16.07.2023 -
040.0213.040306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2006 թվականի N 213-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
(որոշումը փոփ. 06.07.2023 թիվ 1133-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 23-ի
N 213-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը:
2. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ ծառայողական խնդիրների իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար փրկարարական ծառայողներն անցնում են վերապատրաստում:
3. Փրկարարական ծառայության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:
4. Վերապատրաստման կազմակերպումը և վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից:
(4-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
5. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`
ա) որակավորման ատեստատով, որը կցվում է ծառայողի անձնական գործին և լրացվում կադրային ստորաբաժանման կողմից: Որակավորման ատեստատի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը,
բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է կադրային ստորաբաժանման կողմից:
(5-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
6. Փրկարարական ծառայության վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից փրկարարական ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում:
7. Վերապատրաստում անցնող ծառայողը խրախուսվում և կարգապահական պատասխանատվության է ենթարկվում «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները, առանց աշխատանքն ընդհատելու կամ աշխատանքն ընդհատելով, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:
9. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները վերապատրաստում անցնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի որոշմամբ:
(9-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
10. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցումը կազմակերպվում է փրկարարական ծառայության, ինչպես նաև այլ համապատասխան ուսումնական հաստատություններում (այդ թվում` օտարերկրյա): Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցման գործընթացը ղեկավարում է կադրային ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի:
(10-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 06.07.2023 թիվ 1133-Ն որոշումներ)
11. Փրկարարական ծառայության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները` փրկարարական ծառայության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:
12. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայության ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռանկարային պլանների հիման վրա (5 տարի ժամկետով): Պլանը մշակվում է ըստ ստորաբաժանումների և պաշտոնների: Վերապատրաստման ընդհանուր պահանջարկը (5 տարվա համար) որոշվում է` ելնելով փրկարարական ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի հաստիքների թվից` պլանավորված ժամանակահատվածի վերջին տարվա դրությամբ, բացառությամբ`
ա) վերջին 2 տարվա ընթացքում անձնակազմի չհամալրված հաստիքների թվի միջին ցուցանիշի.
բ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ֆակուլտետներում հեռակա սովորող ծառայողների.
գ) այն ծառայողների, որոնց փրկարարական ծառայությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 5 տարվանից պակաս ժամանակ.
դ) զբաղեցրած պաշտոնում 3 տարվանից պակաս ստաժ ունեցող անձանց, որոնք ենթակա են պլանավորված ժամկետում համակարգից ազատման` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
ե) այն կանանց, որոնք գտնվում են նախածննդյան, հետծննդյան կամ երեխային խնամելու արձակուրդում կամ ունեն մինչև 8 տարեկան երեխա:
13. ՈՒսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով: Պլանները մշակում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա: Սույն կետում նշված տարեկան պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, իսկ եռամսյակային պլանները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը:
(13-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները կազմում են ուսուցման ենթակա փրկարարական ծառայողների ցուցակները` դրա մասին տեղեկացնելով նրանց ղեկավարներին:
(14-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն, 06.07.2023 թիվ 1133-Ն որոշումներ)
15. ՈՒսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած փրկարարական ծառայողներին տրվում են սահմանված նմուշի վկայականներ, որոնց ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:
(15-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
16. Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը կարող է վերանայվել ատեստավորման կարգով` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:
Դասընթացների ընթացքում ցուցաբերված գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում փրկարարական ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:
17. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում 1-ին անգամ պաշտոնի նշանակված, ծառայության բնույթը փոխած փրկարարական ծառայողները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (պաշտոնի նշանակվելուց հետո) տվյալ պաշտոնում իրենց գործառության պարտականությունը հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:
Ստաժավորման տևողությունը 30 օր է:
Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում: Անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել Հայաստանի փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:
18. Ստաժավորումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`
ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանները և նշանակել ստաժավորման ղեկավարներին,
բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարների և ստաժավորվողների աշխատանքների նկատմամբ,
գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց,
դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:
(18-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
19. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`
ա) ստաժավորվողների հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.
բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին և ստորաբաժանման խնդիրներին.
գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.
դ) հսկել ստաժավորման պլանի կատարման ընթացքը.
ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.
զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:
20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունն ու որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, փրկարարական ծառայողներն անցնում են ծառայողական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:
21. Ծառայողական պատրաստականությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը, ժամերը և պատասխանատուները:
Ծառայողական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, տեխնիկական պատրաստականությանը, տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ հարցեր:
(21-րդ կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)
22. Ծառայողական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` 20 մարդուց ոչ ավելի թվով` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայությունը և նշանակվում են խմբերի ղեկավարներ:
Ծառայողական պատրաստականության ուսուցման տարեկան առարկայական պլանները կազմում են փրկարարական ծառայության ստորաբաժանումների և ուսումնական հաստատությունների ապարատները` հաշվի առնելով անձնակազմի ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը: ՈՒսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:
23. Փրկարարական ծառայողների ծառայողական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանման կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար: