040.0160.030315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2015 թվականի N 160-Ն
ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշում է.
1. Սահմանել, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:
(1-ին կետը փոփ. 11.05.18 թիվ 570-Ն / գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /,
15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)
2. Հաստատել Կադաստրի կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 15.04.2022 թիվ 509-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(վերնագիրը փոփ. 11.05.18 թիվ 570-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)
(նախաբանը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,
15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի փետրվարի 19-ի
N 160-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարողի` Կադաստրի կոմիտեի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշումներ)
2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`
1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).
3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն), Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության վերաբերյալ տեղեկատվությունը.
4) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) շինարարության թույլտվությունների տրամադրման` լիազոր մարմինների որոշումների ընդունման ամսաթիվը:
(3-րդ կետը փոփ. 15.04.2022 թիվ 509-Ն որոշում)
4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը` լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում փաստաթղթաշրջանառության «MՍLBERRY» համակարգի միջոցով:
5. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման առումով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված` շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` դրանց տեսաներածված օրինակները:
(5-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 391-Ն, 11.05.18 թիվ 570-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշումներ)