Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

16.12.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.1993  -ից մինչեւ   16.12.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է 26.10.99 թիվ ՀՕ-15 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» հուլիսի 1993թ. Հ.Ն-0908-I

 

i

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակները

 

Սույն օրենքը կարգավորում է գյուտերի, օգտակար սարքերի և արդյունաբերական նմուշների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) ստեղծման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները:

 

Հոդված 2. Արդյունաբերական սեփականության մասին օրենսդրությունը

 

Գյուտերի, օգտակար սարքերի և արդյունաբերական նմուշների իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները կարգավորում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

i
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը (Հայարտոնագիր) սույն օրենքին համապատասխան ընդունում է արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտեր, անցկացնում է հայտերի փորձաքննություն, տալիս է արտոնագիր, իրականացնում է սույն օրենքի կիրառմանը և հրապարակային տեղեկատվությանը վերաբերող հրատարակչական գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

Հայարտոնագիրն ունի գանգատարկման խորհուրդ, որը լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված վիճելի հարցերը:

Գանգատարկման խորհուրդը գործում է Հայարտոնագրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

 

Հոդված 4. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանությունը

 

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի իրավունքը պաշտպանվում է պետության կողմից և հաստատագրվում է արտոնագրով:

Արտոնագրով հաստատագրվում է արդյունաբերական սեփականության օբյեկտի նկատմամբ հեղինակությունը, օբյեկտի առաջնությունը և օգտագործման բացառիկ իրավունքը:

Գյուտի արտոնագիրը գործում է Հայարտոնագրի կողմից հայտի ստացման օրվանից 20 տարի ժամանակով, արդյունաբերական նմուշի արտոնագիրը`15 տարի, իսկ օգտակար սարքի արտոնագիրը` 10 տարի ժամանակով:

Գյուտի և օգտակար սարքի արտոնագրով վերապահված իրավական պաշտպանության ծավալը որոշվում է դրանց հավակնության սահմանումով, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրով վերապահված իրավական պաշտպանության ծավալը` իրի (մանրակերտի, նկարի) լուսանկարների վրա արտահայտված և արդյունաբերական նմուշի նկարագրության մեջ թվարկված էական հատկանիշների ամբողջությամբ:

i

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Իրավական պաշտպանության ենթակա չեն այն գյուտերը, օգտակար սարքերն ու արդյունաբերական նմուշները, որոնց հրապարակումն ու օգտագործումը հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Գյուտի արտոնագրաունակության պայմանները

 

Գյուտը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

Գյուտը նոր է, եթե այն չի հանդիսանում տեխնիկայի մակարդակի մաս:

Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար այն ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականը աշխարհում հանրամատչելի դարձած ցանկացած տեղեկություն:

Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած այլ անձի կողմից գյուտի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է գյուտի հայտի ներկայացմնը նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:

Գյուտը արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է այն պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

Գյուտի առարկա կարող է համարվել սարքը, եղանակը, նյութը, մանրէի շտամը, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, բույսի տեսակը, կենդանիների ցեղատեսակը, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի կիրառումը նոր նշանակությամբ:

Արտոնագրաունակ գյուտեր չեն հանդիսանում`

ա) գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները,

բ) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները,

գ) պայմանական նշանները, կարգացուցակներն ու կանոնները,

դ) մտավոր գործողությունների կատարման եղանակներն ու կանոնները,

ե) հաշվիչ մեքենաների ալգորիթմներն ու ծրագրերը,

զ) կառույցների, շենքերի և տարածքների հատակագծերի սխեմաներն ու նախագծերը,

է) իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն,

ը) ինտեգրալային սխեմաների տոպոլոգիաները:

 

Հոդված 6. Օգտակար սարքի արտոնագրաունակության պայմանները

 

Որպես օգտակար սարք օրենքով սահմանված կարգով պաշտպանվում է նոր ու արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների և սպառման առարկաների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը (օգտակար սարքի արտոնագրաունակության պայմաններ):

Օգտակար սարքը նոր է, եթե այն չի հանդիսանում տեխնիկայի մակարդակի մաս:

Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև օգտակար սարքի առաջնության թվականը ներկայացված օգտակար սարքի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրատարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով:

Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից օգտակար սարքի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է օգտակար սարքի հայտի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:

Օգտակար սարքը արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է այն պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

Արտոնագրաունակ օգտակար սարքեր չեն հանդիսանում` եղանակները, նյութերը, շտամը, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, դրանց կիրառումը նոր նշանակությամբ, բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ մասում նշված օբյեկտները:

 

Հոդված 7. Արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմանները

 

Որպես արդյունաբերական նմուշ օրենքով սահմանված կարգով պաշտպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, յուրօրինակ և արդյունաբերորեն կիրառելի (արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմաններ):

Արդյունաբերական նմուշը նոր է, եթե իրի գեղագիտական կամ էրգոնոմիկական առանձնահատկությունները պայմանավորող էական հատկանիշների ամբողջությունը մինչև արդյունաբերական նմուշի առաջնության թվականը հայտնի չէ աշխարհում` հանրամատչելի բոլոր տեսակի տեղեկություններից:

Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտի ներկայացմանը նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում:

Արդյունաբերական նմուշը ճանաչվում է յուրօրինակ, եթե նրա էական հատկանիշները պայմանավորում են իրի գեղագիտական առանձնահատկությունների ստեղծագործական բնույթը:

Արդյունաբերական նմուշը արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է բազմակի վերարտադրվել համապատասխան իրի պատրաստելու միջոցով:

Արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներ չեն հանդիսանում`

ա) այլ լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական ֆունկցիաներով,

բ) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձևերի,) արդյունաբերական, հիդրոտեխնիկական և ստացիոնար այլ կառույցների լուծումները,

գ) տպագրական արտադրանքի լուծումները որպես այդպիսին,

դ) հեղուկ, գազակերպ, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձև ունեցող առարկաների լուծումները:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

 

Հոդված 8. Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակը

 

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, որի ստեղծագործական աշխատանքով է այն ստեղծվել:

Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտը ստեղծվել է մեկից ավելի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք բոլորն էլ ճանաչվում են հեղինակներ: Հեղինակների կողմից իրենց իրավունքներից օգտվելու կարգը որոշվում է նրանց միջև կնքված պայմանագրով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակներ չեն ճանաչվում այն ֆիզիկական անձինք, ովքեր արդյունաբերական սեփականության օբյեկտի ստեղծման գործում չեն ունեցել անձնական ստեղծագործական ներդրում, հեղինակին ցույց են տվել զուտ տեխնիկական, կազմակերպական կամ նյութական բնույթի օգնություն կամ աջակցել են միայն հայտի և այլ փաստաթղթերի ձևակերպմանը:

Հեղինակության իրավունքը անօտարելի անձնական իրավունք է և պաշտպանվում է անժամկետ:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հայտի քննարկման ցանկացած փուլում հեղինակն իրավունք ունի իր անունով կամ այլ անվանումով այն կոչելու խնդրանքով դիմել Հայարտոնագիր:

Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտը ստեղծվել է մի քանի հեղինակների կողմից, ապա անվանակոչման դիմումը ներկայացվում է բոլոր հեղինակների համաձայնությամբ:

Հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ:

 

Հոդված 9. Արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրատերը

 

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը տրվում է հեղինակին (հեղինակներին) կամ նրա (նրանց) ժառանգորդներին, գործատուին, ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց (արտոնագրատերեր) հեղինակի (հեղինակների) և վերջիններիս միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում, որոնք նշված են հեղինակի (հեղինակների) կամ նրա (նրանց) իրավահաջորդի կողմից Հայարտոնագիր ներկայացված հայտի կամ այն դիմումի մեջ, որը ներկայացված է մինչև գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը տրվում է գործատուին, եթե`

ա) դրանք ստեղծվել են աշխատանքային պայմանագրի կատարման ընթացքում, որտեղ նախատեսված է նաև արդյունաբերական օբյեկտների ստեղծումը և դրա համար հատուկ վարձատրություն,

բ) գործատուի և հեղինակի միջև կնքված է առանձին պայմանագիր կանխատեսվող կամ ստեղծված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման և դրա համար հատուկ վարձատրության վերաբերյալ:

Դրանց հետ մեկտեղ այդ պայմանագրով կարող են սահմանվել նաև նրանց փոխհարաբերությունները արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնիության պահպանման, նյութական, արտադրական և այլ բնույթի հարցերում, ինչպես նաև աշխատողի վարձատրության չափն ու վճարման կարգը:

Պայմանագրից գործատուի հրաժարվելու կամ դրա պայմանները չկատարելու դեպքում արտոնագիրը տրվում է հեղինակին կամ երրորդ անձին` համաձայն սույն հոդվածի 1-ին մասի:

Պայմանագրի բացակայության դեպքում արտոնագիրը տրվում է`

ա) գործատուին, եթե ստեղծված գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը վերաբերում է աշխատողի ծառայողական գործունեությանը: Այս պարագայում գործատուն պարտավոր է հեղինակին վճարել համարժեք փոխհատուցում.

բ) հեղինակին, եթե ստեղծված գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը չի վերաբերում աշխատողի ծառայողական գործունեությանը, սակայն վերաբերում է ձեռնարկության գործունեության ոլորտին: Այս դեպքում գործատուն իրավունք ունի գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշն օգտագործել սեփական արտադրության մեջ, հեղինակին վճարելով համարժեք փոխհատուցում: Արտոնագիր ստանալու իրավունքը հեղինակի կողմից երրորդ անձի զիջելու դեպքում գործատուն օգտվում է այն ստանալու առաջնահերթ իրավունքից.

գ) հեղինակին կամ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն երրորդ անձին, եթե ստեղծված գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը չի վերաբերում ձեռնարկության գործունեության ոլորտին:

Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը, ինչպես նաև ձեռնարկության գործունեության ոլորտին վերաբերող ստեղծված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում:

Եթե գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս հայտ չի ներկայացնում Հայարտոնագիր, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին կամ երրորդ անձի` համաձայն սույն հոդվածի 1-ին մասի:

 

Հոդված 10. Արդյունաբերական սեփականության օբյեկտի հեղինակի և արտոնագրատիրոջ իրավունքների ժառանգաբար անցնելը

 

Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրանց օգտագործումից առաջացած եկամուտները ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հոդված 11. Արտոնագրատիրոջ իրավունքները և պարտականությունները

 

Արտոնագրով պաշտպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրատիրոջը, որը նրան հնարավորություն է տալիս այն օգտագործել իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, և արգելել դրա օգտագործումը սույն օրենքին հակասող դեպքերում:

Մի քանի անձանց պատկանող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանվող օբյեկտն օգտագործել իր հայեցողությամբ, սակայն առանց մյուս արտոնագրատերերի համաձայնության իրավունք չունի արտոնագիրը զիջել այլ անձանց կամ տալ օգտագործման թույլտվություն (լիցենզ):

Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում արտոնագրով պաշտպանվող լուծման օգտագործմամբ արտադրանքի պատրաստումը, օգտագործումը, ներմուծումը, պահեստավորումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը և տնտեսական շրջանառության մեջ մտցնելու մյուս գործողությունները, ինչպես նաև գյուտի արտոնագրով պաշտպանվող եղանակի կիրառումը առանց արտոնագրատիրոջ թույլտվության:

Եթե արտոնագրատերը չի կարող գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշն օգտագործել առանց մեկ ուրիշ արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքը խախտելու, ապա նա իրավունք ունի վերջինից պահանջել կնքելու լիցենզային պայմանագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դրական կարգով:

i

Արտոնագրատերը իրավունք ունի արտոնագիրը զիջել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի: Զիջման մասին պայմանագիրը գրանցվում է Հայարտոնագրում: Չգրանցված պայմանագիրը իրավաբանական ուժ չունի:

 

Հոդված 12. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները

 

Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի կամ դրանք պարունակող միջոցների օգտագործումը`

ա) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա,

բ) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանվագ պատրաստման դեպքում,

գ) այլ պետությանը պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և իրավական անձանց, որը նման իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու իրավական անձանց,

դ) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի:

 

Հոդված 13. Վաղօրոք օգտագործման իրավունքը

 

Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում հեղինակից անկախ ստեղծել և օգտագործել են նույնատիպ լուծում կամ կատարել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, հետագայում պահպանում են դրա անհատույց օգտագործման իրավունքը` առանց արտադրական ծավալների ընդլայնման (վաղօրոք օգտագործման իրավունք):

Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնատիպ լուծում կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

 

Հոդված 14. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումը

 

Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործում է համարվում դրա կիրառմամբ պատրաստված արտադրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը, ինչպես նաև արտոնագրված եղանակի կիրառումը:

Արտադրանքը (իրը) համարվում է արտոնագրված գյուտի, օգտակար սարքի օգտագործմամբ պատրաստված, իսկ գյուտի արտոնագրով պաշտպանվող եղանակը` կիրառված, եթե դրա մեջ օգտագործված է գյուտի, օգտակար սարքի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշ կամ վերջինիս համարժեքը:

Իրը համարվում է արտոնագրված արդյունաբերական նմուշի օգտագործմամբ պատրաստված, եթե այն պարունակում է արդյունաբերական նմուշի բոլոր էական հատկանիշները:

Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե չի ապացուցված, որ այն ստավել է այլ եղանակով:

 

Հոդված 15. Արդյունաբերական օբյեկտի օգտագործման իրավունք տալը

 

Յուրաքանչյուր անձ կարող է արտոնագրված արդյունաբերական սեփականության օբյեկտը օգտագործել միայն արտոնագրատիրոջ թույլտվությամբ` լիցենզային պայմանագրի հիման վրա:

Լիցենզային պայմանագրով արտոնագրատերը (լիցենզատու) պարտավորվում է մեկ այլ անձի (լիցենզառու) իրավունք տալ արտոնագրով պաշտպանվող օբյեկտը օգտագործելու պայմանագրով նախատեսված ծավալով, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին մուծել պայմանագրով սահմանված վճարումները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

Բացառիկ լիցենզի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվում է լիցենզառուին պայմանագրով որոշված սահմաններում, ընդսմին պահպանվում է լիցենզատուի կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

i

Հասարակ լիցենզի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը փոխանցելով լիցենզառուին, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում նաև` երրորդ անձի լիցենզ տալու իրավունքը:

Հայարտոնագրում չգրանցված լիցենզային պայմանագիրը իրավաբանական ուժ չունի:

Արտոնագրատերը կարող է դիմել Հայարտոնագիր արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզ):

i

Այդ հայտարարության հրապարակմանը հաջորդող տարվանից արտոնագիրը ուժի մեջ պահելու տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Բաց լիցենզ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձը պարտավոր է արտոնագրատիրոջ հետ պայմանագիր կնքել վճարումների մասին: Պայմանագրի խախտման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով: Բաց լիցենզի իրավունքի ընձեռման մասին արտոնագրատիրոջ դիմումը ենթակա չէ ետկանչման:

 

Հոդված 16. Հարկադրական լիցենզ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության շահերից ելնելով, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավունք ունի երրորդ անձանց թույլատրել օգտագործելու գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը, վերջիններիս պարտավորեցնելով արտոնագրատիրոջը վճարել համարժեք դրամական փոխհատուցում (հարկադրական լիցենզ):

Փոխհատուցման չափի վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

Եթե գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը պետական գրանցման օրվանից 4 տարվա ընթացքում կամ չի օգտագործվել, կամ օգտագործվել է ոչ բավականաչափ, կամ օգտագործվել է գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի կիրառմամբ արտասահմանում պատրաստված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական շրջանառության մեջ մտցնելու եղանակով, անկախ արտադրանքի ծավալից, այդ ժամկետը լրանալուց հետո արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու անհնարինության դեպքում, գյուտը, օգտակար սարքն, արդյունաբերական նմուշն օգտագործել ցանկացող յուրաքանչյուր անձ հարկադրական հասարակ լիցենզի խնդրանքով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշելով օգտագործման ծավալները, վճարումների չափերը, կարգն ու ժամկետները: Այդ դեպքում լիցենզ տրվում է, եթե արտոնագրատերը չապացուցի, որ գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի ոչ բավականաչափ օգտագործումը կամ չօգտագործելը պայմանավորված է հարգելի պատճառներով:

Հարկադրական լիցենզի հետ կապված վճարումների չափերի, կարգի և ժամկետների վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 17. Արտոնագրի խախտումը

 

Արտոնագրի խախտում է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից արտոնագրով պաշտպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի այն օգտագործումը, որը հակասում է սույն օրենքին:

Արտոնագրատիրոջ կամ բացառիկ լիցենզ ունեցող անձի պահանջով պետք է դադարեցվի արտոնագրի խախտումով իրականացվող գործողությունը, իսկ արտոնագիրը խախտող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է հատուցել արտոնագրատիրոջը հասցված վնասները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը

 

i

Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը Հայարտոնագիր է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատուն):

Հայտի դիմումը ներկայացվում է հայերն լեզվով:

Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը Հայարտոնագիր ներկայացնել հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և արտասահմանյան իրավաբանական անձինք գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը:

Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:

Արտոնագրային հավատարմատարների գրանցման կարգը սահմանում է Հայարտոնագիրը:

 

Հոդված 19. Գյուտի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը

 

i

Գյուտի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (գյուտի հայտ) պետք է վերաբերեն մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):

Գյուտի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում արտոնագիր ստանալու համար, որտեղ նշվում են հեղինակը (հեղինակները), հայտատուն, այն անձը (անձինք), որի (որոնց) անունով խնդրարկվում է արտոնագիրը, և նրանց բնակության կամ գտնվելու վայրը,

բ) գյուտի նկարագրությունը, որը սպառիչ կերպով բացահայտում է այն և բավարար է գյուտի իրականացման համար,

գ) գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը ամբողջապես հիմնված է նկարագրության վրա,

դ) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են նյութի էությունը հասկանալու համար,

ե) համառոտ շարադրանք (ռեֆերատ):

Գյուտի հայտին կցվում է սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, զեղչով տուրք վճարելու կամ տուրքից ազատվելու հիմքը:

Գյուտի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է Հայարտոնագիրը:

 

Հոդված 20. Օգտակար սարքի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը

 

i

Օգտակար սարքի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (օգտակար սարքի հայտ) պետք է վերաբերեն մեկ օգտակար սարքի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար սարքերի (օգտակար սարքի միասնության պահանջ):

Օգտակար սարքի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում արտոնագիր ստանալու համար, որտեղ նշվում են հեղինակը (հեղինակները), հայտատուն, այն անձը (անձինք), որի (որոնց) անունով խնդրարկվում է արտոնագիրը, և նրանց բնակության կամ գտնվելու վայրը,

բ) օգտակար սարքի նկարագրությունը, որը սպառիչ կերպով բացահայտում է այն և բավարար է օգտակար սարքի իրականացման համար,

գ) օգտակար սարքի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա,

դ) գծագրեր և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օգտակար սարքի էությունը հասկանալու համար,

ե) համառոտ շարադրանք (ռեֆերատ):

Օգտակար սարքի հայտին կցվում է սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, զեղչով տուրք վճարելու կամ տուրքից ազատվելու հիմքը:

Օգտակար սարքի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է Հայարտոնագիրը:

 

Հոդված 21. Արդյունաբերական նմուշի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը

 

Արդյունաբերական նմուշի արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (արդյունաբերական նմուշի հայտ) պետք է վերաբերեն մեկ արդյունաբերական նմուշի և կարող են ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ):

Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի,

ա) դիմում արտոնագիր ստանալու համար, որտեղ նշվում են հեղինակը (հեղինակները), հայտատուն, այն անձը (անձինք), որի (որոնց) անունով խնդրարկվում է արտոնագիրը, և նրանց բնակության կամ գտնվելու վայրը,

բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը, ներառյալ դրա էական հատկանիշների թվարկումը,

գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն և լրիվ արտահայտում է արտաքին տեսքը,

դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագիրը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար:

Արդյունաբերական նմուշի հայտին կցվում է սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, զեղչով տուրք վճարելու կամ տուրքից ազատվելու հիմքը:

Արդյունաբերական նմուշի հայտի նկատմամբ պահանջները սահմանում է Հայարտոնագիրը:

 

Հոդված 22. Արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնությունը

 

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է Հայարտոնագրի կողմից հայտը ստանալու թվականով:

Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան Կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե գյուտի և օգտակար սարքի հայտը Հայարտոնագիրը ստացել է նշված թվականից 12 ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշի հայտը` 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետները կարող են երկարաձգվել ոչ ավելի, քան 2 ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը չի ներկայացվել սահմանված ժամկետում` հայտատուից անկախ պատճառներով: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել այն` հայտը Հայարտոնագրի կողմից ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում:

Առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում, սկսած այն ծանուցագրի ստացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է ներկայացված լուծման էությունը փոփոխելու պատճառով դրանք հաշվի չառնելու մասին:

Առաջնությունը կարող է որոշվել նույն հեղինակի ավելի վաղ ներկայացրած նույն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող հայտի ստացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, Հայարտոնագրի կողմից ստացվել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից սկսած 12 ամսվա ընթացքում: Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը համարվում է ետկանչված:

Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ստացված հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը:

Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ստացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

Զատված հայտով առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը, իսկ արտոնագիր տալու որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը:

Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար սարքերը, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի Հայարտոնագրին ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականների համընկնման դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

 

Հոդված 23. Գյուտի հայտի փորձաքննությունը

 

Գյուտի հայտի փորձաքննությունը ներառում է նախնական և վերջնական (ըստ էության) փուլեր, որոնք անցկացնում է Հայարտոնագիրը: Նախնական փորձաքննությունը անցկացվում է չորսամսյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված գյուտի համապատասխանությունը այն օբյեկտներին, որոնց սույն օրենքով տրվում է իրավական պաշտպանություն, և անցկացվում է գյուտի նորության սահմանափակ ստուգում, որի ընթացքում հաշվի են առնվում այն գյուտերը և օգտակար սարքերը, որոնք մինչև ներկայացված գյուտի առաջնության թվականը իրավական պաշտպանություն են ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը: Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են գյուտի հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է, թե լրացուցիչ նյութերը արդյոք չե՞ն փոփոխում ներկայացված գյուտի էությունը: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում և հայտատուի կողմից կարող է ձևակերպվել որպես առանձին հայտ: Փորձաքննության հարցմանը համապատասխան, լրացուցիչ նյութերը, այդ թվում գյուտի փոփոխված հավակնության սահմանումը, պետք է ներկայացվեն հարցումը կամ հայտին հակադրված նյութերի պատճենները ստանալու օրվանից երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում պահանջված նյութերը կամ դրանց ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը հայտատուի կողմից չներկայացնելու դեպքում հայտը համարվում է ետկանչված:

Եթե հայտը ձևակերպված է դրա փաստաթղթերի նկատմամբ սահմանված պահանջների խախտումով, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է ետկանչված:

Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտումով, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխան ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Սկզբնական հայտով ներկայացված մյուս գյուտերը հայտատուն կարող է ներկայացնել զատված հայտերով:

Եթե միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն չի հայտնում, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և չի ներկայացնում ճշգրտված փաստաթղթեր, ապա քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ նշված է առաջինը:

Եթե նախաքննության արդյունքում Հայարտոնագիրը պարզի, որը հայտը համապատասխանում է նորության պայմաններին, ապա որոշում է ներկայացվում գյուտին ժամանակավոր պաշտպանություն ընձեռնելու և հայտի ստացման օրվանից սկսած 5 տարվա գործողությամբ ժամանակավոր արտոնագիր տալու մասին (այսուհետև նաև արտոնագիր) հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով:

Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվի, որ ներկայացված լուծումը չի պատկանում իրավական պաշտպանության ենթակա գյուտերին կամ հայտատուի առաջարկած հավակնության սահմանումով ստուգման շրջանակներում չի բավարարում նորության պայմաններին, ապա որոշում է կայացվում արտոնագիր չտալու մասին:

Որոշման հետ չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել Հայարտոնագիր: Կրկնակի փորձաքննություն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Կրկնակի փորձաքննության որոշման հատ չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի գանգատ ներկայացնել Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ:

Գանգատարկման խորհրդի հետ չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում հայտատուն կարող է դիմել դատարան:

Հայտատուի կամ երրորդ անձի դիմումի համաձայն, որը կարող է տրվել հայտի ստացման թվականից 3 տարվա ընթացքում, Հայարտոնագիրը կատարում է հայտի վերջնական փորձաքննություն ըստ էության:

Վերջնական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ երրորդ անձից ստացած դիմումի մասին Հայարտոնագիրը ծանուցում է հայտատուին:

Հայտի վերջնական փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրն իրավասու է հայտատուից պահանջելու լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնարին է: Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութեր, այդ թվում գյուտի փոփոխված հավակնության սահմանումը, պետք է ներկայացվեն հարցման կամ հայտին հակադրված նյութերի պատճենների ստացման օրվանից երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում պահանջված նյութերը կամ դրանց ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը հայտատուի կողմից չներկայացնելու դեպքում հայտը համարվում է ետկանչված և դադարեցվում է ժամանակավոր արտոնագրի գործողությունը:

Եթե հայտի վերջնական փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը պարզի, որ ներկայացված գյուտը համապատասխանում է իրավական պաշտպանության պայմաններին, որոշում է կայացվում ժամանակավոր արտոնագրի փոխարեն, հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով հայտի ստացման թվականից 20 տարվա գործողությամբ արտոնագիր տալու մասին:

Եթե վերջնական փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը պարզի, որ ներկայացված գյուտը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններին, ապա որոշում է կայացվում գյուտի ժամանակավոր արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին:

Որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում իրավունք ունի կրկնական փորձաքննության անցկացման խնդրանքով դիմել Հայարտոնագիր: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի գանգատ ներկայացնել Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ: Գանգատը քննարկվում է այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Գանգատարկման խորհրդի որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն այն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում կարող է դիմել դատարան:

Հայտատուն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության ընթացքում հարցման կամ որոշման մեջ նշված բոլոր նյութերի հետ: Այդ նյութերին ծանոթանալու անհնարինության դեպքում հայտատուի դիմումի հիման վրա Հայարտոնագիրն այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ուղարկում է պահանջված նյութերի պատճենները:

 

Հոդված 24. Օգտակար սարքի հայտի փորձաքննությունը

 

Օգտակար սարքի փորձաքննությունը Հայարտոնագիրն անցկացնում է այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված են սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ-7-րդ, 9-րդ-12-րդ, 21-րդ մասերով: եթե փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, և ներկայացված օգտակար սարքը, որն արտահայտված է հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումով, վերաբերում է արտոնագրաունակ օգտակար սարքերին և ստուգման շրջանակներում համապատասխանում է նորության պայմաններին, ապա որոշում է կայացվում այդ հավակնության սահմանումով օգտակար սարքի արտոնագիր տալու մասին:

Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ, առանց դրա իսկության երաշխիքի:

 

Հոդված 25. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը

 

Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը Հայարտոնագիրն անցկացնում է միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված են սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ-7-րդ, 9-րդ-12-րդ, 21-րդ մասերով: Եթե փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին և ներկայացված արդյունաբերական նմուշը, որն արտահայտված է հայտատուի կողմից առաջարկված էական հատկանիշների ամբողջությամբ, վերաբերում է արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներին ու ստուգման շրջանակներում համապատասխանում է նորության պայմաններին, ապա որոշում է կայացվում այդ հատկանիշների ամբողջությամբ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին:

Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ, առանց դրա իսկության երաշխիքի:

 

Հոդված 26. Հայտի փոխակերպումը

 

Հայտատուն իրավունք ունի փորձաքննության ընթացքում կամ գյուտի արտոնագիր չտալու մասին Հայարտոնագրի որոշումն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում, համապատասխան դիմում ներկայացնելով, գյուտի հայտը փոխակերպել օգտակար սարքի հայտի, իսկ մինչև օգտակար սարքի արտոնագիր տալու վերաբերյալ Հայարտոնագրի որոշման ընդունումը օգտակար սարքի հայտը` գյուտի հայտի: Այս պարագաներում պահպանվում է սկզբնական հայտի առաջնությունը:

 

Հոդված 27. Հայտի ետկանչումը

 

Հայտատուն իրավունք ունի մինչև գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը ետ կանչել ներկայացված հայտը:

 

Հոդված 28. Արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցումը և արտոնագրի հանձնումը

 

Արտոնագիր տալու մասին որոշման ընդունումից հետո արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման դեպքում Հայարտոնագիրը գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը գրանցում է համապատասխանաբար գյուտերի գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում, օգտակար սարքերի գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում, արդյունաբերական նմուշների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում և արտոնագիր է տալիս այն անձին, որի անունով խնդրարկվել էր այն:

Եթե արտոնագիրը խնդրարկվել է մի քանի անձանց անունով, ապա նրանց տրվում է մեկ արտոնագիր:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հեղինակին (հեղինակներին) Հայարտոնագիրը հանձնում է նրա (նրանց) հեղինակությունը հաստատող վկայական:

Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը, ինչպես նաև հեղինակությունը հաստատող վկայականի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայարտոնագիրը:

Արտոնագրատիրոջ պահանջով արտոնագրի մեջ տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղում է Հայարտոնագիրը:

 

Հոդված 29. Արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը

 

Գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան մատյանում գրանցելու հետ միաժամանակ Հայարտոնագիրը իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին: Հրապարակվող տեղեկություններում նշվում են` հեղինակը (հեղինակները), եթե նա (նրանք) չի (չեն) հրաժարվել որպես այդպիսին հիշատակվելուց, արտոնագիրը, գյուտի կամ օգտակար սարքի անվանումն ու հավակնության սահմանումը, արդյունաբերական նմուշի անվանումը, էական հատկանիշների ցանկն ու պատկերը: Հրապարակվող տեղեկությունների լրիվ կազմը սահմանում է Հայարտոնագիրը:

Արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ իրավասու է ծանոթանալու հայտի նյութերին:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 30. Արտոնագրի վիճարկումը

 

Արտոնագիրն իր գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, արտոնագիր տալու դեմ գանգատի հիման վրա կարող է ամբողջովին կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե`

ա) խախտված են սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պայմանները,

բ) գյուտի կամ օգտակար սարքի հավակնության սահմանման կամ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության մեջ առկա են հատկանիշներ, որոնք բացակայում են հայտի սկզբնական նյութերում,

գ) նկարագրության մեջ արդյունաբերական սեփականության օբյեկտը լրիվ չի բացահայտված և բավարար չէ նրա իրականացման համար,

դ) արտոնագրի մեջ սխալ է նշված հեղինակը կամ արտոնագրատերը:

Գանգատ ներկայացնող անձը պարտավոր է հիմնավորել այն և ներկայացնել համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ» կետերով պայմանավորված գանգատները քննարկում է Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդը` գանգատը ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում, արտոնագրատիրոջը ծանոթացնելով այդ գանգատի հետ: Քննարկումը չպետք է դուրս գա գանգատի մեջ պարունակող հիմնավորումների շրջանակներից:

Գանգատարկման խորհրդի որոշման հետ չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը որոշման ընդունման օրվանից 6-ամսյա ժամկետում կարող է դիմել դատարան:

 

Հոդված 31. Արտոնագրի գործողության վաղաժամկետ դադարեցումը

 

Արտոնագրի գործողության վաղաժամկետ դադարեցում է`

ա) սույն օրենքի 30 հոդվածի համաձայն արտոնագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու դեպքում:

բ) արտոնագրատիրոջ ներկայացրած դիմումի հիման վրա,

գ) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը ժամանակին չվճարելու դեպքում:

Արտոնագրի գործողության դադարեցման մասին Հայարտոնագիրը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

 

ԳԼՈՒԽ 7
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 32. Պատասխանատվություն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հեղինակների իրավունքների խախտման համար

 

Հեղինակության յուրացումը, համահեղինակության պարտադրումը, մինչև հայտ ներկայացնելը առանց հեղինակի համաձայնության հայտի էության հրապարակումը, ինչպես նաև ներկայացված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի էության բացահայտումը պետական արտոնագրային փորձագետի կողմից մինչև դրանց պաշտոնական հրապարակումը առաջացնում են պատասխանատվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Հայարտոնագրի պետական արտոնագրային փորձագետները և պաշտոնական անձինք ծառայության ժամանակ և երկու տարի դրա ավարտից հետո իրավունք չունեն հայտ ներկայացնելու, ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտոնագրի իրավունք ձեռք բերելու:

 

Հոդված 33. Արտոնագրային վեճերի քննումը դատական կարգով

 

Դատական կարգով քննվում են սույն օրենքի կիրառման հետ կապված հետևյալ վեճերը`

ա) արտոնագրի ստացման,

բ) հեղինակության,

գ) արտոնագրատիրոջը պարզելու,

դ) օգտագործման բացառիկ իրավունքի խախտման, ինչպես նաև արտոնագրատիրոջ` արտոնագրից բխող այլ գույքային իրավունքների խախտման,

ե) գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման վերաբերյալ լիցենզային համաձայնագրի կնքման և կատարման,

զ) վաղօրոք օգտագործման,

է) գործատուի կողմից հեղինակների վարձատրության և նրանց միջև այլ փոխհարաբերությունների,

ը) սույն օրենքով նախատեսված փոխհատուցումների վճարման,

թ) արտոնագրից բխող իրավունքների հետ կապված այլ վեճեր:

 

ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 34. Բաց թողած ժամկետների վերականգնումը

 

Սույն օրենքի 23 հոդվածում սահմանված և հայտատուի բաց թողած ժամկետները կարող են վերականգնվել համապատասխան տուրք վճարելու դեպքում:

Բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը կարող է ներկայացվել ժամկետի ավարտման օրվանից 6 ամսվա ընթացքում:

 

Հոդված 35. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագրումը օտարերկրյա պետություններում

 

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

Մինչև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելը հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել Հայարտոնագիր` տեղեկացնելով նաև օտարերկրյա պետություններում այն արտոնագրելու մտադրության մասին: Նշված հաղորդումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում Հայարտոնագրի կողմից արգելքի բացակայության դեպքում հայտը կարող է ներկայացվել օտարերկրյա պետություններ:

Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության:

 

Հոդված 36. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները

 

Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար:

 

Հոդված 37. Արտոնագրային տուրքեր

 

i

Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են տուրքեր: Տուրքերի ցանկը, դրանց չափն ու վճարման ժամկետները, տուրքի չափի նվազեցումը կամ ետ վերադարձնելը, տուրքից ազատվելու հիմքերը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 38. Միջազգային պայմանագրերը

 

i

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվում են այլ կանոններ, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

 

pin
ՀՀ 21.08.1993
N ՀՕ-76 օրենք