(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)
010.0182.231210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամուտի աղբյուրի) դադարեցնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնել և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել լիազոր մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` 5-օրյա ժամկետում:».
2) 4-րդ մասում`
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ).
բ. երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:».
3) 6-րդ մասում`
ա. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:».
բ. հինգերորդ պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով`
i
«ՀՈԴՎԱԾ 6.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում սոցիալական վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն ամսական գումարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից:
4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Լիազոր մարմին հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ ապահովադրի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):
5. Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), եթե այդ հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հայտարարագրեր (հաշվետվություններ), որոնք չեն համարվում ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):
6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունում «սոցիալական վճարների պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող» բառերը փոխարինել «սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի հավելված 1-ում`
1) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով.
i
«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա սոցիալական վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարի գումարները, տույժերը, տուգանքները:».
2) 4-րդ բաժնի`
i
ա. 4.1-րդ կետը «տույժ» բառից հետո լրացնել «և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանք» բառերով.
բ. 4.2-րդ կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով.
գ. 4.3-րդ կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
23 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-182-Ն