ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Ը
i
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
16 ապրիլի 1996 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,
i
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պ ա ր զ ե ց.
Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիան ստորագրվել է Հելսինկիում` 1992 թվականի մարտի 17-ին:
Կոնվենցիան բաց է և դրան կարող են միանալ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունները, այդ պետությունների կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններ:
Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ պետության կողմից ընդունված փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո` 90-րդ օրը:
Կոնվենցիան ունի 13 հավելված: Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են:
Կոնվենցիային միանալու նպատակն է համագործակցել այլ պետությունների հետ միջսահմանային ներգործություն ունեցող արտադրական վթարների կանխման, դրանց պատրաստ լինելու և հետևանքների վերացման գործում:
Կոնվենցիան Կողմերին պարտավորեցնում է համատեղ խորհրդատվությունների ու հետազոտությունների միջոցով մշակել և իրականացնել վթարների ռիսկի իջեցման քաղաքականություն ու ռազմավարություն, վթարի մասին անմիջապես տեղեկացնել շահագրգիռ պետություններին և հասարակայնությանը, ցուցաբերել փոխադարձ օգնություն: Կոնվենցիայի դրույթների իրագործման համար կողմերը պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, իրականացնել վարչական և ֆինանսական բնույթի միջոցառումներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ո ր ո շ ե ց.
i
1. 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 ապրիլի 1996 թ.