Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

 

07.03.2025 -

 

040.1307.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

3. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

77. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեն`

ա) սահմանված կարգով հաշվառվում անցած և զննված ուղևորները,

բ) հատուկ վերահսկելի գոտու մուտքի սահմանված ձևի անցագիր ունեցող օդանավի անձնակազմի անդամները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները` հսկիչ-անցագրային կետերում անցագրերի նույնականացման և զննման կետում սահմանված կարգով ավիացիոն անվտանգության սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո:

(77-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

78. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգի:

(78-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

79. Օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելը, լիազոր մարմնի միջոցով իրականացնում է ստացված հայտում նշված անձանց վերաբերյալ նախապատմության տվյալների ստուգումներ: Անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ:

Անցագրի կորստի կամ գողության դեպքում անցագիրը ստացած անձը պետք է անհապաղ անցագրի կորստի մասին հայտնի իր կազմակերպության ղեկավարությանը, ինչպես նաև այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի տնօրինությանը: Անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրենի հանձնարարությամբ անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի կամ գողության վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին` նպատակ ունենալով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին տեղեկացնել այն մասին, որ նշված անցագրերն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման, իսկ տվյալ անցագրերը ներկայացնողների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելվում է, և այդ անձինք ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ հանձնվում են իրավապահ մարմիններին:

Անցագրի կորստի կամ գողության մասին տեղեկության ստացումից հետո օդանավակայանի տնօրինության կողմից կատարվում է ծառայողական քննություն, որի արդյունքներով որոշում է կայացվում անձին տրամադրել նոր անցագիր կամ մերժել անցագրի տրամադրումը:

(79-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

80. Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին հատկացվում են թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ (այսուհետ` թռիչքային անցագրեր): Թռիչքային անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով և պայմաններով: Թռիչքային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով, օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին` նախապատմության նախնական և պարբերական ստուգումների անցկացումից հետո: Նախապատմության ստուգումները պետք է կատարվեն առնվազն 2 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:

(80-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

81. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարում իրականացնող ընկերությունների գործադիր մարմինները պատասխանատու են սահմանափակ մուտքի գոտիներ մուտքի (ելքի) նկատմամբ վերահսկողության, սահմանափակ մուտքի գոտիները սահմանափակող պաշտպանիչ պարիսպների վիճակի, հսկիչ-անցագրային կետերի որոշման, կահավորման և անխափան աշխատանքի համար:

 

4. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

82. ՈՒղևորներին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտի, ուղևորային փաստաթղթերը ներկայացնելուց հետո: ՈՒղևորային փաստաթղթերն են ուղևորի անձնագիրը, Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և հաշվառումից հետո ուղևորին տրված օդանավ նստեցման կտրոնը:

(82-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

83. Օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ չվերթների իրականացման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից թույլատրվում է հատուկ վերահսկելի գոտու մուտքի հսկիչ անցագրային կետում թռիչքային անցագրի ստուգումից հետո և սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանման կողմից անձնագրի, թռիչքային անցագրի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի ստուգումից հետո:

(83-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

84. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր տվող պատասխանատու մարմինները և նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգել հայտատուի կողմից ներկայացված սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր ստանալու թույլտվության մասին բոլոր հայտերը` անցագրի հատկացման հիմքերի վավերականությունը պարզելու նպատակով:

85. Յուրաքանչյուր անցագիր պետք է ներառի հետևյալ տվյալները`

ա) անունը, ազգանունը, պաշտոնը.

բ) լուսանկարը.

գ) անցագրի գործողության ժամկետը.

դ) սահմանափակ մուտքի գոտիների նշագրումը.

ե) անցագիր հատկացնող կազմակերպության կնիքը.

զ) անցագիր հատկացնող կազմակերպության պատասխանատու անձի ստորագրությունը:

Բոլոր աշխատողները, նախքան անցագրեր ստանալը, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվում են տվյալ օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության կանոնների, այն է` մուտքի հսկողության, օդանավակայանների և օդանավերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, ուղևորների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների մասին:

(85-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու ցանկացած կազմակերպության բոլոր աշխատակիցները և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ:

Քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից և հնարավոր սպառնալիքներից ելնելով` լիազոր մարմինը պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունք ստանալու համար դիմած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ` նախքան նրանց համապատասխան պաշտոնին նշանակումը կամ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ստանալը, ինչպես նաև պարբերական ստուգումներ` հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:

Այն անձինք, որոնց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից բխող գործառությունները ներառում են հասանելիություն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով պետք է իրականացնի այդպիսի անձանց նախապատմության նախնական խորացված ստուգումներ, որը պետք է ավարտվի մինչ աշխատողի կողմից իր պարտականությունների կատարմանն անցնելը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ստանալը:

Նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով` նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ պետք է իրականացնի ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ:

Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին` անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից, նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագիր և ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք:

Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք ունեն հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր, հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Այդպիսի անձանց չի տրվում նաև ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք:

Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ տեղեկացնեն լիազոր մարմնին:

(85.1-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներառյալ` բացասական որոշման դեպքում անձի բողոքարկման իրավունքի պահպանումը, և պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`

1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտումը` նրա անձը և անձնագրային տվյալները հաստատելու համար.

2) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման աշխատելու կարողության ստուգումը` ուսումնասիրելով դիմողի հուսալիության, վարքային առանձնահատկությունների և քրեական հետապնդման դեպքերի վերաբերյալ տվյալները.

3) նախորդ 5 տարիների ընթացքում թեկնածուի բնակվելու վայրի, ընտանեկան դրության, ուսման վայրի և աշխատանքային գործունեության տվյալների ստուգումը, այդ թվում` աշխատաժամանակի մեկ ամսվանից ավելի ժամանակահատվածի ընդհատումների ստուգումը և ընդհատումների վերաբերյալ բացատրությունների պահանջումը.

4) թեկնածուի դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումը:

Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների ստուգումը պետք է իրականացվի կազմակերպության կադրերի բաժինների և ավիացիոն անվտանգության ծառայության համագործակցությամբ, իսկ 4-րդ կետով սահմանված պահանջների, ինչպես նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումների հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:

Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն մինչև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթների իրականացման թույլտվություն տալը, իսկ պարբերական ստուգումները պետք է կատարվեն երեք տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:

Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների զննման գործառույթներ իրականացնող անձանց` զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության ծառայությունում ղեկավարման գործառույթներ իրականացնող անձանց նախապատմության ստուգումները` բացի սույն կետում նշված պայմաններից, պետք է ներառեն նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումներին նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները, իսկ նախապատմության ստուգումների գնահատման համար հիմք են հանդիսանում միայն իրավական հիմքերով ձեռք բերված տեղեկատվությունները:

Պետք է իրականացվեն նաև օդանավակայանի վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության համար դիմած օտարերկրյա քաղաքացիների նախապատմության ստուգումներ, որը պետք է պարունակի օտարերկրացու դատվածության կամ քրեական պատասխանատվության, ահաբեկչական և հանցավոր խմբավորումների, նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների մասին տեղեկությունների ստուգումները: Ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված նախապատմության ստուգման արդյունքներն ուղարկվում են լիազոր մարմնին, որն իրավասու է ստացված ստուգման արդյունքների հիման վրա արդարացված պատճառաբանությամբ մերժել անձին օդանավակայանների վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության տրամադրումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավապահ մարմինները իրավասու են չբացահայտել օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրման կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության մերժման պատճառները:

(85.2-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 104-106, 110-114, 116, 118, 123-124, 131-132, 132.1-133, 137-144, 146-147, 154.4, 162, 165-166, 168, 175-181, 182, 184-185, 187-188, 188.1-203, 205, 206, 208-210, 215-217, 217.1-225, 225.1, 226, 233-239, 241, 246-247, 250-263, 266-269, 269.1, 270, 272-280, 299, 300, 300.1-300.2, 301-301.1, 302-311, 311.1-311.2, 312-317, 319, 321-322, 324-327, 329-330, 331-332, 332.1-332.2, 333-334, 334.1, 335-341, 343, 348-352, 354-359, 361-362, 365-369, 371, 373-376, 378-386, 388-389, 392-397, եթե այդ անձանց դատվածություններն օրենքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել:

Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի մուտքի թույլտվության համար անցագրեր և ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության օգտագործման իրավունք չեն տրվում նաև այն անձանց, որոնց նախապատմության ստուգման ընթացքում պարզվել է, որ անձը դատապարտվել է`

1) որոշակի ծանր հանցագործությունների կատարման համար, մասնավորապես` թմրանյութերի անօրինական պահման և օգտագործման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի կամ ռազմամթերքի ապօրինի պահման, օգտագործման, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնության և շորթման գործողությունների իրականացման համար, որոնք վտանգում են հանրային անվտանգությունը, ներառյալ` քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունները, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների կատարման կամ հանցավոր խմբավորումներին մասնակցության համար.

2) այլ հանցագործությունների, մասնավորապես` գողության, գողացված իրերի վաճառքի, հափշտակության, խարդախության և դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:

(85.3-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

85.4. Բացառիկ հանգամանքներում լիազոր մարմինը կարող է թույլատրել, որ նախկինում դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձին տրվի օդանավակայանների հատուկ գոտիների մուտքի թույլտվություն, եթե տվյալ անձի դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

(85.4-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

85.5. Եթե հնարավոր չէ ճշտել թեկնածուի (դիմողի) ինքնությունը, նախկին աշխատանքային փորձը, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տվյալները, ապա անձը համարվում է անցագիր կրելու չհամապատասխանող:

(85.5-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

85.6. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն համապատասխան լիազոր մարմնի վերահսկողության պայմաններում:

(85.6-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

 

5. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

86. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքն իրականացվում է համապատասխան անցագրերով:

87. Տրանսպորտային միջոցի անցագիրը պետք է մշտապես փակցված լինի դրա տեսանելի մասում և ներառի հետևյալ տվյալները`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման համարը,

բ) տրանսպորտային միջոցի պատկանելությունը,

գ) անցագրի գործողության ժամկետը,

դ) թույլատրված սահմանափակ մուտքի գոտիները:

87.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ: Տրանսպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետք է ենթարկվեն զննման` ընդհանուր հիմունքներով: Տրանսպորտային միջոցի զննման դեպքում զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի զննման անկանխատեսելիության սկզբունքով: Զննման ենթակա են տրանսպորտային միջոցի հետևյալ հատվածները`

1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը.

2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի ներքին հատվածը և ոտնափոսերը.

3) բեռնախցիկը, թափքը.

4) անվադողերի հարակից վայրերը.

5) շարժիչի հատվածը.

6) տրանսպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ.

7) տրանսպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:

(87.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

88. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձ պարտավոր է իրեն պատկանող տրանսպորտային միջոցների վարորդներին ապահովել սահմանափակ մուտքի գոտիներում տրանսպորտային միջոցը վարելու թույլտվությամբ, ինչպես նաև` հրահանգավորել հատուկ վերահսկելի գոտում սահմանված անվտանգության միջոցառումների պահպանման ու տրանսպորտային միջոցների շահագործման կարգի մասին:

 

6. ՕԴԱՆԱՎԸ

 

89. Օդանավերը շահագործողները պատասխանատու են իրենց օդանավերի անվտանգության համար:

90. Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, դրա դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորներին նստեցնելու սարքավորումները (սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հավաքված:

91. Օդանավը մշտապես պետք է գտնվի օդանավի անձնակազմի, ինժեներատեխնիկական ծառայության ներկայացուցիչների կամ ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո:

Օդանավերը տեղակայվում են կառամատույցի առանձնացված հատվածում օդանավերի կայանման համար նախատեսված կայանատեղիում: Օդանավերի կայանատեղիները կահավորվում են օդանավերի սպասարկման, դիմավորման/ճանապարհման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, գծանշումներով, լուսավորության և հրդեհաշիջման միջոցներով:

Օդանավերը մշտապես պետք է հսկվեն`

1) թռիչքային անձնակազմի կողմից, երբ օդանավը կատարում է կարճատև թռիչքներ, ժամանման օդանավակայանում մինչև 2 ժամ կանգառների, ինչպես նաև աերոդրոմից դուրս հարկադիր վայրէջքների դեպքերում.

2) օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից օդանավի տեխնիկական սպասարկման (վերանորոգման) կամ աերոդրոմում ավելի քան 2 ժամ տևողությամբ կանգառների դեպքերում.

3) օդանավակայանների կամ օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` աերոդրոմում օդանավերի կայանման ժամանակ, երբ օդանավերի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման աշխատանքներ, և այն դեպքերում, երբ օդանավը հանձնված է պահպանության:

Օդանավերի կայանատեղի և օդանավ մուտքի իրավունք ունեն միայն օդանավակայանի կամ օդանավ շահագործողի անձնակազմերի անդամները ծառայողական պարտականությունների կատարման նպատակով:

(91-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

91.1. Օդանավերի պահպանության ընդունման-հանձնման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված կարգով:

(91.1-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ` թռիչքից առաջ կատարվում է օդանավի նախաթռիչքային զննում` նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար:

Օդանավերի նախաթռիչքային զննումը կատարում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կամ օդանավը շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները: Օդանավի նախաթռիչքային զննման արդյունքները ձևակերպվում են համապատասխան փաստաթղթով ու պահվում են մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ զննման արդյունքների մասին զեկուցվում է օդանավի հրամանատարին, որն իրականացված զննման մասին գրանցումներ է կատարում օդանավի մատյանում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում:

Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման: Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

(92-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պետք է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից ենթարկվեն մակերեսային կամ մանրամասն նախաթռիչքային զննման: Մակերեսային զննման ընթացքում իրականացվում է օդանավի, ուղևորասրահների և բեռնախցերի դիտողական զննում, իսկ մանրամասն զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերը զննվում են տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից:

(92.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

92.2. Օտարերկրյա պետությունների օդանավերի զննումներն իրականացվում են տվյալ օդանավի թռիչքային անձնակազմի կողմից: Օտարերկրյա պետությունների օդանավերի զննման ընթացակարգերի ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնի կողմից կարող են իրականացվել որակի հսկողության միջոցառումներ:

(92.2-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

92.3. Տրանզիտ կանգառներ իրականացրած օտարերկրյա օդանավերի անձնակազմերի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում լիազոր մարմինը:

(92.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

93. Օդանավակայանում օդանավի վերջին կանգառի ժամանակ այն հանձնվում է օդանավակայանի կամ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայություն` պահպանության` համապատասխան գրանցում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

94. Օդանավն անձնակազմին հանձնվում է միայն անձնակազմի անդամի ներկայությամբ, որն ընդունում է օդանավը` ընդունման մասին գրառում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

95. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է դառնալ անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ, ապա`

ա) դրա մասին տեղեկացվում է շահագործողին, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններին.

բ) կատարվում է օդանավի զննում.

գ) իրականացվում է օդանավի կայանատեղի ուժեղացված պահպանություն, ձեռնարկվում են հետևյալ լրացուցիչ միջոցները`

փակվում և կնքվում են օդանավի մուտքի դռները, բեռնային և վթարային մուտքերի դռնակները,

օդանավերի վրա տեղադրվում են հատուկ հակաառևանգման փակվող սարքեր,

իրականացվում է օդանավի պահպանություն` ավիացիոն անվտանգության ծառայության պահակակետերի կամ պարեկային կարգախմբի միջոցով:

96. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է ենթարկվել հարձակման` գետնի վրա, ապա`

ա) դրա մասին հնարավորինս շուտ տեղեկացվում է օդանավակայանի իրավասու մարմիններին.

բ) ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` օդանավի անվտանգության ապահովման համար` համաձայն օդանավակայաններում արտակարգ իրավիճակներում գործող պլանների:

 

7. ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

97. Օդանավակայանների տարածքում առկա նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են օդանավակայանների պահպանությունը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերությունն իր ուժերով կազմակերպում է օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտների պահպանությունը:

Ազգային ծրագրի իմաստով` օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտներ են`

ա) «Իրտիշ» ռադիոլոկացիոն համակարգը.

բ) օդային երթևեկության կառավարման ավտոմատ համակարգը.

գ) 85օ - մոտակա առբերող ռադիոփարոսը.

դ) 80 - վայրիջման ռադիոփարոսը.

ե) 80 - ուղեբեր ռադիոփարոսը.

զ) 75 - ավտոմատ ռադիոուղևորոշիչը.

է) մեկնարկային դիսպետչերական կետը.

ը) ավիադիսպետչերական կետը:

98. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը.

բ) հեռավոր առբերող ռադիոփարոսը.

գ) 265օ - առանձին առբերող ռադիոկայանը.

դ) «Երևան» առանձին առբերող ռադիոկայանը.

ե) «Սևան» առանձին առբերող ռադիոկայանը.

զ) «Անդրանիկ» առանձին առբերող ռադիոկայանը.

է) «Մռավյան» վերահաղորդիչ ռադիոկայանը.

ը) «Մեղրի» առանձին առբերող ռադիոկայանը.

թ) «Սիսիան» առանձին առբերող ռադիոկայանը:

99. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) 19օ - մոտակա առբերող ռադիոփարոսը.

բ) հրամանատարական դիսպետչերական կետը.

գ) դիսպետչերական ռադիոռադարը.

դ) վայրիջման ռադիոփարոսը.

ե) ուղեբեր ռադիոփարոսը.

զ) ավիադիսպետչերական կետը:

100. «Շիրակ» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոց և օբյեկտ է 19օ-հեռավոր առբերող ռադիոփարոսը:

101. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) հրամանատարական դիսպետչերական կետը.

բ) դիսպետչերական ռադիոռադարը.

գ) ավտոմատ ռադիոուղևորոշիչը:

102. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) 306օ - հեռավոր առբերող ռադիոփարոսը.

բ) 306օ - մոտակա առբերող ռադիոփարոսը:

 

8. ՓՈՔՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(8-րդ բաժինը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

 

102.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության իրականացման նպատակով օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ միջոցառումները`

1) մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերը, բացառությամբ մինչև 5700 կգ քաշ ունեցող օդանավ շահագործողները.

2) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում կազմակերպեն և իրականացնեն օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանություն.

3) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից կողմնակի անձանց մուտքը կանխելու նպատակով պետք է կազմակերպվեն և իրականացվեն կանխարգելիչ միջոցներ (պահպանություն, տարածքի պարսպապատում, տեսահսկում, պարեկում, անցագրային վերահսկողության համակարգի ներդրում).

4) փոքր ավիացիայի օդանավերով, այդ թվում` կորպորատիվ ավիացիայի օդանավերով փոխադրվող ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքների իրականացում, այդ թվում` օդանավի նախաթռիչքային զննման կազմակերպում ու իրականացում, ընդ որում, փոքր ավիացիայի օդանավակայաններում և թռիչքադաշտերում զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են սեփականատիրոջ կամ կառավարչի ուժերով կամ օդանավի անձնակազմի անդամների կողմից` զննման արդյունքների մասին տվյալները լրացնելով օդանավի գրանցամատյանում կամ մեկնող ուղևորների զննման թերթիկում.

5) փոքր օդանավակայաններում տարածքի, օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության նպատակով կառավարիչների կամ սեփականատերերի կողմից ավիացիոն անվտանգության (պահպանության) խմբի ստեղծում, զննման խմբի ստեղծում, կադրերի հավաքագրում և նրանց ավիացիոն անվտանգության ուսուցման կազմակերպում, անհրաժեշտ գույքի և զննման սարքավորումների ձեռքբերում ու տեղադրում (հնարավորության սահմաններում` առնվազն ձեռքի մետաղափնտրիչ).

6) մշակեն արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլաններ (վթարափրկարարական աշխատանքների և անօրինական միջամտության ակտերի դեպքում կանխման ու հակազդման) և ներկայացնեն լիազոր մարմնի հաստատմանը.

7) ապահովեն օդանավերի թռիչքների կամ վայրէջքների իրականացման ժամանակ հակահրդեհային անվտանգության միջոցառումները (պայմանագրային հիմունքներով մոտակա հրշեջ-փրկարարական ծառայության միջոցով):

(102.1-ին կետը փոփ.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

102.1.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության ապահովման նպատակով ավիացիոն անվտանգության միջոցառումների կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(102.1.1-ին կետը լրաց.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

102.1.2. Ազգային ծրագրի 102.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը ավիացիոն անվտանգության ծրագրի` հաստատման (նոր խմբագրությամբ) կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին են ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայանի կառավարչին կամ սեփականատիրոջը կամ օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է օդանավակայանի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ օդանավ շահագործողի և օդանավի սեփականատիրոջ կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով վերջիններիս:

(102.1.1-ին կետը լրաց. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)

 

9. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(9-րդ բաժինը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

 

102.2. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տարվող բոլոր ապրանքները (օրինակ` անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, լրագրերը), որոնք նախատեսված են այդ գոտիներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` այդ գոտիներ որևէ արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

102.3. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վաճառվելուց կամ առաքվելուց առաջ ապրանքները պետք է`

ա) զննվեն և ներկրվեն անվտանգության սահմանափակ գոտի որպես հայտնի պաշարներ` հայտնի մատակարարողների կողմից,

բ) զննվեն և ներկրվեն որպես ոչ հայտնի պաշարներ:

102.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների անմաքս առևտրի խանութներ ապրանքներ մատակարարող կազմակերպություններին հայտնի մատակարար է ճանաչում լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(102.4-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

102.5. Հայտնի մատակարարողը պետք է`

ա) նշանակի մեկ կամ ավելի անձանց, որոնք պատասխանատու կլինեն ընկերությունում պահանջվող անվտանգության հսկողության իրականացման, կիրառման և վերահսկման համար,

բ) պաշտպանի անօրինական միջամտությունից բեռների պաշարների պատրաստման, հավաքման և ուղարկման ժամանակ,

գ) կանխի անօրինական մուտքն իրենց օբյեկտների կամ պահեստարանների տարածքներ,

դ) ապահովի, եթե ընկերությունը գտնվում է օդանավակայանից դուրս, որպեսզի բոլոր պաշարներն օդանավակայան տեղափոխվեն կողպված կամ կնքված ավտոմեքենաներով,

5) ապահովի, որպեսզի պաշարների մշակումը և գործածումը կատարվի պատշաճ կերպով հավաքագրված և վարժված աշխատողների կողմից:

102.6. Օդանավակայանի գործադիր մարմինը պետք է ստուգի հայտնի մատակարարողների կողմից անվտանգության միջոցառումների կատարումն առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, անմիջականորեն կամ լիազոր մարմնի միջոցով:

 

10. ԿԻԲԵՐՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(10-րդ բաժինը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

 

102.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաները և ծրագրային համակարգերը քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման, ավիացիոն անվտանգության ապահովման և անխափան արտադրական գործունեության ապահովման անբաժանելի մասն են կազմում:

102.8. Քաղաքացիական ավիացիայի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը մեծապես կախված է ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգությունից և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող տվյալների փոխանցման ուղիների պաշտպանությունից: Կիբերհանցագործությունների պայմաններում ավիացիոն համակարգերի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովվում են` հաշվի առնելով ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանված և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող կարևորագույն ծրագրային, տեղեկատվական, հաղորդակցման և տվյալների փոխանցման համակարգերի գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պաշտպանության միջոցները:

102.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական համակարգը համարվում է հույժ կարևորության, եթե այն պարունակում է, կամ այդ համակարգում օգտագործվում են գաղտնի կամ անձնական տվյալներ և (կամ) ակտիվներ, կամ առանց դրանց անհնար է անվտանգ թռիչքների իրականացումը և ավիացիոն գործունեության կազմակերպումը: Բոլոր հույժ կարևորության տեղեկատվական համակարգերը պետք է դասակարգվեն որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա:

102.10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները` օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները, կապի, վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, հեռակառավարվող թռչող սարքերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան լրացուցիչ ծրագրային ապահովում և սարքավորումներ` հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերի և դրանց տվյալների պաշտպանության համար:

102.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգեր են հանդիսանում`

1) այն համակարգերն ու տվյալները, որոնք սահմանվել են հույժ կարևորություն ունեցող` թռիչքների անվտանգության տեսանկյունից, դրանք են`

ա. օդային երթևեկության կառավարման համակարգերը,

բ. թռիչքների հսկողության համակարգերը,

գ. կապը, օդային երթևեկության սպասարկումը և օդանավի թռիչքների անվտանգության բորտային համակարգերը,

դ. հրամանատարական, վերահսկողական համակարգերը և օդանավերի մեկնման աշխատանքներն ապահովող համակարգերը.

2) ավիացիոն անվտանգության տեսանկյունից հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալները`

ա. զննման կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգերը,

բ. ուղևորների ուղեբեռի պատկանելությունը սահմանող համակարգերը,

գ. տեսահսկման համակարգերը,

դ. մուտքերի հսկման և պահպանության ազդանշանային համակարգերը,

ե. անցագրերի տվյալների բազաները.

3) ընթացակարգերի պարզեցման տեսանկյունից հույժ կարևորության տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալներ են`

ա. օդանավ շահագործողների կողմից օգտագործվող ուղևորների ամրագրման և հաշվառման համակարգերը, հաշվառված ուղևորների ցուցակները,

բ. ուղեբեռի մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

գ. բեռների մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

դ. սահմանային և մաքսային հսկողության համակարգերը,

ե. թռիչքների վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրման համակարգերը:

102.12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները (օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները և այլն) հույժ կարևոր տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանության ստորաբաժանման միջոցով` համագործակցելով քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ:

102.13. Հույժ կարևոր տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից տրամադրվում է միայն այն անձանց, որոնց այն անհրաժեշտ է ծառայողական պարտականություններից ելնելով:

102.14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններն անօրինական մուտքերից և կիբերվտանգներից տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, որն իրականացվում է յուրաքանչյուր հույժ կարևորություն ունեցող ավիացիոն համակարգի համար ընդհանուր սպառնալիքների, հարձակման միջոցների, հայտնի խոցելի տեղամասերի գնահատման և վերլուծության արդյունքներով:

102.15. Սպառնալիքների գնահատման միջոցառումներն իրականացվում են լիազոր մարմնի, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունների և այլ ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից:

 

VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողությունը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:

Ուղևորների մոտ, ինչպես նաև նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների հայտնաբերման նպատակով օգտագործվում են զննման այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները: Եթե այդ մեթոդները շարունակական հիմունքներով չեն կիրառվում, ապա դրանք օգտագործվում են անկանխատեսելիության հիմքով:

Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում իրականացվում է`

1) ձեռքով զննման միջոցով.

2) մետաղափնտրիչ կամրջակների և ձեռքի մետաղափնտրիչների միջոցով.

3) ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ռենտգենային սարքավորումների միջոցով.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների օգտագործմամբ.

5) ուղևորների մարմնի ամբողջական զննման սկաների միջոցով.

6) ընտրական զննման ընթացակարգերի իրականացման միջոցով:

Ուղևորների զննումների հետ կապված ընթացակարգերի պարզեցման նպատակով օդանավակայաններում կարող են նվազագույնի հասցվել ուղևորների ձեռքով զննման միջոցները, սակայն այդ դեպքերում ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները հայտնաբերելու նպատակով պետք է օգտագործվեն զննման ժամանակակից և նորագույն սարքավորումներ, լավ պատրաստված ու որակավորված անձնակազմ, ինչպես նաև, հաշվի առնելով ռիսկի գնահատման արդյունքները, պետք է իրականացվեն նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի ընտրական զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննումներ:

(103-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն որոշումներ)

103.1. Բոլոր չվերթների ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ օդանավակայանների ուղևորային փոխադրումների ծառայությունների կողմից լրացվում է ուղևորային և բեռնային մանիֆեստ, որում նշվում են ուղևորի անունը, ազգանունը, սեռը, անձնագրի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի տվյալները, ավիատոմսի համարը, ուղևորի կողմից փոխադրման հանձնված ուղեբեռի համարը, քաշը, քանակը, սահմանված անվճար քաշից ավելի ուղեբեռի` վճարման ենթակա քաշը, օդանավի բեռնախցում ուղեբեռների տեղերը, չուղեկցվող ուղեբեռների մասին տվյալները: Գրանցված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների քանակը պետք է համապատասխանի օդանավ նստած և օդանավի բեռնախցիկներ բարձրացված ուղեբեռների քանակին: Այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով և փոխադրվում են այլ չվերթով (փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռներ), զննվում են միևնույն օպերատորի կողմից, միևնույն զննման կետում, երկու անկյան տակ:

(103.1-ին կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

103.2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բարձրաստիճան համակարգեր: Միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:

Օդանավակայանների համապատասխան տեխնիկական հագեցվածության պայմաններում ներդրվում է բազմաստիճան զննման համակարգ, որի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգեր, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման կոնվեյերային գծում (համակարգում) և ամբողջությամբ զննում են յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և համակարգի (մեքենայի) գործողությունները սովորաբար կատարվում են մինչև ուղեբեռն ընթանում է ուղեբեռի կոնվեյերի գծով և չի պահանջում դանդաղեցնել կոնվեյերով ուղեբեռի ընթացքը կամ կանգնեցնել այն զննման ընթացքում:

(103.2-րդ կետը լրաց 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

104. Ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները.

ե) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները և օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները.

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

105. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով` միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

(105-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն որոշումներ)

105.1. Կրկնակի զննում է իրականացվում`

ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման մասին տեղեկություն ստանալու դեպքում,

բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,

գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում,

դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:

(105.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների անհատական զննում, իսկ նրանց ուղեբեռների զննումը` դրանք բացելու միջոցով: Բացելու միջոցով ուղեբեռների զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:

(105.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

105.3. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Ձեռքի մետաղափնտրիչով զննումները պետք է անցկացվեն շարունակական` պատահական սկզբունքով:

(105.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, փոփ. 26.11.09 թիվ 1371-Ն որոշումներ)

105.4. ՈՒղևորների հաշվառման, գրանցման կամ սպասարկման այլ ընթացակարգերի անցումից հետո, թռիչքին չներկայանալու, թռիչքից հրաժարվելու, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հսկողությունից հրաժարվելու կամ իր ձեռքի իրերը զննման ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում ուղևորին չի թույլատրվում թռիչքի, ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը հանվում է օդանավից, ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև տվյալ չվերթի օդանավի վայրէջքը ժամանման օդանավակայանում, և, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացվում է օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների կրկնակի զննում:

(105.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

105.5. ՈՒղղաթիռադաշտերից կամ ուղղաթիռահրապարակներից ուղղաթիռներով ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների իրականացման դեպքերում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև ուղղաթիռի ավիացիոն անվտանգության հսկողությունը (զննումը) իրականացվում է ուղղաթիռի անձնակազմի անդամների կողմից` ուղղաթիռի հրամանատարի հսկողության պայմաններում: Զննման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում ուղղաթիռի հրամանատարը:

(105.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

105.6. Օդանավակայանների զննման կետերում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անցումից հետո մինչև օդանավ նստեցնելը, ուղևորները պետք է գտնվեն ստերիլ գոտիներում: Ստերիլ գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորները, ինչպես նաև այդ գոտիներում ուղևորների սպասարկման և վերահսկողության գործառույթներ իրականացնող ծառայությունների աշխատողները:

(105.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

105.7. Որոշակի չվերթների նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմինը դիմումներ ներկայացվելու դեպքերում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կողմից` լիազոր մարմնի հսկողության ներքո:

(105.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

106. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է մետաղափնտրիչ կամրջակի, ձեռքի մետաղափնտրիչի, ուղեբեռի զննման ստացիոնար ռենտգենյան սարքավորումների և պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով: Մետաղափնտրիչների, ռենտգենյան սարքավորումների և գազաանալիզատորների օգտագործման կարգը, զննման ենթակա առարկաների սարքավորումների ու իրերի պատկերների պարամետրերը, դրանց չափագրման պայմաններն ու տեխնիկական սպասարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(106-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

107. Օդանավով փոխադրման համար արգելված բոլոր առարկաներն ու իրերը, որոնք հայտնաբերվում են ուղևորի ձեռքի իրերում զննման ընթացքում և չեն թույլատրվում փոխադրման օդանավի ուղևորասրահներում, կարող են ընդունվել փոխադրման ուղևորի ուղեբեռում, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում օդանավի համար: Այդպիսի առարկաների և իրերի հետ պետք է վարվել հետևյալ կերպ`

1) նախքան ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի հաշվառումը, այդպիսի առարկաները տեղադրել փոխադրման հանձնվող ուղեբեռում, եթե դրանք օդանավի թռիչքի համար վտանգ չեն ներկայացնում.

2) արգելել դրանց փոխադրումը և վերցնել դրանք` հետագայում խոտանման կամ ոչնչացման համար.

3) արգելել դրանց փոխադրումը և արգելված իրերն ու առարկաները հանձնել պահպանության օդանավակայանի կամ օդանավ շահագործողի նմանատիպ իրերի կամ առարկաների համար նախատեսված պահասենյակ` հետագայում ուղևորին վերադարձնելու համար` կազմելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 3 ձևի արձանագրություն.

4) արգելել դրանց փոխադրումն օդանավի ուղևորասրահ և դրանք ուղևորի կողմից պատշաճ փաթեթավորվելուց հետո հանձնել օդանավ շահագործողին` որպես ուղեբեռ օդանավի բեռնախցում փոխադրման ընդունելու և ավիատոմսում նշված վայրէջքի օդանավակայանում ուղևորին վերադարձնելու համար:

Զննման ընթացքում ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում հայտնաբերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ փոխադրման համար արգելված այնպիսի վտանգավոր առարկաների հայտնաբերման դեպքում, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, անմիջապես տեղեկացվում է ոստիկանության մարմիններին, իսկ վերցված արգելված առարկաներն ուղևորի և կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են ոստիկանությանը:

(107-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)

108. Այն ուղևորին, որը հրաժարվում է ավիացիոն անվտանգության հսկողությունից կամ հրաժարվում է զննման ներկայացնել իր ձեռքի իրերն ու ուղեբեռը, չի թույլատրվում թռիչք:

109. Պետք է բացառվի անվտանգության հսկողությունն անցած ուղևորների շփումը նման հսկողություն չանցած ուղևորների, այդ թվում` նաև ուղևորների սպասարկմանը չառնչվող քաղաքացիական ավիացիայի աշխատողների հետ:

Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած և նման հսկողություն չանցած ուղևորների շփման դեպքերում ձեռնարկվում են հետևյալ միջոցները`

ա) ստերիլ գոտին ամբողջովին ազատվում է և օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայությունն իրականացնում է դրա ամբողջական զննում.

բ) թռիչքի պատրաստվող ուղևորներն անցնում են կրկնական զննում, որից հետո միայն նրանց թույլատրվում է մուտք գործել օդանավ:

Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց հետո ուղևորները հրավիրվում են թռիչքի: Մինչև օդանավ նստեցումը ստերիլ գոտու ելքի կամ օդանավի մուտքի մոտ փոխադրումների ծառայության տվյալ չվերթի ուղևորների հաշվառում կատարած աշխատողների կողմից իրականացվում է ուղևորի և նստեցման կտրոնի նույնականացում, որից հետո ուղևորները մուտք են գործում օդանավ:

(109-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

109.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

(109.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստեցնելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

(109.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է իրականացվի օդանավի զննում:

(109.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից` ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

(109.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

(109.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

(109.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

109.7. Եթե որևէ տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ առկա է վտանգի իրական սպառնալիք, ապա կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:

(109.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

 

2. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

110. Օդանավերի անձնակազմերը, օդանավակայանների և օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները և նրանց կողմից հատուկ վերահսկելի գոտի տարվող բոլոր առարկաներն ու իրերը ենթարկվում են հսկողության` ուղևորների համար սահմանված կարգով:

(110-րդ կետը փոփ. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

 

3. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

111. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ընթացակարգերն անցնում են ընդհանուր հիմքերով, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը ենթակա չեն ոչ առգրավման, ոչ բացման, ոչ զննության` ինչպես ձեռքով, այնպես էլ տեխնիկական կամ այլ հատուկ միջոցների կիրառմամբ:

Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք պետք է մատնանշեն դրանց բնույթը (կողպեքներ, զմռսակնիքներ, նշանակետի վերաբերյալ մակնշումներ):

(111-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)

112. Կարդիոխթանիչներ ունեցող ուղևորների նկատմամբ զննման ընթացակարգերը կիրառվում են առանց զննման տեխնիկական միջոցների կիրառման, իսկ նրանց ուղեբեռներն ու ձեռքի իրերը ենթարկվում են զննման ընդհանուր հիմունքներով:

Հաշմանդամություն ունեցող ուղևորների (հենակներով, պրոթեզավորված ոտքերով ու ձեռքերով, անվասայլակներով) զննությունը կատարվում է այնպես, որ բացառվի հենակների, պրոթեզների ու անվասայլակների մեջ այնպիսի նյութերի, իրերի տեղափոխումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի կատարման ժամանակ: Հաշմանդամություն ունեցող ուղևորները զննվում են մյուս ուղևորներից առանձին, իսկ ուղևորը և նրա ձեռքի իրերը զննվում են`

ա) ռենտգենյան սարքավորման օգնությամբ կամ դիտողական զննման միջոցով,

բ) ձեռքի մետաղափնտրիչի օգնությամբ,

գ) ձեռքով զննում իրականացնելու միջոցով:

Հաշմանդամություն ունեցող ուղևորներին ուղեկցող անձինք անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգեր ընդհանուր հիմքերով: Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով ուղևորները, ովքեր կարող են վտանգ ներկայացնել օդանավերի թռիչքների անվտանգության համար, կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, իսկ օդանավ շահագործողի համաձայնությամբ նման ուղևորներն օդանավով կարող են փոխադրվել միայն հոգեբան բժշկի (բժիշկների) ուղեկցությամբ:

Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով անձանց նախաթռիչքային զննումն իրականացվում է ընդհանուր հիմքերով` նախքան մյուս ուղևորների զննման ընթացակարգերն անցնելը: Օդանավ շահագործողը, թռիչքների անվտանգության ապահովման նկատառումերից ելնելով, իրավունք ունի իր բժշկական ծառայության կամ ավիացիոն անվտանգության ծառայության խորհրդով մերժել օդանավով հոգեկան հիվանդություններ կամ խանգարումներ ունեցող ուղևորների փոխադրումը:

Այն ուղևորները, որոնք սպասարկվում են օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահներում, զննման ընթացակարգերն անցնում են այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով:

(112-րդ կետը փոփ.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

 

4. ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

113. Զենքն օդանավով փոխադրվում է «Ավիացիայի մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ, ինչպես նաև այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ զինված անձանց անձանց մուտքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(113-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

 

5. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

114. Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

դ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը,

ե) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները,

զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

ՈՒղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների կարգախմբով ուղեկցվող անձինք, հաշմանդամները, Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:

ՈՒղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:

(5-րդ բաժինը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1307-Ն
Որոշում