020.0642.110706
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հուլիսի 2006թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38, 63 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված` Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 1993թ. մայիսի 29-ին` Հաագայում: Այն ուժի մեջ է մտել 1995թ. մայիսի 1-ին: Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցում Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսին և չի մասնակցել այդ կազմակերպության տասնյոթերորդ նստաշրջանի աշխատանքներին (որի ընթացքում ընդունվել է կոնվենցիան) և չի ստորագրել կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է այդ կոնվենցիայի 44 հոդվածին համապատասխան:
Կոնվենցիայի նպատակն է օտարերկրյա որդեգրումն իրականացնելիս երեխայի առավելագույն շահերի ապահովումը, միջազգային համագործակցության համակարգի ստեղծումը, ինչպես նաև մասնակից պետություններում որդեգրումների փոխադարձ ճանաչումը:
2. Կոնվենցիային համապատասխան` այն միանալու է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հայտարարություններով, ըստ որոնց որդեգրումը կարող է իրականացվել կոնվենցիայի 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաև ՀՀ-ն պարտավորված չէ 39 հոդվածի 2-րդ կետի հիման վրա իրականացված որդեգրումների ճանաչման առումով:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.
- կոնվենցիայի դրույթների կատարման համար նշանակել կենտրոնական մարմին, որի մասին անհրաժեշտ տեղեկությունները հաղորդվում են կոնվենցիայի ավանդապահին,
- ապահովել որդեգրմանը վերաբերող ՀՀ օրենքների մասին տեղեկատվության և ընդհանուր այլ տեղեկությունների տրամադրումը,
- ապահովել որդեգրման առնչությամբ չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելումը,
- ՀՀ օրենսդրության շրջանակներում նպաստել օտարերկրյա որդեգրումներին առնչվող խնդիրների լուծմանը,
- խոչընդոտել կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած գործողություն,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական, ընթացակարգային, խորհրդատվական, փորձի փոխանակման հարցերի առնչությամբ,
- կոնվենցիայի շրջանակներում ստացված տվյալներն օգտագործել միայն ըստ նշանակության:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված` Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 հուլիսի 2006 թվականի
ՍԴՈ-642