Սեղմել Esc փակելու համար:
ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂ ...

 

10.08.2024 -

 

040.0635.300614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2014 թվականի N 635-Ն

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, 35-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը` իր ստորաբաժանումների միջոցով, իսկ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն, 25.03.2021 թիվ 396-Ն որոշումներ)

2. Հաստատել`

1) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) Ուկրաինայի դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքն իրացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 2116-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տրված) կամ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման` Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են «Պետական նպաստների մասին» օրենքով հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու, վճարելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում`

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող` սույն որոշման դրույթները կիրառելի են ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ.

5) անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող` սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ.

6) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր): Ընդ որում, «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ:

(4-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 744-Ն, 30.11.2023 թիվ 2090-Ն, 28.03.2024 թիվ 429-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշումներ)

(որոշումը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 635-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ` նաև նպաստ) նշանակում, վճարումն ապահովում, նպաստի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` իր ստորաբաժանումների միջոցով (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում):

(2-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

3. Նպաստը նշանակվում է ըստ բնակության վայրի հասցեի, որը սույն կարգի իմաստով համարվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա հաշվառման վայրը:

(3-րդ կետը փոփ. 30.11.2023 թիվ 2090-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված` ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին նպաստ է նշանակվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետով սահմանված կարգով:

(3.1-ին կետը լրաց. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

4. Նպաստ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է համապատասխան ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

5. Օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, ով դիմել է համապատասխան ստորաբաժանում և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ` նպաստառու):

5.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին (այսուհետ` բռնի տեղահանված անձ), ում սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործը, անկախ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում դադարեցված լինելու հանգամանքից, առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, օրենքով նպաստ է նշանակվում դիմումի և Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործի տեղեկատվության կամ փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա: Դիմումին կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ և ըստ անհրաժեշտության` այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա տեղեկատվությունը կամ փաստաթղթերի լուսապատճենները բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար: Այս դեպքում`

1) Լեռնային Ղարաբաղում նշանակված սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի փոխարեն նշանակվում է, համապատասխանաբար, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված չափերով.

2) մինչև 2024 թվականի հունիսի 1-ը դիմելու դեպքում օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո և նպաստը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքի, չի կարող նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ.

3) հաշմանդամության նպաստ նշանակելիս, եթե անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում է և դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, ապա հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2024 թվականի մարտի 11-ը ներառյալ և 2024 թվականի մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թվականի մարտի 11-ից հետո.

4) եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության` համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ապա կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, նպաստ նշանակելու դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացվելու դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի` այդ տեսակի նպաստի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար: Այս դեպքում կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը 2024 թվականի հուլիսի 1-ից վերականգնվում է օրենքով սահմանված կարգով.

5) բացառությամբ սույն կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված դեպքերի` 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ: Ընդ որում, նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ.

6) սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2024 թվականի հունիսի 30-ից:

(5.1-ին կետը լրաց. 30.11.2023 թիվ 2090-Ն, 28.03.2024 թիվ 429-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/, 08.08.2024 թիվ 1229-Ն

/ գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված անձը օրենքով նպաստ նշանակելու դիմումը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանում, ապա դիմումին կից ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և ըստ անհրաժեշտության` այլ փաստաթղթեր, եթե Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազա ներառված` անձի սոցիալական կենսաթոշակի էլեկտրոնային գործում առկա փաստաթղթերի լուսապատճենները կամ կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը բավարար չեն օրենքով նպաստ նշանակելու համար: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում, իսկ հաշմանդամության նպաստի դեպքում հաշվի են առնվում նաև սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետները:

(5.2-րդ կետը լրաց. 30.11.2023 թիվ 2090-Ն, 08.08.2024 թիվ 1229-Ն / գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո

ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

5.3. Սույն կարգի 5.1-ին կետում նշված դիմումը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը կարող է ներկայացվել նաև առցանց եղանակով, իսկ դրա հիման վրա նպաստ կնշանակվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կենսաթոշակ նշանակելու համար սահմանված կարգով և ժամկետներում:

(5.3-րդ կետը լրաց. 30.11.2023 թիվ 2090-Ն, 08.08.2024 թիվ 1229-Ն / գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո

ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

5.4. Եթե բռնի տեղահանված անձը նպաստի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում` նպաստի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, ապա նրան նպաստ նշանակվում է օրենքով սահմանված ժամկետներում` սույն կարգի 5.1-ին կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված ժամկետների հաշվառմամբ: Բռնի տեղահանված անձին նպաստ նշանակելիս հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենները, տեղեկատվությունը (այդ թվում` կերակրող կորցրած լինելու վերաբերյալ)` անկախ անձին Լեռնային Ղարաբաղում նպաստ նշանակված լինելու հանգամանքից:

(5.4-րդ կետը լրաց. 28.03.2024 թիվ 429-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/, 08.08.2024 թիվ 1229-Ն / գործողությունը տարածվում է 2024 թվականի

հունիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

5.5. Բռնի տեղահանված անձին հաշմանդամության նպաստ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) հիման վրա:

(5.5-րդ կետը լրաց. 28.03.2024 թիվ 429-Ն /փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշումներ)

 

II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

6. Նպաստ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության համապատասխան ստորաբաժանում:

(6-րդ կետը փոփ. 08.12.16 թիվ 1250-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին նպաստ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

8. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ:

8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին և ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 6.1-ին կետով սահմանված կարգով:

(8.1-ին կետը լրաց. 09.11.17 թիվ 1414-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

9. Նպաստ նշանակելու դիմումը գրանցվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ` շտեմարան) էլեկտրոնային մատյանում: Դիմումում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, նպաստի տեսակը և ստանալու եղանակը, դիմելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

III. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

10. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը դադարեցնելու կամ վերսկսելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ համապատասխան ստորաբաժանման մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացականը, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:

11. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշման հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը:

(11-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

12. Համապատասխան ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել.

2) նպաստ վճարելը դադարեցնել կամ վերսկսել` նշելով օրենքով սահմանված հիմքը:

13. Համապատասխան ստորաբաժանումը նպաստ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նպաստ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները:

14. Համապատասխան ստորաբաժանումը նպաստը նշանակելու, նպաստը նշանակելը մերժելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստի տեսակը փոխելը մերժելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու և նպաստ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ: Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (նպաստի էլեկտրոնային գործում): Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:

(14-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

15. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:

16. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում: Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:

(16-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

17. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

18. Սույն կարգի 15-17-րդ կետերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

19. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում ընտանիքի` այդ նպաստի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրին:

20. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետության (այսուհետ` համաձայնագրի մասնակից պետություն)` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին նպաստ է նշանակվում ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի:

21. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նպաստ է նշանակվում այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, համապատասխան ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 33.1-ին, 33.2-րդ և 33.3-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա նշանակում է նպաստ կամ մերժում է նպաստ նշանակելը:

(21-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

22. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին, ինչպես նաև կալանավորված անձին նպաստ նշանակվում և վճարվում է, ինչպես նաև նա ֆունկցիոնալության գնահատման է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետով հաստատված կարգով:

(22-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

23. Նպաստը վերահաշվարկվում է`

1) նպաստի չափը փոխվելու դեպքում` այդ հանգամանքն առաջանալու ամսվա 1-ից.

2) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու (այդ թվում` հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով) դեպքում` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) հիման վրա` այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողը մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(23-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 744-Ն որոշում)

24. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

25. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք համարվող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա:

26. Նպաստ վճարելը դադարեցվում է`

1) նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների` նպաստն անկանխիկ եղանակով ստացող նպաստառուն, վերջին անգամ բանկ ներկայանալու (նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին` այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(26-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

27. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին:

28. Նպաստ վճարելը վերսկսվում է նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում:

29. Եթե նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, 2-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում` 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից:

(29-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն որոշում)

30. Եթե հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է`

1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) հիման վրա.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա և տասներկուամսյա ժամկետները հաշվարկվում են ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:

(30-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

31. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամություն ունեցող երեխայի 18 տարին) լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված նպաստի չափով:

(31-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 744-Ն որոշում)

31.1. Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանում:

(31.1-ին կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն, 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

31.2. Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է համապատասխան ստորաբաժանում:

(31.2-րդ կետը լրաց. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

31.3. Սույն կարգի 31.1-ին և 31.2-րդ կետերում նշված դեպքերում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:

(31.3-րդ կետը լրաց. 16.01.2020 թիվ 31-Ն որոշում)

31.4. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստն օրենքով սահմանված կարգով խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար: Այս դեպքում շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն: Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա` խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում: Մինչև երեխային (հոգեզավակին) խնամատար ընտանիքին հանձնելը նրան չվճարված նպաստի գումարը չի վճարվում:

(31.4-րդ կետը լրաց. 03.12.2020 թիվ 1949-Ն որոշում)

32. Նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` նպաստառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետում: ՈՒսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա վերականգնելու դեպքում նպաստ վճարելը վերսկսվում է` անկախ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից:

(32-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

33. Նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում` բացառությամբ նպաստառուի` քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերի:

34. Եթե նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում նպաստի չափի վերահաշվարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

35. Օտարերկրյա քաղաքացուն նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է միայն այն պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ, որի քաղաքացին է նա:

36. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ: Փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, համապատասխան ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 51.6-րդ և 51.7-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա վերականգնում է անձի նպաստ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է նպաստ վճարելը և (կամ) վճարում է չվճարված նպաստի գումարը կամ մերժում դիմումը:

(36-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

37. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է), եթե նպաստառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:

(37-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

38. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և նպաստ վճարելը վերսկսելու համար դիմած նպաստառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է համապատասխան ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:

 

IV. ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ

 

39. Նպաստն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է նպաստառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

40. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ ստանալու անձամբ: 18 տարին լրացած նպաստառուի նպաստը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին:

41. Եթե օրենքով սահմանված կարգով նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու կամ նպաստ վճարելը վերսկսելու համար նպաստառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա նպաստը (այդ թվում` չստացված նպաստի գումարը) կարող է վճարվել նաև նպաստառուի (տասնչորս տարեկան չդարձած կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված նպաստի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են նպաստ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա նպաստի գումար` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց մինչև լիազորագրի գործողությունը դադարելը:

42. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող նպաստառուի նպաստը վճարվում է (նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, նպաստ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

43. Լիազորագրով նպաստ չի վճարվում (լիազորագրով նպաստ վճարելը դադարեցվում է), եթե`

1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.

2) նպաստը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.

3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:

44. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրի հասցեում նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

45. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

46. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(46-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

47. Նպաստառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:

48. Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված դեպքում հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ համապատասխան ստորաբաժանման մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրած ստացականը:

49. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է, բացառությամբ, եթե հաշմանդամություն ունեցող անձը`

1) կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել կրկնակի գնահատման և մահացել է կամ

2) ներկայացել է կրկնակի գնահատման և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահացել է:

(49-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

 

V. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

50. Նպաստի գործը նպաստ նշանակելու դիմումի և նպաստ նշանակելու համար անհրաժեշտ (համապատասխան ստորաբաժանում ներկայացված)` բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է: Նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Նպաստի գործը պահվում է այն համապատասխան ստորաբաժանումում, որտեղ ներկայացվել է նպաստ նշանակելու դիմումը: Եթե նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն համապատասխան ստորաբաժանում, որտեղ գտնվում է նպաստի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են նպաստի գործին: Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ համապատասխան ստորաբաժանում (որտեղ չի գտնվում նպաստի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են համապատասխան այդ ստորաբաժանումում:

(50-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

51. Նպաստի էլեկտրոնային գործը նպաստ նշանակելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու դիմումին կից համապատասխան ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է: Նպաստի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր` հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն: Նպաստի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:

(51-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

52. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է նպաստի գործ: Եթե նպաստի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և նպաստը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա նպաստ նշանակելու էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:

(52-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

53. Նպաստի գործին կարվում են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքները:

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

55. Եթե նպաստառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի համապատասխան ստորաբաժանում: Հաշվառման նոր վայրի համապատասխան ստորաբաժանումն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի համապատասխան ստորաբաժանումից պահանջում է նպաստի գործը: Գործն ստանալուց հետո նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի հաշվառման նախկին վայրում նպաստ վճարելը դադարեցնելու օրվանից: Այս դեպքում նպաստի էլեկտրոնային գործը հաշվառվում է նպաստառուի հաշվառման նոր վայրի համապատասխան ստորաբաժանումում:

(55-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

56. (56-րդ կետն ուժը կորցրել է 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

57. Հաշվառման նոր վայրի համապատասխան ստորաբաժանումը պահանջագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հաշվառման նախկին վայրի համապատասխան ստորաբաժանում, որը 15 աշխատանքային օրվա ընթացքում նպաստի գործն ուղարկում է հաշվառման նոր վայրի համապատասխան ստորաբաժանում:

58. Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքի` օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում նպաստի գործերը նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են համապատասխան ստորաբաժանումում: Նշված ժամկետը լրանալուց հետո ծառայությունը նպաստի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:

(58-րդ կետը փոփ. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

 

VI. ՆՊԱՍՏԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

(VI բաժինը լրաց. 09.11.17 թիվ 1414-Ն որոշում)

 

59. Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի` նպաստառուին ավելի վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավելի գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավելի գումարի չափից ոչ ավելի: Այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (նպաստ նշանակող ստորաբաժանման աշխատողի, նպաստառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն նպաստն ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և նպաստ նշանակող համապատասխան ստորաբաժանման փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 635-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ցանկում ներառված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ` նաև նպաստ) և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի (այսուհետ` նպաստառու) մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.

3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար` անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը:

(2-րդ կետը փոփ. 30.11.2023 թիվ 2090-Ն որոշում)

3. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

4. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը:

 

II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ:

6. Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև իրեն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը):

(6-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 744-Ն որոշում)

7. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:

8. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերը, նպաստառուի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, անհրաժեշտության դեպքում` նաև ժառանգության իրավունքի վկայագիրը:

9. Նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը:

10. Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում (այսուհետ` համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

3) փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում:

(10-րդ կետը փոփ. 30.11.2023 թիվ 2090-Ն որոշում)

11. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

12. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

13. Նպաստ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Ծնողը, որդեգրողը կամ խնամակալը ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը:

 

III. ՆՊԱՍՏԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) մահացած նպաստառուի մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

(14-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն որոշում)

15. Հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` կրկնակի գնահատման չներկայանալու մասին:

(15-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 744-Ն որոշում)

15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում կրկնակի գնահատման ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:

(15.1-ին կետը լրաց. 16.01.2020 թիվ 31-Ն, 18.05.2023 թիվ 744-Ն որոշումներ)

16. Թաղման նպաստ ստանալու համար անձը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է համապատասխան ստորաբաժանումում), եթե մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը տվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն` կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում:

(16-րդ կետը փոփ. 16.01.2020 թիվ 31-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հունիսի 26-ի

N 635-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ

 

1. Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող` Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ` անձ) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ` նպաստ) նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» օրենքով նպաստի նշանակման և վճարման համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման համաձայն, անձին նպաստ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում նրան կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում` կենսաթոշակի գործը, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը չի պահանջվում, եթե կատարած հարցմանն ի պատասխան ստացվել է, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով, կամ հարցում կատարելու ամսվանից հետո 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել:

3. Եթե սույն կարգի 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունն Ուկրաինայից պահանջելու կամ նպաստ նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է նպաստ` հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում` 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին հայտարարությունը:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասն օրվա ընթացքում կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս և պատասխան չի ստացվել, 3-րդ ամիսը լրանալուց հետո տասն օրվա ընթացքում անձին նշանակվում և վճարվում է նպաստ` դիմումը ներկայացվելու օրվանից:

5. Եթե սույն կարգի համաձայն անձին նպաստ նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի գործը, ապա նպաստի իրավունքը (այդ թվում` նպաստ նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նպաստառուին ավելի վճարված նպաստի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) «Պետական նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված կարգով:

 

(3-րդ հավելվածը լրաց. 29.12.2022 թիվ 2116-Ն / գործողությունը տարածվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից կամ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

մ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2014
N 635-Ն
Որոշում