Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ...

24.10.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.2007  -ից մինչեւ   24.10.2021  -ը:
 

(ուժը կորցնելու է 24.10.2021 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0541.160507

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2007 թվականի N 541-Ն

 

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթները տարածվում են միայն դահուկուղիները շահագործող կազմակերպությունների վրա:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ճոպանուղու շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` հաստատել դահուկուղիների ուղենշման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 541-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ) կարգավորվում են դահուկուղիների անվտանգության ապահովման, դրանց ստեղծման, ուղենշման հարթեցման, պահպանման, հսկման, դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

I. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1. Դահուկուղի` դրանց անվտանգության ապահովումն իրականացնողների կողմից ստեղծվող, ուղենշվող, հարթեցվող, պահպանվող, հսկվող` դահուկներով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:

2. Վազքուղի` անվտանգության ապահովումն իրականացնողների կողմից, ուղենշվող, սակայն չհարթեցվող և չհսկվող դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:

3. Ազատ դահուկուղի` դահուկորդների և սնոուբորդիստների կողմից ստեղծված, չուղենշվող, չհարթեցվող, չպահպանվող և չհսկվող, դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար նախատեսված մարզուղի:

4. Դահուկորդ` սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիներում դահուկներով վայրէջք կատարող անձ:

5. Սնոուբորդիստ` սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիներում սնոուբորդով վայրէջք կատարող անձ:

6. Դահուկորդավազորդ` սույն կանոնակարգով նախատեսված մարզուղիների սահմաններից դուրս դահուկներով ազատ ոճի սահք իրականացնող անձ:

7. Արգելափակում` վատ տեսանելիության, ձյան անդադար տեղումների, ձնահյուսերի, ուժեղ քամիների, ինչպես նաև տեխնածին, բնական այլ տարերքների առկայության դեպքում մարզուղիների, ճանապարհահանգույցների օգտագործման արգելում:

8. Դահուկուղիների ստեղծում` դահուկներով կամ սնոուբորդով սահելու համար անհրաժեշտ դահուկուղիների նախագծում և կառուցում:

9. ՈՒղենշում` անվտանգության ապահովման, մարզուղիների, դրանց բարդության աստիճանի տարբերակման նպատակով համայնապատկերային և ուղեցույց վահանակների կամ ազդանշանային ձողերի տեղադրում:

10. Հարթեցում` համապատասխան տեխնիկայի կամ դահուկների և բահերի միջոցով մարզուղիների հարթեցում:

11. Պահպանում և հսկում` դահուկով կամ սնոուբորդով վայրէջք կատարելու համար` դահուկուղիների բնականոն վիճակի պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների համալիր:

12. Շահագործող կազմակերպություն` դահուկուղիների ստեղծման, ուղենշման, հարթեցման, պահպանման և հսկման գործառույթներ իրականացնող կազմակերպություն:

 

II. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

13. Դահուկներով և սնոուբորդով սահելու համար շահագործող կազմակերպությունն իրականացնում է դահուկուղիների ստեղծում:

14. Դահուկուղիների նախագծման և ստեղծման ընթացքում հաշվի են առնվում`

1) տեղանքի երկրաբանական առանձնահատկությունները, դրա դիրքը, թեքությունը և այլն.

2) տեղումների քանակությունը.

3) քամու ազդեցությունը, դրա ուժգնությունը և ուղղությունը.

4) ջերմաստիճանը և ճառագայթման աստիճանը, նոր տեղացած ձյան բյուրեղացումը, հողի հարթ մակերեսի փխրունությունը գարնանը, ձյան, սառույցի հալվելու հավանականությունը, ձյան շերտերի ջերմաստիճանի տարբերությունը.

5) ձնահյուսերի առաջացման հավանականությունը:

15. Դահուկուղիները նախագծելիս և ստեղծելիս արգելակման և խուսանավելու համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան տարածություններ:

16. Ազատ դահուկուղիներն ստեղծվում են դահուկորդների և սնոուբորդիստների կողմից:

 

III. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

17. Դահուկուղիների բնականոն օգտագործման նպատակով շահագործող կազմակերպությունն իրականացնում է դահուկուղիների անվտանգության ապահովումը:

18. Դահուկուղիների անվտանգության ապահովման նպատակով դրանք շահագործող կազմակերպության կողմից համակարգվում են ըստ բարդության աստիճանի: Ըստ տարածքի բնական առանձնահատկությունների` դահուկուղիները բաժանվում են հեշտ, միջին բարդության և բարդ դահուկուղիների:

19. Ըստ բարդության աստիճանի` դահուկուղիներն ուղենշվում են կապույտ, կարմիր և սև գույներով`

1) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը` հորիզոնական հարթության նկատմամբ, բացառությամբ բաց տարածության փոքր հատվածների, չի գերազանցում 25 տոկոսը, համարվում են հեշտ դահուկուղիներ և ուղենշվում են կապույտ գույնով.

2) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը` բացառությամբ բաց տարածության փոքր հատվածների, չի գերազանցում 40 տոկոսը, համարվում են միջին բարդության դահուկուղիներ և ուղենշվում են կարմիր գույնով.

3) այն դահուկուղիները, որոնց լայնաձիգ և երկարաձիգ թեքությունը` գերազանցում է կարմիր դահուկուղիների համար նախատեսված առավելագույն չափը, համարվում են բարդ և ուղենշվում են սև գույնով:

20. Դահուկուղիների անվտանգության ապահովման, դրանց բարդության աստիճանի տարբերակման նպատակով շահագործող կազմակերպության կողմից ուղենշվում են համայնապատկերային և ուղեցույց վահանակների կամ ազդանշանային ձողերի տեղադրման միջոցով, որոնց վրա հստակ նշվում է տեղեկություն տվյալ մարզուղու կենտրոնական կամ եզրային ուղենշման մասին: Դրանցով սահմանված պահանջները պարտադիր են բոլորի համար:

Համայնապատկերային և ուղեցույց վահանակները չեն կարող օգտագործվել գովազդային նպատակներով:

21. ՈՒղենշումը կատարվում է այնպես, որ այն ցանկացած բնակլիմայական պայմանների դեպքում դահուկորդին կամ սնոուբորդիստին հնարավորություն ընձեռնի տեղեկություն ստանալու դահուկուղու, դրա ուղենշման տեսակի, ինչպես նաև դրա բարդության աստիճանի մասին: Դահուկուղիները կարող են օգտագործել միայն ըստ դրանց ուղենշմամբ սահմանված` դրա տեսակին համապատասխան:

22. Դահուկուղիների ուղենշումը կատարվում է կենտրոնական և եզրային ուղենշման միջոցով:

23. Վազքուղիներն ուղենշվում են կենտրոնական ուղենշման եղանակով: Դրանք կարող են ուղենշվել նաև եզրային ուղենշման միջոցով: Վազքուղիներն ուղենշվում են դեղին գույնով:

24. Դահուկուղիների և վազքուղիների վտանգավոր հատվածներում` ճյուղավորումներում և խաչմերուկներում ուղենշումը կատարվում է հատկապես ճշգրիտ և դրվում են ուղեցույց վահանակներ, որոնք պետք է պարունակեն մեկ դահուկուղուց կամ վազքուղուց մյուսին անցնելու կարգը:

25. ՈՒղենիշերը վատ տեսանելիության դեպքում պետք է ներկվեն անդրադարձնող նարնջագույն ներկով կամ պետք է դրվեն լուսածորող ֆոնով լրացուցիչ ցուցանակներ:

26. Դահուկորդները և սնոուբորդիստները կարող են դահուկուղիներն ընտրել ըստ իրենց ցանկության և ունակությունների, իրենց երթևեկությունն իրականացնելով այնպես, որ չխոչընդոտեն և չվտանգեն այլ սահողների անվտանգությունը:

27. Դահուկուղիները մինչև դրանց շահագործմանը հանձնելը, ինչպես նաև ձնառատ տեղումներից հետո շահագործվող կազմակերպության կողմից ենթարկվում են հարթեցման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգման` տեխնիկական եղանակով: Դահուկներով կամ բահերով կարող են հարթեցվել դահուկուղիների փոքր հատվածներ, եթե դրանք անհնար է հարթեցնել տեխնիկական եղանակով:

Դահուկուղիները ենթարկվում են հարթեցման այնպես, որ վայրէջքների ընթացքում ապահովվի դահուկորդների և սնոուբորդիստների անվտանգությունը:

28. Վատ տեսանելիության, ձյան անդադար տեղումների, ձնահյուսերի, ուժեղ քամիների, ինչպես նաև տեխնածին, բնական այլ տարերքների առկայության դեպքում մարզուղիները, ճանապարհահանգույցները շահագործող կազմակերպության կողմից ենթակա են արգելափակման:

29. Սույն կանոնակարգով սահմանված դահուկուղիների օգտագործման պահանջները խախտող դահուկորդները, սնոուբորդիստները և այլ անձինք կարող են շահագործող կազմակերպության կողմից չթույլատրվել դուրս գալու մարզուղիներ:

 

IV. ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Դահուկուղիները պետք է օգտագործվեն դրանց տեսակին և նպատակային նշանակությանը համապատասխան: Չի թույլատրվում այլ նպատակներով դահուկուղիների օգտագործումը:

31. Բոլոր դահուկուղիները և վազքուղիները նախատեսված են դահուկորդների և սնոուբորդիստների համար և կարող են օգտագործվել միայն նրանց կողմից: Չի թույլատրվում չմշկորդների, դահուկավազորդների, հետիոտների և այլ անձանց, ընտանի կենդանիների, ինչպես նաև ձյունագնաց մեքենաներով և սահնակներով մուտքը դահուկուղիներ և վազքուղիներ:

32. Դահուկորդները և սնոուբորդիստները դահուկուղիներն օգտագործելիս պետք է վազանց և արգելակում կատարեն` պահպանելով որոշակի հեռավորություն, իսկ մինչ վազանց կամ արգելակում կատարելն ուսումնասիրեն շրջակայքը, այլ դահուկորդների և սնոուբորդիստների հետ բախումը կանխելու նպատակով, չկատարեն անհարկի արգելակումներ, վայր ընկնելիս արագ ազատեն դահուկուղին:

33. Դահուկուղիները սահողների կողմից կարող են օգտագործվել միայն դրանց տեսակի և նպատակային նշանակությանը շահագործող կազմակերպության կողմից ծանոթանալուց հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2007
N 541-Ն
Որոշում