21.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2024 թվականի N 243-Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-145-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-3-րդ, 10-րդ հոդվածի 4-9-րդ և 11-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-146-Ն օրենքի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկն անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի առանձնացված բաժնում տեղադրման, ցանկի համընդհանուր հասանելիության ապահովման, դրա խմբագրման, սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից յուրաքանչյուր եռամսյակ իրենց կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու, ցանկի խմբագրման հնարավորությունն արգելափակելու, սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած` ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին հաղորդումը, դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ գլուխը և նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ գլուխը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո համապատասխան մարմինները և պաշտոնատար անձինք սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված փաստաթղթերը` քառամսյա, իսկ N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը եռամսյա ժամկետում կարող են ներկայացնել թղթային կամ սույն որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներով սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 20.06.2024 թիվ 922-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. փետրվարի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի փետրվարի 23-ի
N 243-Ն որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), բացառությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները վերբեռնում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգում (այսուհետ` համակարգ): Փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային` ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված` համակարգերի փոխգործելիության միջոցով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշումների պահանջներին համապատասխան փաստաթղթերն ուղարկում են համակարգում առկա` փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված առանձնացված բաժին` հաշվի առնելով սույն հավելվածի 3-16-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները:
3. Փաստաթղթերի ներկայացման համար համակարգի համապատասխան տիրույթում յուրաքանչյուր պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև նոտարների համար ստեղծվում են առանձին բաժիններ:
4. Համակարգի` փաստաթղթերի ներկայացման տիրույթի օգտագործողներն են`
1) կառավարիչը` անշարժ գույքի պետական ռեգիստրը.
2) լոկալ կառավարիչները` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում, Նոտարական պալատում սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված պարտականությունները կատարող աշխատակիցները.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս փաստաթղթեր մուտքագրող պաշտոնատար անձանց (այսուհետ` փաստաթղթեր մուտքագրող անձ) և նոտարները, ովքեր գրանցված են սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
5. Կառավարիչը համակարգում է մի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոտարների կողմից շահագործվող էլեկտրոնային համակարգերի, մյուս կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից շահագործվող համակարգի ինտեգրման աշխատանքները, ապահովում է անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից շահագործվող համակարգի անխափան աշխատանքը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Նոտարական պալատի կողմից ներկայացված անձանց համակարգում գրանցում է որպես լոկալ կառավարիչ:
6. Համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև Նոտարական պալատը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական ռեգիստր է ներկայացնում այն անձի` սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և գրավոր համաձայնությունը, ով համակարգում պետք է գրանցվի որպես լոկալ կառավարիչ:
7. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և համապատասխան գրավոր համաձայնությունը ստանալուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում որպես լոկալ կառավարիչ գրանցման ենթակա անձի աշխատանքային էլեկտրոնային փոստին է ուղարկում համակարգում գրանցման համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը:
8. Անձը նույնականացման քարտի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ մուտք է գործում որպես լոկալ կառավարիչ սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված մուտքանունը և գաղտնաբառն իրեն ամրակցված համակարգչի միջոցով համակարգի առանձնացված տիրույթ ներմուծելու արդյունքում:
9. Լոկալ կառավարիչը հաստատում կամ ապաակտիվացնում է իր կողմից ներկայացվող համապատասխան մարմնի փաստաթղթեր մուտքագրող անձանց գրանցումը համակարգում, ինչպես նաև համակարգում է վերջիններիս` համակարգն օգտագործելու հետ կապված գործունեությունը:
10. Համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև Նոտարական պալատը լոկալ կառավարչի գործառույթները դադարեցնելու պարագայում մեկօրյա ժամկետում տեղեկացնում է անշարժ գույքի ռեգիստր` համակարգում վերջինիս լիազորությունները դադարեցնելու նպատակով, միաժամանակ նույն ընթացակարգով փոխանցելով նոր լոկալ կառավարչի տվյալները: Կառավարչի կողմից նոր լոկալ կառավարչի գրանցումն իրականացվում է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Փաստաթղթեր մուտքագրող անձը լիազորված է համակարգ վերբեռնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմված, հաստատված կամ վավերացված փաստաթղթերը:
12. Գրանցման համար համակարգի համապատասխան բաժնում լրացվում են հետևյալ պարտադիր դաշտերը`
1) հանրային ծառայության համարանիշը.
2) անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը.
3) անունը.
4) ազգանունը.
5) հայրանունը.
6) մարմնի անվանումը, որտեղ փաստաթղթեր մուտքագրող անձն իրականացնում է իր պաշտոնեական լիազորությունները.
7) ստորաբաժանումը.
8) զբաղեցրած պաշտոնը.
9) բջջային հեռախոսահամարը.
10) աշխատանքային էլեկտրոնային փոստը:
13. Լոկալ կառավարիչը լրացնում է սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված` փաստաթղթեր մուտքագրող անձանց տվյալների վերաբերյալ դաշտերը և հաստատում վերջիններիս գրանցումը:
14. Փաստաթղթերի մուտքագրումն իրականացվում է նույնականացման քարտի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ և փաստաթղթեր մուտքագրող անձանց ամրակցված համակարգչի միջոցով մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրմամբ:
15. Փաստաթղթերը վերբեռնելուց առաջ համակարգում լրացվում են`
1) այն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և հասցեն, որին վերաբերում է փաստաթուղթը, իսկ դրանց բացակայության դեպքում` կադաստրային ծածկագիրը.
2) փաստաթղթի հասցեատիրոջ, դրանից բխող իրավունքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հարկ վճարողի հաշվառման համարը.
3) փաստաթղթից բխող իրավունքի իրավատիրոջ և (կամ) գրանցված իրավունքի սուբյեկտի կամ վերջիններիս լիազորված անձանց բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
4) փաստաթղթի տեսակը և բնույթը, ինչպես նաև դրա էական պայմանները.
5) փաստաթղթի ամսաթիվը.
6) փաստաթղթի համարը.
7) փաստաթուղթը տրամադրելու իրավասություն ունեցող մարմինը, ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը, փաստաթուղթը ստորագրողը:
16. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված տվյալները լրացնելուց և փաստաթղթերը վերբեռնելուց հետո փաստաթղթեր մուտքագրող անձը ստուգում և հաստատում է մուտքագրումը, որից հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված տվյալները, փաստաթղթի ծածկագիրը, արագ արձագանքի (ՔյուԱռ կոդ (QR code) կամ շտրիխ կոդ պարունակող քաղվածք` կցված մուտքագրված փաստաթղթին:
17. Սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված քաղվածքը ձևավորվելուց կամ սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված կարգով փաստաթուղթը խմբագրելուց հետո փաստաթղթի ծածկագիրն ինքնաշխատ եղանակով, հեռախոսային կարճ հաղորդագրության տեսքով (ԷսԷմԷս (SMS) ուղարկվում է փաստաթղթերից բխող իրավունքների իրավատիրոջը կամ գրանցված իրավունքի սուբյեկտի կամ լիազորված անձի` սույն հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով մուտքագրված հեռախոսահամարին և էլեկտրոնային փոստին:
18. Սույն հավելվածի 16-րդ կետով նախատեսված քաղվածքը ձևավորվելուց հետո փաստաթղթերը փաստաթղթերի ծածկագրի, արագ արձագանքի (ՔյուԱռ կոդ (QR code) կամ շտրիխ կոդի կիրառմամբ դառնում են առցանց հասանելի անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում (այսուհետ` կայք):
19. Փաստաթղթերն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար համարվում են անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ և 26-26.1-ին հոդվածներին համապատասխան դիմում ներկայացնելու պահից:
20. Մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ և 26-26.1-ին հոդվածներին համապատասխան դիմում ներկայացնելու պահը համակարգում վերբեռնված փաստաթղթերի խմբագրման անհրաժեշտության դեպքում նոր` խմբագրված փաստաթղթերը ներկայացվում են սույն հավելվածին համապատասխան` ընդհանուր հիմունքներով: Համակարգում պահպանվում են փաստաթղթի` մինչև խմբագրումը գործած և խմբագրված տարբերակները:
21. Իրավունքի պետական գրանցման վարույթը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված հիմքերով կասեցնելու կամ իրավունքի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե այդ ներկայացված փաստաթղթերում առաջանում է ուղղման անհրաժեշտություն, ապա նոր ուղղված փաստաթղթերը ներկայացվում են սույն հավելվածին համապատասխան` ընդհանուր հիմունքներով, որի դեպքում համակարգում պահպանվում են փաստաթղթի` մինչև խմբագրումը գործած և խմբագրված տարբերակները:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի փետրվարի 23-ի
N 243-Ն որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` սահմանափակումների փաստաթղթեր), բացառությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, մուտքագրվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգում (այսուհետ` համակարգ): Սահմանափակումների փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային` ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով, հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված` համակարգերի փոխգործելիության միջոցով:
2. Սահմանափակումների փաստաթղթերի ներկայացման, համակարգի առանձին տիրույթի օգտագործողների, վերջիններիս` համակարգում գրանցման ընթացակարգերի նկատմամբ տարածվում են N 1 հավելվածի 2-13-րդ կետերի պահանջները:
3. Սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող անձը սույն կարգի իմաստով համարվում է սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձ, որը համակարգում գրանցվում է սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերով նախատեսված ընթացակարգով:
4. Սահմանափակումների փաստաթղթերը համակարգ վերբեռնելուց առաջ մուտքագրողը համակարգի` համապատասխան առանձնացված տիրույթում նախապես լրացնում է`
1) ըստ սահմանափակվող իրավունքի սուբյեկտի սահմանափակում կիրառելու դեպքում`
ա. սահմանափակումների փաստաթղթի տեսակը, համարը (առկայության դեպքում) և ամսաթիվը,
բ. սահմանափակումը կիրառող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը,
գ. դատական գործի համարը, կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում` քրեական վարույթի համարը,
դ. սահմանափակվող իրավունքի տեսակը և սահմանափակվող իրավունքի բնույթը,
ե. անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվը և քաղաքացիությունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպաիրավական ձևը,
զ. հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.
2) կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում` սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-»զ» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև`
ա. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը (առկայության դեպքում),
բ. անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում),
գ. անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:
5. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված տվյալները լրացնելուց և փաստաթղթերը վերբեռնելուց հետո սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը ստուգում և հաստատում է մուտքագրումը: Մինչև սահմանափակումների փաստաթղթերի մուտքագրման հաստատումը սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը հնարավորություն ունի խմբագրելու համակարգում իր կողմից լրացված սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված տվյալները:
6. Մինչև սահմանափակումների փաստաթղթերի ձևավորումը և դրանք համակարգ վերբեռնելը, ինչպես նաև այդ գործընթացից հետո սահմանափակումների փաստաթղթեր մուտքագրող անձինք իրավունքի սուբյեկտի և (կամ) նրան պատկանող գույքի վերաբերյալ տվյալները ձեռք բերելու համար համակարգի միջոցով կարող են ստանալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների մասին տեղեկատվություն, անշարժ գույքի միավորի կադաստրային գործում պահվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ և այլ տեղեկատվություն: Այն դեպքում, երբ սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձի կողմից մուտքագրված տվյալների հիման վրա անշարժ գույք չի հայտնաբերվում, ապա սույն դեպքում համակարգի միջոցով սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը տեղեկացվում է:
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու համար սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը համակարգի առանձնացված տիրույթում լրացնում է`
1) տեղեկատվությունը պահանջող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը.
2) դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում` քրեական վարույթի համարը.
3) հայցվող տեղեկատվության սուբյեկտ հանդիսացող անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը.
4) հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.
5) անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում).
6) անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը.
7) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը (առկայության դեպքում).
8) հայցվող տեղեկատվության բնույթը:
8. Սույն հավելվածով սահմանված սահմանափակման (սահմանափակումների) գրանցմանը, ինչպես նաև սույն հավելվածի 7-րդ կետով հարցմանն ի պատասխան տրամադրվում է անշարժ գույքի միավորի նկատմամբ կիրառված սահմանափակման (սահմանափակումների) վերաբերյալ հաղորդագրություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) անշարժ գույքի միավորի հասցեն (առկայության դեպքում).
2) անշարժ գույքի միավորի նկարագրությունը.
3) կադաստրային գործի ծածկագիրը.
4) իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի համարը (առկայության դեպքում).
5) իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թերթիկի համարը (առկայության դեպքում).
6) հողամասի ծածկագիրը, մակերեսը` արտահայտված հեկտարով (հա), նպատակային և գործառնական նշանակությունները.
7) շենքի կամ շինության ծածկագիրը (ծածկագրերը), մակերեսները` արտահայտված քառակուսի մետրերով (քմ).
8) անշարժ գույքի միավորի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը.
9) միասնական տարածագնահատման գոտին:
9. Անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների սուբյեկտների վերաբերյալ տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`
1) իրավունքի տեսակը.
2) իրավունքի կարգավիճակը (գործող, դադարած).
3) գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը.
4) սուբյեկտը`
ա. իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը, գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, կազմակերպաիրավական ձևը,
բ. ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը:
10. Անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տրամադրվում են հետևյալ տեղեկությունները`
1) սահմանափակման տեսակը.
2) նկարագրությունը.
3) սահմանափակման լրացման ամսաթիվը.
4) սահմանափակման կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի`
ա. անվանումը,
բ. ընդունող մարմինը և պաշտոնատար անձը,
գ. փաստաթղթի ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
դ. համարը,
ե. կարգավիճակը` գործող կամ դադարած,
զ. լրացուցիչ նշումներ:
11. Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները սույն հավելվածի 7-րդ կետով ներկայացված հարցման հիման վրա արտածվում են սահմանափակումների փաստաթղթերը մուտքագրող անձի` համակարգի առանձնացված տիրույթի իր էջում:
12. Սահմանափակումների փաստաթղթերը սույն հավելվածին համապատասխան համակարգ ներբեռնելուց հետո սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը կարող է դիտել մուտքագրված փաստաթղթերը, դրանց հիման վրա գրանցված սահմանափակումների ցանկը:
13. Սահմանափակումները վերացնելու համար սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը համակարգի առանձնացված տիրույթում ընտրում է այն անշարժ գույքի միավորները, որոնց նկատմամբ գրանցված է իրավունքի սահմանափակում: Այնուհետև սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը համակարգի առանձնացված տիրույթում լրացնում է`
1) սահմանափակումները դադարեցնող փաստաթղթի տեսակը, համարը (առկայության դեպքում) և ամսաթիվը.
2) սահմանափակումը վերացնող մարմինը, դրա կառուցվածքային միավորը և պաշտոնատար անձը.
3) դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում` քրեական վարույթի համարը.
4) սահմանափակվող իրավունքի տեսակը և սահմանափակվող իրավունքի բնույթը:
Սույն հավելվածի 13-րդ կետում նշված գործողություններից հետո սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը համակարգ է ներբեռնում սահմանափակումը դադարեցնելու մասին փաստաթուղթը և հաստատում է մուտքագրված տվյալները:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2024 թվականի փետրվարի 23-ի
N 243-Ն որոշման
ՑԱՆԿԻ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԲԱԺՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՑԱՆԿԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԴՐԱ ԽՄԲԱԳՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՌԱՄՍՅԱԿ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԳՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՑԱՆԿԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ` ՑԱՆԿՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը եռամսյա ժամկետում կայքէջում և համակարգում նախատեսված առանձնացված բաժնում տեղադրում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկը և ապահովում դրա համընդհանուր հասանելիությունը` որոնման և դիտման հնարավորությամբ, իսկ սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների)` նրանց իրավասության սահմաններում գտնվող սահմանափակումների խմբագրման հնարավորությամբ:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) ցանկ` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կիրառված և գործող սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության ցանկ.
2) սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձ` սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերին համապատասխան համակարգում գրանցում ստացած անձը:
3. Ցանկը պետք է պարունակի`
1) սահմանափակման օբյեկտ հանդիսացող իրավունքի սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում` հերթական համարը, հանրային ծառայության համարանիշը, իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը.
2) անշարժ գույքի միավորի հասցեն կամ կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.
3) սահմանափակում նախատեսող իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում), այն ընդունող մարմնի անվանումը, պաշտոնատար անձի անունը և ազգանունը, դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում` քրեական վարույթի համարը:
4. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված որևէ տվյալի բացակայության կամ անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում առկա չլինելու դեպքում ցանկի համապատասխան բաժնում նշում է կատարվում տվյալի բացակայության մասին:
5. Ցանկում նոր սահմանափակումը լրացնում է սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը:
6. Կայքէջում հրապարակված ցանկում ներառված սահմանափակումները կարող են որոնվել սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետով նշված տվյալների միաժամանակյա մուտքագրմամբ`
1) սահմանափակման օբյեկտ հանդիսացող իրավունքի սուբյեկտի, որի համար որոնման դաշտերում լրացվում են սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը կամ անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում` հերթական համարը կամ հանրային ծառայության համարանիշը, իրավաբանական անձանց դեպքում` լրիվ անվանումը կամ հարկ վճարողի հաշվառման համարը կամ գրանցման համարը, ինչպես նաև անշարժ գույքի միավորի, որի դեպքում որոնման դաշտերում լրացվում են միավորի հասցեն կամ կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.
2) սահմանափակում նախատեսող ակտի, որի դեպքում որոնման դաշտերում լրացվում են ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը (առկայության դեպքում), այն ընդունող մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը և ազգանունը, կամ դատական գործի համարը կամ կատարողական վարույթի համարը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կիրառվող սահմանափակումների դեպքում` քրեական վարույթի համարը:
7. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները (բացառությամբ դատարանների), սույն հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, իրենց իրավասության սահմաններում, համակարգում ցանկը տեղադրվելուց հետո, երկու տարվա ընթացքում խմբագրում են ցանկը` լրացնելով այն սահմանափակումները, որոնք առկա չեն ցանկում, սակայն առկա են դրանք կիրառելու հիմքերը, և հանելով այն սահմանափակումները, որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթակա չեն պահպանման: Նշված ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի պետական ռեգիստրը համակարգում արգելափակում է ցանկի խմբագրման հնարավորությունը:
8. Ցանկի խմբագրման հնարավորությունն արգելափակելուց հետո եռամսյա ժամկետում ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ցանկում առկա գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու կամ հանելու վերաբերյալ իրենց դիմում-բողոքները ներկայացնում են սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններ:
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դիմում-բողոքները ներկայացվում են գրավոր` նշելով ծանուցման էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ բացակայության դեպքում` ծանուցման հասցեն, հիմնավորելով ցանկում սահմանափակում ավելացնելու կամ հանելու անհրաժեշտությունը և առկայության դեպքում կցելով ներկայացված հիմնավորումների վերաբերյալ ապացույցներ:
10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դիմում-բողոքները սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները քննարկում են դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում առկա սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին կամ դիմում-բողոքը մերժելու մասին որոշում, որոնք ուղարկվում են դիմում-բողոքը ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ դրա բացակայության դեպքում` փոստային ծառայության միջոցով` դիմում-բողոքում նշված ծանուցման հասցեին` պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու հնարավորություն ընձեռող եղանակով: Ելնելով ներկայացված փաստաթղթերի մեծածավալությունից, բարդությունից կամ այլ անհրաժեշտությունից` սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով:
11. Ցանկում գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ լրացնելու կամ հանելու վերաբերյալ դիմում-բողոքների մասին հաղորդումը, դիմում-բողոքների լուծման արդյունքում կազմված սահմանափակումը դադարեցնելու կամ սահմանափակում կիրառելու մասին որոշումն այն կայացնելուց հետո 1-օրյա ժամկետում ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր` սույն որոշման N 2 հավելվածին համապատասխան:
12. Անշարժ գույքի պետական ռեգիստրը ցանկը խմբագրելու հնարավորությունը սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմիններին (բացառությամբ դատարանների) ապահովում է սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերին համապատասխան:
13. Ցանկից որևէ սահմանափակում հանելու անհրաժեշտության դեպքում սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձը ցանկից խմբագրում է` հանելով տվյալ սահմանափակմանը վերաբերող տվյալները` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով ներկայացնելով սահմանափակումը վերացնելու մասին որոշումը:
14. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինները սահմանափակումների փաստաթղթերը սույն որոշման N 2 հավելվածին համապատասխան ներկայացնում են անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե առկա են սահմանափակումը պահպանելու հիմքեր:
15. Սահմանափակում կիրառելու կամ դադարեցնելու լիազորություն ունեցող մարմինների լոկալ կառավարիչները յուրաքանչյուր եռամսյակ իրենց կողմից ներկայացվող մարմիններում կատարած ցանկի խմբագրման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը եռամսյա ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում են համակարգի` տվյալ մարմնի համար առանձնացված բաժնում:
16. Սույն հավելվածի 15-րդ կետում նշված տեղեկատվության մաս են կազմում ցանկում լրացված կամ դրանից հանված սահմանափակումների վերաբերյալ վերլուծական և ամփոփ (կիրառված կամ հանված սահմանափակումների ընդհանուր քանակը, սահմանափակումների քանակն ըստ դրանց տեսակի) տվյալները:
17. Անշարժ գույքի պետական ռեգիստրն իրականացնում է սույն հավելվածի 15-16-րդ կետերով սահմանված տեղեկատվության հաշվառում, տեղեկատվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանում ներառում է նաև իր կատարած աշխատանքների և խմբագրումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը և այն տեղադրում կայքում, ապահովում է դրա հասանելիությունը սահմանափակում կիրառելու կամ դրանք դադարեցնելու իրավասություն ունեցող մարմիններին` սահմանափակման փաստաթղթեր մուտքագրող անձանց միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2024 թվական: