(ուժը կորցրել է 30.01.2020 թիվ 81-Ն որոշում)
i
040.1277.161216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1277-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Թափոնների ուսումնասիրության կենտրոն (պետական գրանցման համարը` 273.210.04072), «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը` 264.210.07447), «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը` 264.210.06367) և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» (պետական գրանցման համարը` 286.210.04920) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:
3. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) պահպանության բարձր մակարդակի ապահովմանը նպաստելը` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման վերաբերյալ բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.
2) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվությունը բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանում ներբեռնումն ու շտեմարանի վարումը.
3) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը.
4) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների մասին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատասխան համակարգչային շտեմարանների (բազա) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանն այդ շտեմարաններում պարունակվող տեղեկությունների տրամադրումը և ստացումը:
4. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության խնդիրներն են`
1) պլանավորված ու միասնական ցուցանիշների կիրառմամբ դիտարկումների իրականացումը.
2) բնածին ու մարդածին ազդեցությունների հետևանքով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի փոփոխությունների բացահայտումն ու կանխատեսումը.
3) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի, որակի ու քանակի վերաբերյալ բնութագրական համադրելի տեղեկատվության ստացումը, վերլուծությունը, ամփոփումն ու տրամադրումը.
4) մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործությունների, մթնոլորտում տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումները.
5) մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների, ջրաէկոհամակարգերի, ջրային ռեսուրսների ծախսի, որակական ու քանակական հատկությունների, բաղադրության, քիմիական ու ռադիոակտիվ նյութերով և թափոններով աղտոտվածության, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների ու երևույթների դիտարկումները և ուսումնասիրությունների իրականացումը.
6) հողերի աղտոտվածության վիճակի ու որակական փոփոխությունների և հողերի վրա այլ բացասական ազդեցությունների ու երևույթների դիտարկումները և ուսումնասիրությունների իրականացումը.
7) թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումները և ուսումնասիրությունների իրականացումը, բացասական ազդեցությունները ներկայացնելը.
8) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, աճելավայրերի ու բնակության վայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի դիտարկումները և ուսումնասիրությունների իրականացումը:
5. Թույլատրել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) թափոնների անձնագրերի կազմման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.
2) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում.
3) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում.
4) հիդրոերկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում հետևյալ ծառայությունների մատուցում`
ա. ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմում,
բ. ստորերկրյա ջրերի հանքավայրերի երկրաբանաէկոլոգիական քարտեզների կազմում.
5) հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.
6) ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում.
7) ստորերկրյա ջրերից ջրօգտագործողին հատկացվող ջրառի սահմանային մեծությունների և կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկում.
8) ջրառի և թույլատրելի սահմանային արտահոսքի հաշվարկների իրականացում.
9) պետական ջրային կադաստրի ստորերկրյա ջրերի մասին տեղեկատվության լիարժեքությանը, դրանց կառավարմանը և պահպանմանը նպաստելու նպատակով ստորերկրյա ջրաղբյուրների (հորատանցքեր, բնաղբյուրներ և այլն) անձնագրերի կազմում և տրամադրում.
10) ստորերկրյա ջրերի շահագործվող հորատանցքերի մաքրման, կոնսերվացման և լիկվիդացման, նոր հորատանցքերի հորատման, հորատանցքերի ու բնաղբյուրների գույքագրման, ինչպես նաև դրանց շահագործական պաշարների գնահատման կամ վերագնահատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների կատարում.
11) սանիտարական խիստ պահպանման գոտիների նախագծման համար հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.
12) շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների հետազոտությունների, ուսումնասիրությունների, մշակումների, ծրագրերի և ստեղծագործական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
13) շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների, ինչպես նաև թափոնների գործածության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում ու իրականացում.
14) տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն.
15) համակարգչային ու գրասենյակային տեխնիկայից օգտվելու և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին իրազեկության բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում.
16) հրատարակչական գործ, այդ թվում` շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի` գրքերի, բրոշյուրների, քարտեզների, ատլասների, պաստառների, կատալոգների, ծանուցագրերի վերարտադրում (հրատարակում, վերահրատարակում):
i
6. «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
2) «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
3) բանակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ` բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարան ստեղծելու նպատակով ֆինանսական միջոցներ տրամադրելու համար:
i
8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1611-Ն, 2003 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 որոշման մեջ լրացում կատարելու և «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 411-Ն, 2005 թվականի մայիսի 19-ի «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 670-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1616-Ն որոշումները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ