(ուժը կորցրել է 15.05.03 թիվ 1748-Ն որոշում)
i
040.0114.250298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 1998 թվականի թիվ 114
i
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և դրանց հետագա կարգավիճակի որոշման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերում, մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված բնակելի (բնակելի, այգեգործական տներ), տնտեսական, կենցաղային, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների նկատմամբ ճանաչվում է քաղաքացիների սեփականության իրավունքը:
3. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի որոշման նպատակով հայտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 248 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 102 և 1996 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 361 որոշումների խմբագրությամբ):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի թիվ 114 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Ր Գ
i
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ` առանց համապատասխան թույլտվության (կամ նախագծի), առանց սահմանված կարգով հողհատկացման, բնակավայրերի գլխավոր հատակագծերին, հողերի օգտագործման սխեմաներին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հողօգտագործման և քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված շենքերի, շինությունների (բնակելի տներ, ամառանոցներ, ավտոտնակներ, դրանց կից տնտեսական, կենցաղային, հասարակական ու արտադրական կառույցներ), այդ թվում մինչև 50 տոկոսով կառուցված (կառուցված են պատերը և միջհարկային ծածկը) անավարտ (կիսակառույց) շենքերի ու շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգը:
2. Հաշվառման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի, մարզպետների (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների գծով) աջակցությամբ:
Հաշվառման ընթացքում ի հայտ եկած ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառույցների հետագա կարգավիճակի որոշման համար, և հաշվառման գրքերում դրանք գրանցվում են որպես ինքնակամ կառույցներ:
Հաշվառման ենթակա են մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ինքնակամ կառուցված, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կառուցված անավարտ (կիսակառույց) շենքերն ու շինությունները:
3. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշումներն ընդունում են համայնքների ղեկավարները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, մարզպետները` համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վրա կառուցված շենքերի և շինությունների վերաբերյալ:
II. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ
քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչումը
4. Շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված դեպքերի) մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը համայնքների ղեկավարներին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, մարզպետներին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ կցելով անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրված չափագրման տվյալները և սահմանված չափով վճարի մուծման անդորրագիրը:
i
5. Համայնքների ղեկավարները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, մարզպետները ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից, մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ընդունում են ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշում:
Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչվում է, և դրանք սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման, եթե համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին:
Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը չի ճանաչվում, եթե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական, տեխնիկական, սանիտարական նորմերի պահանջներին ու պայմաններին: Հայտը մերժելու մասին որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմին` վերջինիս կողմից, որպես ինքնակամ շենք, շինություն, հաշվառման գրքերում գրանցման համար:
i
(5-րդ կետը փոփ. 27.08.98 թիվ 538 որոշում)
6. Եթե ինքնակամ կառուցված շենքը, շինությունը կառուցված են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա և համապատասխանում են գործող քաղաքաշինական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ապա հայտատուի հայտի հիման վրա օրենքով սահմանված կարգով ինքնակամ զբաղեցված հողամասն օտարվում է նրան կամ տրվում վարձակալության` սահմանելով վարձավճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 14.05.98 թիվ 290 որոշում)
7. Եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենք, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը: Սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի հարցը լուծվում է դատական կարգով:
i
8. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունման համար շենք, շինություն ինքնակամ կառուցողները, մինչև համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետների կողմից համապատասխան որոշման ընդունումը, հաշվառման և չափագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններ են մուծում նշված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար սահմանված չափի վճար:
Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մուծում են վճար հետևյալ դրույքաչափով
ա) բնակելի (բնակելի, այգեգործական) տների, հասարակական և արտադրական շինությունների 1 քառ. մետր մակերեսի համար` 1000 դրամ.
բ) բնակելի (բնակելի, այգեգործական) տանը կից տնտեսական և օժանդակ շինությունների 1 քառ. մետր մակերեսի համար` 500 դրամ.
i
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սահմանված չափի վճար.
դ) կադաստրային գնահատման ու պետական գրանցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի վճար և պետական տուրք:
III. Ինքնակամ կառուցված շենքի, շինության
պետական գրանցումը
9. Սույն կարգին համապատասխան համայնքների ղեկավարների, Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի, մարզպետների կողմից` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները 15-օրյա ժամկետում կատարում են տվյալ շենքի, շինության պետական գրանցում սեփականատերերին հանձնելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ, որից հետո կատարում են տվյալ շենքի, շինության և հողամասի կադաստրային գնահատում հողի հարկի և գույքահարկի հարկման նպատակով:
IY. Պատասխանատվությունը սույն կարգի դրույթները խախտելու համար
10. Սույն կարգի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Սույն կարգի կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում, իսկ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները գանգատարկվում են դատական կարգով: