ոչ պաշտոնական թարգմանություն
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի
2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և
միանալու համար
Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 9 հոդվածին համաձայն
Սույն արձանագրությանը մասնակցող պետությունները, նկատի ունենալով, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրի (այսուհետև` Դաշնագիր) հետագա նպատակներին հասնելու և նրա որոշումները իրականացնելու համար նպատակահարմար է Դաշնագրի Դ մասի հիման վրա հաստատված Մարդու իրավունքների կոմիտեին (այսուհետև` Կոմիտե) հնարավորություն ընձեռնել ընդունելու և քննության առնելու, ինչպես նախատեսված է սույն արձանագրությամբ, հաղորդումներ առանձին անձանցից, ովքեր հաստատում են, որ իրենք զոհ են Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման, համաձայնել են ներքոհիշյալի մասին.
Հոդված 1.
Դաշնագրին մասնակից այն պետությունը, որ դառնում է սույն արձանագրության մասնակից, ճանաչում է Կոմիտեի իրավասությունը` ընդունելու և քննության առնելու իր իրավասությանը ենթակա այն անձանց հաղորդումները, ովքեր պնդում են, թե իրենք զոհ են Դաշնագրում շարադրված որևէ իրավունքի խախտման` տվյալ մասնակից պետության կողմից: Կոմիտեն չի ընդունում ոչ մի հաղորդում, եթե այն վերաբերում է Դաշնագրին մասնակից մի պետության, որը, սակայն, մասնակից չէ սույն արձանագրությանը:
Հոդված 2. 1-ին հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, այն անձինք, ովքեր պնդում են, թե Դաշնագրում թվարկված իրենց որևէ իրավունք խախտվել է, և ովքեր սպառել են իրավական պաշտպանության ներքին բոլոր միջոցները, կարող են գրավոր հաղորդում ներկայացնել Կոմիտեի քննարկմանը:
Հոդված 3.
Կոմիտեն կարող է անընդունելի համարել սույն արձանագրության համաձայն ներկայացվող անստորագիր կամ, Կոմիտեի կարծիքով, այդպիսի հաղորդումներ ներկայացնելու իրավունքը չարաշահող և կամ Դաշնագրի դրույթներին անհամատեղելի ամեն մի հաղորդում:
Հոդված 4.
1. Կոմիտեն 3-րդ հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, սույն արձանագրության համաձայն ներկայացվող ցանկացած հաղորդման մասին տեղյակ է պահում սույն արձանագրությանը մասնակցող այն պետությանը, որը, ինչպես պնդվում է, խախտում է Դաշնագրի որևէ դրույթ:
2. Ծանուցում ստացած պետությունը վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է այդ հարցը պարզաբանող գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ և, եթե դրանք եղել են, այն ցանկացած միջոցառումները, որպիսիք կարող էր ընդունել տվյալ պետությունը:
Հոդված 5.
1. Կոմիտեն քննության է առնում սույն արձանագրության համաձայն ստացված հաղորդումները, հաշվի առնելով առանձին անձանց և շահագրգռված մասնակից պետության ներկայացրած բոլոր գրավոր տվյալները:
2. Կոմիտեն չի քննում անձանցից ստացված ոչ մի հաղորդում, քանի դեռ չի համոզվել, որ
ա/ այդ նույն հարցը չի քննարկվում միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի համաձայն.
բ/ տվյալ անձն սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներքին միջոցները:
Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի միջոցների գործադրումն անհիմն կերպով ձգձգվում է:
3. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդումները քննելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր:
4. Իր նկատառումները Կոմիտեն հայտնում է համապատասխան մասնակից պետությանը և անձին:
Հոդված 6.
Կոմիտեն Դաշնագրի 45 հոդվածով նախատեսված ամենամյա զեկուցման մեջ ներառում է սույն արձանագրությանը համապատասխանող իր գործունեության համառոտ հաշվետվությունը:
Հոդված 7.
Այսուհետև` մինչև Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1960 թ. դեկտեմբերի 14-ին ընդունած Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին հայտարարությանը վերաբերող 1514 (XV) բանաձևի նպատակներին հասնելը, սույն արձանագրության դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությամբ և ՄԱԿ-ի ու նրա մասնագիտացված հիմնարկությունների այլ միջազգային համաձայնագրերով և փաստաթղթերով այդ ժողովուրդներին ընձեռնված հանրագիր ներկայացնելու իրավունքը:
Հոդված 8.
1. Սույն արձանագրությունն ստորագրելու համար բաց է Դաշնագիրը ստորագրած ցանկացած պետության համար:
2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ էլ դրան միացած ցանկացած պետության կողմից: Վավերացված պաշտոնաթուղթը հանձնվում է պահպանման Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
3. Սույն արձանագրությունը միանալու համար բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար:
4. Միացումն իրականացվում է միանալու վերաբերյալ փաստաթուղթը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին հանձնելով:
5. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրությունը ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին հայտնում է ամեն մի վավերացնող պաշտոնաթղթի կամ միանալու վերաբերյալ փաստաթղթի ավանդադրման մասին:
Հոդված 9.
1. Դաշնագիրն ուժի մեջ մտնելու պայմաններում սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց:
2. Վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրումից հետո սույն արձանագրությունը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացրած սեփական պաշտոնաթղթի կամ դրան միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց:
Հոդված 10.
Սույն արձանագրության որոշումները` առանց որևէ սահմանափակման կամ բացառության, տարածվում են ֆեդերատիվ պետությունների բոլոր մասերի վրա:
Հոդված 11.
1. Սույն արձանագրությանը մասնակցող յուրաքանչյուր պետություն կարող է ուղղումներ առաջարկել և դրանք ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն ամեն մի առաջարկված ուղղում հղում է սույն արձանագրությանը մասնակից պետություններին, խնդրելով հայտնել, թե իրենք արտահայտվո՞ւմ են, արդյոք, մասնակից պետությունների կոնֆերանս հրավիրելու օգտին` այդ առաջարկությունները քննարկելու և դրանք քվեարկելու նպատակով: Եթե այդպիսի կոնֆերանս հրավիրելու օգտին արտահայտվում է մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը, ապա Գլխավոր քարտուղարը հրավիրում է կոնֆերանս Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո: Կոնֆերանսին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ամեն մի ուղղում, հաստատման է ներկայացվում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեա:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հաստատվելուց և սույն արձանագրությանը մասնակցող պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո` համաձայն այդ պետությունների սահմանադրական ընթացակարգի:
3. Ուղղումներն ուժի մեջ մտնելուց հետո դրանք դառնում են պարտադիր` ուղղումներն ընդունած մասնակից պետությունների համար, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում իրենց իսկ ընդունած սույն արձանագրության որոշումները և ամեն մի նախորդ ուղղում:
Հոդված 12.
1. Մասնակից պետություններից ամեն մեկը ցանկացած ժամանակ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր ծանուցումով կարող է հրաժարվել սույն արձանագրությունից: Հրաժարումն ուժի մեջ է մտնում նշված ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից երեք ամիս անց:
2. Հրաժարումը չի խանգարում մինչև այն ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 2-րդ հոդվածի համաձայն, շարունակելու ներկայացված ամեն մի հաղորդման վերաբերյալ սույն արձանագրության դրույթների իրագործումը:
Հոդված 13.
Անկախ սույն արձանագրության 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված ծանուցումների, Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը, Դաշնագրի 48-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետություններին տեղեկացնում է հետևյալը.
ա/ 8-րդ հոդվածի համաձայն ստորագրելու, վավերացումների և միանալու մասին.
բ/ 9-րդ հոդվածի համաձայն` սույն արձանագրությունը և 11-րդ հոդվածի համաձայն` ամեն մի ուղղում ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.
գ/ 12-րդ հոդվածի համաձայն` հրաժարման մասին:
Հոդված 14.
1. Սույն արձանագրությունը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնագրերը հավասարապես նույնական են, ենթակա է ի պահ հանձնման Միավորված Ազգերի Կազմակերպության արխիվին:
2. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն արձանագրության վավերացված պատճեններն ուղարկում է Դաշնագրի 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին: