60 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում ամրագրված` վճռաբեկ դատարանի եզրափակիչ որոշման նոր տեսակը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին, այլ, ընդհակառակը, այն կարելի է դիտել որպես նշված հոդվածում ամրագրված իրավունքի իրականացման գործուն երաշխիք: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վերաքննիչ դատարանի դատական ակտը, օրինական ուժ է տալիս առաջին ատյանի դատարանի`իր կարծիքով արդարացի դատական ակտին: Օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին` վճռաբեկ դատարանը դրանով իսկ հաստատում է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննությունն իրականացվել է հավասարության և հրապարակայնության պայմաններում, ողջամիտ ժամկետներում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանի եզրափակիչ որոշման նոր տեսակը նպաստում է նաև դատական ակտերի շրջապտույտի կանխմանը` ապահովելով դատավարական խնայողության և ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով երաշխավորված` «դատավարության ողջամիտ տևողության» սկզբունքների իրացումը:

Պատասխանողը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին և դիմումը ենթակա է մերժման:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես իրավական պետություն, ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով հստակ նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի` իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքը` օրենքով սահմանված ձևերով ու ծավալով: Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Մի շարք միջազգային պայմանագրերով, մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (10 հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (6 հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (14 հոդված) և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` երաշխավորելու անձանց` իրենց խախտված իրավունքները վերականգնելու և անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:

5. ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և դատական համակարգում նրա դերով են պայմանավորված դատական բողոքարկման հարաբերությունների կարգավորման բնագավառում 2006 թվականի հուլիսի 7-ի օրենսդրական փոփոխությունները, որի արդյունքում վճռաբեկ դատարանին, ի լրումն այլ լիազորությունների, իրավունք է վերապահվում օրինական ուժ տալ ստորադաս դատարանների դատական ակտերից մեկին, որը հիմնավոր կհամարվի` դրանով իսկ եզրափակելով տվյալ գործով քննությունն ընդհանուր իրավասության դատարաններում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի նախորդ խմբագրությունը հանգեցնում էր նրան, որ երբեմն պրակտիկայում հնարավոր չէր լինում խուսափել այնպիսի դեպքերից, երբ գործի քննությունն ընկնում էր շրջապտույտի մեջ և դատական քաշքշուկի պատճառով ստեղծվում էր ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով, Եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով և մի շարք այլ իրավական ակտերով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման վտանգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 3, 4 և 6 կետերով նախատեսված լիազորությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանին նման լիազորություններ վերապահելը նպատակ է հետապնդել կանխելու այն դատական շրջապտույտը, որը գոյություն է ունեցել մինչ այդ: Այդ լիազորությունների միջոցով դատական շրջապտույտի կանխումն իր հերթին հնարավորություն է ընձեռում երաշխավորել դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու սահմանադրաիրավական պահանջի իրացումը, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիության սկզբունքի իրացումը:

6. Հարցն է'լ ավելի է կարևորվում, երբ խոսքը վերաբերում է քրեական դատավարությանը, երբ գործի քննության անհարկի ձգձգումների պայմաններում, օրինակ, անձը շարունակում է գտնվել անազատության մեջ: Այս հարցի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն արտահայտված է ՍԴՈ-710 որոշման մեջ:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` ճանաչվում է քրեական գործով հետապնդվող յուրաքանչյուր անձի` ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը: Կոնկրետ քրեական դատավարության ձգձգումների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցնում է պետություններին ստեղծել այնպիսի իրավական դաշտ և դատական համակարգ, որի պայմաններում կպաշտպանվեն մեղադրյալների` Եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածով երաշխավորված իրավունքները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում բազմիցս բացասական դիրքորոշում է արտահայտել հսկողական վարույթի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ: Ըստ եվրոպական դատարանի` նման դատավարական ընթացակարգի կիրառման արդյունքում խախտվում են դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու կոնվենցիոն պահանջը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը, որը, ի թիվս այլ խնդիրների, պահանջում է, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննության առարկա:

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետով նախատեսված լիազորությունը ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ գործի փաստական հանգամանքները չեն փոխվում և՛ առաջին ատյանի դատարանի, և՛ վերաքննիչ դատարանի դատաքննության արդյունքում, և դատավճիռներով հաստատված միևնույն փաստը տարբեր դատարանների կողմից տարբեր քրեաիրավական գնահատականի է արժանանում: Նման գործը վճռաբեկության կարգով վերանայելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է ուժի մեջ թողնել իրար հակասող դատական ակտերից մեկը: Այդպիսի որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն որևէ ատյանի դատարանի կողմից քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը:

Նման գործերի քննության ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ՀՀ քր. դատ. օր.-ի 397 հոդվածով նախատեսված դատավարության սկզբունքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը սահմանադրականության խնդիր չի առաջացնում և վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված` ողջամիտ ժամկետներում դատական քննության իրավունքին: Հիշյալ լիազորությունների բացակայությունը, ընդհակառակը, կարող է վտանգել դատական պաշտպանության, արդար դատաքննության, ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունքները: Այնուամենայնիվ, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, իրավական որոշակիությունն ապահովելու առումով ճիշտ կլիներ օրենքում հնարավորինս հստակեցնել այն հիմքերը, որոնք դատարանին հնարավորություն են տալիս կիրառել նշված լիազորությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 դեկտեմբերի 2007 թվականի

ՍԴՈ-720

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.12.2007
N ՍԴՈ-720
Որոշում