040.0621.200613
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2013 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիս 13-ի
N 621-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ` գործակալություն) պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը:
i
2. Գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից, սույն կարգով ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (այսուհետ` դիմող մարմին):
(2-րդ կետը փոփ. 05.05.16 թիվ 455-Ն որոշում)
3. Դիմող մարմինը տեղեկություններն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում գործակալություն:
4. Դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմող մարմնին գործակալության տեղեկատվական համակարգին միանալու համար տրամադրվում է համապատասխան մուտքի անուն, գաղտնաբառ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անվտանգության սարք:
5. Դիմող մարմինը պարտավորվում է տեղեկատվական համակարգից օգտվել բարեխղճորեն, ստացված տեղեկատվությունն օգտագործել իր պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակում, չշրջանցել համակարգից օգտվելու ծրագրային սահմանափակումները:
i
6. Դատական իշխանության մարմինները գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են դատարանների էլեկտրոնային կառավարման համակարգի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում, ինչպես նաև դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի համապատասխան որոշման հիման վրա տեղեկությունները պահանջելու դեպքում:
i
6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում է նաև Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում:
(6.1-ին կետը լրաց. 09.06.16 թիվ 592-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 9-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված մասնավոր անձանց խմբերն ազատվում են գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից` պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով ինքնաշխատ եղանակով ստանալու դեպքում: