(ուժը կորցրել է 25.04.06 թիվ 177-Ն որոշում)
i
050.0071.190302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2002 թվականի թիվ 71
«ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ, ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կամ դրանց ղեկավարների կողմից բանկային օրենսդրության խախտումների արձանագրման, վարույթների ընթացակարգի և պատժամիջոցների կիրառման մասին» կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի`
i
- 10.06.1999 թ. թիվ 100 որոշումը և դրանով հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագիրքը»,
- 21.12.1999 թ. թիվ 214 որոշումը,
i
- 17.07.2000 թ. թիվ 188 որոշումը,
i
- 29.08.2000 թ. թիվ 220 որոշումը,
i
- 09.10.2001 թ. թիվ 266 որոշումը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի մարտի 19-ի
թիվ 71 որոշմամբ
ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ, ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ և ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԳ
ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կարգը սահմանված է համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի գլուխ 7-ի և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջների և կարգավորում է բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետև` բանկ) կամ դրանց ղեկավարների կողմից բանկային օրենսդրության խախտումների արձանագրման, դրանց համար պատժամիջոցների կիրառման և վարույթների ընթացակարգը:
ԿԱՆՈՆ 2. ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Սույն կարգին և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան ընդունված Կենտրոնական բանկի անհատական բնույթի իրավական ակտերի իմաստով` բանկային օրենսդրության խախտում է համարվում (այսուհետև` խախտում)`
ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 60-րդ, 65-րդ հոդվածներով, ինչպես նաև 35-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված գործունեությունը, գործողությունները կամ անգործությունը.
բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետում նշված պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու փաստը,
գ) բանկի ղեկավարի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ կետում և 64-րդ հոդվածում նշված գործունեությունը, գործողությունները կամ անգործությունը:
ԿԱՆՈՆ 3. ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ
Բանկի կամ բանկի ղեկավարի կողմից խախտում թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է կիրառել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետում նշված մեկ պատժամիջոց` բանկի նկատմամբ և (կամ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետում նշված մեկ պատժամիջոց` ղեկավարի նկատմամբ, իսկ հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից փաստացի պահուստավորված միջոցների պահուստավորման ենթակա հաշվարկային միջինից փոքր լինելու դեպքում բանկի նկատմամբ կիրառվում է «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետում նշված տույժը` հաշվետու ժամանակաշրջանում միջին հաշվով պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսի (1%) չափով` յուրաքանչյուր չպահուստավորված օրվա համար:
ԿԱՆՈՆ 4. ԽԱԽՏՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
1. Բանկի կամ բանկի ղեկավարի կողմից թույլ տրված խախտումը արձանագրվում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման կողմից արձանագրություն (այսուհետև` արձանագրություն) կազմելու միջոցով, և այդ պահից խախտումը համարվում է արձանագրված: Կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների կողմից բանկի կամ բանկի ղեկավարի կողմից թույլ տրված խախտման հայտնաբերման դեպքում համապատասխան ստորաբաժանումը այդ մասին գրությամբ տեղեկացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` ներկայացնելով խախտման փաստը վկայող առկա բոլոր փաստաթղթերը և ապացույցները: Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից այդ գրության հիման վրա խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահից խախտումը համարվում է արձանագրված:
2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, և նշվում է բանկի կամ բանկի ղեկավարի կողմից օրենքի կամ այլ իրավական ակտի խախտված դրույթը:
3. Արձանագրությունը կազմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այն Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված բանկի գործադիր տնօրենին կամ վարչության նախագահին, խորհրդի նախագահին:
4. Արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում բանկը կամ բանկի ղեկավարը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ բացատրություններ, առարկություններ, պարզաբանումներ:
ԿԱՆՈՆ 5. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Խախտում կատարած բանկի կողմից առարկություններ և բացատրություններ ստանալու դեպքում, ինչպես նաև խախտումն արձանագրած համապատասխան ստորաբաժանման կարծիքով ցանկացած պահին համապատասխան իրավաբանական պարզաբանում ստանալու անհրաժեշտություն ծագելու դեպքում վերջինս դիմում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական եզրակացություն ստանալու համար` ներկայացնելով արձանագրությունը, առկայության դեպքում` բանկի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերը:
2. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունն արձանագրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանմանն է տրամադրում ներկայացված արձանագրության վերաբերյալ իրավաբանական եզրակացությունը:
3. Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (հետագայում` հանձնաժողով) նիստում բանկի կամ դրա ղեկավարի կողմից թույլ տրված խախտման քննարկման ընթացքում իրավաբանական պարզաբանում ստանալու անհրաժեշտություն ծագելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը արձանագրությունը, առկայության դեպքում` բանկի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերն ուղարկում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն, որն արձանագրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում իրավաբանական եզրակացություն է ներկայացնում հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար:
4. Իրավաբանական վարչության ներկայացրած եզրակացությունում պետք է նշվի, թե արձանագրված փաստը արդյոք համարվում է խախտում, և Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել համապատասխան պատժամիջոց, թե ոչ:
5. Այն դեպքում, երբ արձանագրությունը չի ներկայացվել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական պարզաբանման համար, ապա բանկի կամ բանկի ղեկավարի կողմից բացատրություններ, առարկություններ և պարզաբանումներ ստանալու պահից, իսկ չստանալու դեպքում` բանկի կողմից արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օր անցնելու պահից մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը արձանագրությունը, առկայության դեպքում` բանկի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար:
6. Այն դեպքում, երբ արձանագրությունը ներկայացվել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն` իրավաբանական եզրակացություն ստանալու համար, ապա իրավաբանական եզրակացությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը արձանագրությունը, առկայության դեպքում` բանկի բացատրությունները, առարկությունները, ինչպես նաև խախտման փաստը հիմնավորող այլ առկա փաստաթղթերն ու իրավաբանական եզրակացությունը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին` հանձնաժողովի նիստի օրակարգում հարցն ընդգրկելու համար:
ԿԱՆՈՆ 6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
1. Հանձնաժողովը, քննարկելով բանկի կողմից թույլ տրված` սույն կարգի կանոն 2-ի «ա» կետով նախատեսված խախտումները, առկայության դեպքում` բանկի բացատրությունները և առարկությունները, բացառությամբ` պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման, որը հանձնաժողովի նիստում քննարկվում է միայն բանկի կողմից առարկությունների և բացատրությունների ներկայացման դեպքում, խախտում թույլ տված բանկի և (կամ) ղեկավարի նկատմամբ պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու նպատակահարմարությունը, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կանոնով նախատեսված պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ներկայացնում է եզրակացություն.
ա) Կենտրոնական բանկի նախագահին` խախտման համար բանկին նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանք/տույժ նշանակելու, վարույթը կասեցնելու մասին,
բ) Կենտրոնական բանկի խորհրդին` բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու, տուգանք/տույժ չկիրառելու, տուգանքը/տույժը մեղմացնելու, վարույթը կասեցնելու, սույն կարգում նախատեսված դեպքերում վարույթը կարճելու, տուգանքի կամ այլ պատժամիջոցի կիրառումը հետաձգելու, սույն կարգի 8-րդ կանոնում նշված պայմանագիրը կնքելու կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
2. Սույն կարգում սահմանված դեպքերում և կարգով հանձնաժողովը կարող է նաև որոշում կայացնել բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ սկսված վարույթը կարճելու մասին:
3. Հանձնաժողովի նիստից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդունված համապատասխան որոշման բովանդակությամբ պատրաստում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը կամ պատրաստում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` Կենտրոնական բանկի խորհուրդ ներկայացնելու համար:
4. Կենտրոնական բանկի խորհրդում քննարկվելուց հետո խորհրդի հաստատած որոշման հիման վրա Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը վերջնական խմբագրման է ենթարկում սույն կանոնի 3-րդ կետում նշված խորհրդի որոշման նախագիծն ու ներկայացնում ստորագրման:
ԿԱՆՈՆ 7. ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ
1. Բանկի կամ բանկի ղեկավարի նկատմամբ տուգանքների նշանակման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ուժի մեջ մտնելու պահից տուգանքների գանձման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը:
2. Բանկի կամ բանկի ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը Կենտրոնական բանկի տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության հատուկ բաժնի միջոցով Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում հրամանը և տուգանքի վճարման հայտարարագիրը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության համապատասխան ծանուցագրով ուղարկում է խախտում թույլ տված բանկին կամ բանկի ղեկավարին:
3. Խախտում թույլ տված բանկը կամ բանկի ղեկավարը հրամանն ու տուգանքի վճարման հայտարարագիրն ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կենտրոնական բանկին է ներկայացնում տուգանքի վճարման հանձնարարականը կամ տուգանքի վճարումը հավաստող փաստաթուղթը (բանկի ղեկավարի տուգանքի դեպքում), կամ հայտարարագիր` տուգանքի վճարման հետ համաձայնության մասին:
4. Այն դեպքում, երբ բանկը համաձայնում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից բանկի նկատմամբ որպես պատժամիջոց նշանակված տուգանքի չափի հետ, այն է` Կենտրոնական բանկի կողմից տուգանքի վճարման հայտարարագիրն ստանալու դեպքում Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությունը սահմանված տուգանքը գանձում է Կենտրոնական բանկում բացված բանկի թղթակցային հաշվից` Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը խախտում թույլ տված բանկի կամ բանկի ղեկավարի կողմից տուգանքի վճարման հայտարարագիրը կամ տուգանքի վճարումը հավաստող փաստաթուղթը չստանալու կամ անհամաձայնությունն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան է ներկայացնում տուգանքը գանձելու վերաբերյալ Կենտրոնական բանկի հայցադիմումը:
6. Բանկի նկատմամբ տուգանքի գանձման մասին առաջին ատյանի, տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությունը վճռի հիման վրա բանկի թղթակցային հաշվից գանձում է տուգանքի գումարը, իսկ բանկի ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձման վերաբերյալ վճռի կայացման ժամանակ բանկի ղեկավարի կողմից դատարանի վճիռը կամովին չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը ձեռնարկում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված` դատարանի վճռի հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումներ:
7. Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությունը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկի նկատմամբ պարտադիր պահուստավորման սահմանված կարգը խախտելու համար նշանակված տույժի գումարները գանձում է Կենտրոնական բանկում բացված բանկի թղթակցային հաշվից` Կենտրոնական բանկի նախագահի հրամանն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Սույն կանոնով նախատեսված տուգանքի գումարները գանձվում են հօգուտ ՀՀ պետական բյուջեի, իսկ սույն կանոնով նախատեսված տույժի գումարները` հօգուտ Կենտրոնական բանկի եկամուտների:
9. Եթե սույն կարգով նախատեսված կամ սույն կարգով սահմանված կարգով ընդունված որոշմամբ նախատեսված ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա տվյալ ժամկետն ավարտվում է հաջորդ աշխատանքային օրվա վերջին:
ԿԱՆՈՆ 8. ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1. Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի միջև, բանկի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով, կարող է կնքվել պայմանագիր:
2. Սույն կանոնի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք, կամ այլ պատժամիջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել, կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:
3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները. որոշակի ժամանակաշրջանում բանկի ֆինանսական առողջացման, վերակազմավորման կամ զարգացման ծրագրի իրագործում, բանկի կողմից խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում, շահաբաժինների վճարման կասեցում, ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում, բանկի ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում, ակտիվային ու պասիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում:
4. Հանձնաժողովի կողմից համապատասխան պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին եզրակացության կայացման դեպքում սույն կանոնով սահմանված պայմանագրի նախագիծը պատրաստվում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության կողմից և ուղարկվում բանկին հանձնաժողովի նախագահի կից գրությամբ:
5. Բանկը նախագիծն ստանալու պահից 10-օրյա ժամկետում կարող է ներկայացնել առարկություններ և (կամ) առաջարկություններ:
6. Հանձնաժողովը քննարկում է բանկի առարկություններն ու (կամ) առաջարկությունները և պայմանագրի նախագիծը ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը:
7. Եթե բանկը կատարել է սույն կանոնով նախատեսված պայմանագրի պայմանները, ապա նրա նկատմամբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է պատժամիջոց չկիրառվել:
ԿԱՆՈՆ 9. ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է համապատասխան պատժամիջոց կիրառել խախտման արձանագրման պահից 1 տարվա ընթացքում:
ԿԱՆՈՆ 10. ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼԸ
1. Հանձնաժողովը կարճում է վարույթը, եթե`
ա) բաց են թողնված սույն կարգով սահմանված վաղեմության ժամկետները.
բ) խախտման համար օրենքով պատժամիջոց սահմանված չէ.
գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում, բանկային օրենսդրության փոփոխության պարագայում, այլևս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատժամիջոց սահմանված չէ.
դ) արձանագրված փաստը որպես խախտում չի որակվել.
ե) սույն կարգի կանոն 8-ով նախատեսված պայմանագրի ավարտից հետո բանկն ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:
2. Հանձնաժողովը կարող է կարճել վարույթը, եթե մինչև պատժամիջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի ստորագրումը բանկը կամովին վերացրել է խախտումը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը հայտնվել է անվճարունակության գործընթացում, և կարող է կարճել վարույթը, եթե բանկի հետ կնքվել է սույն կարգի կանոն 8-ով նախատեսված պայմանագիրը:
4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն կանոնի 1-ին կետի «գ» և 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված և հաշվարկվում բանկի կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:
ԿԱՆՈՆ 11. ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Կենտրոնական բանկի նախագահը կամ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել վարույթը, եթե պատժամիջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում, կամ երևան են եկել նոր հանգամանքներ, կամ բանկի հետ կնքվել է սույն կարգի 8 կանոնով նախատեսված պայմանագիրը: Ընդ որում, կասեցման որոշման մեջ պետք է հստակ նշվի վարույթի կասեցման ժամկետը:
ԿԱՆՈՆ 12. ՏՈՒԳԱՆՔԻ, ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ, ՏՈՒԳԱՆՔԸ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՔԸ, ՏՈՒՅԺԸ ՄԵՂՄԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի, բանկի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, բանկային վերահսկողության դեպարտամենտի, հանձնաժողովի առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կամ բանկի հետ սույն կարգի կանոն 8-ով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ տուգանքի, տույժի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատժամիջոց չկիրառելու, կամ տուգանքի, տույժի չափը նվազեցնելու մասին, կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի, տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի ծանր ֆինանսական կացությանը:
ԿԱՆՈՆ 13. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Անվճարունակության գործընթացում գտնվող բանկերի նկատմամբ տուգանքների և տույժերի ձևով պատժամիջոցներ չեն կիրառվում:
ԿԱՆՈՆ 14. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Սույն կարգով սահմանված և բանկերի ու դրանց ղեկավարների կողմից թույլ տրված և արձանագրված խախտումների հաշվառումը վարում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը: