(ուժը կորցրել է 18.01.2024 թիվ 87-Ն որոշում)
i
040.0545.291197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 1997 թ. թիվ 545
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը /կցվում է/:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 545 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ
1. Օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև` օտարերկրյա քաղաքացիներ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան կարող են իրազեկ լինել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին:
2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը, որի պաշտոնատար անձն օժտված է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով:
3. Առաջարկություն է ներկայացվում այն օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, որոնք մինչև այդ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են երեք տարի անընդմեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատում են պետական մարմիններում և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար օրենքով սահմանված կարգով ունեն կացության համապատասխան կարգավիճակ:
i
3.1. Բացառիկ դեպքերում` կապված կատարվող աշխատանքների առանձնահատկությունների, դրանց արդյունավետության և անընդհատության ապահովման հետ, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով և հիմնավորված միջնորդությամբ կարող է ներկայացվել առանց սույն կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված պահանջների պահպանման:
(3.1-ին կետը լրաց. 05.01.2023 թիվ 16-Ն որոշում)
4. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունքը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
5. Առաջարկություն ներկայացնող պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`
ա/ իր հիմնավորված միջնորդությունը` նշելով տրամադրվելիք անհրաժեշտ գաղտնի տեղեկությունների ծավալը, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.
բ/ օտարերկրյա քաղաքացու դիմումը` հասցեագրված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի ղեկավարին, և ինքնակենսագրական բնույթի համալիր տեղեկություններ.
գ/ օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.
դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման հրամանի պատճենները, ինչպես նաև պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության եզրակացությունը նշված պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին:
(5-րդ կետը փոփ. 05.01.2023 թիվ 16-Ն որոշում)
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան եզրակացության առկայության դեպքում, որը կազմվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա` ոչ ուշ քան 3 ամսվա ընթացքում:
(6-րդ կետը փոփ. 05.01.2023 թիվ 16-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը կարող է դադարեցվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածին համապատասխան:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության դրական որոշման դեպքում պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու օտարերկրյա քաղաքացու իրավունքը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ օտարերկրյա քաղաքացիների վրա տարածվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունները, պարտականությունները և պատասխանատվությունը: