ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
22 հունիսի 2012 թվականի N 25
i
6. «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:
(վերնագիրը փոփ. 19.06.14 թիվ 26 արձանագրային որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2012 թ. հունիսի 22-ի նիստի
N 25 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
2013-2015 թթ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Ծրագրի նպատակը
Ծրագիրն իրականացվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական և արհեստական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով:
2. Իրավիճակի նկարագրությունը
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կազմավորվել է 1958 թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ` 200 հա տարածքի վրա: Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզի, Արարատյան գոգավորության նախալեռնային թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի վարչական սահմաններում` 1100-1200 մ բարձրության վրա:
i
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թ.-ի հունվարի 25-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 30-ի N 925-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 975-Ն որոշմամբ: Համաձայն այդ որոշման, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության, հանձնվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությանը` պահպանության և վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
i
ՀՀ կառավարության 2011 թ.-ի մարտի 31-ի N 324-Ն որոշմամբ հաստատվել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման: Ներկայումս արգելավայրը զբաղեցնում է 95.99 հա տարածք:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը գրանցված է 2011 թ-ի հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03 031-1-1 մատյանի 000 0026 համարի տակ: Կադաստրային համարն է 03-031-0249-0090:
Պետական արգելավայրի պահպանության օբյեկտներն են մնացորդային սորուն ավազների եզակի բուսական և կենդանական տեսակները:
Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի ՈՒրծի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ռելիկտային ալլյուվյալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա, ծովի մակերևույթից 920-980 մ բարձրության վրա:
Պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով:
Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին: Արգելավայրի բուսականության հիմնական տիպը ավազային ջուզգունային անապատն է: Արգելավայրի շրջակայքում տեղակայված ուժեղ քարքարոտ տեղամասերում ներկայացված են կիսաանապատային բուսականության պետրոֆիլ տարբերակները: Սա միակ տեղամասն է Փոքր Կովկասում որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար: Արգելավայրը Երևանյան ֆլորիստիկ շրջանի հազվագյուտ տեսակներով ամենահարուստ տարածքն է, որը պահանջում է անհետաձգելի պահպանության միջոցառումներ: Արգելավայրը անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների բացարձակ թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում (10 տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում): Ընդհանուր առմամբ արգելավայրի տարածքում աճում են 160 տեսակի անոթավոր բույսեր:
Շնորհիվ բնորոշ, յուրահատուկ ֆլորիստիկ բազմազանության և հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների ներկայացվածության մեծ աստիճանի, արգելավայրը հանդիսանում է առանձնահատուկ կարևորություն ունեցող օբյեկտ Հայաստանի ֆլորայի և բուսականության պահպանության համար, ինչի պատճառով էլ առաջնահերթ անհրաժեշտություն է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի բարելավումը:
Էնդեմիկ ներկայացուցիչներից են Salsola tamamschjanae, Acantholimon araxanum: Այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ:
Ողնաշարավորների ֆաունան հաշվվում է մոտ 20 տեսակ, այդ թվում Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են միջերկրածովային կրիան (Testudo graeca), պարսկական կլորագլուխը (Phrinocephalus persicus) և Դալի մկնիկը (Meriones dahli): Վերջինը հանդիսանում է Հայաստանի համար էնդեմիկ տեսակ: Անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն հենց այս Արաքսի հարթավայրի տարածքից նկարագրված է գիտության համար բզեզների 6 նոր տեսակ, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չեն հանդիպում, մոտ 20 տեսակներ հանդիսանում են Արաքսի հարթավայրի էնդեմիկներ:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում անողնաշարավորների ֆաունան, ըստ փորձագիտական գնահատականի, կազմում է մոտ 700 տեսակ: Առավել լավ ուսումնասիրված կարգաբանական խմբերից` փափկամարմինների (Mollusca) տեսակների թիվը կազմում է 7, միջատներից` բզեզներինը (Coleoptera)` մոտ 200, ուղղաթևերինը (Orhtoptera)` 28 և ցերեկային թիթեռներինը (Lepidoptera- Rhopalocera)` 18 տեսակ: Տարածքից հայտնի են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող 12 տեսակ բզեզներ, այդ թվում` արաքսյան գնայուկ բզեզը (Zuphium araxidis Khnz.), Ռեյտտերի հացաբզեզը (Anisoplia reitteriana Sem.), կովկասյան փարավոնը (Pharaonus caucasicus Rtt.), կովկասյան (Glaphyrus caucasicus Rtt.), վեդիական (Tanyproctus vedicus Kalashian) և արաքսյան (Tanyproctus araxidis Rtt.) բնդեռիկները, արաքսյան չրխկանը (Cardiophorus araxicola Khnz.), վեդիական (Sphenoptera vediensis Kalashian), Խնձորյանի (Sph. khnzoriani Kalashian) ոսկեբզեզները, արաքսյան (Agrilus araxenus Khnz.), Ռյաբովի ծաղկեփոշեկերները (Mycetocharina rjabovi Khnz.) և Սեմենովի սևամարմինը (Cyphostetha semenovi Rtt.):
Այս տեսակների գոյությունը կապված է ավազուտային բիոտոպների հետ, որոնք Հայաստանում գրավում են աննշան տարածություններ (մոտ 300 հա)` հանդիսանալով Արալիխի ավազուտների ռելիկտային զանգվածը:
Վերջին 10 տարիների ընթացքում արգելավայրի վիճակը կտրուկ վատացել էր:
Չնայած 1958 թվականից Գոռավանի ավազուտները առանձնացվել են որպես պետական արգելավայր, սակայն առ այսօր, ոչ մի բնապահպանական միջոցառում այստեղ չի իրականացվել: Ավելին` արգելավայրի տարածքում շինարարական նպատակով իրականացվում էր ավազի արդյունահանում: Գարնանային և աշնանային արածեցումը հանդիսանում էր մշտական ճնշող գործոններից մեկը: Վերջին տարիներին իրավիճակը` կապված արածեցման ժամանակահատվածի և կառուցվածքի փոփոխության հետ, վատթարացել էր, որը գործնականում իրականացվում էր կլոր տարին և բացասական մեծ ազդեցություն են թողել բուսականության վրա: Արգելավայրի տարածքում ջեռուցման համար (վառելափայտ) ակտիվ կերպով հատվում էր ջուզգունը, որից պահպանվել է մոտ 300 թուփ` ընդ որում, դրանցից շատերն էլ գտնվում են ճնշված վիճակում: Ըստ վերջին դիտարկումների հազվագյուտ ու անհետացող բույսերի և կենդանիների տեսակների բնական վերարտադրությունը գրեթե չի կատարվում: Առանց առկա իրավիճակի փոփոխության այս համակեցությունը մի քանի տարվա ընթացքում կարող է դադարեցնել իր գոյությունը:
Այս յուրօրինակ համակեցության պահպանության համար անհրաժեշտ են իրատեսական գործնական միջոցառումներ, որոնցից լավագույնը արգելավայրի պահպանության հատուկ ռեժիմի կիրառումն է հստակ ամրակայված սահմանների առկայության պայմաններում, որը կընդգրկի ոչ միայն բուն ավազուտները, այլ նաև հնարավոր կդարձնի կիրառել պահպանման գոտու ռեժիմը հարակից քարքարոտ կիսաանապատային տեղամասերի վրա:
Սույն ծրագիրը բխում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի բնապահպանական բազմաֆունկցիոնալ նշանակությունից և արգելավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից:
Ներկայումս տեղի բնակչության հետ առկա են մի շարք հակասություններ: Այդ հակասությունները հիմնականում պայմանավորված են արգելավայրի ու Գոռավան համայնքի սահմանների վերածածկմամբ և արգելավայրային ռեժիմի կիրառմամբ, համայնքի համար նախատեսված արոտավայրերը և խոտհարքները տանող ճանապարհների բացակայությամբ և այլն:
3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացումը նախադրյալներ կստեղծի մի շարք բնապահպանական և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման համար:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքները և միջոցառումները թույլ կտան վերականգնել դեգրադացված լանդշաֆտները և տնտեսական գործունեության արդյունքում վնասված տարածքների կենսաբազմազանությունը, ինչպես նաև բարձրացնել արգելավայրի պահպանության աշխատանքների կոորդինացման և ղեկավարման արդյունավետությունը:
Անցած տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես Գոռավան համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ընդլայնման ոլորտում, այնպես էլ արգելավայրի բնական էկոհամակարգերի վիճակի փոփոխության առումով: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչպես արգելավայրի տարածքի, այնպես էլ բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների տարածման վերաբերյալ, ինչը կստեղծի նախադրյալներ արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանման համար:
Ծրագրի իրականացման արդյունքում նախապայմաններ կստեղծվեն ջուզգունի տնկարանային տնտեսության հիմնման և զբոսաշրջության զարգացման համար, որոնք իրենց հերթին համայնքի բնակչության համար լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն կտան և կստեղծվեն նախադրյալներ արգելավայրին հարակից բնակավայրերի զարգացման համար:
Արգելավայրում կարճատև հանգստի համար ծրագրով նախատեսված ենթակառուցվածքի ստեղծումը նախադրյալներ կապահովի ռեկրեացիոն գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման համար:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը և կնվազեն համայնքի բնակչության հետ գոյություն ունեցող հակասությունները:
Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմների կիրառման արդյունավետության բարձրացման համար:
4. Ծրագրի խնդիրները և նախատեսվող աշխատանքները
4.1. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
ա) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքի և դրա պահպանական գոտու ներկա սահմանների վերաբերյալ ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն.
բ) արգելավայրի տարածքում և նրա պահպանման գոտում բնական պաշարների գույքագրում և քարտեզագրում.
գ) հարակից համայնքային հողերի սահմանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում.
դ) արգելավայրի և նրա պահպանման գոտիների ամփոփ նկարագրական բացատրագրերի մշակում.
ե) համագործակցություն և ներդաշնակ գործողությունների իրականացում մարզի, համայնքների, արգելավայրի և դրան հարակից գոտիներում իրականացվող ծրագրերի հետ.
զ) արգելավայրի և նրա պահպանման գոտում բույսերի և կենդանիների էնդեմիկ, հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում
է) «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը, այդ թվում հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.
ը) վայրի բույսերի և կենդանիների տեսակների բնական միջավայրի պահպանությունը.
թ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.
ժ) ջուզգունի, միջերկրածովային կրիայի, պարսկական կլորագլխի, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.
ժա) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:
4.2. Ծրագրով նախատեսվող աշխատանքներն են`
ա) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տարածվածության ուսումնասիրում և նկարագրություն (Քարտեզագրական նկարագրում).
բ) արգելավայրի և նրա պահպանման գոտիներում հանդիպող հազվագյուտ և արժեքավոր բույսերի ու կենդանիների տեսակների, դրանց աճելավայրերի և ապրելավայրերի վիճակի ու դրանց վատթարացման պատճառների ուսումնասիրում և բացահայտում.
գ) նախատեսել և առանձնացնել արգելավայրի մի շարք տարածքներում անասունների համար անցուղիներ.
դ) ցանկապատել արգելավայրի մի շարք հատվածներ` անասունների մուտքը կանխարգելելու նպատակով.
ե) ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ մշակել և կառուցել/առանձնացնել արգելավայրում զբոսաշրջության համար նախատեսվող երթուղիներ.
զ) ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո տեղադրել համապատասխան տաղավարներ արգելավայրի առանձնացված մասերում կարճատև հանգստի կազմակերպման նպատակով.
է) իրականացնել խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքներ ջուզգունի բնական վերաճը ապահովելու նպատակով.
ը) տնկարանային տնտեսության կազմակերպում 2 հա տարածքի վրա,
թ) տնկել ջուզգունի տնկիներ արգելավայրի բուսականությունից զուրկ տեղամասերում:
4.3. Ծրագրի ժամկետները`
Ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015-2017 թթ. ժամանակահատվածում` դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` ստորև նշված ժամանակացույցով`
._____________________________________________________________________.
|NN | Միջոցառումները |Միջոցառում-|Միջոցառում- |
|ը/կ| |ների |ների |
| | |իրականացման|իրականացման |
| | |ժամկետը |շրջանակներում|
| | | |կատարվող |
| | | |աշխատանքների |
| | | |ծավալը |
|___|_______________________________________|___________|_____________|
|1. |Արգելավայրի տարածքի հազվագյուտ, |2015 թ. | X |
| |անհետացող, էնդեմիկ բուսատեսակների | | |
| |գույքագրում և նշագրված ցուցակների | | |
| |կազմում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|2. |Արգելավայրի տարածքի քարտեզագրում և |2015 թ. |95.99 հա |
| |բուսատեսակների կադաստրի ստեղծում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|3. |Խնամքի, մշակման, պաշտպանական, |2015 թ. |մինի տրակտոր`|
| |պահպանության և այլ անհրաժեշտ | |1 հատ |
| |աշխատանքների համար տրանսպորտային միջոցի| |ավտոմեքենա` 1|
| |ձեռքբերում | |հատ |
|___|_______________________________________|___________|_____________|
|4. |Ջուզգունի բնական վերաճն ապահովելու |2015 թ. |95.99 հա |
| |նպատակով խնամքի և սանիտարական մաքրման | | |
| |աշխատանքների իրականացում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|5. |Ջուզգունի բուսակներ աճեցնելու նպատակով |2015 թ. |2 հա 400 մ |
| |տնկարանային տնտեսության հիմնում: | | |
| |Տնկարանի տարածքի ցանկապատում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|6. |Արգելավայրի պահպանման գոտում աճող |2015 - |4 հա |
| |ջուզգունի բնական վերաճի տնկիներով, |2017 թթ. | |
| |ինչպես նաև հիմնադրվող տնկարանում | | |
| |աճեցված տնկիներով արգելավայրի | | |
| |բուսականությունից զուրկ տարածքներում | | |
| |տնկման աշխատանքներ | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|7. |Տարածքի ցանկապատում, ինչպես նաև բնական|2015 - |1.5 կմ |
| |ցանկապատի ստեղծում |2017 թթ. | |
|___|_______________________________________|___________|_____________|
|8. |Հակահրդեհային միջոցառումների համար |2015 թ. | X |
| |անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների | | |
| |ձեռքբերում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|9. |Ցուցապաստառների, ցուցանակների և |2015 թ. |50 հատ |
| |ուղեցույցների ձեռքբերում և տեղադրում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|10.|Տնակի գնում և տեղադրում |2015 թ. |2 տնակ |
|___|_______________________________________|___________|_____________|
|11.|Տարածքի ցանկապատում և անասնապահության |2015 - |0.5 կմ |
| |նպատակով արգելավայրին հարակից |2017 թթ. | |
| |արոտավայրերի օգտագործումը | | |
| |չխոչընդոտելու համար անցուղիների | | |
| |առանձնացում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|12.|Արգելավայրի ռեժիմին համապատասխան |2016 - | |
| |զբոսաշրջության տարրեր ձևերի |2017 թթ. | |
| |կազմակերպում և համապատասխան | | |
| |ենթակառուցվածքի ստեղծում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
| |ա. «Գոռավանի ավազուտներ» պետական |2016 թ. |3 հատ` |
| |արգելավայրի մասին ուղեցույցների, | |1000-ական |
| |բուկլետների և ֆոտոալբոմների պատրաստում| |տպաքանակով |
| |և տպագրում | | |
|___|_______________________________________|___________|_____________|
| |բ. կարճատև հանգստի կազմակերպման |2016 - |ցուցանակներ` |
| |նպատակով առանձնացված մասերում հանգստյան|2017 թթ. |ըստ անհրա- |
| |գոտիների, համապատասխան տաղավարների, | |ժեշտության |
| |ցուցանակների տեղադրում | |տաղավարներ` 5|
| | | |հատ |
|___|_______________________________________|___________|_____________|
|13.|Արգելավայրի տարածքում անտառտնտեսական | | |
| |աշխատանքների իրականացում` | | |
|___|_______________________________________|___________|_____________|
| |տնկարանի խնամք |2016 թ-ից |2 հա |
|___|_______________________________________|սկսած |_____________|
| |ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում | |10 կմ |
|___|_______________________________________| |_____________|
| |ոռոգման աշխատանքներ | |200.0 խմ |
|___|_______________________________________| |_____________|
| |հողի նախապատրաստում | |15 հա |
|___|_______________________________________| |_____________|
| |տնկանյութի աճեցում (ջուզգունի | |20.0 հազ. հատ|
| |բուսակների աճեցում) | | |
|___|_______________________________________|___________|_____________|
|14.|Արգելավայրի տարածքում գտնվող |2015 - | |
| |«Դամբարանադաշտ» պատմամշակութային |2017 թթ. | |
| |հուշարձանի անխաթար պահպանությունն | | |
| |ապահովելու նպատակով դրա պահպանական | | |
| |գոտու սահմանների առանձնացում հատուկ | | |
| |նշաններով | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 19.06.14 թիվ 26 արձանագրային որոշում)