040.0321.300318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2018 թվականի N 321-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի N 277 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող (8327 հատ, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով) բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ` «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Չարենցի փող. 5) (այսուհետ` գնորդ):
(1-ին կետը փոփ. 08.11.2018 թիվ 1252-Ա որոշում)
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի հունվարի 26-ի դրությամբ գնահատված արժեքը` 134 420 400 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 134 420 400 դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 154 000 դրամ (կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին):
4. Բացի նշված պարտավորությունից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր առաջարկ տրամադրել նախօրոք հայտնի գնորդին` գույքի ձեռքբերման համար գումարի վճարման ժամկետ սահմանելով 6 ամիս.
2) գնորդի կողմից վաճառքի գնի վճարման անդորրագիրը ներկայացնելուց, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված` 240468 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո 7-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`
1) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցման պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները.
2) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում կատարել բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում` բաժնետոմսերի ռեեստրի վարումն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունում.
3) պահպանել ընկերության` մանկական հակատուբերկուլյոզային առողջարանական բուժօգնության ուղղվածությունը:
7. Գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ