Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0940.150211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 փետրվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2010 թվականի դեկտեմբերի 14-ին մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի 2011 թվականի հունվարի 25-ի 04/15.21/271-11 թվակիր գրությամբ ներկայացված գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագիրը (այսուհետև` համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 20-ին` Երևանում:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնում է իր գործողությունը 1992 թվականի սեպտեմբերի 30-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ համաձայնագիրը, բացառությամբ 1-ին հոդվածի, համաձայն որի` «Կողմերը մինչև 1992 թվականի վերջը փոխադարձաբար երկու պետությունների մայրաքաղաքներում բացում են առևտրական ներկայացուցչություններ: Կողմերն իրենց երկրների համապատասխան գերատեսչություններին հանձնարարում են անարգել իրականացնել դրա համար անհրաժեշտ ընթացակարգեր»:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները համաշխարհային պրակտիկայում ընդունված սկզբունքներով, ապահովել արտաքին տնտեսական հարաբերությունների կարգավորման արդյունավետ ազգային համակարգ և լավագույն ձևով համակարգել արտաքին տնտեսական հարաբերությունները:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- երաշխավորել, որպեսզի 1992 թվականի սեպտեմբերի 30-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հիմնադրված Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունը գործի համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի առևտրային ներկայացուցչությունը կատարի համաձայնագրով ամրագրված հետևյալ հիմնական գործառույթները` աջակցել երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերն այն հարցերով, որոնք վերաբերում են երկու պետությունների միջև առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին, տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության շահագրգիռ մարմիններին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական պայմանների և արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին տրամադրել նման տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, նպաստել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությանը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվող միջազգային առևտրական և արդյունաբերական ցուցահանդեսներին և համակարգել իր պետության մասնակիցների աշխատանքը, աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ոլորտում միմյանց միջև գործարքներ իրականացնելու, ուղղակի տնտեսական կապեր հաստատելու, արտադրական փոխգործակցություն իրականացնելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գործում և տնտեսական գործունեության հնարավոր այլ ձևերի զարգացման գործում,

- երաշխավորել, որ առևտրային ներկայացուցչության ղեկավարն ու նրա տեղակալները, ինչպես նաև վարչատեխնիկական ու սպասարկող անձնակազմի անդամներն օգտվեն այն բոլոր արտոնություններից և անձեռնմխելիության իրավունքից, որոնք ՄԱԿ-ի 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի (այսուհետ` Վիեննայի կոնվենցիա) համաձայն տարածվում են դիվանագիտական գործակալների վրա կամ տրվում են դիվանագիտական առաքելությունների անձնակազմի համապատասխան աշխատակիցներին,

- ապահովել, որպեսզի առևտրային ներկայացուցչության շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության համար գործեն այն բոլոր արտոնությունները և անձեռնմխելիությունը, որոնք Վիեննայի կոնվենցիայի պահանջներին համապատասխան կիրառվում են դիվանագիտական ներկայացուցչությունների շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի, պաշտոնական նամակագրության նկատմամբ,

- հնարավորության սահմաններում աջակցել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության համար Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ շինություններ տրամադրելու գործում` օրենսդրությանը համապատասխան,

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում կարող են բացվել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության բաժանմունքներ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ առևտրային ներկայացուցչություններն օգտվում են իրավաբանական անձանց իրավունքներից, գործում են իրենց պետության կառավարության անունից և ընդունող պետությունում իրենց պետության դեսպանի անմիջական քաղաքական ղեկավարության ներքո և պատասխանատվություն չեն կրում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների համար:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2010 թվականի օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 փետրվարի 2011 թվականի

ՍԴՈ-940

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.02.2011
N ՍԴՈ-940
Որոշում