040.0013.190116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2016 թվականի N 13-Ն
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից հայտարարատուից պահանջվող`` ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.03.2023 թիվ 255-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 02.03.2023 թիվ 255-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 14-ի
N 13-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների ոչ ճիշտ դասակարգման մասին տեղեկություններ ունենալու դեպքում մաքսային մարմնի պահանջի դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմնին ներկայացվում են ապրանքների դասակարգմանն առնչվող հետևյալ լրացուցիչ տեղեկությունները, որոնք մաքսային մարմինը պարտավոր է քննության առնել`
1) ապրանքի նմուշ և փորձանմուշ, համապատասխանության հավաստագիր, փորձարկումների արձանագրություններ, փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները կամ փորձագիտական կազմակերպությունների մասնագետների եզրակացությունները, որոնցում ներկայացված են ապրանքի փորձաքննության արդյունքները.
2) տեխնիկական անձնագրեր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ, գծագրեր, նկարներ և (կամ) տեխնիկական բնութագիրը նկարագրող` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.
3) առևտրային փաստաթղթեր (արտաքին տնտեսական գործունեության պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր) և (կամ) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ` հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթեր.
4) մաքսային մարմինը ապրանքների դասակարգման նպատակով կարող է ի լրումն 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանված այլ փաստաթղթերի հիմք ընդունել նաև հայտարարատուի կողմից տրամադրվող համացանցում առկա տեղեկատվությունը:
(հավելվածը փոփ. 02.03.2023 թիվ 255-Ն որոշում)