Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅ ...

 

 

020.0412.160403

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 ապրիլի 2003 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (բացառությամբ 16.04.2003թ. նիստի), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Դեմիրճյանի ներկայացուցիչներ Ա. Սարգսյանի, Վ. Դալլաքյանի, Թ. Մանասերյանի,

պատասխանող կողմի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Հ. Աբրահամյանի, Տ. Մուկուչյանի, Գ. Ներսիսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,

դռնբաց նիստում 2003թ. ապրիլի 3-16-ը քննեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի մարտի 5-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Դեմիրճյանի դիմումը սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2003 թվականի մարտի 26-ի նիստում, քննարկելով Հանրապետության Նախագահի թեկնածու Ս. Դեմիրճյանի դիմումը, կայացրել է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշում և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40 և 57 հոդվածների հիման վրա գործով պատասխանող կողմ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նույն օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանը, Հ. Նազարյանը, Մ. Սևյանը:

Լսելով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի և Մ. Սևյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, միջնորդությունները և առաջարկությունները, սահմանադրական դատարան որպես վկա հրավիրված` ԿԸՀ նախագահ Ա. Սահրադյանի բացատրությունը, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի ընտրությունն անցկացվել է երկու փուլով: Հանրապետության Նախագահի ընտրության առաջին փուլն անցկացվել է 2003 թվականի փետրվարի 19-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով 2003 թվականի փետրվարի 19-ի ընտրության արդյունքները, 2003 թվականի փետրվարի 25-ին ընդունել է 27-Ն որոշումը` Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ 2003թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:

Ընտրության առաջին փուլի արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկել է ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Գեղամյանը, որի պահանջը` ՀՀ Նախագահի 2003 թվականի փետրվարի 19-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին` մերժվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2003 թվականի մարտի 24-ի ՍԴՈ-408 որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլն անցկացվել է 2003 թվականի մարտի 5-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածով նախատեսված ժամկետում:

 

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 82 հոդվածով սահմանված կարգով Հանրապետության Նախագահի 2003թ. մարտի 5-ի ընտրության օրը քվեաթերթիկում ընդգրկված են եղել ընտրության առաջին փուլում առավել ձայներ ստացած Հանրապետության Նախագահի երկու թեկնածուները` Ստեփան Դեմիրճյանը և Ռոբերտ Քոչարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, 2003թ. մարտի 11-ին կազմել է ամփոփիչ արձանագրություն, որի համաձայն` ընտրատարածքներում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրական ցուցակների կազմել է 2.331.507 մարդ, ընտրությանը մասնակցել է 1.595.702 ընտրող: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվել է 2.423.018 քվեաթերթիկ, որից մարվել է 826.782 քվեաթերթիկ: Քվեատուփերում առկա է եղել 1.595.438 քվեաթերթիկ, որից անվավեր են ճանաչվել 32.367-ը: Բոլոր թեկնածուներին դեմ քվեաթերթիկների թիվը կազմել է 14.501: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը կազմել է 1.548.570: Ըստ թեկնածուների ձայները բաշխվել են. Ստեփան Դեմիրճյան` 504.146, Ռոբերտ Քոչարյան` 1.044.424: Անճշտությունների չափը կազմել է 1062: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ (կողմ` 7, դեմ` 0, ձեռնպահ` 1, քվեարկությանը չի մասնակցել հանձնաժողովի 1 անդամ) 2003թ. մարտի 11-ին ընդունված 36-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը:

 

3. Հանրապետության Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը 2003թ. մարտի 17-ին դիմել է սահմանադրական դատարան և պատճառաբանելով, որ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները` հավասարությունը, ազատությունը և քվեարկության գաղտնիությունը, խաթարվել է ընտրողների կամքի ազատ արտահայտումը, խնդրել է անվավեր ճանաչել Հանրապետության Նախագահի 2003թ. մարտի 5-ի ընտրությունը:

Դիմող կողմը գտնում է, որ.

- նախընտրական քարոզչության ընթացքում խախտվել է հավասարության սկզբունքը և թեկնածուներին հնարավորություն չի տրվել քարոզչությունն իրականացնել ազատ և արդար մրցակցության պայմաններում: Մյուս թեկնածուի կողմից նախընտրական քարոզչությանը մասնակցել են պաշտոնատար անձինք, օգտագործվել են պետական միջոցներ, քարոզչություն են իրականացրել օտարերկրյա քաղաքացիներ: Թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովել նաև զանգվածային լրատվության միջոցները: Ընտրության երկրորդ փուլին նախորդող ժամանակահատվածում ապօրինի վարչական պատասխանատվության ենթարկվելու հետևանքով ահաբեկվել են դիմող թեկնածուի վստահված անձինք և նախընտրական շտաբների աշխատակիցները,

- խախտվել է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների ձևավորման օրենքով սահմանված կարգը: Առանձին ընտրական տեղամասերում ընդգրկվել են 2000-ից ավելի ընտրողներ և հաճախ` երկու, երբեմն երեք տարբեր տեղամասային կենտրոններ գտնվել են նույն շենքում: Օրենքի նման խախտումները դժվարություններ են ստեղծել քվեարկությանն ընտրողների մասնակցության համար և դրանով նպաստել քվեատուփերի լցոնմանը,

- ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներով է իրականացվել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորումը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին հնարավորություն չի տրվել իրենց դիմումների համաձայն լիազորությունները վայր դրած տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների փոխարեն նշանակել նոր անդամներ,

- դիմումատուն գտնում է նաև, որ խախտվել են թեկնածուի վստահված անձանց իրավունքները և որոշ տեղամասերում քվեարկության նախորդ օրը նրանց արգելվել է մասնակցել տեղամասային հանձնաժողովների աշխատանքներին կամ քվեարկության օրը նրանք դուրս են հրավիրվել տեղամասային կենտրոններից և ընտրական գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չեն ունեցել,

- տեղի են ունեցել ուրիշի փոխարեն քվեարկության բազմաթիվ դեպքեր, ինչի արդյունքում ընտրական տեղամաս ներկայացած ընտրողները զրկվել են իրենց ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Քվեարկություն է կատարվել նաև հանրապետությունից բացակայող ընտրողների փոխարեն, ինչը, ըստ դիմողի, հավաստվում է նրանով, որ տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են դիմող թեկնածուի վստահված անձանց պահանջը` քվեարկած ընտրողների ցուցակների պատճեններն իրենց տրամադրելու մասին,

- արձանագրվել են նաև բաց քվեարկության դեպքեր, ինչը վկայում է քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման մասին,

- քվեարկության ընթացքում արձանագրվել են քվեատուփերի լցոնման բազմաթիվ փաստեր, ինչի մասին, ըստ դիմողի, վկայում են քվեարկության նախօրյակին դիմող թեկնածուի նախընտրական շտաբում հայտնված մի քանի տասնյակ ստորագրված, կնքված, մյուս թեկնածուի օգտին քվեարկված` սահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները զմռսելու համար նախատեսված` ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարները:

Քվեատուփերի լցոնման արդյունքում արհեստականորեն մեծացվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, ինչը, ըստ դիմող կողմի, ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա,

- խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 8-րդ կետի պահանջը և տեղամասերում չեն փակցվել քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները, որի արդյունքում չի ապահովվել քվեարկության արդյունքների հրապարակայնությունը և ընտրողները զրկվել են քվեարկության արդյունքներին ծանոթանալու հնարավորությունից,

- դիմող թեկնածուի վստահված անձանց համար ստեղծվել են նաև խոչընդոտներ` տեղամասերում տեղամասային արձանագրությունների և ընտրությունների արդյունքների միջև համապատասխանությունը պարզելու կապակցությամբ ստուգումներ պահանջելու իրավունքի իրացման համար: 2003թ. մարտի 5-ի ընտրության առնչությամբ ստուգումներ պահանջվել են 235 տեղամասերում, որոնցից 64 տեղամասի կապակցությամբ դիմում-բողոքներն ընտրատարածքային հանձնաժողովները հրաժարվել են գրանցել, 171 տեղամասերի կապակցությամբ ընտրատարածքային հանձնաժողովներում դիմում-բողոքների հիման վրա ստուգումներ կատարելու պահանջները մերժվել են և, ըստ դիմումի, ստուգումներ կատարվել են միայն 16 տեղամասերում:

 

4. Վերը նշված խախտումների առկայությունը հիմնավորելու համար դիմող կողմը վկայակոչում է իր կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, թվով 33 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից իրենց տրամադրված ամփոփիչ արձանագրություններում և պաշտոնապես հրապարակված արդյունքներում թվային տվյալների անհամապատասխանությունը, առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների եզրակացությունները:

Դիմողի դիրքորոշումը հիմնավորելու համար դիմումին կից ներկայացվել են ընտրական հանձնաժողովներին և դատախազությանն ուղղված դիմումներ, բողոքներ, առանձին վստահված անձանց կողմից կազմված արձանագրություններ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների պատճեններ, բացակա և մահացած ներկայացվող անձանց ցուցակներ, վստահված անձանց վկայականների, քաղաքացիների անձնագրերի, քվեաթերթիկների պատճեններ, ըստ էջակալման ընդամենը 1617 էջ, փաստացի` 1607 էջ, որից 281 փաստաթուղթ վերաբերում է առաջին փուլին, 220 էջը կրկնվող փաստաթղթեր են, 305 էջն այն քաղաքացիների ցուցակներն են, որոնք, ըստ դիմումի, բացակայում են հանրապետությունից կամ մահացած են, 105 էջ` վկայականների, անձնագրերի և քվեաթերթիկների պատճեններ են, իսկ 10 էջ` դատարկ ձևաթղթեր:

 

5. Պատասխանող կողմը` դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ գտնում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, և Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան, քանի որ.

- դիմողի նշած իրավախախտումները կարող են ապացուցված համարվել միայն ընդհանուր իրավասության դատարանների համապատասխան վճիռների առկայության պայմաններում, սակայն ընտրախախտումների կապակցությամբ դատարաններ, որպես կանոն, դիմումներ չեն ներկայացվել, իսկ առանձին դեպքերում էլ, երբ դիմումներ ներկայացվել են, դատարաններում իրավախախտումների փաստերը չեն հաստատվել,

- դիմողի դիրքորոշումը հիմնավորող փաստարկները` իրավական հիմքեր չունենալով հանդերձ, նպատակ են հետապնդել ոչ այնքան հիմնավորել դիմումի դրույթները, որքան ստեղծել զանգվածային իրավախախտումների պատրանք: Դիմումին կից ներկայացված նյութերը, ըստ պատասխանողի, որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող, դրանցում առկա են բազմաթիվ իրարամերժ, անհասցե ու անստորագիր գրություններ, դրանց զգալի մասը ենթադրություններ, տպավորություններ, չստուգված լուրեր են, որոնց հեղինակները հաճախ նույնիսկ սահմանված կարգով գրանցված վստահված անձինք չեն: Դիմող կողմի ներկայացրած դիմումները և արձանագրություններն ստորագրած անձանցից, ըստ պատասխանող կողմի, 104-ը օրենքով սահմանված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված վստահված անձինք չեն, իսկ երբեմն էլ նույն անձի անունից կազմված տարբեր փաստաթղթերի տակ տարբեր ստորագրություններ են,

- նախընտրական քարոզչության ընթացքում հավասարության սկզբունքը, պատասխանողի կարծիքով, ապահովվել է թեկնածուներին հավասար սակագներով վճարովի և հավասար անվճար եթերաժամանակ, պարտադիր համարվող տպագիր մամուլի հավասար ծավալներ տրամադրելով, իսկ եթերաժամանակի վիճակահանությամբ սահմանված հերթականությամբ զանգվածային լրատվության միջոցներից օգտվելը հավասարապես հասու է եղել բոլոր թեկնածուներին: Կողմը գտնում է նաև, որ նախընտրական քարոզչության հավասարության սկզբունքի խախտում չեն կարող համարվել առանձին քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից կարծիք արտահայտելու ազատության դրսևորումները,

- պատասխանող կողմի կարծիքով, դիմող կողմի մատնանշած պաշտոնատար անձինք` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, համայնքապետեր դուրս են ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված այն անձանց շրջանակից, որոնց արգելվում է մասնակցել նախընտրական քարոզչությանը: Ըստ պատասխանողի` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան` դիմողի մատնանշած անձանց զբաղեցրած պաշտոնները քաղաքական կամ հայեցողական պաշտոններ են և նրանք չեն համարվում քաղաքացիական ծառայողներ, ուստի և դուրս են ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված սուբյեկտների շրջանակից,

- հասարակական կարգի խախտման համար առանձին անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը, պատասխանողի կարծիքով, չի կարող որակվել որպես վստահված անձանց ահաբեկում և նրանց իրավունքների ոտնահարում: Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլին նախորդած ժամանակահատվածում դիմող թեկնածուի առանձին վստահված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու փաստն ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ չէր կարող,

- պատասխանողի կարծիքով` առանձին ընտրական տեղամասերի որոշակի շեղումներով ձևավորումը եղել է դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնման և ընտրացուցակների ճշգրտման հետևանք և, նկատի ունենալով, որ Հանրապետության Նախագահի ընտրությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում (մեկ միամանդատ ընտրատարածք), ապա նման շեղումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ընտրության արդյունքների վրա,

- պատասխանող կողմը գտնում է նաև, որ ընտրական հանձնաժողովների ձևավորումն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան: Ընտրությունների առաջին փուլում տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամների անունից իրենց պարտականությունները կատարելուց իբր հրաժարվելու վերաբերյալ գրվել են տասնյակ դիմումներ, որոնք չեն բավարարվել կեղծ լինելու պատճառով: Ընտրական օրենսգրքի պահանջներին հակասելու պատճառով հանձնաժողովի անդամներ չեն նշանակվել այն անձինք, որոնք միաժամանակ եղել են վստահված անձ: Սակայն բոլոր դեպքերում քվեարկության օրը հանձնաժողովների աշխատանքին մասնակցել են այդ հանձնաժողովներում նախկինում նշանակված` ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Կողմը գտնում է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ դիմումում նշված անձինք, որոնց իբր խոչընդոտել են մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, իրականում մասնակցել են այդ աշխատանքներին, ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը և անգամ հատուկ կարծիք չեն ներկայացրել,

- ստուգման պահանջ ներկայացրած սուբյեկտների իրավունքների ոտնահարումը, ըստ պատասխանողի, չի համապատասխանում իրականությանը, քանզի այդ պահանջների մի մասն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել, իսկ մի մասը ներկայացրել են ոչ իրավասու անձինք, հաճախ` նույնիսկ ոչ ականատեսի դատողությունների հիման վրա, կամ միևնույն վստահված անձը տեղամասային արձանագրությունների` ընտրությունների փաստացի արդյունքներին համապատասխանությունն ստուգելու վերաբերյալ պահանջներ է ներկայացրել մի քանի տեղամասերի կապակցությամբ` գրանցված չլինելով տվյալ տեղամասի գործավարության մատյանում,

- կողմը պնդում է, որ, ըստ ընտրանքային ստուգման արդյունքների` իրականությանը չեն համապատասխանում նաև հանրապետությունից բացակայող և մահացած անձանց մասին դիմողի ներկայացրած ցուցակները:

Պատասխանող կողմի եզրակացությամբ` ընտրական իրավունքի խախտման առանձին սակավաթիվ երևույթները, բացասական երևույթ համարվելով հանդերձ, որևէ որակ չեն կազմել և չէին կարող ազդել ընտրության արդյունքների վրա:

 

6. Սահմանադրական դատարանի պահանջով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացին առնչվող հետևյալ փաստաթղթերը.

ԿԸՀ-ի 11.03.2003թ. նիստի արձանագրության, 2003թ. մարտի 5-ի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրության, դրա հիման վրա ընդունված թիվ 36-Ա որոշման և ԿԸՀ-ի անդամների հատուկ կարծիքների պատճենները, բոլոր 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների և այդ հանձնաժողովների անդամների ներկայացրած հատուկ կարծիքների պատճենները, տեղեկանք` բոլոր 56 ընտրատարածքային հանձնաժողովների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի և 62 հոդվածի 10 կետով նախատեսված` տեղամասային ընտրական հանձնաժողովների հատուկ կարծիք ներկայացրած անդամների և թեկնածուների վստահված անձանց գրավոր պահանջների հիման վրա կատարված ստուգումների և դրանց արդյունքների մասին, ՀՀ Նախագահի 2003թ. ընտրության կապակցությամբ` ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի 7 կետին համապատասխան` ՀՀ ընտրական օրենսգրքի կիրառման վերաբերյալ ընդունված հրահանգները և նորմատիվ ակտերը, տեղեկանք` ԿԸՀ-ում 2003թ. մարտի 5-ի ընտրությունների կապակցությամբ ստացված դիմում-բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ, տեղեկանք` ընտրական հանձնաժողովների կազմում 2003թ. փետրվարի 20-ից հետո կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին, տեղեկանք` ՀՀ ընտրական օրենսգրքի 82 հոդվածի 2 կետին համապատասխան` քվեաթերթիկներ տպագրող կազմակերպությանը պատվիրված քվեաթերթիկների քանակի և տպագրության կարգի, ինչպես նաև տպագրված քվեաթերթիկների թվի վերաբերյալ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27 հոդվածի 3 կետին համապատասխան ԿԸՀ-ի կողմից վստահված անձանց գրանցման կարգ սահմանելու վերաբերյալ որոշման պատճենը, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 27 հոդվածի համաձայն գրանցված և վկայական ստացած վստահված անձանց ցուցակը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազից ստացվել է տեղեկանքներ` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003թ. ընտրությունների ընթացքում ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ հաղորդումների և դրանց քննարկման ընթացքի մասին:

Հանրապետության դատարանների նախագահների խորհրդից պահանջվել և ստացվել է տեղեկանք` քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, ԿԸՀ-ի գործողությունների (անգործության) դեմ հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացված բողոքների, ինչպես նաև 2003թ. փետրվարի 20-ից հետո չարտոնված հանրահավաքների և երթերի կապակցությամբ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ որոշումների պատճենները:

 

7. 2003թ. մարտի 5-ին քվեարկությունը կազմակերպվել և քվեարկության արդյունքներն ամփոփվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան հանրապետության տարածքում կազմավորված 1865 ընտրական տեղամասում: Նույն հոդվածի 3 կետի համաձայն ընտրական տեղամասեր են կազմավորվել նաև արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում:

ՀՀ ընտրական օրենսգրքի 31 հոդվածին համապատասխան ընտրությունը կազմակերպվել և անցկացվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգի միջոցով: Ընտրության ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

8. Դիմող կողմի մատնանշած տարաբնույթ խախտումները վերաբերում են 417 ընտրական տեղամասերի: Դիմողի ներկայացուցիչները կարևորեցին, որ խախտումների փաստը պետք է հաստատված համարել այն տեղամասերում, որոնց վերաբերյալ տեղամասային արձանագրությունների` ընտրությունների փաստացի արդյունքներին համապատասխանությունն ստուգելու առումով իրենց կողմից պահանջ է ներկայացվել: Այդպիսի պահանջ է ներկայացվել նշված տեղամասերից 235-ի վերաբերյալ: Թվով 141 ընտրական տեղամասերի վերաբերյալ նման պահանջ են ներկայացրել վստահված անձինք, որոնց իրավական կարգավիճակի հարցը վիճարկվեց սահմանադրական դատարանում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ստուգվել է 45 տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին:

 

9. Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպության Կոպենհագենի 1990թ. փաստաթղթի 8-րդ կետով նշվում է, որ արտասահմանյան և տեղական դիտորդների մասնակցությունը կարող է բարձրացնել ընտրական գործընթացի հեղինակությունն այն երկրում, որտեղ ընտրություններ են ընթանում, և այդ պատճառով տվյալ պետությունը դիտորդներին հրավիրում է դիտարկելու ընտրությունները` օրենքով նախատեսված շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29 հոդվածով սահմանված կարգով հավատարմագրվել և Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել 12 միջազգային և 31 տեղական կազմակերպություններ: Դիտորդներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30 հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման հնարավորություն է տրվել ընտրության ողջ գործընթացում: Ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի, Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպություններ:

 

10. Գործի քննության ընթացքում ակնհայտ դարձավ կողմերի տարբեր դիրքորոշումն ընտրական օրենսգրքի 40 հոդվածի դրույթների մեկնաբանման և ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները դատական կարգով բողոքարկելու հարցում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ.

1) օրենսդրի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածում ամրագրված դրույթները հստակ չեն սահմանազատում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երկակի դերակատարությունը, ըստ որի` վերջինս Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ամփոփում է ընտրության արդյունքները և իր որոշման շուրջ վեճը համարվում է ընտրության արդյունքներով վեճ ու ընդդատյա է սահմանադրական դատարանի քննությանը (հոդված 116, կետ 8), իսկ Ազգային ժողովի համամասնական կարգով ընտրությունների և Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները, որոնք ներկայացվում են ԿԸՀ` ընտրության արդյունքներն ամփոփելու համար,

2) ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1 կետում շեշտվում է. «... ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների, կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան...»: Նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված է «Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով»: Իսկ օրենսգրքի 62 հոդվածի 3 կետը սահմանում է. «Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 5 օր հետո...» կազմվում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություն: Օրենսգրքի 63 հոդվածի 3 կետը ԿԸՀ-ին պարտավորեցնում է «... ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 6 օր հետո...» կազմել ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը,

3) ակնհայտ է, որ օրենսդիրն առանձնացրել է տեղամասերում քվեարկության արդյունքների դատական բողոքարկման կարգը` ընտրատարածքներում դրանց բողոքարկման կարգից: Սակայն ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ դատական պաշտպանության հնարավորությունները տվյալ գործի շրջանակներում չեն կարևորվել, չկա նման բողոքարկման որևէ փաստ:

 

ՀՀ օրենսդրությունն ստեղծել է ընտրական իրավունքի դատական պաշտպանության ավելի լայն հնարավորություն: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153 հոդվածը նախատեսում է, որ «քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)` գտնելով, որ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձանց կամ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը, կարող է դիմել քաղաքացիական գործեր քննող դատարան»: Սույն օրենսգրքի 154 հոդվածը պարտավորեցնում է, որ նման դիմումը քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացած դիմումը` անհապաղ: Գործում առկա նյութերի ուսումնասիրությունը և քննության արդյունքները վկայում են նաև, որ դիմումատուի և այլ իրավասու անձանց կողմից մատնանշվող և ընտրատեղամասերում քվեարկության գործընթացին առնչվող որևէ իրավախախտման փաստ հատուկ հայցային վարույթի կարգով դատարան չի բողոքարկվել:

Սահմանադրական դատարան դիմումին կից ներկայացված փաստաթղթերում և գործի քննության ընթացքում նշվում է միայն դրանց վերաբերող տարաբնույթ ահազանգերի, հայտարարությունների, արձանագրությունների և բազմապիսի այլ ձևերով ներկայացված գրառումների մասին, որոնց ապացուցողական հիմքերը բացակայում են: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքների համաձայն ընտրախախտումների վերաբերյալ 150 դիմում-բողոք է ստացվել, որից ընտրությունների երկրորդ փուլին է վերաբերում 88-ը: Ընդհանուր առմամբ հարուցվել է 14 քրեական գործ, 76 դիմում-բողոքների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով, նյութերի նախապատրաստումը շարունակվում է 60 դիմում-բողոքներով: Որևէ իրավախախտման վերաբերյալ դեռևս չկա դատարանի վճիռ, դատավճիռ կամ որոշում:

Մյուս կողմից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անգործությունը վերացնելու հայցով ընդհանուր իրավասության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ, Կոտայքի և Արմավիրի առաջին ատյանների դատարանների կողմից կատարված քննության նյութերի և կայացված որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ այս դատարանների կողմից ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերին խիստ ձևական մոտեցում է ցուցաբերվել:

 

11. ՀՀ ընտրական օրենսգրքի 61 հոդվածի 7 կետին համապատասխան դիմողի վստահված անձանց ստացած շուրջ 1000 ամփոփիչ արձանագրություններից դիմումատուի կողմից սահմանադրական դատարան են ներկայացվել թվով 33 ընտրական տեղամասերի` քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններ, որոնց տվյալները, ըստ դիմումատուի, չեն համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին: Դրանցից թիվ 0498 և 1063 տեղամասերի արձանագրությունների վրա բացակայում է կնիքը, իսկ թիվ 0635 տեղամասի արձանագրությունը կնքված և ստորագրված չէ: Թիվ 0018, 0242, 0444, 0492, 0502, 0507, 0508, 0510, 0515, 0521, 0523, 0529, 0538, 0550, 0553, 0748, 0779, 0842, 0865, 0909, 1000, 1011, 1065, 1230, 1340, 1341, 1361, 1524, 1657, 1784 ընտրական տեղամասերում 2003թ. մարտի 5-ի ընտրության արդյունքներով կազմվել են քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններ, որոնց օրինակները սահմանված կարգով տրվել են նաև թեկնածուի վստահված անձանց: Հետագայում, ըստ դիմող կողմի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել փոփոխված արձանագրություններ` պակասեցնելով Նախագահի թեկնածու Ս. Դեմիրճյանի ձայները և ավելացնելով Նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի ձայները, կամ կան վստահված անձանց տրամադրված արձանագրությունների ու վերջնահաշվարկի թվային շեղումներ: Գործի քննության և ներկայացված արձանագրությունների փորձագիտական ստուգման արդյունքներով պարզվեց, որ թիվ 0242, 0492, 0510, 0523, 0529, 0909, 1230 և 1657 ընտրատեղամասերում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստուգումների կատարման արդյունքով տեղի են ունեցել քվեարկության վերջնական թվերի ճշգրտումներ: Մնացած 22 ընտրատեղամասերի առնչությամբ դիմումատուի բերած փաստարկները սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում չեն հերքվել:

Նման փաստերը և գործի նյութերում ներկայացված` առանձին ընտրական տեղամասերում տեղ գտած` քվեատուփերի լցոնման, բաց քվեարկության, ձայների ոչ ճիշտ հաշվարկման, տեղամասային հանձնաժողովների կնիքների համար նախատեսված ծրարների ու քվեաթերթիկների ապօրինի շրջանառության, լրատվամիջոցների կողմնակալ վերաբերմունքի, ուրիշի փոխարեն քվեարկության և ընտրախախտումների այլ` թեկուզ սահմանափակ թվով օրինակները, վկայում են 2003թ. մարտի 5-ի նախագահական ընտրությունների առնչությամբ ԵՀԱԿ դիտորդական առաքելության մտահոգությունների արդարացի լինելու մասին:

 

12. Գործի քննության արդյունքները վկայում են, որ ընտրական հանձնաժողովների տեսադաշտից դուրս է մնացել նախընտրական քարոզչության արդյունավետ վերահսկումը: Այս առաքելությունն իրենց վրա են վերցրել հասարակական կազմակերպությունները կամ դիտորդները: Անհրաժեշտ հետևողականությամբ չի պահպանվել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների կատարումը: Արդյունքում` լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլև առանձին լուսաբանումների ժամանակ արձանագրվել են նաև իրավական ու բարոյական նորմերի խախտումներ:

Թեկնածուների համար հնարավորությունների հավասարությունը սերտորեն առնչվում է ընտրողների կարծիքի ձևավորմանը և ենթադրում է պետական մարմինների չեզոքություն ընտրական գործընթացի, մասնավորապես, նախընտրական քարոզչության, զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումների հանդեպ: Սակայն, միջազգային իրավական չափանիշներից ելնելով, այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզարշավը պետք է լինի ազնիվ և արդար, չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ բացառվի խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը:

 

13. Գործի քննությունը վկայում է, որ դիմողի շահերի պաշտպանության համար առանձնահատուկ կարևոր դեր է ունեցել վստահված անձանց ինստիտուտը, քանի որ ընտրական հանձնաժողովներում բավարար հակակշռմամբ ներկայացված չի եղել: Սակայն ընտրությունների երկրորդ փուլում մի շարք վստահված անձինք վարչական կալանքի են ենթարկվել` զրկվելով հետագա ակտիվ գործունեության հնարավորությունից: Չարտոնված հանրահավաքների և երթերի մասնակցության համար վարչական պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է միջամտություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքին: Նման միջամտությունը հակասում է Կոնվենցիայի 11 հոդվածին այն դեպքում, եթե այն «նախատեսված չէ օրենքով», չի հետապնդում 11 հոդվածի 2 կետում սահմանված որևէ իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:

Ծանոթանալով վստահված անձանց նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների որոշումներին, սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` երկրում վարչական կալանքի ինստիտուտի նման գործադրումը չի համապատասխանում իրավական պետության եվրոպական չափանիշներին, երկրորդ` դատարանների կողմից ընդունված այդ բնույթի բոլոր որոշումները թե՛ ըստ ձևի և թե՛ ըստ բովանդակության պետք է դառնան ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ արդարադատության խորհրդի քննարկման առարկա:

 

14. Գործի քննությունը վկայում է, որ ընտրական գործընթացում տարաբնույթ մեկնաբանությունների հարց է դարձել նաև վստահված անձի կարգավիճակի և իրավասության հետ կապված հարցը:

ՀՀ ընտրական օրենսգիրքը հատուկ կարևորություն է տալիս վստահված անձի ինստիտուտին` որպես ընտրական իրավահարաբերությունների սուբյեկտի, ընտրական իրավունքի պաշտպանության և ընտրական գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող գործառույթ կրողի: Համապետական ընտրությունների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածներում (7, 9, 18, 27, 30, 34, 41, 42, 47, 54, 55, 57, 61-63) ամրագրված են դրույթներ, որոնք հստակեցնում են այն իրավահարաբերությունների շրջանակները, որոնցում իրավունքներ են իրացնում և պարտականություններ են կրում վստահված անձինք: Ընտրական օրենսգրքի բոլոր այդ հոդվածների և հատկապես 27 և 30 հոդվածների (որոնք սահմանում են վստահված անձի կարգավիճակը, իրավունքները, պարտականությունները և գործունեության կարգը) վերլուծությունից հետևում է, որ.

- վստահված անձինք կոչված են թեկնածուին ներկայացնելու օրենսգրքով սահմանված որոշակի փոխհարաբերություններում` ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ (հոդվ. 27, կետ 1),

- նրանք ենթակա են գրանցման և գործում են սահմանված կարգի շրջանակներում,

- թեկնածուն իր շահերը պաշտպանում է միջնորդավորված` վստահված անձի միջոցով, և ցանկացած պահի կարող է հետ կանչել իր նշանակած վստահված անձին, նշանակել նորին` «... այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին» (հոդվ. 27, կետ 3),

- որոշակի ու հստակ է վստահված անձի գործառույթը քվեարկության գործընթացի առնչությամբ` քվեարկության օրը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին (հոդվ. 30, կետ 4), տվյալ հանձնաժողովում իրականացնելով հսկողական առաքելություն:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր վստահված անձ որոշակի, կոնկրետ փոխհարաբերություններում հանդես եկող իրավասուբյեկտ է և այդ իրավահարաբերությունների շրջանակներում միայն կարող է իրականացնել իր իրավունքները և կրել պարտականություններ: Բնականաբար, ընտրական օրենսգիրքը կազմվել է ողջամտության կանխավարկածով և ենթադրում է, որ որևէ ընտրատարածքի կոնկրետ տեղամասում քվեարկության օրն ընտրական հանձնաժողովի աշխատանքներին հետևող վստահված անձը, չլինելով այլ տեղամասերում ու ընտրատարածքներում ընտրական գործընթացներին առնչվող իրավահարաբերությունների անմիջական կրողը, չի կարող վիճարկել այդպիսի, առավել ևս` տասնյակ տեղամասերում քվեարկության արդյունքները:

 

15. Ընտրական օրենսգրքի 30 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչն իրավունք ունեն «անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ»: Օրենսգրքի 61 հոդվածի 7 կետով և 62 հոդվածի 8 կետով սահմանվում է նաև, որ տեղամասային ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց են տրամադրում համապատասխան արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով: Հիմնականում հենվելով այս նորմերի վրա` շատ վստահված անձինք պահանջ են ներկայացրել իրենց տրամադրել քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրությունները բովանդակող ընտրական ցուցակների պատճենները:

Այս հարցի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 30 հոդվածում ամրագրված` պատճեններ ստանալու դրույթը վերաբերում է նիստերի արձանագրություններին և պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն: Սակայն դա չի ենթադրում օրենքով սահմանված կարգով ստուգումների ժամանակ ընտրական ցուցակներին ծանոթանալու անթույլատրելիություն:

 

16. ՀՀ ընտրական օրենսգիրքն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար 5-օրյա ժամկետ է սահմանում` տվյալ հանձնաժողովում կամ դատարաններում ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոքները քննության առնելուց հետո ամփոփիչ արձանագրություններ կազմելու համար: Ընտրական հանձնաժողովներին ուղղված բողոքների քննարկման հստակ կարգ օրենսգրքով կամ ԿԸՀ-ի կողմից սահմանված չէ, որը տեղիք է տալիս սուբյեկտիվ մեկնաբանությունների կամ կողմնակալ մոտեցման: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման կարգ պետք է սահմանվի թե՛ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և թե՛ ԿԸՀ-ի համար` հստակեցնելով բողոք ներկայացնող իրավասու սուբյեկտներին, բողոքների ստացման, գրանցման, քննարկման կարգն ու ժամկետները:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում նույնպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը և որոշ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ յուրովի են մեկնաբանել ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10 կետի պահանջները և մի շարք դեպքերում պարզապես անհնարին են դարձրել քվեարկության արդյունքների վերաբերյալ թեկնածուի վստահված անձանց օրինական պահանջի իրացումը: Այս հարցի առնչությամբ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումն արտահայտված է ՍԴՈ-408 որոշման կետ 9-ում:

 

17. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ընտրատարածք ստեղծելու հարցով դիմումատուի կողմից ներկայացվող վեճը սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման առարկա չէ, մի կողմից` Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը նկատի ունենալով, մյուս կողմից` հիմնահարցի խաղաղ քաղաքական կարգավորման գործընթացին չմիջամտելու և այն չվտանգելու առումով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սահմանադրական դատարանի 2003թ. մարտի 24-ի ՍԴՈ-408 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածով, 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում առանձին ընտրատեղամասերում, հատկապես քվեարկության և ձայների հաշվարկման ժամանակ, տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդավարական հետագա զարգացումներին, անհամատեղելի են, մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25 հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետ:

2. Հաշվի առնելով գործում առկա ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը, գործի քննության արդյունքները, ինչպես նաև սահմանադրական դատարանի դատական պրակտիկան` սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննության ընթացքում նման երևույթների նկատմամբ մոտեցման չափանիշների հստակեցման տեսանկյունից անիմաստ համարել քվեարկությունից շաբաթներ անց ստուգումներ կազմակերպելը բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ.

ա) նույն ընտրատեղամասում ի հայտ են եկել քվեարկության արդյունքների պաշտոնական բնույթ ունեցող, միմյանցից էապես տարբերվող ամփոփիչ արձանագրություններ,

բ) իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել քվեաթերթիկների լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության և այլ բնույթի էական խախտումներ, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից անհիմն ձևով մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանների կողմից օրենքով սահմանված կարգով չեն պաշտպանվել հանձնաժողովների անդամների և թեկնածուների վստահված անձանց իրավունքները` ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում տեղամասային քվեարկության արդյունքների ստուգումներ կազմակերպելու վերաբերյալ:

Նկատի ունենալով թեկնածուների ընտրվելու ու ընտրողների ազատ կամաարտահայտմամբ ընտրելու իրավունքի պաշտպանության սահմանադրական պահանջը, Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում և հետագայում նշված բնույթի ընտրախախտումների կանխման կարևորությունը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործում ներգրավված մարմինների ու անձանց պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը, սահմանադրական դատարանում ընտրական վեճի լուծման ժամանակ, թվարկված ա) և բ) խմբերին դասվող բոլոր տեղամասերում քվեարկության արդյունքները համարել ոչ հավաստի: Իսկ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու համար նման տեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատել ընտրությունների արդյունքում թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը:

3. 2003 թվականի մարտի 5-ի ընտրության արդյունքներով ոչ հավաստի համարել թիվ 0018, 0444, 0502, 0507, 0508, 0515, 0521, 0538, 0550, 0553, 0748, 0779, 0842, 0865, 1000, 1011, 1065, 1340, 1341, 1361, 1524, 1784, 1262, 1263, 1264, 1266, 1268, 1270, 1253, 0989, 0990, 0736, 0702, 0369, 0363, 0352, 0346, 0347, 0220 և 0225 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները:

4. Նշված բոլոր տեղամասերում ընտրակեղծիքներ ու խախտումներ կատարած անձանց բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը` կազմակերպելու համալիր քննություն և մինչև 2003թ. մայիսի 20-ը արդյունքների մասին տեղյակ պահել սահմանադրական դատարանին և հանրությանը: ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրել նաև գործում առկա, քննության ընթացքում կեղծ որակված փաստաթղթերը` դրանց իսկությունը պարզելու, կեղծ լինելու դեպքում կազմողներին և շրջանառության մեջ դնողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

5. Հաշվի առնելով 2003թ. մարտի 5-ի ընտրության արդյունքով Նախագահի թեկնածուների ստացած ձայների փաստացի տարբերությունը, դրա վրա անճշտությունների չափի և սահմանադրական դատարանի կողմից գործի քննությամբ ոչ հավաստի ճանաչված քվեարկության արդյունքների ազդեցությունը, գնահատելով նաև գործում առկա վերլուծական նյութերը, իրավաբանորեն պատշաճ ձևակերպված, ապացուցողական նշանակության հիմքերով փաստարկված որակական բնույթ ունեցող ընտրախախտումների ազդեցությունն ընտրական ակտիվ ու պասսիվ իրավունքների իրացման վրա, անփոփոխ թողնել ՀՀ ԿԸՀ 2003թ. մարտի 11-ի թիվ 36-Ա որոշումը` ՀՀ Նախագահ ընտրվելու մասին:

6. Ելնելով այն իրողությունից, որ 2003թ. մայիսի 25-ին նշանակված են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ և Սահմանադրության նոր խմբագրության ընդունման հանրաքվե, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած վճռական դեր ունի ժողովրդավարական ճանապարհով պետական իշխանության շարունակական զարգացումն ապահովելու գործում,

նկատի ունենալով, որ սահմանադրական լուծումների մակարդակով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտների համար էական նշանակություն ունի ոչ միայն դրանց կազմավորման օրինականությունը, այլև այդ գործընթացի ու պետական իշխանության մարմնի նկատմամբ հասարակության շարունակական լայն վստահությունը,

կարևորելով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի ամրապնդման և Սահմանադրության նախաբանում ամրագրված` քաղաքացիական համերաշխության հաստատման անհրաժեշտությունը,

փաստելով, որ սահմանադրական ժողովրդավարության դեռևս անկատար համակարգի ներկա պայմաններում պետության ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրական վեճն ունի նաև անվստահության և անհանդուրժողականության վրա խարսխված խոր հասարակական-քաղաքական ենթատեքստ,

մեծ կարևորություն տալով հանրաքվեների և ժողովրդական հարցումների դերին` որպես անմիջական ժողովրդավարության ու ժողովրդաիշխանության իրականացման, պետության համար հատուկ կարևորություն ունեցող հարցերի լուծման, հասարակական վստահության և ժողովրդական համաձայնության հաստատման առանձնահատուկ նշանակություն ունեցող ձև,

առաջարկել ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և ՀՀ Նախագահին` մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ` փոփոխման ոչ ենթակա, հոդվածի առաջին մասի պահանջներին և որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը:

 

7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 ապրիլի 2003 թվականի

ՍԴՈ-412

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.2003
N ՍԴՈ-412
Որոշում