050.0037.060202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2002 թվականի թիվ 37
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամագիտական արժեքների թողարկման և հաշվառման կարգը» (կցվում է):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հուլիսի 17-ի թիվ 186 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուշադրամների և հուշամեդալների թողարկման մասին կարգը»:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգն ընդգրկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկի հավելվածներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի փետրվարի 6-ի
թիվ 37 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույնով կանոնակարգվում են դրամագիտական արժեքների թողարկումը, չափումը, ինչպես նաև ձեռքբերման հետ կապված ծախսերի և իրացումից ստացված եկամուտների հաշվառումը:
1.2. Սույն կարգի իմաստով`
Դրամագիտական արժեքներ` հուշադրամներ, որոնք թողարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և հուշամեդալներ, որոնք ձեռք են բերվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև այլ դրամագիտական արժեքներ:
Հուշադրամներ` ՀՀ արժույթ հանդիսացող հատուկ հատված մետաղադրամներ, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման բարդ մեթոդներ: Հուշադրամները շրջանառության մեջ հանդես են գալիս`
ա) որպես օրինական վճարամիջոց` անվանական արժեքով,
բ) որպես հավաքածուի, նվիրատվության առարկա:
Հուշամեդալներ` հատուկ հատված դրամագիտական արժեքներ, որոնց պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ, ձեռնարկվել դրամահատման տեխնոլոգիայի և գեղարվեստական ձևավորման բարդ մեթոդներ: Հուշամեդալները չունեն անվանական արժեք և օրինական վճարամիջոց չեն:
Այլ դրամագիտական արժեքներ` դրամագիտական արժեքներ, որոնք չեն դասակարգվում որպես հուշադրամներ և հուշամեդալներ:
Հաշվեկշռային արժեք` դրամագիտական արժեքների ինքնարժեքի և դրանց գծով ստեղծված պահուստաֆոնդի 1*) տարբերություն:
Ինքնարժեք` գումար, որը ներառում է դրամագիտական արժեքների թողարկման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
ԼԻՖՈ` բանաձև, ըստ որի` վերջին գնված դրամագիտական արժեքների միավորները ելքագրվում են առաջինը:
2. ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՉԱՓՈՒՄԸ
2.1. ՀՀ հուշադրամների թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: ՀՀ հուշադրամները թողարկվում և շրջանառության մեջ են դրվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի հաստատած` հուշադրամների թողարկման ծրագրի համաձայն:
2.2. Հուշադրամների և հուշամեդալների ձեռքբերման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը կնքում է պայմանագրեր համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների (դրամահատարանների) հետ և հսկում այդ պայմանագրերի ժամանակին և պատշաճ կատարումը: Դրամագիտական արժեքների թողարկման և տեղափոխման հետ կապված ծախսերը սահմանվում են դրամագիտական արժեքների ձեռքբերման պայմանագրերով:
2.3. ՀՀ կենտրոնական բանկը հուշադրամների իրացումը կազմակերպելու համար տալիս է հուշադրամները շրջանառության մեջ դնելու, դրանց թողարկման քանակի, տեխնիկական հատկանիշների և վաճառքի գների մասին տեղեկատվություն:
2.4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ձեռք բերված հուշամեդալները սկզբնապես չափվում են իրենց ինքնարժեքով և գրանցվում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում որպես ակտիվ` մինչև դրանց իրացումը:
2.5. Որպես ակտիվ ճանաչված դրամագիտական արժեքները հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի 2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից», 2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից», 2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից», 2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից», 2525 «Այլ դրամագիտական արժեքներ» հաշիվներում` առանձին անալիտիկ հաշիվներով` ըստ մետաղների տեսակների, հատված դրամի որակի և դրամագիտական արժեքի տեսակի և 9071 «Թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9072 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում», 9073 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9074 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում», 9075 «Այլ դրամագիտական արժեքներ դրամապահոցում» արտահաշվեկշռային հաշիվներում` հատերով: Դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամները պահվում են դրամապահոցում` մյուս մետաղադրամներից և արժեքներից առանձին:
3. ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
3.1. Դրամագիտական արժեք հանդիսացող հուշադրամները և հուշամեդալները ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրացվում են յուրաքանչյուր հուշադրամի ու հուշամեդալի համար ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով կամ կնքված պայմանագրերով սահմանված վաճառքի գնով:
3.2. ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը, դրամագիտական արժեք ներկայացնող հուշադրամների առք ու վաճառքի գործարքներ կնքելիս, սահմանում են վաճառքի գները` ելնելով դրանց պահպանվածության աստիճանից, համաձայն հավելված 1-ի: Ընդ որում, ցածր պահպանվածության աստիճան ունեցող հուշադրամների հետ գործարքներում կարող են օգտագործվել կարգավորող գործակիցներ` գնման և վաճառքի գների նկատմամբ հուշադրամի այս կամ այն պահպանվածության աստիճանին համապատասխան (հավելված 1):
3.3. Դրամագիտական արժեքները հանվում են ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռից, երբ դրանք իրացվում կամ ընդմիշտ դուրս են հանվում օգտագործումից, ինչպես նաև` երբ ապագա ոչ մի եկամուտ դրանց իրացումից չի ակնկալվում:
3.4. Դրամագիտական արժեքների իրացման դեպքում կատարվում են հետևյալ ձևակերպումները`
ա. ԴՏ 2529 «Դրամագիտական արժեքների պահուստաֆոնդ» - իրացվող դրամագիտական արժեքի գծով ձևավորված պահուստաֆոնդի գումարի չափով.
ԴՏ 7013 «Դրամագիտական արժեքների թողարկման ծախս» - հաշվեկշռային արժեքի չափով
ԿՏ 2521 «Հուշադրամներ թանկարժեք մետաղներից», 2522 «Հուշամեդալներ թանկարժեք մետաղներից», 2523 «Հուշադրամներ ոչ թանկարժեք մետաղներից», 2524 «Հուշամեդալներ ոչ թանկարժեք մետաղներից», 2525 «Այլ դրամագիտական արժեքներ» - ինքնարժեքի չափով.
բ. ԴՏ Թղթակցային հաշիվ կամ դրամարկղ
ԿՏ 633 «Դրամագիտական արժեքների իրացումից ստացված եկամուտներ» ենթաբաժնի հաշիվներ.
գ. Դրամագիտական արժեքները ելքագրվում են արտահաշվեկշռային 9071 «Թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9072 «Թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում», 9073 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշադրամներ դրամապահոցում», 9074 «Ոչ թանկարժեք մետաղներից հուշամեդալներ դրամապահոցում», 9075 «Այլ դրամագիտական արժեքներ դրամապահոցում» հաշիվներից:
3.5. Դրամագիտական արժեքների իրացման դեպքում ՀՀ կենտրոնական բանկում կիրառվում է ԼԻՖՈ բանաձևը:
3.6. Դրամագիտական արժեքների որևէ տեսակի չիրացման դեպքում դրամագիտական արժեքները հաշվեկշռից դուրս գրելը, ոչնչացնելը, վերաձուլելը կամ որպես այլ ակտիվ վերագրանցելը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.12.2000 թ. թիվ 328 որոշման համաձայն:
4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1. Սույն կարգի 3.4 և 3.5 կետերն ուժի մեջ են 2003 թ. հունվարի 1-ից:
---------------------------------------------------------------------
1*) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.12.2000 թ. թիվ 328 որոշմամբ
հաստատված «ՀՀ ԿԲ դրամագիտական արժեքների պահուստի ձևավորման կարգի»
համաձայն ստեղծված պահուստաֆոնդ:
Հավելված 1
ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ (ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ) ՈՐԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Մետաղադրամների գնահատման համար, հիմնվելով դրանց ֆիզիկական բնութագրերի վրա, մշակվել են մի շարք համընդհանուր ճանաչում ստացած ցուցանիշեր, որոնք արտացոլում են` մի կողմից` մետաղադրամի հատման տեխնոլոգիայի առանձնահատկությունները (հատման որակ), մյուս կողմից` նրա ֆիզիկական պահպանվածության աստիճանը, այսինքն` մետաղադրամի մակերևույթի վրա այս կամ այն չափով նշանակալի վնասվածքների առկայությունը, որոնք մետաղադրամը ձեռք է բերում հատման, պահեստավորման և շրջանառության ընթացքում: Ֆիզիկական բնութագրերը, լինելով միակը մետաղադրամի ցանկացած տիպի համար, կարող են կիրառվել ինչպես ՀՀ արժույթ հանդիսացող մետաղադրամի, այնպես էլ դրամագիտական արժեք հանդիսացող մետաղադրամի համար:
1. ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԸ
- «Պրուֆ» որակ` մետաղադրամի հատման բարձրագույն որակ, որն ստացվում է հատման համար հատուկ հաստոցներ և վերամշակման հատուկ ձևեր օգտագործելիս: Մետաղադրամները պատրաստվում են անհատական ռեժիմով, ձեռքի աշխատանքի մեծ բաժնով: Պատրաստի մետաղադրամներն անմիջապես փակվում են թափանցիկ պարկուճների մեջ: «Պրուֆ» որակի մետաղադրամներն ունեն բացարձակ հարթ, հայելային մակերևույթ և, որպես կանոն, ուռուցիկ նկար: Բարձրաքանդակը (ռելիեֆը) պետք է լինի պարզ, ունենա լավ երևացող մանրամասներ (դետալներ): Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, քերվածքներ, անհարթություններ, մակերևույթի մանրագույն անհավասարություններ (օրինակ` ալիքաձև կամ նարնջի կեղև հիշեցնող մասեր), դրամաշուրթի անհամաչափ տեղադրման և ձեռքի հպման հետքեր:
- «Լավացված» որակ` վերաբերում է այն մետաղադրամներին, որոնք հատված են սովորական հաստոցներով, սակայն, օգտագործելով ավելի լավ մշակված գործիքներ և կիսաֆաբրիկատ: Կիսաֆաբրիկատները մինչև հաստոց տեղափոխվում են ավտոմատ, իսկ պատրաստի մետաղադրամները աշխատանքային գոտուց հանվում են ձեռքով` ոչ բարդ հարմարանքների օգնությամբ, ինչը բացառում է մետաղադրամների հետ ձեռքի շփումը և դրանց վրա վնասվածքների գոյացումը: «Լավացված» որակով մետաղադրամներն ունեն հարթ, փայլուն մակերևույթ, նկարի պարզ և հստակ գծեր: Մետաղադրամի վրա չպետք է լինեն անզեն աչքով տեսանելի խազեր, մատների հետքեր և այլն: Նշված մետաղադրամները հատումից հետո տեղադրվում են փափուկ կամ կոշտ թափանցիկ պլաստիկ կափարիչների մեջ, երբեմն նաև` հուշանվերային տուփերի մեջ:
2. ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
- Շրջանառության մեջ չեղած մետաղադրամներ` շրջանառությամբ պայմանավորված վնասվածքներ չունեցող մետաղադրամներ, որոնք, սակայն, կարող են ունենալ տեխնոլոգիական վնասվածքներ (անզեն աչքով տեսանելի շատ փոքր խազեր): Այդպիսի վնասվածքներ առաջանում են մետաղադրամների` մեկը մյուսի հետ շփումից` հաստոցների ավտոմատ կուտակիչներ դուրս նետելու, ավտոմատ վերահաշվող մեքենայով անցնելու, ինչպես նաև մետաղադրամներն արտադրամասից պահեստ տեղափոխելու ժամանակ: Նշված մետաղադրամները, որպես կանոն, ողջ մակերևույթով ունեն խամրած մետաղյա փայլ:
- Բացարձակ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են կարճ ժամանակ: Բացի վերը նշված սովորական տեխնոլոգիական վնասվածքներից, այս մետաղադրամները բարձրաքանդակի վերին մասերում ունեն անզեն աչքով տեսանելի տարբեր աստիճանի թեթևակի մաշվածություններ: Նկարների գծագրությունները հստակ են, բոլոր մանրամասները` պահպանված: Թարմ մետաղյա փայլը մակերևույթի մեծ մասի վրա բացակայում է: Խոր խազեր և այլ թերություններ չկան:
- Շատ լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ եղել են ավելի երկար ժամանակ և բարձրաքանդակի բարձր մասերում ունեն նկատելի մաշվածություն, ամենամանր մասերն արդեն վնասված են, բայց նկատվում են, նկարների գծագրությունները դեռևս բավականին ընդգծված են, մետաղադրամի ընդհանուր տեսքը լավ է: Մետաղյա փայլը բացակայում է նույնիսկ առանձին հատվածներում: Ինչպես վերը նշված կատեգորիաներում, թույլատրելի են փոքր խազեր: Խոր խազեր և այլ լուրջ վնասվածքներ չկան:
- Լավ պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ գտնվում են բավականին երկար ժամանակ և ողջ մակերևույթով ունեն նշանակալի մաշվածքներ: Բարձրաքանդակի որոշ մանրամասներ ջնջված են ամբողջությամբ, գծագրերը կորցրել են հստակությունը, բայց բարձրաքանդակը և գրերը հեշտությամբ տարբերվում են: Թույլատրվում են թեթև խազեր և սովորական տեխնոլոգիական վնասվածքներից մի փոքր ավելի լուրջ վնասվածքներ:
- Բավականին բավարար պահպանվածություն: Վերաբերում է ողջ մակերևույթի նշանակալի մաշվածք ունեցող մետաղադրամներին: Հնարավոր է տարբերել միայն նկարների խոշոր մասերը: Դեկորատիվ զարդանախշերի մանր դրվագներ (հացահատիկ, տերև, կետեր, աստղեր և այլն) ջնջվել են ամբողջությամբ:
- Բավարար պահպանվածություն` այն մետաղադրամները, որոնց վրա հնարավոր է տարբերել միայն հիմնական նկարների գծագրերը: Գծերը և տարեթվերը դժվարությամբ են տարբերվում:
- Լուրջ թերություններով մետաղադրամներ: Համարվում են մետաղյա ջարդոն, ունեն ավելի լուրջ վնասվածքներ.
- դիտավորյալ արված խոր խազեր,
- սղոցվածք, քերվածք,
- անցքեր, ձուլվածքի, քիմիական նյութերից քայքայվելու հետքեր,
- մակերևույթի ձևախախտում,
- մետաղի շերտավորում,
- մաշվածության մեծ աստիճան, որի դեպքում հնարավոր չէ կարդալ գրերը և ամսաթիվը,
- կեղծ մետաղադրամներ, անկախ դրանց վիճակից և պահպանվածության աստիճանից:
«Լավացված» և «պրուֆ» որակի մետաղադրամները, եթե դրանք եղել են շրջանառության մեջ առանց պաշտպանիչ պարկուճների կամ այլ փաթեթների և ձեռք են բերել մաշվածքներ ու այլ վնասվածքներ, գնահատվում են ըստ պահպանվածության աստիճանի` որպես հասարակ մետաղադրամներ: