(ուժը կորցրել է 15.08.2019 թիվ 1023-Ն որոշում)
i
040.0577.010617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2017 թվականի N 577-Ն
i
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 6-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` դատարան) Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ), որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
1.1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:
2. Սահմանել, որ`
1) ներկայացուցիչը դատարանում ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ թվում` իրականացնում է դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը.
2) իր լիազորությունները պատշաճ մակարդակով և արդյունավետ իրականացնելու նպատակով ներկայացուցիչն իրավասու է առաջարկելու իրականացնել դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել ու ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչի նշած ժամկետներում նրան տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն.
3) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ), որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ.
4) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացուցչին աջակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, որի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է տեղակալը.
5) ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 21.06.18 թիվ 708-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ