Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

04.06.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.1991  -ից մինչեւ   04.06.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 30.04.96 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություների հիմունքները

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Մեկ անգամից ավելի նախագահ չի կարող ընտրվել այն անձը, որը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում առնվազն երկու և կես տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը:

 

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության նախագահ և փոխնախագահ ընտրելու իրավունք ունեն 18 տարեկան դարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ ընտրվելու իրավունք ունեն 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ընտրություններին նախորդող վերջին 10 տարում մշտապես կամ առավելապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում:

Ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվում են անմիջականորեն: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն, ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

Ընտրություններին չեն մասնակցում դատարանի կողմից անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդ քաղաքացիները, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման վայրերում պահվող անձինք:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բայց սույն հոդվածով նախատեսված դեպքերից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ամեն մի սահմանափակում պատժվում է օրենքով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացումը ընտրական հանձնաժողովների կողմից

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացումը ապահովում են ընտրական հանձնաժողովները, որոնք կազմվում են սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 4. Հրապարակայնությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նախապատրաստելիս և անցկացնելիս

 

Պետական և հասարակական մարմինները, որոնք մասնակցում են Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստմանը և անցկացմանը, իրենց գործունեությունն իրականացնում են բացեիբաց և հրապարակայնորեն:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի ցանկացած թեկնածուին կողմ կամ դեմ ազատորեն քարոզչություն անելու իրավունք:

Քվեարկության օրը քարոզչությունը արգելվում է:

Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, տեղամասեր կազմելու, ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի ու աշխատաժամերի և քվեարկողների ցուցակների մասին: Ընտրական հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման և գրանցման արդյունքների, նրանց նախընտրական ծրագրերի հիմնադրույթների, Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի գրանցված թեկնածուների կենսագրական տվյալների, ըստ յուրաքանչյուր թեկնածուի քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման մասին:

Ընտրական հանձնաժողովների նիստերին, այդ թվում Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուներին գրանցելիս, ընտրական տեղամասերում քվեատուփերը կնքելիս, բացելիս և ձայները հաշվելիս, քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, իրավունք ունեն ներկա լինելու թեկնածուներին առաջադրող հասարակական-քաղաքական կազմակերպությունների, քաղաքացիների ներկայացուցիչները` համապատասխան լիազորագրերով, թեկնածուների վստահված անձինք: Ընտրական հանձնաժողովները հավասար պայմաններ են ստեղծում ներկայացուցիչների ներկայության համար:

Զանգվածային լրատվության միջոցները կարող են լուսաբանել ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքը: Նրանց ներկայացուցիչների համար երաշխավորվում է անարգել ներկա լինել ընտրությունների հետ կապված բոլոր ժողովներին և նիստերին:

Ընտրական հանձնաժողովները, պետական և հասարակական մարմինները, աշխատավորական կոլեկտիվները, զանգվածային լրատվության միջոցներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված տեղեկություններ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նյութական ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված պետական միջոցների ծախսերը կատարում են ընտրական հանձնաժողովները` յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար չափով:

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմիններն ընտրական հանձնաժողովներին տրամադրում են ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և կահավորանք:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

Այն անձինք, ովքեր բռնությամբ, խաբեությամբ, սպառնալիքով կամ այլ ճանապարհով խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կամ ընտրելու նախընտրական քարոզչություն անելու` Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների այն անդամները, պետական և հասարակական մարմինների պաշտոնատար անձինք, քաղաքացիների նախաձեռնող խմբերի անդամները, ստորագրություններ հավաքող անձինք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքի ազատ իրականացմանը, անհիմն կերպով մերժում թեկնածուների գրանցումը, կատարում են ընտրական փաստաթղթերի կեղծում, ձայների ակնհայտ սխալ հաշվում, քվեարկության գաղտնիության խախտում կամ թույլ են տալիս սույն օրենքի այլ խախտումներ, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Պատասխանատվության են ենթարկվում նաև այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության նախագահի կամ փոխնախագահի թեկնածուների մասին հրապարակել կամ այլ եղանակով տարածել են սուտ տեղեկություններ:

Ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և հասարակական մարմիններում ընտրությունների մասին օրենսդրության խախտումների վերաբերյալ ստացված դիմումները պետք է քննարկվեն հնգօրյա ժամկետում, իսկ թեկնածուների գրանցման օրը կամ քվեարկության օրը կամ դրանց նախօրյակին ստացվածները` անհապաղ:

Քննարկման արդյունքների մասին որոշման պատճենը տրվում է դիմողին անհապաղ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 8. Հայաստանի հանրապետության նախագահի ընտրությունների ժամկետը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները անց են կացվում հինգ տարին մեկ անգամ, հոկտեմբեր ամսվա երրորդ չորեքշաբթի օրը, որի մասին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընտրությունների օրվանից առնվազն երեք ամիս առաջ:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը և գրանցումը

 

Հասարակական-քաղաքական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնության իրավունքը իրականացնում են իրենց բարձրագույն կամ մշտապես գործող բարձրագույն մարմինների միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` քաղաքացիական նախաձեռնության կարգով` ընտրական իրավունք ունեցող առնվազն հինգ հարյուր քաղաքացիների ստորագրություններ հավաքելու միջոցով:

Քաղաքացիական նախաձեռնության կարգով նախագահի թեկնածու առաջադրելու համար ընտրողների ստորագրություններ հավաքելը կազմակերպում է քաղաքացիների նախաձեռնող խումբը: Ստորագրությունները դրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման բլանկի վրա:

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն և քաղաքացիների նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության նախագահի միայն մեկ թեկնածու:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է քվեարկության օրվանից 60 օր առաջ և ավարտվում 30 օր առաջ:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին հասարակական-քաղաքական կազմակերպության համապատասխան մարմնի որոշումը կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման բլանկը առնվազն հինգ հարյուր քաղաքացիների ստորագրությամբ ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում նրանց տրվում են իրենց առաջադրած թեկնածուի պաշտպանության համար ստորագրություններ հավաքելու հատուկ բլանկներ:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվում են Հայաստանի Հանրապետության նախագահի այն թեկնածուները, որոնց թեկնածությունը պաշտպանվել է Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն տասնհինգ հազար քաղաքացիների ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի յուրաքանչյուր առաջադրված թեկնածու մինչև ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելը որոշում է Հայաստանի Հանրապետության փոխնախագահի պաշտոնում իր կողմից առաջադրվող թեկնածուին:

Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկության օրվանից 25 օր առաջ և ավարտվում 20 օր առաջ:

Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուների գրանցման մասին ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է որոշում, եթե քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 29 օր առաջ ներկայացվել են հետևյալ փաստաթղթերը.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին

փաստաթուղթ.

2. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածության պաշտպանության մասին

ստորագրությունների բլանկները.

3. Հայաստանի Հանրապետության նախագահի առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը քվեարկելու մասին.

4. Հայաստանի Հանրապետության փոխնախագահի պաշտոնում առաջարկվող թեկնածուի մասին հայտարարությունը.

5. Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուի գրավոր համաձայնությունը քվեարկելու մասին.

6. Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուների ինքնակենսագրությունները, անձնագրերը:

Հայաստանի Հանրապետության նախագահի կամ փոխնախագահի թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 5 օր առաջ` այդ մասին դիմում ներկայացնելով ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 4 օր առաջ փոխնախագահի պաշտոնի համար առաջարկում է նոր թեկնածու: Միաժամանակ ներկայացվում են սույն հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գործունեության երաշխիքները, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի վստահված անձինք

 

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուները ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո մասնակցում են նախընտրական հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո մասնակցում են նախընտրական արշավին հավասար հիմունքներով, հավասար իրավունք ունեն օգտագործելու զանգվածային լրատվության պետական միջոցների հնարավորությունները, այդ թվում` հեռուստատեսությունը և ռադիոն:

Գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուները կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից` ընտրությունների անցկացման համար հատկացվող միջոցների հաշվին` միջին աշխատավարձի պահպանմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ընտրարշավը ապահովվում է յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար նյութատեխնիկական և ֆինանսական հնարավորություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուները չեն կարող քրեական պատասխանատվության կանչվել, կալանվել կամ ենթարկվել դատական կարգով նշանակվող վարչական տույժի միջոցների առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն կարող է ունենալ մինչև հիսուն վստահված անձինք:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն, ինչպես նաև նրա վստահված անձինք օգտվում են այն բոլոր իրավունքներից, որոնք սահմանված են «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-42 հոդվածներով:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուներին գրանցելուց հետո երկու օրվա ընթացքում նրանց տալիս է համապատասխան վկայական:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցումը մերժելու մասին ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է գանգատարկվել թեկնածու առաջադրողների կողմից Հայաստանի Հանրապետության գերագույն դատարան: Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը գանգատը քննարկում է երեք օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի որոշումը վերջնական է:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի թեկնածուների գրանցման մասին որոշումը և թեկնածուների կենսագրական տեղեկությունները եռօրյա ժամկետում հրապարակում է մամուլում:

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպումը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները կազմակերպվում են ըստ շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների, Երևան և Լենինական քաղաքների շրջանների:

Քվեարկության անցկացնելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կազմակերպվում են ընտրական տեղամասեր «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, բացառությամբ ընտրական օկրուգներին և զինվորական մասերին վերաբերող դրույթների:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրական հանձնաժողովները

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմվում են ընտրական հանձնաժողովներ.

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմումը և լիազորությունները

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմվում է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

1. վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կատարման նկատմամբ և ապահովում դրա միատեսակ կիրառումը, անհրաժեշտության դեպքում սույն օրենքի մեկնաբանման վերաբերյալ միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին.

2. ուղղություն է տալիս շրջանային, քաղաքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությանը, միջնորդում է պատգամավորների համապատասխան խորհրդին կամ նրա նախագահությանը` ստորադաս ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու մասին.

3. բաշխում է դրամական միջոցները ըստ ընտրական հանձնաժողովների, վերահսկում է ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, տրանսպորտով, կապով և քննարկում ընտրությունների նյութատեխնիկական ապահովման այլ հարցեր.

4. սահմանում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, կազմակերպում դրանց տպագրումը և բաշխումը շրջանային, քաղաքային հանձնաժողովներին, հաստատում ընտրողների ցուցակների և ընտրական հանձնաժողովների նիստերի արձանագրությունների, մյուս ընտրական փաստաթղթերի ձևերը, քվեատուփերի և ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները, ընտրական փաստաթղթերի պահպանման կարգը.

5. լսում է ընտրական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների, պետական և հասարակական մյուս մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

6. գրանցում է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջադրված թեկնածուներին, նրանց կողմից առաջարկված Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուներին և տալիս նրանց համապատասխան վկայականներ, ընտրողներին տեղյակ է պահում գրանցված թեկնածուների մասին, ապահովում թեկնածուների կենսագրական տեղեկություններով և նախընտրական ծրագրերի հիմնական դրույթներով պլակատների հրատարակումը.

7. ապահովում է ընտրարշվին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների մասնակցության հավասար պայմաններ.

8. Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ներկայացմամբ գրանցում է նրանց վստահված անձանց.

9. ամփոփում և հրապարակում է ընտրությունների արդյունքները.

10. լուծում է քվեարկության երկրորդ փուլի և նոր ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը.

11. քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների ու գործողությունների առթիվ ստացվող դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ կայացնում վերջնական որոշումներ.

12. իրականացնում է այլ լիազորություններ` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներին համապատասխան:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային հանձնաժողովների կազմումը և լիազորությունները

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային հանձնաժողովները կազմվում են «Հայաստանի Հանրապետության տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային հանձնաժողովները.

1. վերահսկողություն են իրականացնում համապատասխան շրջանների, քաղաքների տարածքներում սույն օրենքի կատարման նկատմամբ.

2. ուղղություն են տալիս տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությանը, սահմանում են շրջանների, քաղաքների ընտրական տեղամասերի միասնական համարակալումը.

3. լսում են տեղամասային ընտրական հանձնաժողովների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

4. հետևում են ընտրողների ցուցակների կազմմանը և համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը.

5. ապահովում են թեկնածուների վստահված անձանց անարգել ներկայությունը ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված բոլոր միջոցառումներին.

6. հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների հետ համատեղ կազմակերպում են ընտրողների հետ թեկնածուների հանդիպումներ.

7. քվեաթերթիկներ են տրամադրում տեղամասային ընտրական հանձնաժողովներին.

8. քննության են առնում տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների առթիվ դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ.

9. իրականացնում են այլ լիազորություններ` սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 15. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմումը և լիազորությունները

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություների տեղամասային ընտրական հանձնաժողովները.

1. կազմում են տեղամասի ընտրողների ցուցակները.

2. ընտրողներին ծանոթացնում են ընտրողների ցուցակներին, ընդունում և քննության են առնում ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները և լուծում նրանց մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը.

3. ընտրողներին տալիս են քվեարկության իրավունքի վկայականներ.

4. ընտրողներին ծանոթացնում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի և նրա աշխատաժամանակի, ինչպես նաև ընտրությունների օրվա և քվեարկության տեղի մասին.

5. ապահովում են քվեարկության շենքի, խցիկների և քվեատուփերի նախապատրաստումը.

6. ընտրական տեղամասում ընտրությունների օրը կազմակերպում են քվեարկությունը

7. ընտրական տեղամասում ամփոփում են քվեարկության արդյունքները.

8. քննության են առնում ընտրությունների նախապատրաստման ու քվեարկության կազմակերպման հարցերի առթիվ դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ.

9. իրականացնում են այլ լիազորություններ` սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 16. Ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպումը, դրանց կազմի համար ներկայացուցիչներ առաջարկելու և կազմում փոփոխություններ կատարելու կարգը

 

Ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև դրանց կազմի համար ներկայացուցիչներ առաջարկելու և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

i
Հոդված 17. Ընտրողների ցուցակները

 

Ընտրողների ցուցակները կազմելու, քաղաքացիներին ընտրողների ցուցակի մեջ մտցնելու, ընտրողների ցուցակներին քաղաքացիների ծանոթացման, ընտրողների ցուցակների անճշտությունները գանգատարկելու, քվեարկության իրավունքի վկայական տալու, ինչպես նաև ընտրողների լրացուցիչ ցուցակ կազմելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 18. Քվեաթերթիկը

 

Քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Քվեարկության թերթիկի մեջ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների անունները մտցվում են ըստ այբբենական կարգի, որտեղ նշվում են թեկնածուների մասին հետևյալ տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը, զբաղեցրած պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի վայրը և առաջադրող հասարակական- քաղաքական կազմակերպության անվանումը:

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի մասին տվյալներից հետո քվեաթերթիկի մեջ նշվում է նրա կողմից առաջարկվող փոխնախագահի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը, զբաղեցրած պաշտոնը (զբաղմունքը), աշխատանքի վայրը:

Քվեաթերթիկի մեջ Հայաստանի Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուի մասին տվյալների դիմաց գրվում է «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառը: Հայաստանի Հանրապետության նախագահի մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում նշվում են «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» և «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ» բառերը:

Քվեաթերթիկը տպագրվում է հայերեն լեզվով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ լեզվով Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նրա հսկողության տակ:

 

ԳԼՈՒԽ 3
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 19. Քվեարկության ժամանակը և տեղը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում քվեարկությունն անցկացվում է ընտրությունների նշանակված օրը, տեղական ժամանակով ժամը 7-ից մինչև 22-ը: Քվեարկության ժամանակի և տեղի մասին տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրողներին տեղեկացնում է ընտրություններից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

 

Հոդված 20. Քվեարկության կազմակերպումը և անցկացումը

 

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում քվեարկության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Քվեարկողը քվեաթերթիկում ջնջում է այն թեկնածուների տվյալների դիմաց նշված «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառը, որոնց ինքը դեմ է քվեարկում:

 

Հոդված 21. Ձայների հաշվառումը ընտրական տեղամասերում

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը ըստ ընտրողների հիմնական և լրացուցիչ ցուցակների, պարզում է տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը, ինչպես նաև քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը:

Քվեատուփերը բացելուց առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում և մարում է բոլոր չօգտագործված քվեաթերթիկները:

Քվեատուփերը բացում է տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկությունն ավարտելու մասին հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո: Մինչև քվեարկության ավարտը քվեատուփերը բացելն արգելվում է:

Քվեատուփերում եղած քվեաթերթիկների հիման վրա հանձնաժողովը պարզում է քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը, Հայաստանի Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և նրա դեմ տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը: Ընտրողների կողմից քվեաթերթիկների մեջ լրացուցիչ մտցված քաղաքացիների ազգանունների վերաբերյալ ձայները, ինչպես նաև թեկնածուների տվյալների վրա կատարված գրառումները հաշվի չեն առնվում:

Անվավեր են ճանաչվում այն քվեաթերթիկները, որոնցում քվեարկության ժամանակ թողնվել է մեկից ավելի «Համաձայն եմ» բառը, իսկ մեկ թեկնածուի դեպքում միաժամանակ ջնջվել են կամ չեն ջնջվել «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» և «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ» բառերը: Չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Քվեաթերթիկի վավերականության հարցում կասկածներ առաջանալու դեպքում հարցը լուծում է տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության միջոցով:

Այն քվեաթերթիկները, որոնցում ջնջված են բոլոր թեկնածուների դիմաց նշված «ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» բառերը, համարվում են վավերական և հաշվվում են որպես թեկնածուներին դեմ տրված ձայներ:

Ձայների հաշվման արդյունքները քննարկվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում և գրանցվում ընտրական տեղամասում կազմվող արձանագրության նիստում և գրանցվում ընտրական տեղամասում կազմվող արձանագրության մեջ: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և ուղարկվում համապատասխան շրջանային կամ քաղաքային ընտրական հանձնաժողով` ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփումը և հրապարակումը

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա շրջանային և քաղաքային ընտրական հանձնաժողովները որոշում են համապատասխան շրջանի կամ քաղաքի ընտրողների ընդհանուր թիվը. քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը. քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը. Հայաստանի Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և դեմ տրված ձայների թիվը. անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:

Շրջանում, քաղաքում ընտրությունների արդյունքները որոշվում են համապատասխան շրջանային կամ քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստում և գրանցվում արձանագրության մեջ: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և ուղարկվում ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով` նրա կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջանային, քաղաքային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա հնգօրյա ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և որոշում ընտրողների ընդհանուր թիվը, քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների և դեմ տրված ձայների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:

Ընտրված է համարվում Հայաստանի Հանրապետության նախագահի այն թեկնածուն, որը ստացել է առավել շատ ձայներ և որի կողմ ստացած ձայների թիվը գերազանցում է դեմ ստացած ձայների թվին: Հայաստանի Հանրապետության նախագահի հետ միաժամանակ ընտրված է համարվում նրա կողմից առաջարկված և գրանցված Հայաստանի Հանրապետության փոխնախագահի թեկնածուն:

Ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններն ամբողջությամբ կամ առանձին շրջանում, քաղաքում կամ առանձին տեղամասում անվավեր է ճանաչում, եթե ընտրությունների ընթացքում կամ ձայները հաշվելիս տեղ են գտել սույն օրենքի այնպիսի խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա:

Ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարան:

Ընտրությունների արդյունքների մասին հաղորդագրությունը ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը մամուլում հրապարակում է ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 23. Երկրորդ փուլի քվեարկությունը

 

Այն դեպքում, երբ քվեարկվել են Հայաստանի Հանրապետության նախագահի երկուսից ավելի թեկնածուներ և ոչ մի թեկնածու չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ, ապա առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած և իրենց թեկնածուները չհանած Հայաստանի Հանրապետության նախագահի երկու թեկնածուները քվեարկվում են երկրորդ փուլում, իսկ եթե երկրորդ փուլում մնում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեկ թեկնածու, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածում նախատեսված դեպքերի, ապա նա քվեարկվում է միայնակ: Երկրորդ փուլի քվեարկությունը կայանում է առաջին քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը: Երկրորդ փուլի քվեարկության մասին հայտարարությունը հրապարակվում է առաջին փուլի քվեարկությունից հետո ոչ ուշ, քան վեց օր հետո: Երկրորդ փուլ դուրս եկած Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն կարող է հանել իր թեկնածությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ` այդ մասին դիմում ներկայացնելով ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ընտրված է համարվում Հայաստանի Հանրապետության նախագահի այն թեկնածուն, որը ստացել է առավել շատ ձայներ և որի օգտին տրված ձայների թիվը գերազանցում է դեմ տրված ձայների թվին:

 

Հոդված 24. Նոր ընտրություններ

 

Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում քվեարկվել են ոչ ավելի, քան երկու թեկնածուներ և նրանցից ոչ մեկը չի ընտրվել կամ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները ճանաչվել են անվավեր կամ երկրորդ փուլի քվեարկությունը հնարավորություն չի տվել որոշելու Հայաստանի Հանրապետության նախագահին, ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովներն անցկացնում է նոր ընտրություններ: Քվեարկությունն անցկացվում է նույն ընտրական տեղամասերում և ընտրողների նույն ցուցակներով:

Նոր ընտրությունները անցկացվում են նախորդ ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 70 օր հետո: Նախագահի թեկնածուների գրանցումը և մյուս միջոցառումները անցկացվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Նոր ընտրություններ են անցկացվում նաև, եթե մինչև Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլը նախագահի թեկնածուներից որևէ մեկը կամ ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից որևէ մեկը մահանում է կամ թեկնածուներից մեկի համար առաջացել են այնպիսի խոչընդոտներ, որոնք Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից գնահատվում են որպես անհաղթահարելի:

 

 

pin
ՀՀ 02.08.1991
N Ն-0370-I օրենք