Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2015 - 01.01.2017} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2015 - 01.01.2017} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2015  -ից մինչեւ   01.01.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.11.2025  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

 

Հոդված 2. Ոստիկանությունում ծառայությունը

 

1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Ոստիկանությունում առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը:

i

2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:

Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

i

4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 11.06.09 ՀՕ-150-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ)օրենքներ)

 

Հոդված 3. Ոստիկանության ծառայողը

 

1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 09.04.07 ՀՕ-143-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը

 

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`

- պետական կառավարման մարմնի ղեկավար,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`

- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,

- գլխավոր վարչության պետի տեղակալ,

- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ`

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ`

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:

(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 13.11.07 ՀՕ-251-Ն , 22.05.08 ՀՕ-45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն , 11.06.14 ՀՕ-63-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Ոստիկանության կոչումները

 

1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`

- ոստիկանության գեներալ-գնդապետ,

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ`

- ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ.

3.1) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ.

4) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության ավագ ենթասպա,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության կրտսեր սերժանտ:

2. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ  և միջին կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ կրտսեր կոչումները` ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:

4.1. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:

Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն , 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները

 

1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-գնդապետի կոչումն է:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 19.12.2004 թվականից` 14.12.04 ՀՕ-131-Ն օրենք)

3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:

5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն օրենք)

 

Հոդված 7. Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները

 

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- ոստիկանության սերժանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,

- ոստիկանության ավագ` 3 տարի,

- ոստիկանության ենթասպա` 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- ոստիկանության կապիտան` 3 տարի,

- ոստիկանության մայոր` 4 տարի.

2.1) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում`

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.1. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.2. Ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանին համապատասխան ոստիկանության կոչում, բայց ոչ ավելի, քան տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումը: Եթե քաղաքացիական ծառայողը նախկինում ունեցել է ոստիկանության ավելի բարձր կոչում, ապա սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակվելիս այն պահպանվում է:

i

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 06.12.07 ՀՕ-288-Ն  (օրենքն ունի անցումային դրույթներ), 22.05.08 ՀՕ-45-Ն  , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն (օրենքով կատարված փոփոխություններին տրվել է հետադարձ ուժ) օրենքներ)

 

Հոդված 8. Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

 

Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:

 

Հոդված 9. Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը

 

Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:

 

Հոդված 10. Ոստիկանության ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը

 

Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 3.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

i

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի).

2) իր անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում պաշտոնի կարող են նշանակվել «Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիները` վերապատրաստման արդյունքներով: Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

i

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

i

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

(11-րդ հոդվածը փոփ. 13.11.07 ՀՕ-251-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ 31.10.02 ՀՕ-333-Ն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ «2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:»: ՀՕ-333-Ն օրենքի 4-րդ հոդվածը 2-րդ մաս չունի, այդ իսկ պատճառով 11-րդ հոդվածի նոր խմբագրությունն ամբողջովին ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 7-ից:

 

Հոդված 12. Ոստիկանության ծառայողի երդումը

 

1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` երդվում եմ.

հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:

3. Ոստիկանության ուսումնական հաստատության սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:

4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 13. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը (այսուհետ` պետական կառավարման մարմնի ղեկավար):

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին և քննչական գլխավոր վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

5. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով:

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 17.01.2008 թվականից` 06.12.07 ՀՕ-288-Ն օրենք)

7. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 13.11.07 ՀՕ-251-Ն , 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

 

ԻՐՏԵԿ 14-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխվելու է 01.01.2019 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք

 

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում բացառիկ դեպքերում կարող են նշանակվել նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը ութ տարի զբաղեցրել են ոստիկանության միջին խմբի պաշտոն, որից առնվազն վերջին երեք տարին` բաժանմունքի պետի տեղակալի կամ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսչի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոններ:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

 

ԻՐՏԵԿ

3-րդ մասը մասնագիտական որակավորման մասով ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից՝ 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք

2017 թվականի հունվարի 1-ից հոդվածը լրացվելու է 3.1. մասով՝ 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք

 

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

9. (9-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2013 թվականից`  08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

9.1. ՈՒսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում:

(14-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 22.05.08 ՀՕ-45-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 19.05.14 ՀՕ-35-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 14.1.  Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:

3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո վերապատրաստումը պարտադիր է:

5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:

(14.1.-րդ հոդվածը լրաց. 01.01.2014 թվականից՝ 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները.

2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

9. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում` վերադասության կարգով:

13. Ատեստավորման արդյունքները և կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:

14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն , 11.06.09 ՀՕ-150-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16. Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:

Վերապատրաստում կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն օրենք (օրենքն ունի անցումային դրույթներ))

4. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 17. Ոստիկանության ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը

 

Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` անկախ տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածից:

(17-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 18. Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետները լրանալը.

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) առողջական վիճակից ելնելով` ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

4) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն երեք տարի առաջ:

(18-րդ հոդ. փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 19. Ոստիկանության ծառայողի իրավունքները

 

Ոստիկանության ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) առողջության պահպանությունը.

6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.

9) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) (11-րդ կետն ուժը կորցրել է 16.12.2010 թվականից` 15.11.10 ՀՕ-169-Ն օրենք)

12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:

Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

(19-րդ հոդ. փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 12.12.13 ՀՕ-164-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Ոստիկանության ծառայողի պարտականությունները

 

1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.

5) կարգապահական կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:

Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք)

 

Հոդված 21. Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

 

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(21-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 22. Դրամական օգնությունը` ոստիկանության ծառայողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

(22-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 23. Գույքային վնասի հատուցումը

 

1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 24. Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտումը

 

1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:

2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25. Հասարակական տրանսպորտից օգտվելը

 

Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Ոստիկանության ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը

 

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

 

Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը

 

1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանության ուսումնական հաստատության սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:

i

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

(27-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Հոդված 28. Աշխատաժամանակի տևողությունը

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:

2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:

Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29. Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայությունը

 

1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) մարդկանց փրկության համար.

4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.

5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.

6) զանգվածային անկարգությունների կանխման համար.

7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.

8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(29-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 11.04.11 ՀՕ-92-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Հանգստյան և տոն օրերին ոստիկանության ծառայողներին ծառայության ներգրավելը

 

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից՝ 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

(30-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 31. Հերթապահության ժամանակը

 

1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար` որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:

3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(31-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 32. Ոստիկանության ծառայողի արձակուրդը

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.

1) ամենամյա.

2) ուսումնական.

3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):

Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ ծառայողներին` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:

(32-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 12.12.13 ՀՕ-164-Ն օրենքներ)

 

Հոդված 33. Ամենամյա արձակուրդը

 

1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, յուրաքանչյուրը` 15 օր տևողությամբ:

2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

(33-րդ հոդ. փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք)

 

Հոդված 34. Ուսումնական արձակուրդը

 

ՈՒսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

(34-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն օրենք)

 

Հոդված 35. Լրացուցիչ արձակուրդը

 

1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ`

1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 10 օր.

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 15 օր:

2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 36. Կարճատև արձակուրդը

 

Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատև արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:

 

Հոդված 37. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատվելը

 

Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 7.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 38. Ոստիկանության ծառայողին ծառայության ներգրավելն իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս

 

Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս` սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի`

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

8) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Ոստիկանության ծառայողին չի տրվում իր` ոստիկանությունում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 11.04.11 ՀՕ-92-Ն, 19.03.12 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

Հոդված 40. Ուսման ծախսերի փոխհատուցումը

 

1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(40-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 41. Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

6.1) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.

7.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

8) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 7.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:

Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:

5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. ՈՒսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ, 6.1-ին, 7-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաև խրախուսման այլ տեսակներ` հատուկ կրթաթոշակի նշանակում, կրթաթոշակի բարձրացում:

8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:

(41-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 12.12.13 ՀՕ-164-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 42. Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 16.12.2010 թվականից` 15.11.10 ՀՕ-169-Ն օրենք)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք)

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաև պարբերաբար ուշանալու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ և 7-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

1) արտահերթ վերակարգի հայտարարում.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ)

3) ազատում ոստիկանության ուսումնական հաստատությունից:

3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`

1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային օրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.

8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:

(42-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 15.11.2010 ՀՕ-169-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն, 18.05.15 ՀՕ-56-Ն օրենքներ)

 

Հոդված 43. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ` նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:

7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:

9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

(43-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն օրենքներ)

 

Հոդված 44. Ոստիկանության ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

 

1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

 

ԳԼՈՒԽ 9.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 45. Ոստիկանությունում ծառայությունից ազատելը

 

1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

2.1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.

7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:

11.1) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.

11.2) ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.

12) մահվան դեպքում:

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:

1.1. Պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել, կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով:

2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

(45-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 09.04.07 ՀՕ-143-Ն , 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 15.11.10 ՀՕ-169-Ն , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 46. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա, այլ պաշտոնի նշանակվելիս.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) վեց ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.

7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:

2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

(46-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 47. Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

 

Պաշտոնը կամ պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը
պետական կառավարման մարմնի ղեկավար 60 մինչև 5 տարի
պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ,
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար
60 մինչև 3 տարի
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ 60 մինչև 3 տարի

 

2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ 62
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ 58
ոստիկանության միջին խմբի պաշտոններ 58
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ 55

 

6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականի և պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:

7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(47-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 06.12.07 ՀՕ-288-Ն  (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 48. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը

 

1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված` բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:

(48-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 49. Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:

2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:

3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում` մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(49-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 12.12.13 ՀՕ-164-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 10.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 50. Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը

 

Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

(50-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն օրենք)

 

Հոդված 51. Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները

(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2010 թվականից` 15.11.10 ՀՕ-169-Ն օրենք)

 

Հոդված 52. Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

 

1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ժամանակահատվածը:

2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

(52-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 11.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում

(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-105-Ն օրենք)

(53-րդ հոդ. փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն օրենք)

 

Հոդված 54. Ոստիկանության ուսումնական հաստատությունը

 

1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը ոստիկանությունում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից , 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ))

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 19.12.2004 թվականից` 14.12.04 ՀՕ-131-Ն օրենք)

6. Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(54-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 55. Ուսուցումը ոստիկանության ուսումնական հաստատությունում

 

1. Ոստիկանական նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ոստիկանության կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող և առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:

6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության մագիստրոս» կամ «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Ոստիկանության բակալավր» կամ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

7. Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:

Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:

7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

8. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:

9. Ոստիկանության ուսումնական հաստատությունում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:

10. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:

(55-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն, 29.04.10 ՀՕ-47-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 56. Ոստիկանության բժշկական հաստատությունը

 

1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(56-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 24.10.06 ՀՕ-169-Ն  օրենքներ)

 

Հոդված 57. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը

 

Պետական կառավարման մարմնի ղեկավարը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 59. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսումը

 

Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաև պետական պարգևների:

 

Հոդված 60. Ոստիկանության վետերանները

 

Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:

 

i

ԳԼՈՒԽ 11.1
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(11.1-րդ գլուխը լրաց. 06.13.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

(60.1-ին հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.2. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

 

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

6. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում:

7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

(60.2-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 60.3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը պետական կառավարման մարմնի ղեկավարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո` 15-օրյա ժամկետում:

(60.3-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է պետական կառավարման մարմնի ղեկավարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերում կարող են ընդգրկվել նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` ոստիկանությունում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` ոստիկանությունում առնվազն երեք տարվա ծառայության ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` ոստիկանությունում առնվազն մեկ տարվա ծառայության ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:

(60.4-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի և սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները (բացառությամբ տարիքային և պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջների):

1.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը:

2. Քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(60.5-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 60.6. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

(60.6-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.7. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

(60.7-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 60.8. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները (բացառությամբ սույն օրենքի 60.23-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր թափուր պաշտոնների), ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 60.7-րդ հոդվածով և 60.23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է պետական կառավարման մարմնի լիազորած ստորաբաժանումը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 60.5-րդ հոդվածով և 60.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

8. Թեստերը կազմվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.

3) ոստիկանության, այդ թվում` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր):

9. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

12. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

13. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

14. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

17. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

18. Գրավոր բողոքը քննության է առնում պետական կառավարման մարմնի ղեկավարը` ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:

19. Պետական կառավարման մարմնի ղեկավարն իր ընդունած որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո` նույն օրը:

20. Գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

21. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

22. Գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 21-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի` սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված որոշումը` դա ստանալուց անմիջապես հետո:

23. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքով չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը սույն հոդվածի 18-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

24. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

25. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

26. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

27. Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

28. Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

29. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

30. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

31. Մրցույթի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

(60.8-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 60.9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(60.9-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.12.14 ՀՕ-218-Ն օրենքներ)

 

Հոդված 60.10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ.

անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս և պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը:»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

(60.10-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.11. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը ոստիկանությունում ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:

5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է ոստիկանությունում ծառայության ստաժ և հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

(60.11-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.12. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 60.14-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 60.14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 60.5-րդ հոդվածի, 60.18-րդ հոդվածի 3-րդ մասի և 60.28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2. Չի թույլատրվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

(60.12-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 60.13. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 60.8-րդ և 60.23-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

10. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

13. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

16. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

18. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

19. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

20. Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

21. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

22. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

23. Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 60.8-րդ հոդվածով սահմանված կարգով:

24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 24-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշումը պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

27. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք` սույն օրենքի 60.8-րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 60.8-րդ հոդվածի 21-րդ և 23-րդ մասերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ատեստավորման հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

(60.13-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 60.14. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

 

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(60.14-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.15. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է պետական կառավարման մարմինը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(60.15-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.16. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի` սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

(60.16-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.17. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

9) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(60.17-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.18. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվելու աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալու այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

(60.18-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.19. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել պետական կառավարման մարմնի ղեկավարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

(60.19-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.20. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

(60.20-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.21. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

 

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(60.21-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.22. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(60.22-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.23. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

 

1. Պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Պետական կառավարման մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` սույն օրենքի 60.7-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով:

(60.23-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և ծառայողական վկայականը

 

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է պետական կառավարման մարմինը:

2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Քաղաքացիական ծառայողների զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Քաղաքացիական ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տալու կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

(60.24-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 60.25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում.

6) պետական կառավարման մարմնի հիմնած մեդալով պարգևատրում:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(60.25-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.26. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, կարգապահական կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) զբաղեցրած պաշտոնից ազատում.

5) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում` մեկ աստիճանով:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:

4. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

5. Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

7. Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

10. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

11. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

12. Ծառայողական քննության արդյունքով պետական կառավարման մարմնի ղեկավարի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

(60.26-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 60.27. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքում սույն օրենքի 60.13-րդ հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելը.

7) հաստիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

11) սույն օրենքի 60.18-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը.

15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) այն հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համարվում են քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակին ներկայացվող պահանջի խախտում.

19) սույն օրենքի 60.26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

20) սույն օրենքի 60.23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

21) սույն օրենքի 60.7-րդ հոդվածի հիմքով արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդից 21-րդ կետերով նախատեսված` պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

(60.27-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

(60.28-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.29. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

(60.29-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.30. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները

 

Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինը պետական կառավարման մարմնի ղեկավարն է:

(60.30-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.31. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաև ոստիկանության ուսումնական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմերը և աշխատակարգերը հաստատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(60.31-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 60.32. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից կամ դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(60.32-րդ հոդ. լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 12.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 61. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը համարվում է պետական կառավարման մարմնի ղեկավար, իսկ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալները` պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներ:

 

Հոդված 62. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

 

1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

i
Հոդված 63. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումը

(63-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.01.2012 թվականից` 08.12.11 ՀՕ-333-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(63-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն օրենք)

 

Հոդված 64. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

 

Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

 

Հոդված 65. Նախկինում շնորհված կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 17.01.2008 թվականից` 06.12.07 ՀՕ-288-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(65-րդ հոդ. փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն օրենք)

 

Հոդված 66. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(66-րդ հոդ. փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-401-Ն

 

 

 

pin
ՀՀ 03.07.2002
N ՀՕ-401-Ն օրենք