ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 266-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.4-րդ մասերով.
«5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:
5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:
5.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:
5.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
i
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».
2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ» բառերով և «ապօրինի» բառը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածում`
1) 2.2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-241-Ն
|