02.09.2023 -
040.0954.310818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2018 թվականի N 954-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 30-ի
N 954-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Դասարանը առարկայական միևնույն ծրագիրն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
3. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա` դպրոցի տնօրենի հրամանով, կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական)` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)` յուրաքանչյուր կիսամյակի համար` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված` Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
(3-րդ կետն ուժի մեջ է 01.09.2026 թվականից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
4. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարան ձևավորվում է, եթե սովորողների թիվը գերազանցում է`
1) սույն որոշման 2-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին.
2) սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին:
(4-րդ կետն ուժի մեջ է 01.09.2026 թվականից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
5. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը`
1) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է.
2) սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված` դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:
(5-րդ կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է 01.09.2026 թվականից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
6. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով`
1) արհեստ և արվեստ.
2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
(6-րդ կետն ուժի մեջ է 01.09.2026 թվականից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
(6-րդ կետը Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուժի մեջ է մտնում 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
7. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից:
(7-րդ կետն ուժի մեջ է 01.09.2026 թվականից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
(7-րդ կետը Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուժի մեջ է մտնում 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից` 31.08.2023 թիվ 1484-Ն որոշում)
8. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է`
1) առավելագույնը 15 սովորող.
2) կրթության առանձնահատուկ պայմանների` մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)` առավելագույնը 6 սովորող:
9. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում` դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի գերազանցում դասարանի սովորողների թվի 10%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի` տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է:
10. Սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով:
11. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:
12. Միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր` համաձայն սույն հավելվածի 3-րդ կետի:
13. Դասարանում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող:
(հավելվածը խմբ. 31.08.2023 թիվ 1484-Ն / փոփոխությունն ունի անցումային դրույթներ/ որոշում)