020.0467.070104
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
7 հունվարի 2004 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1997 թվականի դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված` Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1997 թ. դեկտեմբերի 15-ի 52/164 բանաձևով` Նյու Յորքում: Այն ուժի մեջ է մտել 2001թ. մայիսի 23-ին:
Կոնվենցիան ընդունվել է ի իրացումն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1994թ. դեկտեմբերի 9-ի 49/60 բանաձևին կից «Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին» հռչակագրի դրույթների: Կոնվենցիան կոչված է լրացնելու ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների կանխարգելման, խափանման և բացառման վերաբերյալ միջազգային իրավական նորմերի համակարգը: Կոնվենցիան նպատակ ունի ամրապնդել միջազգային համագործակցությունը` ահաբեկչական ռմբահարումները կանխարգելելու համար արդյունավետ և գործնական միջոցներ մշակելու և ընդունելու գործում:
2. Քննության առարկա Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչական ռմբահարման հանցակազմը:
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն ճանաչել կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արարքները, դրանց կատարման փորձը, հանցակցությունն այդ արարքներին և սահմանել այդ արարքներին համարժեք պատժամիջոցներ:
Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցներ` իրենց քաղաքացիների կողմից կամ իրենց տարածքում կատարված` կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը հաստատելու համար:
Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները` որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ընդգրկված են համարվում մինչև սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Պայմանավորվող կողմերի միջև կնքված հանձնման մասին պայմանագրերում և պետք է ներառվեն նաև հետագայում կնքվելիք նման պայմանագրերում: Այն դեպքում, երբ Մասնակից պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով և մեկ այլ Մասնակից պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք` կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնում իրականացնելու համար:
Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաև կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության, քրեական կամ հանձնման վարույթների կապակցությամբ միմյանց իրավական օգնություն տրամադրելու պարտավորություն:
Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները հանձնման և փոխադարձ իրավական օգնության նպատակներով չեն կարող համարվել քաղաքական կամ դրան առնչվող հանցագործություններ:
3. Կոնվենցիան նախատեսում է ահաբեկչական ռմբահարումների կանխարգելման գործում Պայմանավորվող կողմերի համագործակցության հիմնական միջոցները:
Կոնվենցիան նաև երաշխավորում է դրանով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանությունը` մարդու իրավունքների միջազգային իրավանորմերին համապատասխան:
4. Քննության առարկա կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածներում ամրագրված` պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության և արտաքին քաղաքականության սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1997թ. դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված` Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
7 հունվարի 2004 թվականի
ՍԴՈ-467