Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

01.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին

 

i

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`

- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.

- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.

- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.

- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.

էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.

էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.

էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.

էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.

էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.

վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).

հողմային էներգիայի աղբյուր` քամի.

արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.

ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.

երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).

կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.

էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.

վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:

(2-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս`

ա) էներգետիկ, այդ թվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, բաշխող, փոխակերպող, պահեստավորող և օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների և ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.

բ) շենքերի և կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի և շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում.

գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում` լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համալիրների) ու շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում.

դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի և սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում.

ե) («ե» կետն ուժը կորցրել է 18.06.2016 թվականից` 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)

զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում` վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման և կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում:

(3-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի իրավական կարգավորումը

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 5. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են`

ա) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով տնտեսության էներգետիկ պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը.

բ) էներգախնայողության իրականացումը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող իրավական և տնտեսական մեխանիզմների ստեղծումը և կիրառումը.

գ) ներկրվող և արդյունահանվող էներգետիկ ռեսուրսների ծավալների աճի դեպքում` աճի նկատմամբ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գերակայության ապահովումը.

դ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև դրան նպաստող նոր տեխնոլոգիաների կիրառման աճի ու զարգացման ապահովումը.

ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների իրացման մրցունակության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.

զ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումը.

է) էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի էներգաարդյունավետ արտադրության խրախուսումը, այդ թվում` ինքնավար էներգաարտադրողների համար.

ը) ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրաէներգետիկական համակարգի համատեղ աշխատանքի խրախուսումը` էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով.

թ) սպառողների կողմից տարբեր տեսակի էներգակիրների և էներգախնայողական տեխնոլոգիաների ընտրության և օգտագործման խրախուսումը.

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պետական (ազգային) նպատակային ծրագրերի իրագործումը:

i

3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 6. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը

 

1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետևյալ ուղղություններով`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը.

բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.

գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.

դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.

զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.

է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող և կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.

ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

թ) էներգակիրների հաշվառման և վիճակագրության ապահովումը.

ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.

ժա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը և քարոզչությանն աջակցումը.

ժբ) էներգախնայողության ծրագրերում և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Էներգախնայողության ազգային ստանդարտները

 

Ստանդարտացման Ազգային մարմնի կողմից «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունվում են էներգախնայողության Ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվում են`

ա) էներգատեղակայանքների էներգաարդյունավետության ցուցանիշները.

բ) էներգետիկ ռեսուրսների արդյունահանման, արտադրման, վերամշակման, փոխակերպման, փոխադրման, բաշխման, պահեստավորման և սպառման էներգաարդյունավետության ցուցանիշները.

գ) շենքերի և կառուցվածքների ջեռուցման, լուսավորման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման տեխնիկական համալիրների էներգաարդյունավետության ցուցանիշները.

դ) արտադրական պրոցեսների էներգաարդյունավետության ցուցանիշները.

ե) էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության բնապահպանական ցուցանիշները:

(7-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

i
Հոդված 8. Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը

 

1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:

3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

(8-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն, 25.03.20 ՀՕ-179-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը և վիճակագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին և ցածր:

2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող և պահեստավորվող, արտահանվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:

(9-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 10. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը

 

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`

ա) կրթական համակարգի հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմունքների և տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:

 

i
Հոդված 11. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի քարոզչությունը

 

Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է`

ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական և սոցիալական առավելությունների լրատվությամբ և քարոզչությամբ.

բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների և էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.

գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների և էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.

դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության և նպատակահարմարության քարոզչությամբ:

 

i

ԳԼՈՒԽ 3.
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 12. Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը

 

Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաև հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:

(12-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Էներգետիկ փորձաքննության իրականացումը

 

1. Էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ:

2. Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է և իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից:

3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:

(13-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերը

 

1. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման մեթոդները և փաստաթղթային ձևակերպումների կարգը:

i

2. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` Հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդ. փոփ. 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 15. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը

 

1. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը` էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:

3. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:

4. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունները, էներգետիկ փորձաքննության հաշվետվությունները, էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը և էներգետիկ փորձաքննության անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ փորձաքննության անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

 

Հոդված 16. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը

 

1. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ փորձաքննության եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով:

2. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:

3. Էներգետիկ փորձաքննության դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:

 

Հոդված 17. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունը

 

1. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ փորձաքննության ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման, ինչպես նաև էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

2. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է փորձաքննողի ու ստորագրվում և (կամ) կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:

 

Հոդված 18. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձանց պատասխանատվությունը

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Միջազգային համագործակցությունը

 

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`

ա) էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և սարքերի պատրաստման փորձի փոխանակումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանդարտների և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչումը.

գ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեղեկատվության փոխանակումը.

դ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունը միջազգային էներգախնայողական և վերականգնվող էներգետիկայի ծրագրերին.

ե) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակումն ու նախագծերի իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 20. Անցումային դրույթներ

 

i

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`

ա) («ա» կետն ուժը կորցրել է 18.06.2016 թվականից` 12.05.16 ՀՕ-67-Ն օրենք)

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման և ընդունում համապատասխան որոշում` ուղղված հողահատկացումների և այլ անհրաժեշտ թույլատրությունների գործընթացի պարզեցմանը.

դ) («դ» կետն ուժը կորցրել է 23.05.2011 թվականից` 14.04.11 ՀՕ-130-Ն օրենք)

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ` վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:

(20-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 4
Երևան
ՀՕ-122-Ն

 

i

Հավելված

 

ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԿԱՐԳԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.05.2022 թվականից` 04.06.21 ՀՕ-260-Ն օրենք)

(հավելվածը լրաց. 12.05.16 ՀՕ-67-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.12.17 ՀՕ-261-Ն, 04.06.21 ՀՕ-260-Ն օրենքներ)

 

pin
ՀՀ 09.11.2004
N ՀՕ-122-Ն օրենք