08.11.2024 -
040.1442.161110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1442-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1901-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) ներմուծման, տեղափոխման և արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.11.13 թիվ 1308-Ն, 03.03.06 թիվ 261-Ն, 07.11.2024 թիվ 1749-Ն որոշումներ)
2. ՈՒժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 21.11.13 թիվ 1308-Ն, 03.03.06 թիվ 261-Ն որոշումներ)
(նախաբանը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն, 28.12.17 թիվ 1727-Ն որոշումներ)
(վերնագիրը փոփ. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 21-ի
N 1442-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
(վերնագիրը փոփ. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սննդային արտադրանքի (այսուհետ` սննդամթերք) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) ներմուծման, տեղափոխման և արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն, 07.11.2024 թիվ 1749-Ն որոշումներ)
1.1. Սույն կարգով նախատեսված հայտը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերը, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, արտահանվող երկրի պահանջի դեպքերում` թղթային եղանակով:
(1.1-ին կետը լրաց. 10.06.2021 թիվ 977-Ն որոշում)
2. Սույն կարգի իմաստով` բեռ են համարվում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, իսկ սույն կարգի III գլխում` նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները:
(2-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
5. Բեռը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի` առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատի, անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի կամ բեռի տվյալ խմբաքանակի փորձարկման լաբորատորիայի փորձաքննության արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):
(5-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
5.1. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխանության հայտարարագրի պահանջը չի տարածվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2508 10 000 0, 2512 00 000 0, 2936 27 000 0, 3105 30 000 0, 3202 90 000 0, 3905 99 900 0 ծածկագրերով ապրանքների վրա` Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներմուծման դեպքում:
(5.1-ին կետը լրաց. 05.09.2024 թիվ 1404-Ն որոշում)
5.2. Սույն կարգի 5.1-ին կետը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը:
(5.2-րդ կետը լրաց. 05.09.2024 թիվ 1404-Ն որոշում)
6. Բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` իր կազմում գործող սահմանային հսկիչ կետերի (այսուհետ` հսկիչ կետ) և մարզային կենտրոնների (այսուհետ` մարզային կենտրոն) միջոցով:
(6-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
7. Բեռների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կողմից: Արտահանման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից: Արտահանման դեպքում հսկիչ կետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է մարզային կենտրոնի կողմից տրված համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա:
8. Արտահանման այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվել է մարզային կենտրոնի կողմից, սահմանային հսկիչ կետում այն չի փոխարինվում: Ներմուծման կամ արտահանման ժամանակ հսկողության ենթակա` սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Ներմուծման կամ արտահանման դեպքում բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում փոխարինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերով:
9.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ այլ երկրներից ներմուծվող բեռի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է հսկիչ կետի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա համապատասխան դրոշմակնիք դնելով:
(9.1-ին կետը լրաց. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
10. Տարանցիկ փոխադրման դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:
II. ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
12. Հսկիչ կետում ներմուծվող բեռի փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
(12-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
13. Բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե լիազոր մարմնի կողմից կատարված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր, կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից, կամ բացակայում են սույն կարգի 5-րդ կետերով նախատեսված բեռն ուղեկցող փաստաթղթերը:
(13-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
16. Եթե անհրաժեշտություն է առաջանում նմուշառմամբ և լաբորատոր փորձաքննությամբ որոշելու բեռի անվտանգությունը, ապա հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո` մաքսային մարմինների կողմից թույլատրված և բեռը տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:
(16-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
17. Տնօրինումն արգելված բեռի հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
18. Տնօրինումն արգելված բեռը բաց է թողնվում բեռի նկատմամբ պետական վերահսկողության արդյունքների հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված` բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որը տրվում է ներմուծողին` այն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
19. Տնօրինումն արգելված բեռի պետական վերահսկողության արդյունքներով, լաբորատոր փորձարկումների հիման վրա, վտանգավորության մասին եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում բեռը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում կամ վերադարձվում է արտահանող երկիր: Ոչնչացման կամ վերադարձման, դրա հետ կապված` բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:
20. Լաբորատոր փորձաքննության արդյունքներով, լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա, վտանգավոր բեռը ենթակա է ոչնչացման` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով:
(20-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
21. Ներմուծման թույլտվության դեպքում հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվում է անասնաբուժական սերտիֆիկատ, սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար:
(21-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
21.1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում` անկախ երրորդ երկրների կազմակերպությունների ընդգրկված չլինելու կամ սահմանափակված կարգավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերով ապրանքները` 0206, 0207, 0209, 0210, 0301, 0302, 0303, 0304, 0305, 0306, 0307, 0308 (բացառությամբ քաղցրահամ ջրերում բուծվող իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակների), 1601 00, 1602, 1604, 1605 թույլատրվում է միայն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով` Եվրոպական միության անդամ պետություններից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից` մինչև 2026 թվականի մարտի 15-ը:
(21.1-ին կետը լրաց. 11.07.2024 թիվ 1089-Ն որոշում)
22. Ներմուծման արգելման դեպքում հսկիչ կետում բեռն ուղեկցող առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը, իսկ ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Ներմուծումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:
(22-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
23. (23-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
25. Հսկիչ կետը վարում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ներմուծման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են ներմուծվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանող երկրի և կազմակերպության անվանումները, ներմուծողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, բեռի ժամանման վերջնակետը, ներմուծման թույլտվության կամ արգելման մասին տեղեկություն:
26. Տեղական արտադրության սննդամթերքը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ ներմուծման համար պահանջվող ուղեկցող փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ գրանցված համապատասխանության հայտարարագիրը:
26.1. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պարտադիր կարանտինացման 21 օրից ոչ պակաս ժամկետով:
(26.1-ին կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
26.2. Սպանդի նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիները ենթակա են կարանտինացման 7 օրից ոչ պակաս ժամկետով:
(26.2-րդ կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
26.3. Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են նախապես լիազոր մարմնի հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինացման վայրը: Լիազոր մարմինը կարանտինացման վայրի վերաբերյալ համաձայնություն չի տալիս, եթե այն չի համապատասխանում սանիտարական նորմերին: Սույն կետով սահմանված կարգով լիազոր մարմնի հետ կարանտինացման վայրը չհամաձայնեցնելու դեպքում կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում:
(26.3-րդ կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
26.4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիներ փոխադրող մեքենաները պետական սահմանի անցման կետում ախտահանվում են, իսկ կենդանիների խմբաքանակից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության:
(26.4-րդ կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
26.5. Բուծման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխվող կենդանիների խմբաքանակի նմուշների փորձաքննության դրական արդյունքներ ստացվելու դեպքում կատարվում է երկրորդ նմուշառում: Երկրորդ նմուշառման արդյունքով վերցված նմուշների դրական փորձաքննության արդյունքների դեպքում լիազոր մարմինը տրամադրում է կենդանիների ներմուծման կամ փոխադրման թույլտվություն:
(26.5-րդ կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
26.6. Կենդանիների կարանտինացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
(26.6-րդ կետը լրաց. 07.11.2024 թիվ 1749-Ն որոշում)
III. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` առձեռն կամ էլեկտրոնային, կամ փոստային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը` հատով, քաշը` կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը: Արտահանողը հայտին կից ներկայացնում է`
1) կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի դեպքում` տվյալ արտադրանքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը.
2) սննդամթերքի դեպքում, այդ թվում` փաթեթավորված, համապատասխանության հայտարարագիրը կամ պետական գրանցման վկայականը.
3) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի դեպքում` համապատասխանության հայտարարագիրը.
4) ներմուծող երկրի պահանջի դեպքում` տվյալ բեռի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձարկման արձանագրությունը:
(27-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1727-Ն որոշում)
28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`
1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում` անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.
2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.
3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում` սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մակնշմանը ներկայացվող պահանջները.
4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:
(28-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն, 28.12.17 թիվ 1727-Ն որոշումներ)
29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը` հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(29-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1727-Ն որոշում)
29.1. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու, սակայն սույն կարգի 27-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում մարզային կենտրոնն արտահանվող արտադրանքի խմբաքանակից կատարում է նմուշառում անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը որոշելու նպատակով: Անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից համապատասխանության տեղեկանքը տրվում է լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթերը տալու օրը:
(29.1-ին կետը լրաց. 28.12.17 թիվ 1727-Ն որոշում)
29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(29.2-րդ կետը լրաց. 28.12.17 թիվ 1727-Ն որոշում)
30. Եթե տվյալ բեռը (բացառությամբ կենդանիների) արտադրողը գրանցված է լիազոր մարմնի տվյալների բազայում և լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով ու ժամկետներում պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել իր արտադրական գործունեության մասին, ապա սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) բեռն արտահանողին տրվում են հայտ ներկայացնելու օրը` առանց սույն կարգի 28-րդ կետով սահմանված ընթացակարգի:
31. Արտահանողի կողմից համապատասխանության տեղեկանքը և սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը, իսկ կենդանիների դեպքում` առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը համապատասխան հսկիչ կետ ներկայացվելու դեպքում արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատը տրվում է համապատասխանության տեղեկանքի տրամադրման օրը:
(31-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1727-Ն որոշում)
32. Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:
33. Հսկիչ կետը և մարզային կենտրոնը վարում են լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արտահանման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են արտահանվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանողի անունը, ազգանունը կամ անվանումը, ներմուծող երկրի և բեռն ստացող կազմակերպության անվանումը կամ անունն ու ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը, ում կողմից է տրվել լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, տալու ամսաթիվը, համարը, պետական վերահսկողության արդյունքում համապատասխան մարզային կենտրոնի կողմից տրված ուղեկցող փաստաթուղթը տալու ամսաթիվը և համարը:
34. Արտահանումը չի թույլատրվում, եթե`
1) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը).
2) սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) և բեռը չեն համապատասխանում միմյանց.
3) բեռի զննման ընթացքում հայտնաբերվել են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններով պայմանավորված` բեռի անվտանգությունը չերաշխավորող պայմաններ կամ բեռի անորակության զգայորոշման` օրգանոլեպտիկ ցուցանիշների խախտումներ:
35. Հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման համար տրվում է անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, համար` անվտանգության սերտիֆիկատ, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:
36. Եվրամիության երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների, կենդանիների և սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, արտահանման համար հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից տրվում են Եվրամիության օրենսդրությամբ սահմանված Եվրամիության տարածք երրորդ երկրներից անասնաբուժական հսկման ապրանքների ներկրման համար ընթացակարգով սահմանված ձևի առողջության սերտիֆիկատներ: Բացի Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրներից` մյուս երկրներ բեռների արտահանման համար տրվում են ներկրող երկրի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող սերտիֆիկատներ:
37. Արտահանման թույլտվության դեպքում լիազոր մարմնի սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի վրա դրվում է «Արտահանումը թույլատրվում է» դրոշմը, և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:
(37-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)
38. Արտահանման արգելման դեպքում բեռի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ (սերտիֆիկատ կամ համապատասխանության տեղեկանք) չի տրվում, և բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:
(38-րդ կետը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
IV. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
39. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ, որում նշվում է երթուղին:
40. Լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ տարանցիկ փոխադրվող բեռների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
41. (41-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
42. Տարանցիկ փոխադրվող բեռի մուտքի և ելքի սահմանային անցման կետերում համապատասխան հսկիչ կետերը տարանցիկ փոխադրման գրանցամատյաններում լրացնում են տարանցիկ փոխադրվող բեռի տեսակը, քանակը, փոխադրողի անվանումը կամ անունը, ազգանունը, բեռն ուղեկցող փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, ուղարկող և ստացող երկիրն ու կազմակերպությունը:
43. (43-րդ կետն ուժը կորցրել է 03.03.06 թիվ 261-Ն որոշում)
44. Տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`
1) բացակայում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությունը.
2) բացակայում են բեռն ուղեկցող փաստաթղթերը.
3) համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում առկա են տարանցիկ փոխադրման սահմանափակումներ.
4) լիազոր մարմնի կողմից արգելված է տվյալ բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
45. Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում` հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը:
46. Տարանցիկ փոխադրումն արգելելու դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
47. Բեռի մաքսային ձևակերպումը կատարվում է բեռի զննման և բեռն ուղեկցող փաստաթղթերի (առկայության դեպքում` լաբորատոր հետազոտությամբ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրված անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի առկայությամբ:
48. Արտահանող կամ ներկրող երկրում անասնահամաճարակային իրավիճակով կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ պայմանավորված` ներկրման կամ արտահանման սահմանափակումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի էլեկտրոնային կայքերում: Նոր սահմանափակումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դրանց պաշտոնական ստացումից հետո մեկօրյա ժամկետում:
49. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման դեպքում` ներմուծող կամ տարանցիկ երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պաշտոնական պահանջի դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրվում է բեռի արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար թույլտվություն խնդրելու վերաբերյալ գրություն` ռուսերենով կամ ընդունված միջազգային լեզվով` դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
50. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
51. Սույն կարգով սահմանված դրույթները չեն գործում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ.
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Ապրանքի |Ապրանքի անվանումը |Բնաիրային |
|ծածկագիրը` | |չափը |
|ըստ ապրանքատնտե-| | |
|սագիտական | | |
|գործունեության | | |
|դասակարգչի | | |
|________________|________________________________________|___________|
| 1 | 2 | 3 |
|________________|________________________________________|___________|
|02 |Միս և մսի սննդային ենթամթերք |30 կգ |
|________________|________________________________________|___________|
|03 |Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և |30 կգ |
| |ջրային այլ անողնաշարավորներ | |
|________________|________________________________________|___________|
|0302 91 000 0 |Լյարդ, խավիար, սերմնահեղուկ |0.5 կգ |
|________________|________________________________________|___________|
|04 |Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, |30 կգ |
| |կենդանական ծագման սննդամթերք` դասակարգչի| |
| |այլ տեղում չհիշատակված կամ չներառված | |
|________________|________________________________________|___________|
|0407 |Թռչնի ձու` կճեպով, թարմ պահածոյացված կամ|150 հատ |
| |եփած | |
|________________|________________________________________|___________|
|0408 11 |Ձվի դեղնուց` չորացված |1 կգ |
|________________|________________________________________|___________|
|08 |Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային |50 կգ |
| |պտուղների ու սեխի կեղևներ և կճեպներ |յուրա- |
| | |քանչյուր |
| | |տեսակից |
|________________|________________________________________|___________|
|09 |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |5 կգ |
| |համեմունքներ | |
|________________|________________________________________|___________|
|1201 |Սոյայի պտուղներ` մանրատած կամ չմանրատած |20 կգ |
|________________|________________________________________|___________|
|1202 |Գետնընկույզ` չբոված կամ որևէ այլ |20 կգ |
| |եղանակով չպատրաստած, կեղևահանած կամ | |
| |կեղևով, մանրատած կամ չմանրատած | |
|________________|________________________________________|___________|
|1203 00 000 0 |Կոպրա |20 կգ |
|1204 00 |Վուշի սերմեր` մանրատած կամ չմանրատած | |
|1205 |Հլածուկի կամ կոլզայի սերմեր` մանրատած | |
| |կամ չմանրատած | |
|1208 |Ալյուր` ստացված յուղատու մշակաբույսերի | |
| |սերմերից կամ պտուղներից` բացի մանանեխի | |
| |սերմերից | |
|________________|________________________________________|___________|
|1206 00 |Արևածաղկի սերմեր` մանրատած կամ |50 կգ |
| |չմանրատած | |
|________________|________________________________________|___________|
|1207 |Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու |50 կգ |
| |պտուղներ` մանրատած կամ չմանրատած | |
|________________|________________________________________|___________|
|1212 |Կարոբի պտուղներ, ծովային և այլ |20 կգ |
| |ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ`| |
| |թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, | |
| |կոտորակված կամ չկոտորակված, պտուղների | |
| |կորիզներ և դրանց միջուկներ, սննդի | |
| |նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ| |
| |մթերք` դասակարգչի այլ տեղերում | |
| |չհիշատակված կամ չներառված | |
|________________|________________________________________|___________|
|15 |Կենդանական, բուսական կամ |25 կգ |
| |միկրոկենսաբանական ծագման ճարպեր և | |
| |յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր,| |
| |պատրաստի սննդայուղեր, բուսական կամ | |
| |կենդանական ծագման մոմեր | |
|________________|________________________________________|___________|
|16 |Պատրաստի մթերք մսից, ձկից կամ |20 կգ |
| |խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ | |
| |ջրային այլ անողնաշարավորներից կամ | |
| |միջատներից | |
|________________|________________________________________|___________|
|1604 31 000 0 |Թառափազգիների խավիար, թառափազգիների |2 կգ |
|1604 32 00 |խավիարի փոխարինիչներ | |
|________________|________________________________________|___________|
|17 |Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն |10 կգ |
|________________|________________________________________|___________|
|1704 10 |Մաստակ` պատված կամ չպատված շաքարով |1 կգ |
|________________|________________________________________|___________|
|18 |Կակաո և դրանից մթերք |10 կգ |
|________________|________________________________________|___________|
|19 |Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից,|15 կգ |
| |օսլայից կամ կաթից, հրուշակեղենի | |
| |արտադրանք ալյուրից | |
|________________|________________________________________|___________|
|1901 10 000 0 |Պատրաստի սննդամթերք` նախատեսված վաղ |15 կգ |
| |տարիքի երեխաների համար, փաթեթավորված | |
| |մանրածախ վաճառքի համար | |
|________________|________________________________________|___________|
|1901 20 000 0 |Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի |15 կգ |
| |պատրաստման համար խառնուրդ և խմոր | |
|________________|________________________________________|___________|
|1902 |Մակարոնային արտադրանք, ջերմամշակման |10 կգ |
| |ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից| |
| |կամ այլ մթերքներից) կամ առանց միջուկի | |
| |կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են| |
| |սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները,| |
| |ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի | |
| |մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ | |
| |պատրաստի վիճակում | |
|________________|________________________________________|___________|
|1904 |Պատրաստի սննդամթերք` ստացված |5 կգ |
| |հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային| |
| |մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` | |
| |եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` | |
| |հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի | |
| |եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով | |
| |մշակված (բացառությամբ մանր և խոշոր | |
| |աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված | |
| |կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում | |
| |չհիշատակված կամ չներառված | |
|________________|________________________________________|___________|
|1905 31 |Քաղցր չոր թխվածքաբլիթ Վաֆլի և վաֆլու |10 կգ |
|1905 32 |շերտեր | |
|________________|________________________________________|___________|
|20 |Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի, |10 կգ |
| |ընկույզների կամ բույսերի այլ մասերի | |
| |վերամշակումից | |
|________________|________________________________________|___________|
|21 |Սննդամթերքներ` տարբեր (բացառությամբ |10 կգ |
| |2106905800, 2106909803, 2106909808) | |
|________________|________________________________________|___________|
|2102 |Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած |2 կգ |
| |միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի| |
|________________|________________________________________|___________|
|22 |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, |2 լիտր կամ |
| |քացախ |1 շիշ, եթե |
| | |1 շշի տարո-|
| | |ղությունը |
| | |2 լիտրից |
| | |ավելի է |
|________________|________________________________________|___________|
|23 |Սննդարդյունաբերության մնացորդներ և |10 կգ |
| |թափոններ, կենդանիների համար պատրաստի | |
| |կերեր (բացառությամբ ՀՀ կառավարության | |
| |2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման| |
| |N 2 հավելվածի 1-ին կետում նշվածների) | |
._____________________________________________________________________.
(աղյուսակը փոփ. 03.03.06 թիվ 261-Ն, 13.10.2022 թիվ 1585-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը խմբ. 21.11.13 թիվ 1308-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 19.04.12 թիվ 489-Ն, 25.04.13 թիվ 438-Ն, 03.03.06 թիվ 261-Ն որոշումներ)