ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով հարկային արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների` ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից ազատելը |
1. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող` Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից` այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:
2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված կարգով դուրս գրված և պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և (կամ) առողջապահության նախարարության վավերացրած հաշվարկային փաստաթղթերով: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:
i
3. Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն:
Հոդված 3. |
Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը |
i
1. Դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածների համաձայն` ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները` պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերում:
Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված` Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների նկատմամբ` դրանք սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-461-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հոկտեմբերի 2020 թվական: