(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1402-Ն որոշում)
i
040.0674.231000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 674
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) պաշտոնեական (ծառայողական) բնակարանները նախատեսվում են այն անձանց բնակեցման համար, ովքեր, ելնելով իրենց աշխատանքային հարաբերությունների բնույթից, պետք է բնակվեն աշխատավայրի գտնվելու տարածքում կամ դրա մոտակայքում և ովքեր տվյալ բնակավայրում չունեն այլ բնակելի տարածություն.
բ) պաշտոնեական (ծառայողական) բնակարանները կարող են հատկացվել միայն պետական հիմնարկներում աշխատող անձանց` նրանց աշխատանքային հարաբերությունների իրականացման կապակցությամբ` այդ աշխատանքային հարաբերությունների իրականացման ամբողջ ժամանակաընթացքում.
գ) պաշտոնեական (ծառայողական) բնակարանները հատկացվում են վարձակալության իրավունքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 23-ի N 674 որոշմամբ
ԿԱՐԳ
պետական սեփականություն համարվող բնակարանները որպես
պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու
1. Պետական սեփականություն համարվող բնակարանները պաշտոնեականի (ծառայողականի) թվին են դասվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և հանձնվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը, որն ապահովում է նշված բնակարանների հաշվառումը:
2. Պաշտոնեական (ծառայողական) բնակարան ստանալու համար անձը դիմում է ներկայացնում այն պետական հիմնարկի ղեկավարությանը, որտեղ աշխատում է:
Պետական հիմնարկի ղեկավարությունը դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում այն իր կարծիքի հետ միասին ներկայացնում է համապատասխան վերադաս պետական մարմին:
3. Պետական մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումը պետական հիմնարկի ղեկավարության կողմից ստանալուց հետո 10-օրյա ժամկետում այն իր միջնորդության հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի համաձայնությամբ հատկացնում է պաշտոնեական (ծառայողական) բնակարան:
5. Պաշտոնեական (ծառայողական) բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից, իսկ վարձակալության իրավունքը ենթակա է սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցման: