(ուժը կորցրել է 12.02.2020 թիվ 190-Ն որոշում)
041.0614.211002
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2002 թվականի N 614-Ն
i
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին ու 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 3-րդ կետին համապատասխան`
1. Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով:
2. Հաստատել`
ա) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) վեճեր լուծող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վեճեր լուծող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն` ջրի ազգային խորհրդի կազմում:
2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում ջրային հարաբերություններում ծագած վեճերը լուծող մարմին է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, օգտագործելով միջնորդությունը, բոլոր կողմերի համաձայնությամբ, ջրային հարաբերություններում ծագած` ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերին վերջնական լուծում տվող միջնորդ ծառայելն է:
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) լուծում է ջրային հարաբերություններում ծագած վեճերը` բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը.
բ) առաջարկում է կողմերին, փոխադարձ համաձայնությամբ, մինչև հանձնաժողովի կողմից վեճի լուծման մասին որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ վեճը դատական կարգով լուծելուց.
գ) յուրաքանչյուր եռամսյակ ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.
դ) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից կարող է պահանջել և ստանալ վեճի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ.
ե) հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից:
(6-րդ կետը փոփ. 01.02.13 թիվ 77-Ն որոշում)
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:
8. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում` նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի որոշումներին դեմ քվեարկած անդամի կարծիքը կցվում է որոշմանը:
Հանձնաժողովը գործի քննությունն սկսելուց հետո տաս օրվա ընթացքում պարտավոր է ընդունել որոշում:
10. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.
գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և գրագրությունը.
դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
11. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) կազմում է միջոցառումների ծրագիր.
գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեության ոլորտին առնչվող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
ե) կազմում է հանձնաժողովի որոշումներն ու կազմակերպում դրանց առաքումը.
զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
12. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.
բ) ստորագրում են հանձնաժողովի որոշումները.
գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
13. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:
15. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
հոկտեմբերի 21-ի N 614-Ն որոշման
ԿԱԶՄ
i
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ
Գ. Սարոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Մխիթարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի
տեղակալ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության
գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային
տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի
տեղակալ
Ս. Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ
ենթակառուցվածքների բաժնի պետ
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող
էներգետիկայի բաժնի պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման
ընթացակարգերի վարչության ուղղակի հարկերի բաժնի
պետ
Գ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 12.02.04 թիվ 61-Ն, 13.10.04 թիվ 666-Ն, 25.04.06 թիվ 282-Ն, 01.02.13 թիվ 77-Ն որոշումներ)