Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈ ...

 

03.11.2024 -

 

040.1240.020911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1240-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «ՈՒսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 938-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 25-ի

N 1240-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհեր) և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վրա (այսուհետ` ուսումնական հաստատություններ)` անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա, հեռավար), իրականացվող հիմնական կրթական ծրագրերից (բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոս և հետազոտող) և մասնագիտություններից:

(1-ին կետը փոփ. 03.10.2024 թիվ 1563-Ն որոշում)

2. Ակադեմիական շարժունությունն ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով մեկ այլ ուսումնական հաստատությունում սովորողի կրթության շարունակումն է:

3. Ըստ ուսման նպատակի կամ ժամանակահատվածի` սովորողների` բակալավրի, անընդհատ և ինտեգրացվածի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ուսումնառող, ակադեմիական շարժունությունը կարող է լինել որոշակի ժամկետով (այսուհետ` շարժունություն) կամ հիմնական (այսուհետ` տեղափոխություն):

(3-րդ կետը փոփ. 03.10.2024 թիվ 1563-Ն որոշում)

 

II. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Սովորողների շարժունությունը չի հանգեցնում ուսման սահմանված ժամկետի ավելացմանը:

5. ՈՒսումնական հաստատությունների սովորողների շարժունության իրականացման եղանակներից է գործընկեր ուսումնական հաստատություններ, ինչպես նաև, սովորողի անհատական նախաձեռնությամբ, նրանց ուղարկելը`

1) կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրերի (երկու ավարտական փաստաթուղթ) շրջանակներում ուսանելու.

2) համատեղ աստիճանաշնորհման կրթական ծրագրերով (մեկ վկայականով) ուսանելու.

3) միջբուհական համագործակցության, այդ թվում` ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում ուսանելու.

4) վերապատրաստում (այդ թվում` լեզվական) անցնելու.

5) ուսումնական (հետազոտական, արտադրական) պրակտիկա անցնելու:

6. Հավակնորդների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով` հաշվի առնելով նաև նրանց ակադեմիական առաջադիմությունը և ընդունող կողմի լեզվի (կամ օտար լեզվի) իմացությունը:

7. Շարժունության ծրագրին մասնակցելու նպատակով` սովորողի և ուղարկող ու ընդունող ուսումնական հաստատությունների միջև կնքվում է եռակողմ կրթական համաձայնագիր: Համաձայնագրում նշվում են այն առարկաները, որոնք սովորողները պետք է ուսանեն ընդունող ուսումնական հաստատությունում: Միաժամանակ նշվում են ակադեմիական տարբերությունների մարման ժամկետների վերաբերյալ սովորողի պարտավորությունները:

8. Շարժունության արդյունքում կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքները չպետք է գերազանցեն համապատասխան որակավորում ստանալու համար անհրաժեշտ ընդհանուր ուսումնական ծանրաբեռնվածության բակալավրի կրթական ծրագրի 25 տոկոսը, մագիստրոսի կրթական ծրագրի 50 տոկոսը և հետազոտողի կրթական ծրագրի 30 տոկոսը:

9. Ընդունող բուհում ուսուցման ժամկետի ավարտից հետո ուսանողն իր ուսումնասիրած առարկաների և պարապմունքների ցանկը, ինչպես նաև ստացած կրեդիտներն ու գնահատականները հաստատող ակադեմիական տեղեկանքը պետք է ներկայացնի բուհ` ակադեմիական ճանաչման մասին փաստաթուղթը նախապատրաստելու համար:

 

III. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10. Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: ՈՒսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին` ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

11. ՈՒսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված` առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

12. Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ տեղափոխումը թույլատրվում է առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով:

13. Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

14. Հայաստանի Հանրապետության ռազմական բուհերի կուրսանտները, որոնց ուսումնառությունը դադարեցվել է զինվորական ծառայությունից առողջական վիճակով կամ ընտանեկան դրությամբ պայմանավորված` վաղաժամկետ արձակվելու պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են հրամանագրվել` բուհերի համապատասխան կուրսերում ուսանելու համար:

15. ՈՒսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի (ըստ ուսուցման ձևերի և որակավորման աստիճանների) շրջանակում:

16. Օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում, որպես մասնագիտական, ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաև տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական մասնագիտություններ:

17. Կրեդիտներով պայմանավորված առարկայական տարբերությունների ցանկը որոշում է ընդունող բուհը: ՈՒսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:

18. Չի թույլատրվում ըստ մասնագիտությունների հավատարմագրված` կրթական ծրագրեր չունեցող ոչ պետական բուհերից ուսանողի տեղափոխությունը պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված` կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհեր:

19. Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված` կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում ուսանողների շարժունության բոլոր ձևերի մասին տեղեկատվություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի տեղափոխման:

(19-րդ կետը փոփ. 03.10.2024 թիվ 1563-Ն որոշում)

 

IV. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. ՈՒսանողի` բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

21. Ներբուհական տեղափոխությունները կատարվում են սույն կարգով սահմանված` ուսանողների տեղափոխության ընդհանուր պահանջներին համապատասխան:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. ՈՒսանողի` բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված` ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը:

23. Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի թիվն ավելի քիչ է, քան տեղափոխվել ցանկացողների թիվը, ապա կազմակերպվում է ատեստավորում, և անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր շարունակելու են ուսումնառությունը: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը: Մինչև տեղափոխվողների կողմից առարկայական տարբերությունների հանձնումը` ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին: Հրամանում նշվում են նաև ակադեմիական առարկայական տարբերությունների ցանկը, դրանց մարման անհատական ժամանակացույցը, որի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում տրվում է հրաման:

24. Տեղափոխվող ուսանողին ընդունող բուհը տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: ՈՒսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է ազատման մասին հրաման` հետևյալ ձևակերպմամբ` «ՈՒսանող ___________ -ը ազատված է` ___________ բուհ տեղափոխման կապակցությամբ»: ՈՒսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում են ազատման մասին հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը: ՈՒսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգման գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցանկը:

25. Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը): Տեղափոխության մասին հրամանում կատարվում է հետևյալ գրառումը` «___________-ին ___________ բուհից տեղափոխման կարգով ընդունել ___________ ֆակուլտետի ___________ մասնագիտության _____ կուրս` ________ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»: Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: ՈՒսանողին տրվում են նոր ուսանողական տոմս և ստուգման գրքույկ:

26. Հեռակա ուսուցումից առկա ուսուցման տեղափոխությունները կատարվում են սույն կարգի պահանջներին և կարգի 10-13-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան: Առարկայական տարբերությունները հանձնելու համար սահմանվում է անհատական ժամանակացույց, որի ժամկետը չպետք է գերազանցի տվյալ կիսամյակի առկա ուսուցման համար սահմանված ժամկետը:

 

VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ

 

27. Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված` կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

28. Ընդունող բուհը, սույն կարգի պահանջների համապատասխանության դեպքում, նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը և դրա իսկության վերաբերյալ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական հաստատումը, ինչպես նաև ուսանողի նախորդ կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը` հաստատված Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:

(28-րդ կետը փոփ. 03.10.2024 թիվ 1563-Ն որոշում)

28.1. Օտարերկրյա բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր տեղափոխությունն իրականացվում է նախարարության կողմից` նախարարությունում փաստաթղթերի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում`

1) ընդունող բուհի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և նախարարության կողմից վարվող միասնական տեղեկատվական բանկում հաշվառելուց հետո.

2) նախարարության կողմից բուհին ներկայացված գրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:

(28.1-ին կետը լրաց. 03.10.2024 թիվ 1563-Ն որոշում)

29. ՈՒսանողի տեղափոխությունն իրականացվում է սույն կարգի 10-12-րդ, 23-26-րդ և 28-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան: Եթե ուսանողի անձնական գործն առաքման ենթակա չէ, ապա դրա մասին ընդունող բուհին հղվում է համապատասխան փաստաթուղթ, իսկ ուսանողի հրամանագրումը կատարվում է նրա դիմումի և ակադեմիական տեղեկանքի հիման վրա:

 

Ձև

 

Ընդունող բուհի անկյունային կնիքը,

ամսաթիվը, գրանցման համարը

(կամ բուհի ձևաթուղթը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է _________________________________________________ -ին` այն

(անունը, հայրանունը, ազգանունը` լրիվ) մասին, որ նրան ____________________________________ կողմից տրված

(բուհի լրիվ անվանումը) ________________________________________________ ստուգման գրքույկի պատճենի

(ստուգման գրքույկի գրանցման թիվը և ամսաթիվը) և դիմումի համաձայն թույլատրվել էր մասնակցել ատեստավորման գործընթացին, որը նա հաջողությամբ անցել է: _________________________________ -ը կհրամանագրվի ________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումները, առկա, հեռակա, հեռավար)

 

ուսուցման __________ կուրս` ________________________________

(մասնագիտության լրիվ անվանումը) մասնագիտության գծով, ___________________ սկզբունքով, ակադեմիական

(անվճար, վճարովի) տեղեկանքը և միջնակարգ կրթության ավարտական վկայականը ներկայացնելուց հետո:

 

    Ռեկտոր __________________      ___________________________

           (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

_____ _______________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1240-Ն
Որոշում